Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ծառայիր Եհովային, քանի դեռ չեն եկել աղետաբեր օրերը

Ծառայիր Եհովային, քանի դեռ չեն եկել աղետաբեր օրերը

«Հիշիր քո Մեծ Արարչին» (ԺՈՂ. 12։1

1, 2. ա) Աստծու ներշնչանքով՝ Սողոմոնն ի՞նչ խորհուրդ տվեց երիտասարդներին։ բ) Սողոմոնի խոսքերն ինչո՞ւ կարող են հետաքրքրական լինել նաև հիսուն և ավելի բարձր տարիքի քրիստոնյաների համար։

ՍՈՂՈՄՈՆ թագավորը, Աստծու ներշնչանքով, երիտասարդներին հետևյալ խոսքերն ուղղեց. «Հիշիր քո Մեծ Արարչին երիտասարդությանդ օրերում, քանի դեռ չեն եկել աղետաբեր օրերը»։ Ի՞նչ են այդ «աղետաբեր օրերը»։ Սողոմոնը հետաքրքիր բանաստեղծական լեզվով նկարագրում է ծերության ցավալի հետևանքները. դողդոջուն ձեռքեր, թույլ ոտքեր, անատամ բերան, աղոտ տեսողություն, վատ լսողություն, ալեհեր գլուխ և կորացած մեջք։ Հասկանալի է, թե ինչու է թագավորն ասում, որ հիշենք մեր Արարչին երիտասարդ տարիքում (կարդա՛  Ժողովող 12։1–5

2 Հիսուն և ավելի բարձր տարիքի բազմաթիվ քրիստոնյաներ դեռևս լի են եռանդով։ Նրանք գուցե ունենան սպիտակ մազեր, բայց նրանց առողջությունը չլինի Սողոմոնի նկարագրածի պես վատ։ Կարո՞ղ է «հիշիր քո Մեծ Արարչին» խորհուրդը, որ թագավորն ուղղեց երիտասարդներին, օգտակար լինել նաև ավելի մեծ տարիքի քրիստոնյաների համար, և ի՞նչ է այն նշանակում։

3. Ի՞նչ է նշանակում «հիշել Մեծ Արարչին»։

 3 Նույնիսկ եթե արդեն երկար տարիներ է, ինչ ծառայում ենք Եհովային, լավ կլինի՝ երբեմն կանգ առնենք ու երախտագիտությամբ լի սրտով մտածենք, թե որքան մեծ է մեր Արարիչը։ Օրինակ՝ նա կյանքի աղբյուրն է. մի՞թե դա ակնածանք չի ներշնչում։ Եհովայի ստեղծագործություններն այնքան բարդ են, որ մենք չենք կարող լիովին հասկանալ դրանց կառուցվածքը։ Արարիչը ամեն բան տվել է կյանքը վայելելու համար, ընդ որում ամենատարբեր ձևերով։ Երբ խորհրդածում ենք արարչագործության մասին, մենք նորացնում ենք մեր երախտագիտությունը նրա սիրո, իմաստության և զորության համար (Սաղ. 143։5)։ Բայց «հիշել Արարչին» նաև նշանակում է խորհրդածել նրա հանդեպ ունեցած մեր պարտականությունների մասին։ Այդպիսի խորհրդածությունը, անկասկած, մղում է մեզ արտահայտելու մեր երախտագիտությունը Աստծուն և մեր կյանքի մնացած օրերում լիարժեքորեն ծառայելու մեր Արարչին (Ժող. 12։13

ԵԶԱԿԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՎԵԼԻ ՄԵԾ ՏԱՐԻՔՈՒՄ

4. Ի՞նչ հարց կարող են իրենք իրենց տալ երկար տարիների փորձ ունեցող քրիստոնյաները և ինչո՞ւ։

