Ուշադրություն կդարձնե՞ս Եհովայի հստակ նախազգուշացումներին
Ուշադրություն կդարձնե՞ս Եհովայի հստակ նախազգուշացումներին
«Սա՛ է ճանապարհը, սրանո՛վ գնացեք» (ԵՍ. 30։21)։
1, 2. Ի՞նչ նպատակ է հետապնդում Սատանան, և ինչպե՞ս է Աստծու Խոսքն օգնում մեզ։
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ սխալ նշանը ոչ միայն պարզապես մոլորեցնում է, այլ կարող է նույնիսկ վտանգավոր լինել։ Պատկերացրու՝ ընկերդ զգուշացնում է, որ մի չար մարդ դիտավորյալ փոխել է նշանը, որպեսզի ճանապարհը չիմացողներին վնաս հասցնի։ Մի՞թե ուշադրություն չես դարձնի նրա նախազգուշացմանը։
2 Անկասկած, Սատանան չարակամ թշնամի է և ուզում է, որ սխալ ուղի ընտրենք (Հայտն. 12։9)։ Այն վատ ազդեցությունները, որոնց մասին քննարկեցինք նախորդ հոդվածում, Սատանայից են։ Դրանց նպատակն է շեղել մեզ այն ճանապարհից, որը դեպի հավիտենական կյանք է տանում (Մատթ. 7։13, 14)։ Բարեբախտաբար, մեր մեծահոգի Հայրը զգուշացնում է մեզ չհետևել Սատանայի մոլորեցնող «ճանապարհային նշաններին»։ Այժմ կքննարկենք ևս երեք «նշանների»՝ վատ ազդեցությունների մասին և թե ինչպես է Աստծու Խոսքն օգնում մեզ խուսափելու մոլորվելուց։ Քննարկման ընթացքում պատկերացնենք՝ Եհովան քայլում է մեր հետևից և ցույց է տալիս ճիշտ ճանապարհը՝ ասելով. «Սա՛ է ճանապարհը, սրանո՛վ գնացեք» (Ես. 30։21)։ Եհովայի հստակ նախազգուշացումների շուրջ խորհելով՝ վճռականությամբ կլցվենք հետևելու դրանց։
Մի՛ հետևիր «սուտ ուսուցիչներին»
3, 4. ա) Ինչո՞ւ են սուտ ուսուցիչները նման ցամաքած ջրհորների։ բ) Որտեղի՞ց են հաճախ հայտնվում սուտ ուսուցիչները, և ի՞նչ է նրանց ուզածը։
3 Պատկերացրու՝ անցնում ես տափաստանով։ Հեռվում ջրհոր ես տեսնում ու քայլերդ ուղղում դեպի այդ կողմ՝ հուսալով, որ շուտով ծարավդ կհագեցնես։ Սակայն երբ մոտենում ես, տեսնում ես, որ ջրհորը դատարկ է։ Ի՜նչ հիասթափություն։ Սուտ ուսուցիչները նման են ցամաքած ջրհորների։ Ով մոտենում է նրանց՝ հագեցնելու ճշմարտության ծարավը, խորապես հիասթափվում է։ Եհովան Պողոս և Պետրոս առաքյալների միջոցով մեզ զգուշացումներ է տալիս նրանց մասին (կարդա՛ Գործեր 20։29, 30; 2 Պետրոս 2։1–3)։ Ովքե՞ր են այդ ուսուցիչները։ Այս երկու առաքյալների ներշնչյալ խոսքերը օգնում են մեզ իմանալու, թե որտեղից են ի հայտ գալիս սուտ ուսուցիչները և ինչպե՞ս են նրանք գործում։
