Սա է մեր հոգևոր ժառանգությունը
«Սա է Եհովայի ծառաների ժառանգությունը» (ԵՍ. 54։17)։
1. Ի՞նչ է արել Եհովան մարդկանց համար։
ԵՀՈՎԱՆ՝ «կենդանի և հավերժական Աստվածը», մարդկանց վաղուց հայտնել է, թե ինչ պետք է անեն, որպեսզի հասնեն հավիտենական կյանքի։ Այդ մասին նրա հրահանգները չեն փոխվել։ Սուրբ Գիրքն ասում է. «Եհովայի խոսքը մնում է հավիտյան» (1 Պետ. 1։23–25)։ Անշուշտ, մենք երախտապարտ ենք Եհովային, որ տվել է մեզ իր Խոսքը, որի միջոցով իմանում ենք, թե ինչպես կարող ենք հասնել հավիտենական կյանքի։
2. Ի՞նչ է Աստված ուզում, որ մարդիկ իմանան։
2 Եհովան ուզում է, որ մարդիկ իմանան իր անունը, ուստի նա Աստվածաշնչում գրել է տվել այն։ Սուրբ գրքում «Եհովա» անունը առաջին անգամ հանդիպում է «երկնքի ու երկրի» ստեղծման պատմության մեջ (Ծննդ. 2։4)։ Աստծու անունը մի քանի անգամ գրված է Տասը պատվիրաններում։ Օրինակ՝ առաջին պատվիրանը սկսվում է այսպես. «Ես Եհովան եմ՝ քո Աստվածը» (Ելք 20։1–17)։ Սատանան փորձել է վերացնել Աստվածաշունչը, որպեսզի մարդիկ հնարավորություն չունենան իմանալու Աստծու անունը։ Բայց Եհովան դա թույլ չի տվել (Սաղ. 73։28)։
3. Ուրիշ ի՞նչ է Աստված ուզում, որ մարդիկ իմանան։
3 Աշխարհը ողողված է կրոնական ստերով, և Եհովան ուզում է, որ մարդիկ իմանան ճշմարտությունը։ Մենք անչափ երախտապարտ ենք նրան, որ մեզ հոգևոր լույս է տվել և հայտնել է ճշմարտությունը (կարդա՛ Սաղմոս 43։3, 4)։ Մենք քայլում ենք հոգևոր լույսի մեջ, մինչդեռ ողջ մարդկությունը հոգևոր խավարի մեջ է (1 Հովհ. 1։6, 7)։
ԹԱՆԿ ԳՆԱՀԱՏԵՆՔ ՄԵՐ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ
4, 5. 1931թ.-ից սկսած՝ ի՞նչ հատուկ առանձնաշնորհում ունենք։
4 Նույն վայրում ապրող մարդիկ սովորաբար ունենում են նույն սովորությունները, ավանդույթները, ապրելակերպը, որոնք փոխանցում են եկող սերնդին։ Դա նրանց ժառանգությունն է։ Մենք՝ Եհովայի ծառաներս, թանկ ժառանգություն ենք ստացել։ Այդ ժառանգության մաս են կազմում սուրբգրային ճշգրիտ գիտելիքները և Եհովայի ու նրա նպատակների մասին հստակ հասկացողությունը։
5 Աստված նաև մեզ մեծ պատիվ է տվել կոչվելու իր անունով։ Այդ անունը մենք ստացել ենք 1931թ.-ին Կոլումբուսում (ԱՄՆ, Օհայո նահանգ) անցկացված համաժողովում։ Տպագրված ծրագրերի վրա կային «Ե.Վ.» (անգլերեն՝ JW) տառերը։ Մի քույր ասաց. «Եղբայրներն ու քույրերը տարբեր կարծիքներ էին հայտնում այն մասին, թե ինչ են նշանակում այդ տառերը»։ Այն ժամանակ մենք կոչվում էինք «Աստվածաշունչ ուսումնասիրողներ», բայց 1931թ. հուլիսի 26-ին մեծ ոգևորությամբ ընդունեցինք «Եհովայի վկաներ» սուրբգրային անունը (կարդա՛ Եսայիա 43։12)։ Մի եղբայր ասում է. «Երբեք չեմ մոռանա այն բացականչություններն ու ծափահարությունները, որ թնդում էին դահլիճում»։ Աշխարհում մեզնից բացի ուրիշ ոչ ոք չէր ցանկացել կրել «Եհովա» անունը։ Արդեն ութսուն տարուց ավելի է, ինչ Աստված թույլ է տալիս մեզ կրելու իր անունը։ Այո՛, մեզ համար հատուկ առանձնաշնորհում է լինել Եհովայի վկաներ։