4 Երկար տարիների փորձ ունեցող քրիստոնյաները կարող են իրենք իրենց հարցնել. «Ինչպե՞ս կարող եմ օգտագործել այն ուժն ու եռանդը, որ այս տարիքում դեռևս ունեմ»։ Լինելով փորձառու քրիստոնյա՝ դու այնպիսի հնարավորություններ ունես, որ ուրիշները չունեն։ Օրինակ՝ կարող ես երիտասարդներին սովորեցնել այն, ինչ ինքդ ես սովորել Եհովայից։ Կարող ես նաև զորացնել հավատակիցներիդ՝ պատմելով քաջալերական դեպքեր ծառայությունից։ Դավիթ թագավորն աղոթեց այդպիսի հնարավորություններ ունենալու մասին։ Նա գրեց. «Ո՛վ Աստված, դու սովորեցրել ես ինձ դեռևս իմ մանկությունից.... Մի՛ լքիր ինձ, նույնիսկ երբ ծերանամ և ալևոր դառնամ, ո՛վ Աստված, որպեսզի քո բազկի մասին պատմեմ հաջորդ սերնդին և քո հզորության մասին՝ բոլոր նրանց, որ պիտի գան» (Սաղ. 71։17, 18

5. Ինչպե՞ս կարող են տարիքով քրիստոնյաներն իրենց փորձը փոխանցել ուրիշներին։

5 Ինչպե՞ս կարող ես տարիներ շարունակ կուտակած իմաստությունդ փոխանցել ուրիշներին։ Օրինակ՝ երիտասարդ հավատակիցներիդ հրավիրիր քո տուն, որպեսզի հաճելի ժամանակ անցկացնեք և կերտեք միմյանց։ Կամ ծառայիր նրանց հետ, որպեսզի նրանք տեսնեն այն ուրախությունը, որ ստանում ես՝ ծառայելով Եհովային։ Եղիուսը, որ ապրել է հին ժամանակներում, ասաց. «Թող օրերը [«տարիքը», «Արարատ» թարգմանություն] խոսեն, և բազում տարիները իմաստություն հայտնեն» (Հոբ 32։7)։ Պողոս առաքյալը փորձառու քրիստոնյա կանանց կոչ արեց կերտել հավատակիցներին խոսքով և գործով։ Նա գրեց. «Տարեց կանայք.... լինեն բարին սովորեցնող» (Տիտոս 2։3

ՄՏԱԾԻՐ, ԹԵ ԻՆՉՊԵՍ ԿԱՐՈՂ ԵՍ ՕԳՆԵԼ ՈՒՐԻՇՆԵՐԻՆ

6. Տասնամյակների փորձ ունեցող քրիստոնյաներն ինչո՞ւ չպետք է թերագնահատեն իրենց հնարավորությունները։

6 Եթե փորձառու քրիստոնյա ես, ուրեմն մեծ ներուժ ունես։ Միայն մտածիր, թե որքան բան գիտես հիմա, որ չգիտեիր 30 կամ 40 տարի առաջ։ Դու կարողանում ես հմտորեն կիրառել աստվածաշնչյան սկզբունքները։ Անկասկած, կարողանում ես Աստվածաշնչի ճշմարտությունը հասցնել մարդկանց սրտին։ Եթե երեց ես, գիտես, թե ինչպես օգնել սխալ քայլ արած եղբորը կամ քրոջը (Գաղ. 6։1)։ Հնարավոր է՝ փորձ ունես ժողովի գործերը վարելու, համաժողովի տարբեր բաժիններում ծառայելու կամ Թագավորության սրահի շինարարության մեջ։ Գուցե գիտես, թե ինչպես հորդորել բժիշկներին, որ անարյուն բուժման մեթոդներ կիրառեն։ Նույնիսկ եթե միայն վերջերս ես իմացել ճշմարտությունը, դու արժեքավոր կենսափորձ ունես։ Օրինակ՝ եթե երեխաներ ես մեծացրել, ուրեմն բավական մեծ գործնական իմաստություն ես ձեռք բերել։ Տասնամյակների փորձ ունեցող քրիստոնյաները կարող են քաջալերանքի մեծ աղբյուր լինել եղբայրների և քույրերի համար՝ նրանց սովորեցնելով, առաջնորդելով և զորացնելով (կարդա՛  Հոբ 12։12