4 Եփեսոսի ժողովի երեցներին Պողոսը գրեց. «Հենց ձեր միջից մարդիկ կելնեն և ծուռումուռ բաներ կխոսեն»։ Իսկ Պետրոսը հետևյալ խոսքերը գրեց քրիստոնյաներին. «Ձեր մեջ սուտ ուսուցիչներ կլինեն»։ Որտեղի՞ց են հայտնվում այդ ուսուցիչները։ Հենց ժողովի միջից։ Նրանք հավատուրացներ են *։ Ի՞նչ է նրանց ուզածը։ Նրանք չեն բավարարվում լքելով այն կազմակերպությունը, որը մի ժամանակ, հնարավոր է, սիրում էին։ Ինչպես բացատրում է Պողոսը, նրանք ուզում են «աշակերտներին իրենց հետևից քաշել»։ Ուշագրավ է, որ հավատուրացները ոչ թե փորձում են քրիստոնեական ժողովից դուրս իրենց համար հետևորդներ գտնել, այլ ուզում են Քրիստոսի աշակերտներին իրենց հետևից տանել։ Սուտ ուսուցիչները «գիշատիչ գայլերի» պես դուրս են գալիս՝ «հոշոտելու» ժողովի անդամներին, որոնք ազնվասիրտ մարդիկ են՝ կործանելով նրանց հավատը և հեռացնելով ճշմարտությունից (Մատթ. 7։15; 2 Տիմոթ. 2։18)։
5. Ի՞նչ մեթոդներ են կիրառում սուտ ուսուցիչները։
5 Ի՞նչ մեթոդներ են կիրառում սուտ ուսուցիչները։ Նրանք խորամանկորեն և աննկատ կերպով կործանարար գաղափարներ են տարածում։ Մաքսանենգների պես՝ նրանք գաղտնի կերպով ճարպկորեն հավատուրացական գաղափարներ են ներմուծում ժողով։ Եվ ինչպես որ հմուտ կեղծարարն է փաստաթղթեր կեղծում, այնպես էլ հավատուրացները «շինծու խոսքեր», այսինքն՝ կեղծ փաստարկներ են բերում՝ իրենց սխալ գաղափարները ներկայացնելու իբրև ճշմարիտ։ Նրանք «խաբեական ուսմունքներ» են տարածում և «աղավաղում են.... Սուրբ Գիրքը»՝ հարմարեցնելով իրենց գաղափարներին (2 Պետ. 2։1, 3, 13; 3։16)։ Հավատուրացներին, իրականում, չի հետաքրքրում մեր բարօրությունը։ Նրանց հետևելու արդյունքում մենք կշեղվենք հավիտենական կյանքի տանող ուղուց։
6. Աստվածաշունչը ի՞նչ հստակ խորհուրդ է տալիս սուտ ուսուցիչներից պաշտպանվելու համար։
6 Ինչպե՞ս կարող ենք պաշտպանված լինել սուտ ուսուցիչներից։ Աստվածաշունչը հստակ խորհուրդ է տալիս այս հարցում (կարդա՛ Հռոմեացիներ 16։17; 2 Հովհաննես 9–11)։ «Խուսափե՛ք նրանցից»,— ասում է Աստծու Խոսքը։ Այլ թարգմանություններում այս խոսքերը այսպես են գրված՝ «հեռո՛ւ մնացեք նրանցից», «հեռու քաշուեցէք նորանցից» և «անոնցմէ ետ կեցէք»։ Աստվածաշնչյան այս խորհուրդը այնքան հստակ է, որ հնարավոր չէ մի քանի ձևով հասկանալ։ Ենթադրենք՝ բժիշկն ասում է քեզ, որ շփում չունենաս այն մարդու հետ, որը վարակիչ մահացու հիվանդություն ունի։ Դու միանգամից կհասկանաս, թե ինչ նկատի ունի բժիշկը, և խստորեն կհետևես նրա նախազգուշացմանը։ Հավատուրացները «հիվանդությամբ են բռնված» և ամեն ինչ անում են ուրիշներին էլ վարակելու իրենց հավատուրացական ուսմունքներով (1 Տիմոթ. 6։3, 4, «Աշխարհաբար նոր թարգմանություն», 2004)։ Եհովան՝ մեր Մեծ Բժիշկը, զգուշացնում է մեզ առնչություն չունենալ նրանց հետ։ Մենք շատ լավ հասկանում ենք, թե նա ինչ նկատի ունի, բայց վճռականորեն հետևո՞ւմ ենք նրա այս նախազգուշացմանը ինչպես հարկն է։
7, 8. ա) Ի՞նչ է նշանակում խուսափել սուտ ուսուցիչներից։ բ) Ինչո՞ւ ես վճռել նրանցից խուսափելու հարցում հաստատուն լինել։