6. Ո՞ր տեղեկությունն է մեր ժառանգության մի մասը կազմում։
6 Մեր հոգևոր ժառանգության մաս են կազմում նաև Եհովայի վաղեմի ծառաների մասին սուրբգրային տեղեկությունները։ Այդ ծառաներից էին Աբրահամը, Իսահակը և Հակոբը։ Այս նահապետները իրենց ընտանիքներում ակներևաբար խոսում էին այն մասին, թե ինչպես հաճելի լինել Եհովային։ Ուստի զարմանալի չէ, որ Հովսեփը հրաժարվեց սեռական անբարոյություն գործելուց. նա չուզեց «մեղք գործել Աստծու դեմ» (Ծննդ. 39։7–9)։ Առաջին դարում էլ Աստծու ծառաները Աստծու մասին իրենց գիտելիքները փոխանցում էին բանավոր և անձնական օրինակով։ Նրանցից էր Պողոս առաքյալը, որը, օրինակ, ժողովներին մանրամասներ «փոխանցեց» և «սովորեցրեց», թե ինչպես անցկացնել Տիրոջ ընթրիքը (1 Կորնթ. 11։2, 23)։ Այսօր այն բոլոր տեղեկությունները, որ անհրաժեշտ են մեզ Եհովային «ոգով և ճշմարտությամբ» երկրպագելու համար, գրված են նրա Խոսքում (կարդա՛ Հովհաննես 4։23, 24)։ Աստվածաշունչը բոլորի համար է, բայց, ցավոք, շատ մարդիկ այն չեն գնահատում։ Մինչդեռ մենք՝ Եհովայի ծառաներս, շատ բարձր ենք գնահատում նրա Խոսքը։
7. Ո՞ր խոստումն է մեր հոգևոր ժառանգության մաս կազմում։
7 Մեր հոգևոր ժառանգության մաս է կազմում նաև հետևյալ քաջալերական խոստումը. «Քո դեմ շինած ոչ մի զենք հաջողություն չի ունենա, և դու կդատապարտես ցանկացած լեզու, որը դատաստանի դուրս կգա քո դեմ։ Սա է Եհովայի ծառաների ժառանգությունը, և նրանց արդարությունն ինձնից է» (Ես. 54։17)։ Մեր հրատարակություններում տպագրված բազմաթիվ դեպքեր ցույց են տալիս, որ «Եհովան [մեր] կողքին է» (Սաղ. 118։7)։ Այս բանի գիտակցումը լցնում է մեզ ապահովության զգացումով նույնիսկ հալածանքի ժամանակ։ Սատանայի զինանոցում չկա մի այնպիսի զենք, որով նա կարողանա հարատև վնաս պատճառել մեզ։
8. Ի՞նչ ենք քննարկելու այս և հաջորդ հոդվածներում։
8 Սատանան փորձել է ոչնչացնել Աստծու Խոսքը, վերացնել «Եհովա» անունը և թաքցնել ճշմարտությունը, բայց նրա ջանքերը հաջողությամբ չեն պսակվել։ Այս և հաջորդ հոդվածներում կքննենք հետևյալ հարցերը. 1) ինչպե՞ս է Աստված պահպանել իր Խոսքը, 2) ինչպե՞ս է նա պահպանել իր անունը, 3) ինչպե՞ս է մեր երկնային Հայրը հնարավոր դարձրել, որ իմանանք ճշմարտությունը։
ԵՀՈՎԱՆ ՊԱՀՊԱՆԵԼ Է ԻՐ ԽՈՍՔԸ
9-11. Բեր օրինակներ, թե ինչ դժվարությունների միջով է անցել Աստվածաշունչը։
9 Աստվածաշունչը բազում հարձակումների է ենթարկվել, բայց Եհովան միշտ պաշտպանել է այն։ «Կաթոլիկական հանրագիտարանում» (Catholic Encyclopedia) ասվում է. «Հաշվի առնելով ալբիգոյցիների և վալդենսների դեմ մղվող պայքարը՝ 1229 թ.-ին Թուլուզի եկեղեցաժողովը աշխարհականներին արգելեց կարդալ [մայրենի լեզվով Աստվածաշունչ].... 1234 թ.-ին իսպանական Տառագոնա քաղաքում գումարվեց ժողով, որտեղ Հայմե I թագավորը նման արգելք դրեց.... Մայր աթոռը առաջին անգամ այս հարցով զբաղվեց 1559 թ.-ին, երբ, ըստ Պողոս IV-ի կազմած արգելված գրքերի ցուցակի, արգելվեց առանց սուրբ աթոռի թույլտվության մայրենի լեզվով Աստվածաշունչ տպագրելը և ունենալը»։