7. Տարիքով քրիստոնյաներն ինչպե՞ս կարող են օգտակար լինել երիտասարդներին։

 7 Ինչպե՞ս կարող ես լիարժեքորեն օգտագործել քո հնարավորությունները։ Օրինակ՝ կարող ես երիտասարդներին ցույց տալ, թե ինչպես սկսեն և անցկացնեն Աստվածաշնչի ուսումնասիրություն։ Եթե քույր ես, գուցե խորհուրդներ տաս երիտասարդ մայրերին, թե ինչպես շարունակեն հոգևոր գործերով զբաղվել՝ միևնույն ժամանակ հոգալով իրենց փոքրիկների մասին։ Եթե եղբայր ես, գուցե սովորեցնես երիտասարդ եղբայրներին խանդավառությամբ ելույթ ներկայացնել և հմտորեն քարոզել բարի լուրը։ Կարող ես նրանց նաև սովորեցնել, թե ինչպես այցելեն տարեցներին և հոգևորապես զորացնեն նրանց։ Այսպիսով՝ եթե նույնիսկ չունես առաջվա ֆիզիկական ուժը, դու ունես հիանալի հնարավորություններ սովորեցնելու երիտասարդներին։ Աստծու Խոսքն ասում է. «Երիտասարդների գեղեցկությունը նրանց ուժն է, իսկ ծերերի շքեղությունը՝ նրանց ալեհերությունը» (Առակ. 20։29

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՅՆՏԵՂ, ՈՐՏԵՂ ԿԱՐԻՔԸ ՄԵԾ Է

8. Ի՞նչ էր շարունակում անել Պողոս առաքյալը, նույնիսկ երբ տարիքով մեծ էր։

8 Պողոս առաքյալը, նույնիսկ երբ տարիքով մեծ էր, շարունակեց իր ողջ հնարավորություններն օգտագործել ծառայության մեջ։ Հավանաբար 61թ.-ին նա Հռոմում ազատ արձակվեց բանտից։ Այդ ժամանակ արդեն առաքյալը երկար տարիներ եռանդորեն միսիոներական ծառայություն էր արել և այժմ կարող էր բնակություն հաստատել այդ մեծ քաղաքում և բարի լուրը քարոզել այնտեղ (2 Կորնթ. 11։23–27)։ Տեղի եղբայրներն ու քույրերը, անկասկած, ուրախ կլինեին, որ նա մնար և շարունակեր աջակցել իրենց։ Բայց Պողոսը գիտեր, որ ուրիշ երկրներում ավելի մեծ կարիք կա։ Տիմոթեոսի և Տիտոսի հետ նա վերսկսեց իր միսիոներական գործունեությունը, և նրանք գնացին Եփեսոս, հետո՝ Կրետե, հավանաբար նաև՝ Մակեդոնիա (1 Տիմոթ. 1։3; Տիտոս 1։5)։ Մենք չգիտենք, թե արդյոք առաքյալը եղավ Իսպանիայում, բայց գիտենք, որ նա մտադիր էր դա անելու (Հռոմ. 15։24, 28

9. Հավանաբար ե՞րբ Պետրոսը տեղափոխվեց ծառայելու այնտեղ, որտեղ կարիքն ավելի մեծ էր (տե՛ս 22-րդ էջի նկարը)։