7 Ի՞նչ է նշանակում խուսափել սուտ ուսուցիչներից։ Մենք նրանց ներս չենք թողնում մեր տուն և չենք ողջունում։ Նաև չենք կարդում նրանց թողարկած գրականությունը, հեռուստացույցով չենք դիտում նրանց պատրաստած հաղորդումները, չենք մտնում նրանց վեբ կայքերը և ոչինչ չենք գրում նրանց բլոգներում։ Ինչո՞ւ ենք այսպիսի հաստատուն դիրք բռնում։ Քանի որ սիրում ենք «ճշմարտության Աստծուն»։ Նրա հանդեպ սերն է պատճառը, որ չենք հետաքրքրվում խեղաթյուրված ուսմունքներով, որոնք հակասում են Աստվածաշնչի ճշմարտությանը (Սաղ. 31։5; Հովհ. 17։17)։ Նաև սիրում ենք Եհովայի կազմակերպությունը, որի շնորհիվ ձեռք ենք բերել անգին ճշմարտություններ այն մասին, օրինակ, թե ինչ է Աստծու անունը և ինչ է այն նշանակում, Աստված ինչ նպատակ ունի երկրի առնչությամբ, ինչ վիճակում են գտնվում մահացածները և ինչ հույս կա նրանց համար։ Հիշո՞ւմ ես, թե ինչ զգացիր, երբ գտար այս հարցերի պատասխանները և Աստվածաշնչում հայտնաբերեցիր բազում այլ գանձեր։ Մի՞թե արժե թույլ տալ, որ ինչ-որ մեկի ստերը տրամադրեն քեզ այն կազմակերպության դեմ, որի միջոցով իմացել ես այդ ճշմարտությունները (Հովհ. 6։66–69)։
8 Ինչ էլ որ սուտ ուսուցիչները սովորեցնելու լինեն, մենք չենք հետևի նրանց։ Ինչո՞ւ գնալ ցամաքած ջրհորների մոտ և հետո խաբված զգալ ու հիասթափվել։ Փոխարենը՝ եկեք նվիրված մնանք Եհովային ու նրա կազմակերպությանը, որը երկար տարիներ է՝ հագեցնում է մեր ծարավը Աստծու ներշնչյալ Խոսքի ճշմարտության բյուրեղյա և թարմացնող ջրով (Ես. 55։1–3; Մատթ. 24։45–47)։
Մի՛ հետևիր «սուտ պատմություններին»
9, 10. Սուտ պատմությունների վերաբերյալ Պողոսը ի՞նչ նախազգուշացում տվեց Տիմոթեոսին, և ի՞նչ կարող էին այդ սուտ պատմությունները լինել (տե՛ս նաև ծանոթագրությունը)։
9 Երբեմն ճանապարհորդը գուցե նկատի, որ ճանապարհային նշանը շեղել են, և այն սխալ ուղղություն է ցույց տալիս։ Սակայն երբեմն էլ կարող է դժվար լինել դա նկատել։ Դա նման է Սատանայի նենգ գործելակերպին, որը երբեմն ակնհայտ է, երբեմն էլ աննկատ։ Պողոս առաքյալը զգուշացնում է Սատանայի մոլորեցնելու նենգ մեթոդներից մեկի՝ «սուտ պատմությունների» մասին (կարդա՛ 1 Տիմոթեոս 1։3, 4)։ Որպեսզի կյանքի տանող ուղուց չշեղվենք, մենք պետք է իմանաք, թե ինչ են սուտ պատմությունները և ինչպես կարող ենք խուսափել դրանց ուշադրություն դարձնելուց։
10 Սուտ պատմությունների մասին Պողոսը զգուշացնում է Տիմոթեոսին ուղղված իր առաջին նամակում, ով պետք է պահպաներ ժողովի մաքրությունը և օգներ հավատակիցներին հավատարիմ մնալու (1 Տիմոթ. 