10 Չնայած հարձակումներին՝ Աստվածաշունչը պահպանվեց։ Մոտավորապես 1382թ.-ին Ջոն Ուիքլիֆը և նրա համախոհները լույս ընծայեցին անգլերեն առաջին Աստվածաշունչը։ Սուրբ Գրքի մեկ այլ թարգմանիչ էր Վիլյամ Թինդալը, որին 1536թ.-ին մահապատժի ենթարկեցին. նրան կապեցին ցցին և այրեցին։ Ասում են, որ նա մեռնելուց առաջ ծխի միջից բացականչել է. «Տե՛ր, բա՛ց արա Անգլիայի թագավորի աչքերը»։
11 Չնայած հակառակությանը՝ Աստվածաշունչը շարունակվում էր թարգմանվել։ 1535թ.-ին հրատարակվեց Մայլզ Քովերդեյլի անգլերեն Աստվածաշունչը։ Քովերդեյլը օգտագործեց Թինդալի «Նոր Կտակարանը» և «Հին Կտակարանի»՝ «Ծննդոցից» մինչև «Տարեգրություն» գրքերը։ Մնացած գրքերը նա թարգմանեց լատիներենից և Մարտին Լյութերի գերմաներեն Աստվածաշնչից։ Այսօր մենք մեր ձեռքի տակ ունենք «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանությունը»։ Մենք «Նոր աշխարհ թարգմանությունը» բարձր ենք գնահատում, որովհետև այն հասկանալի է, ճշգրիտ և հեշտ է օգտագործել քարոզչական ծառայության ժամանակ։ Ո՛չ դևերը և ո՛չ էլ մարդիկ երբևէ չեն կարող վերացնել Աստծու Խոսքը։
ԵՀՈՎԱՆ ՀՈԳ Է ՏԱՐԵԼ, ՈՐ ԻՄԱՆԱՆՔ ԻՐ ԱՆՈՒՆԸ
12. Աստծու անվան պահպանության գործում ի՞նչ դեր ունի «Նոր աշխարհ թարգմանությունը»։
12 Եհովա Աստված հոգ է տարել, որ իր անունը Աստվածաշնչում պահպանվի։ Դրանում շատ մեծ դեր ունի «Նոր աշխարհ թարգմանությունը»։ Այս թարգմանության նախաբանում աստվածանվեր թարգմանիչներից կազմված կոմիտեն գրել է. «Այս թարգմանության գլխավոր առանձնահատկություններից մեկն այն է, որ Աստծու անունը վերականգնվել է այն բոլոր տեղերում, որտեղ որ պետք է լիներ։ Ուստի այս հրատարակության մեջ հայերենում Աստծու անվան ընդունված ձևը՝ Եհովա, Եբրայերեն Գրություններում հանդիպում է 6973 անգամ, իսկ Քրիստոնեական Հունարեն Գրություններում՝ 237 անգամ»։ Այսօր «Նոր աշխարհ թարգմանությունը» ամբողջությամբ կամ մասամբ առկա է 116 լեզվով ավելի քան 178545862 տպաքանակով։
13. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ իրենց ստեղծման օրից՝ մարդիկ իմացել են Աստծու անունը։
13 Իրենց ստեղծման օրից՝ մարդիկ իմացել են Աստծու անունը։ Աստվածաշնչում գրված է, որ Եվան օգտագործել է «Եհովա» անունը։ Երբ Ջրհեղեղից հետո Քամը անհարգալից վարվեց իր հայր Նոյի հետ, վերջինս ասաց. «Օրհնյա՛լ լինի Եհովան՝ Սեմի Աստվածը, և թող [Քամի որդի] Քանանը ծառա լինի նրան» (Ծննդ. 4։1; 9։26)։ Աստված ինքն ասաց. «Ես Եհովան եմ։ Սա է իմ անունը։ Ես իմ փառքը ոչ ոքի չեմ տա»։ Նաև ասաց. «Ես Եհովան եմ, և ուրիշը չկա։ Ինձանից բացի, Աստված չկա» (Ես. 42։8; 45։5)։ Եհովան հոգ է տարել, որ իր անունը պահպանվի և հայտնի դառնա ամբողջ աշխարհում։ Մեզ համար մեծ պատիվ է օգտագործել «Եհովա» անունը և լինել նրա վկաները։ Մենք կարծես ասում ենք. «Կբարձրացնենք մեր դրոշները մեր Աստծու անունով» (Սաղ. 20։5)։