9 Պետրոս առաքյալը հավանաբար 50 տարեկան էր, երբ տեղափոխվեց ծառայելու այնտեղ, որտեղ կարիքն ավելի մեծ էր։ Ինչի՞ց ենք այսպես եզրակացնում։ Եթե նա Հիսուսի տարիքին էր կամ մի քիչ ավելի մեծ, ուրեմն մոտ 50 տարեկան էր, երբ 49թ.-ին Երուսաղեմում հանդիպեց մյուս առաքյալների հետ (Գործ. 15։7)։ Այս հանդիպումից որոշ ժամանակ անց Պետրոսը տեղափոխվեց Բաբելոն՝ անկասկած այն նպատակով, որ քարոզի այնտեղի հրեաներին, որոնք մեծ համայնք էին կազմում (Գաղ. 2։9)։ Նա Բաբելոնից գրեց իր առաջին ներշնչյալ նամակը. դա հավանաբար 62թ.-ին էր (1 Պետ. 5։13)։ Ընդհանրապես օտար երկրում բնակություն հաստատելը հեշտ չէ, բայց Պետրոս առաքյալը չվախեցավ դրանից։ Նա թույլ չտվեց, որ տարիքը իրենից խլի Աստծուն լիարժեքորեն ծառայելու ուրախությունը։

10, 11. Պատմիր մի դեպք, երբ տարիքով եղբայրներն ու քույրերը տեղափոխվել են ծառայելու այնտեղ, որտեղ քարոզիչների մեծ կարիք կա։

10 Այսօր 50 և ավելի բարձր տարիքի բազմաթիվ քրիստոնյաներ, հասկանալով, որ իրենց հանգամանքները փոխվել են, սկսում են Եհովային ծառայել նոր կերպերով։ Ոմանք տեղափոխվում են այնտեղ, որտեղ քարոզիչների կարիքը ավելի մեծ է։ Ռոբերտ անունով մի եղբայր գրում է. «Ես ու կինս մոտ 55 տարեկան էինք, երբ հասկացանք, որ Եհովային կարող ենք ծառայել նոր կերպերով։ Մեր միակ որդին արդեն մեզ հետ չէր ապրում, մեր ծնողները մահացել էին, և մենք մի փոքր ժառանգություն էինք ստացել։ Ես հաշվարկեցի, որ եթե մեր տունը վաճառենք, ապա ստացված գումարը բավարար կլինի մեր պարտքը վճարելու համար, ինչպես նաև բավականաչափ փող կմնա, մինչև որ ես թոշակի անցնեմ։ Մենք լսել էինք, որ Բոլիվիայում շատերն են համաձայնվում Աստվածաշունչ ուսումնասիրել, և որ այնտեղ ապրելն ավելի էժան է, քան Հյուսիսային Ամերիկայում։ Ուստի որոշեցինք տեղափոխվել։ Ինչ խոսք, հեշտ չէր հարմարվել նոր պայմաններին. կյանքն այստեղ բոլորովին այլ է։ Բայց մեր ջանքերը վարձատրվեցին»։

 11 Ռոբերտն ավելացնում է. «Մեր ողջ կյանքն այժմ պտտվում է միայն ժողովի գործերի շուրջ։ Մեր ուսումնասիրողներից մի քանիսը մկրտվել են։ Մի ընտանիք, որի հետ ուսումնասիրում էինք, ապրում է գյուղում համեստ պայմաններում։ Գյուղը հանդիպումների անցկացման վայրից հեռու է։ Բայց այդ ընտանիքի անդամները ամեն շաբաթ դժվար ճանապարհ են անցնում, որպեսզի գան քաղաք՝ ժողովի հանդիպումների։ Մեր ուրախությանը սահման չկար, երբ տեսնում էինք այս ընտանիքի հոգևոր աճը։ Նրանց մեծ տղան նույնիսկ ռահվիրա դարձավ»։

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՕՏԱՐԱԽՈՍ ԴԱՇՏՈՒՄ

12, 13. Պատմիր մի քրիստոնյայի մասին, ով թոշակի անցնելուց հետո սկսեց ծառայել Եհովային օտարախոս դաշտում։