1։18, 19)։ Պողոսն օգտագործում է հունարեն մի բառ, որը կրում է հորինված պատմության, առասպելի և ստության իմաստ։ Աստվածաշնչյան մի հանրագիտարանում այս բառի մասին գրված է, որ այն նշանակում է «(կրոնական) պատմություն, որը ոչ մի կապ չունի իրականության հետ» (The International Standard Bible Encyclopaedia)։ Պողոսը հավանաբար նկատի ուներ կրոնական ստերը, որոնք վերցված էին ցնցող պատմություններից կամ անիրական առասպելներից *։ Այդպիսի պատմությունները «անիմաստ հարցեր են առաջ բերում», այսինքն՝ ոչ էական հարցեր, որոնց վրա մարդիկ անիմաստ ժամանակ են վատնում փնտրտուքներ անելու համար։ Սուտ պատմությունները Մեծն Խաբեբայի՝ Սատանայի հնարքներից են, որը կրոնական ստերի և հորինված պատմությունների միջոցով մոլորեցնում է անզգույշներին։ Պողոսի խորհուրդը հստակ է. ուշադրություն չդարձնել սուտ պատմություններին։
11. Սատանան ինչպիսի՞ հմտությամբ է օգտագործում կեղծ կրոնը մարդկանց մոլորեցնելու համար, և ո՞ր նախազգուշացումը կօգնի մեզ խուսափելու դրանից։
11 Որո՞նք են սուտ պատմություններից մի քանիսը, որոնք կարող են անտեղյակ մարդկանց մոլորության մեջ գցել։ «Սուտ պատմությունները» ընդհանուր առմամբ կարող են վերաբերել կրոնական ցանկացած ստի կամ հորինված պատմությունների, որոնք կարող են մեզ «մի կողմ դարձնել ճշմարտությունից» (2 Տիմոթ. 4։3, 4)։ Սատանան, որը ձևացնում է, թե «լույսի հրեշտակ» է, հմտորեն օգտագործում է կեղծ կրոնը մարդկանց մոլորեցնելու համար (2 Կորնթ. 11։14)։ Քրիստոնյա համարվող կրոնականները սովորեցնում են այնպիսի ուսմունքներ, որոնք ողողված են ստերով ու առասպելներով, ինչպիսիք են, օրինակ՝ Երրորդության, դժոխքի և հոգու անմահության մասին ուսմունքները։ Նրանք նաև սահմանում են տոներ և սուրբ օրեր, ինչպիսիք են Սուրբ ծնունդը և Զատիկը, որոնց հետ կապված «անվտանգ» սովորությունները իրականում հեթանոսական ծագում ունեն։ Եթե հետևենք Աստծու նախազգուշացմանը՝ «զատվենք» և «այլևս անմաքուր բանի չդիպչենք», ապա չենք մոլորվի սուտ պատմություններով (2 Կորնթ. 6։14–17)։
12, 13. ա) Ի՞նչ ստեր է Սատանան տարածում, սակայն ո՞րն է ճշմարտությունը։ բ) Ինչպե՞ս կարող ենք խուսափել Սատանայի սուտ պատմություններից մոլորվելուց։
12 Սատանան ուրիշ ստեր էլ է տարածում, որոնք կարող են մոլորության մեջ գցել մեզ, եթե զգույշ չլինենք։ Քննենք մի քանի օրինակներ։ Արա ինչ ուզում ես։ Ինքդ ես որոշում՝ ինչն է ճիշտ, և ինչը՝ սխալ։ Հաճախ է սա խրախուսվում զվարճության տարբեր ձևերում և հեռուստատեսությամբ։ Աստծու չափանիշների վերաբերյալ նման աղավաղված տեսակետը կարող է ազդել մեզ վրա, և գուցե մենք էլ սկսենք ապրել բարոյական այն ցածր չափանիշներով, որոնցով առաջնորդվում է աշխարհը։ Սակայն ճշմարտությունն այն է, որ մենք բարոյականության հարցում այնպիսի առաջնորդության կարիք ունենք, որը միայն Աստված կարող է տալ (Երեմ. 10։23)։ Աստված երբեք չի միջամտի երկրի գործերին։ Այսօրվա օրով ապրելը կարող է հանգեցնել նրան, որ դառնանք «անգործ կամ անպտուղ» (2 Պետ. 1։8)։ Սակայն