14. Աստվածաշնչից բացի ուրիշ որտե՞ղ է գրված Աստծու անունը։
14 Աստծու անունը գրված է նաև այլ աղբյուրներում, օրինակ՝ Մովաբական քարի վրա, որը գտնվել է Դիբանում (հնում՝ Դեբոն)՝ Մեռյալ ծովից 21 կիլոմետր արևելք։ Այդ քարի վրա Մովաբի Մեսա թագավորը գրել է Իսրայելի Ամրի թագավորի, ինչպես նաև Իսրայելի դեմ իր ապստամբության մասին (1 Թագ. 16։28; 2 Թագ. 1։1; 3։4, 5)։ Բայց Մովաբական քարը ուշագրավ է նրանով, որ պարունակում է Աստծու անունը քառագիր տեսքով։ Քառագիրը նաև մի քանի անգամ հանդիպում է Լաքիսյան նամակներում (սրանք Իսրայելում հայտնաբերված կավե բեկորներ են։
15. Ի՞նչ է «Յոթանասնից» թարգմանությունը, և ինչո՞ւ դրա կարիքն առաջացավ։
15 Աստվածաշնչի վաղեմի թարգմանիչները մասնակցել են Աստծու անվան պահպանմանը։ Բաբելոնյան գերությունից հետո (մ.թ.ա. 607–537) շատ հրեաներ չվերադարձան Հուդա և Իսրայել։ Մ.թ.ա. երրորդ դարում Ալեքսանդրիայում (Եգիպտոս) բազմաթիվ հրեաներ էին ապրում, և անհրաժեշտություն առաջացավ Եբրայերեն Գրությունները թարգմանելու հունարեն, որն այն ժամանակ միջազգային լեզու էր։ Թարգմանությունն ավարտվեց մ.թ.ա. երկրորդ դարում և կոչվեց «Յոթանասնից»։ «Յոթանասնից»-ի որոշ օրինակներում հանդիպում է «Եհովա» անունը՝ եբրայերենով։
16. Ուրիշ որտե՞ղ է հանդիպում Աստծու անունը։
16 Աստծու անունը հանդիպում է նաև ամերիկյան գաղութներում տպագրված առաջին գրքում։ Այն Աստվածաշնչի «Սաղմոսներ» գրքի թարգմանությունն էր եբրայերենից անգլերեն (Bay Psalm Book, 1640թ.)։ Այս թարգմանության Սաղմոս 1։1, 2 համարներում ասվում է, որ «երանելի մարդը» չի քայլում ամբարիշտների խորհրդի մեջ, «այլ Իեհովայի օրենքի մեջ է նրա ուրախությունը»։ Աստծու անվան մասին ավելի շատ տեղեկություններ կարելի է գտնել «Աստծու անունը հավիտյան կմնա» գրքույկում (անգլ., ռուս.)։
ԵՀՈՎԱՆ ՊԱՀՊԱՆԵԼ Է ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
17, 18. ա) Ինչպե՞ս է ճշմարտությունը սահմանվում։ բ) Ի՞նչ է մտնում «բարի լուրի ճշմարտության մեջ»։
17 Մենք ուրախությամբ ծառայում ենք «Եհովային՝ ճշմարտության Աստծուն» (Սաղ. 31։5)։ «Մի բանի մասին ճշմարտությունը դրա մասին բոլոր փաստերն են և ոչ թե այն բաները, որոնք կարելի է պատկերացնել կամ հնարել» (Collins Cobuild English Dictionary)։ «Ճշմարտություն» թարգմանված եբրայերեն բառը կապ ունի այն բաների հետ, ինչը ճիշտ է, արժանահավատ, ստույգ և իրական։ Իսկ հունարեն բառը մատնացույց է անում այն բանին, ինչը համապատասխանում է փաստերին կամ ինչը պատշաճ է և ճիշտ։