12 Տարիքով եղբայրներն ու քույրերը մեծ օգուտներ կարող են տալ՝ ծառայելով օտարախոս ժողովներում ու խմբերում։ Բացի այդ, այդպիսի տարածքներում ծառայելը շատ հաճելի կարող է լինել։ Բրայան անունով մի եղբայր (Մեծ Բրիտանիա) գրում է. «Իմ ու կնոջս կյանքը միապաղաղ դարձավ, երբ 65 տարեկանում թոշակի անցա։ Մեր երեխաները մեզ հետ չէին ապրում, և հազվադեպ էր լինում, որ հանդիպեինք այնպիսի մարդկանց, ովքեր կուզեին Աստվածաշունչ ուսումնասիրել։ Մի օր հանդիպեցի մի երիտասարդ չինացու. նա տեղի համալսարանում հետազոտություններ էր անում։ Նրան հրավիրեցի մեր հանդիպումներին։ Երիտասարդը ընդունեց հրավերը, և ես սկսեցի Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնել նրա հետ։ Մի քանի շաբաթ անց նա իր հետ բերեց իր չինացի կոլեգային։ Երկու շաբաթ անց բերեց երկրորդին, հետո՝ երրորդին։

13 Այն ժամանակ, երբ հինգերորդ չինացի հետազոտողը խնդրեց, որ իր հետ Աստվածաշունչ ուսումնասիրեմ, մտածեցի. «Ի՞նչ անենք, որ 65 տարեկան եմ. դա չի նշանակում, որ պետք է թոշակի անցնեմ Եհովայի ծառայությունից»։ Ուստի կնոջս, որն ինձնից փոքր է երկու տարով, հարցրի՝ արդյոք չէր ցանկանա չինարեն սովորել։ Մենք սկսեցինք այդ լեզուն սովորել ձայնագրությունների միջոցով։ Դա տասը տարի առաջ էր։ Օտարախոս դաշտում ծառայելով՝ մեզ կրկին երիտասարդ ենք զգում։ Առայսօր 112 չինացու հետ Աստվածաշունչ ենք ուսումնասիրել։ Նրանց մեծ մասը հաճախում է ժողովի հանդիպումներին, իսկ մեկն այժմ ռահվիրա է»։

Գուցե այնքան էլ տարիքով չես, որ չկարողանաս ընդլայնել ծառայությունդ (տե՛ս պարբերություն 12, 13)

 ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԻՐ՝ ԱՆԵԼՈՎ ԱՅՆ, ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ

14. Ի՞նչ չպետք է մոռանան տարիքով քրիստոնյաները, և ինչո՞վ է Պողոս առաքյալի օրինակը քաջալերական նրանց համար։

14 Հիսունն անց բոլոր քրիստոնյաները չէ, որ Եհովային ծառայելու նոր հնարավորություններ ունեն. նրանցից ոմանք վատառողջ են, մյուսները ունեն տարեց ծնողներ կամ երեխաներ։ Եթե հանգամանքներդ այսպիսին են, իմացիր, որ Եհովան շատ թանկ է գնահատում այն ամենը, ինչ անում ես իր համար։ Ուստի մի՛ վհատվիր, որ չես կարող այս կամ այն բանն անել, այլ կենտրոնացիր այն բանի վրա, ինչը կարող ես անել։ Օրինակ՝ Պողոս առաքյալը մի քանի տարի տնային կալանքի տակ էր և չէր կարող շարունակել իր միսիոներական ճանապարհորդությունները։ Բայց ամեն անգամ, երբ մարդիկ այցելում էին նրան, նա խոսում էր նրանց հետ Սուրբ Գրքից և զորացնում նրանց հավատը (Գործ. 28։16, 30, 31

15. Ինչո՞ւ են Եհովան և հավատակիցները թանկ գնահատում տարեց քրիստոնյաներին։

15 Եհովան թանկ է գնահատում նաև տարեց քրիստոնյաների ծառայությունը։ Սողոմոնը, ինչ խոսք, նշեց, որ «աղետաբեր օրերը», երբ մարդու առողջությունը թույլ է, կյանքի լավագույն շրջանը չեն։ Բայց Աստված արժևորում է այն ամենը, ինչ տարեց քրիստոնյաներն անում են իրեն գովաբանելու համար (Ղուկ. 21։2–4)։ Եղբայրներն ու քույրերը շատ թանկ են գնահատում իրենց ժողովի երկարամյա հավատարիմ ծառայողներին։