ճշմարտությունն այն է, որ Եհովայի օրը սրընթաց մոտենում է, և մենք պետք է շարունակենք սպասել այդ օրվան (Մատթ. 24։44)։ Աստված անտարբեր է մեր հանդեպ։ Եթե հավատանք Սատանայի այս ստին, կդադարենք Աստծուն ծառայելուց, քանի որ կմտածենք, թե, միևնույնն է, երբեք չենք արժանանա Աստծու սիրուն։ Սակայն ճշմարտությունն այն է, որ Եհովան սիրում ու գնահատում է իր ծառաներին՝ յուրաքանչյուրին անհատապես (Մատթ. 10։29–31)։
13 Մենք պետք է միշտ զգույշ լինենք, քանի որ Սատանայի աշխարհի մտածելակերպը կարող է առաջին հայացքից ճիշտ թվալ։ Պետք է հիշենք, որ Սատանան վարպետ խաբեբա է։ Միայն Աստծու Խոսքի խորհուրդներին ու հիշեցումներին հետևելով է, որ կարող ենք խուսափել Սատանայի «վարպետորեն հնարած սուտ պատմություններից» մոլորվելուց (2 Պետ. 1։16)։
Մի՛ հետևիր Սատանային
14. Ինչի՞ մասին զգուշացրեց Պողոսը որոշ երիտասարդ այրի կանանց, և ինչո՞ւ բոլորս պետք է հետևենք այդ նախազգուշացմանը։
14 Պատկերացրու ճանապարհային մի նշան, որի վրա գրված է. «Այս ճանապարհը տանում է Սատանայի հետևից»։ Մեզանից ո՞վ կընտրի այդ ճանապարհը։ Սակայն Պողոսը զգուշացնում է, թե որ հարցերում հնարավոր է՝ նվիրված քրիստոնյան «շեղվի ճիշտ ուղուց և Սատանայի հետևից գնա» (կարդա՛ 1 Տիմոթեոս 5։11–15)։ Ճիշտ է, Պողոսի խոսքերը ուղղված են որոշ «երիտասարդ այրի կանանց», սակայն նրա նշած սկզբունքները վերաբերում են մեզ բոլորիս։ Առաջին դարի քրիստոնյա այդ կանանց մտքով անգամ չէր անցնում, որ նրանք հետևում էին Սատանային, բայց նրանց գործերը հենց դա էին ցույց տալիս։ Ինչպե՞ս կարող ենք զգույշ լինել, որ նույնիսկ ակամայից Սատանային չհետևենք։ Քննենք, թե Պողոսը ինչ նախազգուշացրեց վնասակար բամբասանքի վերաբերյալ։
15. Ի՞նչ նպատակ է հետապնդում Սատանան և ի՞նչ կերպերով է փորձում հասնել դրան։
15 Սատանայի նպատակն է լռեցնել մեր հավատի ձայնը՝ այնպես անել, որ չքարոզենք բարի լուրը (Հայտն. 12։17)։ Իր այդ նպատակին հասնելու համար նա փորձում է բաժանումներ գցել մեր մեջ և այնպես անել, որ մեր ժամանակը վատնենք ոչ կարևոր բաների վրա։ Այդ այրի կանանց մասին խոսելիս Պողոսը նշում է մի քանի կերպեր, որոնցով Սատանան ուզում է իրագործել իր նպատակը. «Վարժվում են պարապության՝ տնից տուն թրև գալով»։ Տեխնոլոգիայի այս դարաշրջանում հեշտությամբ կարող ենք վատնել թե՛ մեր, թե՛ մյուսների ժամանակը՝ ինտերնետով կամ բջջային հեռախոսներով անկարևոր և երբեմն էլ ոչ ստույգ տեղեկություններ ուղարկելով։ Պողոսը նաև գրեց, որ այդ այրիները «բամբասողներ» էին։ Բամբասանքը կարող է վերածվել զրպարտության, ինչը հաճախ կռիվներ է գցում (Առակ. 26։20)։ Անկախ այն բանից՝ գիտակցում ենք դա, թե ոչ, չարակամ բամբասանքով ընդօրինակում ենք Բանսարկու * Սատանային։ Պողոսն այդ կանանց