18 Եհովան պահպանել է հոգևոր ճշմարտությունը և ավելի ու ավելի շատ գիտելիքներ է մեզ տալիս դրա վերաբերյալ (2 Հովհ. 1, 2)։ Առակներ 4։18-ում գրված է. «Արդարների ճանապարհը պայծառ լույսի պես է, որը ավելի ու ավելի է պայծառանում, մինչև որ օրը լրիվ լուսավորվի»։ Մենք լիովին համաձայն ենք Հիսուսի հետ, որը Եհովային աղոթելիս ասաց. «Քո խոսքը ճշմարտություն է» (Հովհ. 17։17)։ Աստծու գրավոր Խոսքը պարունակում է «բարի լուրի ճշմարտությունը», որը քրիստոնեական ուսմունքների ամբողջությունն է (Գաղ. 2։14)։ Դրա մեջ մտնում է ճշմարտությունը Աստծու անվան, նրա գերիշխանության, Հիսուսի քավիչ զոհի, հարության և Թագավորության մասին։ Տեսնենք, թե ինչպես է Աստված պահպանել ճշմարտությունը, չնայած որ Սատանան փորձել է թաքցնել այն։
ԵՀՈՎԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՏԱՆԱՅԻ ԳՐՈՀՆԵՐԻՑ
19, 20. Ո՞վ էր Նեբրովթը, և ի՞նչ էին ուզում մարդիկ անել նրա օրերում։
19 Ջրհեղեղից հետո մի առած տարածվեց. «Նեբրովթի պես հզոր որսորդ ընդդեմ Եհովայի» (Ծննդ. 10։9)։ Եհովա Աստծու դեմ դուրս գալով՝ Նեբրովթը, փաստորեն, երկրպագեց Սատանային։ Նա նման էր այն հակառակորդներին, որոնց Հիսուսն ասաց. «Դուք ձեր հորից եք՝ Բանսարկուից, և ուզում եք ձեր հոր ցանկություններն անել։ Նա.... ճշմարտության մեջ հաստատ չմնաց» (Հովհ. 8։44)։
20 Նեբրովթի տիրույթները ընդգրկում էին Բաբելոնը և Տիգրիս ու Եփրատ գետերի միջև ընկած ուրիշ քաղաքներ (Ծննդ. 10։10)։ Հավանաբար, հենց նրա ղեկավարությամբ մ.թ.ա. 2269թ.-ին սկսվեց Բաբելոնի և նրա աշտարակի կառուցումը։ Աստված ուզում էր, որ մարդիկ տարածվեն ամբողջ երկրով մեկ, բայց շինարարները, նրա կամքին հակառակ, ասացին. «Եկեք մեզ համար մի քաղաք կառուցենք, նաև մի աշտարակ, որի գագաթը մինչև երկինք հասնի, և եկեք մեզ համար հռչակավոր անուն ստեղծենք, որ հանկարծ չցրվենք ողջ երկրի երեսով»։ Այս ծրագիրը ձախողվեց, երբ Աստված «ամբողջ երկրի լեզուն խառնեց» և շինարարներին ցրեց (Ծննդ. 11։1–4, 8, 9)։ Հավանաբար, Սատանայի նպատակն էր, որ բոլոր մարդիկ երկրպագեն իրեն, բայց նրա այս չար մտադրությունը լիովին խափանվեց։ Մարդկության ողջ պատմության ընթացքում Եհովայի երկրպագությունը միշտ հաղթող է դուրս եկել, և մեր ժամանակներում այն օրեցօր մեծ թափ է հավաքում։
21, 22. ա) Ինչո՞ւ կեղծ կրոնը երբևէ լուրջ վտանգ չի ներկայացրել ճշմարիտ երկրպագության համար։ բ) Ինչի՞ մասին կխոսենք հաջորդ հոդվածում։
21 Կեղծ կրոնը երբևէ լուրջ վտանգ չի ներկայացրել ճշմարիտ երկրպագության համար։ Ինչո՞ւ։ Որովհետև մեր Մեծ Ուսուցիչը հոգ է տարել, որ իր գրավոր Խոսքը և իր անունը պահպանվեն և որ հոգևոր ճշմարտությունը հասնի մարդկանց (Ես. 30։20, 21)։ Աստծուն ճշմարտության համաձայն երկրպագելը մեր սիրտը լցնում է ուրախությամբ։ Մենք այդ ուրախությունը միշտ կունենանք, եթե հոգևորապես զգոն մնանք, լիովին ապավինենք Եհովային և հետևենք նրա սուրբ ոգու առաջնորդությանը։
22 Հաջորդ հոդվածում կիմանանք, թե ինչպես ի հայտ եկան որոշ կեղծ ուսմունքներ։ Կտեսնենք, թե Աստվածաշնչի լույսի ներքո ինչպես է բացահայտվում դրանց կեղծ լինելը։ Կանդրադառնանք նաև այն բանին, թե ինչպես է ճշմարտության Պահապանը՝ Եհովան, օրհնել մեզ ճշմարիտ ուսմունքներով, որոնք մեր հոգևոր ժառանգության մաս են կազմում։ Մենք, անշուշտ, դրանք շատ թանկ ենք գնահատում։