16. Տարեց Աննան հավանաբար ի՞նչ առանձնաշնորհումներ չունեցավ, բայց ի՞նչ էր կարողանում նա անել Աստծուն երկրպագելու համար։

16 Աստվածաշնչում կարդում ենք Աննա անունով մի տարեց կնոջ մասին, որը հավատարմորեն շարունակեց գովաբանել Եհովային նաև ծեր տարիքում։ Նա 84 տարեկան այրի էր, երբ Հիսուսը ծնվեց։ Հավանաբար, Աննան չապրեց այնքան, որ հնարավորություն ունենար դառնալու Հիսուսի հետևորդ, օծվելու սուրբ ոգով և քարոզելու Թագավորության բարի լուրը։ Բայց նա ուրախությամբ անում էր այն, ինչ կարողանում էր. «Նա երբեք չէր հեռանում տաճարից և.... գիշեր-ցերեկ սուրբ ծառայություն էր մատուցում» (Ղուկ. 2։36, 37)։ Երբ քահանան ամեն առավոտ ու երեկո խունկ էր ծխում տաճարում, Աննան հավաքված բազմության հետ գավիթում էր լինում և մոտ մեկուկես ժամ լուռ աղոթում էր։ Երբ նա տեսավ մանուկ Հիսուսին, սկսեց «խոսել երեխայի մասին բոլոր նրանց հետ, ովքեր սպասում էին Երուսաղեմի ազատագրմանը» (Ղուկ. 2։38

17. Ինչպե՞ս կարող ենք օգնել տարեց կամ տկար քրիստոնյաներին մասնակցելու ճշմարիտ երկրպագությանը։

17 Մենք պետք է ուշադիր լինենք, որ օգնենք տարեց կամ տկար քրիստոնյաներին։ Նրանք շատ են սիրում ներկա լինել ժողովի հանդիպումներին և համաժողովներին, բայց ոմանք հազվադեպ են կարողանում դա անել։ Որոշ վայրերում ժողովները հոգ են տանում, որ նրանք հեռախոսով լսեն հանդիպումների ծրագիրը։ Բայց կան վայրեր, որտեղ դա հնարավոր չէ։ Սակայն նույնիսկ երբ այդ քրիստոնյաները չեն կարողանում հաճախել հանդիպումներին, նրանք կարող են աջակցել ճշմարիտ երկրպագությանը։ Օրինակ՝ նրանց աղոթքները կարող են մեծապես նպաստել ժողովի հաջողություններին (կարդա՛  Սաղմոս 92։13, 14

18, 19. ա) Ինչո՞ւ տարեց քրիստոնյաները գուցե չիմանան, որ իրենք շատ են քաջալերում հավատակիցներին։ բ) Ո՞ւմ կարող են վերաբերել «հիշիր քո Մեծ Արարչին» խոսքերը։

18 Տարեց քրիստոնյաները գուցե չիմանան, որ իրենք շատ են քաջալերում հավատակիցներին։ Օրինակ՝ Աննան, որը տարիներ շարունակ հավատարմորեն գնում էր տաճար, հավանաբար չէր էլ մտածում, որ դարեր անց իր օրինակը քաջալերելու է ուրիշներին։ Աննայի՝ Եհովայի հանդեպ ունեցած սիրո մասին գրվել է Աստվածաշնչում, իսկ Աստծու հանդեպ քո սիրո մասին անշուշտ գրված է հավատակիցներիդ սրտերում։ Իզուր չէ, որ Աստծու Խոսքում ասվում է. «Ալևորությունը գեղեցկության պսակ է, եթե գտնվում է արդարության ճանապարհին» (Առակ. 16։31

19 Այո՛, մեր կարողությունները անսահմանափակ չեն, բայց քանի դեռ ունենք ուժ ու եռանդ, եկեք վճռական լինենք հետևելու այս ներշնչյալ խորհրդին. «Հիշիր քո Մեծ Արարչին.... քանի դեռ չեն եկել աղետաբեր օրերը» (Ժող. 12։1