նկարագրեց նաև որպես «ուրիշների գործերին խառնըվողներ»։ Մենք իրավունք չունենք ուրիշներին թելադրելու, թե ինչ անեն։ Պարապության վարժվելը, բամբասանքը և ուրիշների գործերին խառնվելը կշեղեն մեզ Աստծուց ստանձնած առաջադրանքը կատարելուց՝ Թագավորության մասին քարոզելուց։ Եթե դադարում ենք ակտիվորեն այդ գործին աջակցելուց, նշանակում է՝ սկսում ենք հետևել Սատանային։ Չկա չեզոք գոտի (Մատթ. 12։30)։
16. Ո՞ր խորհուրդներին հետևելը կօգնի մեզ խուսափելու Սատանային հետևելուց։
16 Աստվածաշնչի խորհուրդներին հետևելը կօգնի մեզ, որ խուսափենք Սատանային հետևելուց։ Այժմ տեսնենք, թե ինչ իմաստուն խորհուրդներ է տալիս Պողոսը։ Միշտ զբաղված եղեք Տիրոջ գործում (1 Կորնթ. 15։58)։ Թագավորության գործում միշտ զբաղված լինելը կպաշտպանի մեզ պարապության վարժվելու և ավելորդ բաների վրա ժամանակ վատնելու վտանգից (Մատթ. 6։33)։ Թող ձեր բերանից միայն բարի խոսք դուրս գա՝ կերտելու համար (Եփես. 4։29)։ Եթե վճռենք բամբասանք չլսել և չտարածել *, նաև վստահություն և հարգանք զարգացնել մեր հավատակիցների նկատմամբ, հակված կլինենք այնպիսի բաների մասին խոսել, որոնք կերտում են, ոչ թե վնասում։ Նպատակ դրեք միայն ձեր գործով զբաղվել (1 Թեսաղ. 4։11)։ Լավ կլինի հետաքրքրվել ուրիշներով, բայց չմոռանանք հարգել նրանց արժանապատվությունը և չմտնենք նրանց անձնական կյանքի մեջ։ Նաև հիշենք, որ չպետք է մեր տեսակետը պարտադրենք նրանց այնպիսի հարցերում, երբ նրանք անձա՛մբ պետք է որոշում կայացնեն (Գաղ. 6։5)։
17. ա) Ինչո՞ւ է Եհովան զգուշացնում մեզ, թե ինչին պետք չէ հետևել։ բ) Ինչո՞ւմ պետք է վճռական լինենք։
17 Որքա՜ն երախտապարտ ենք, որ Եհովան հստակ կերպով ասում է մեզ, թե ինչին չպետք է հետևենք։ Սակայն մի՛ մոռացիր, որ այս նախազգուշացումները տալով, որոնց մասին քննարկեցինք այս և նախորդ հոդվածներում՝ Եհովան իր մեծ սերն է դրսևորում մեր հանդեպ։ Նա ուզում է ազատել մեզ այն դժբախտություններից ու տառապանքից, որը կկրենք, եթե հետևենք Սատանայի մոլորեցնող «ճանապարհային նշաններին»։ Այն ճանապարհը, որով Եհովան ուզում է մեզ տանել, գուցե նեղ է, բայց այն տանում է դեպի ամենալավ վայրը՝ առաջնորդում է դեպի հավիտենական կյանք (Մատթ. 7։14)։ Թող որ երբեք չթուլացնենք մեր վճռականությունը՝ հետևելու Եհովայի առաջնորդությանը. «Սա՛ է ճանապարհը, սրանո՛վ գնացեք» (Ես. 30։21)։
[ծանոթագրություններ]
^ Հավատուրաց լինել նշանակում է ճշմարիտ երկրպագությունից հրաժարվել, հեռանալ, ապստամբել, հավատը ուրանալ։
^ Օրինակ՝ պարականոն «Տոբիթ» գիրքը, որը գրվել է մ.թ.ա. մոտավորապես երրորդ դարում և առկա էր Պողոսի օրերում, լի է սնոտիապաշտությամբ և մոգության ու կախարդության մասին անհեթեթ պատմություններով, որոնք ներկայացվում են որպես ճշմարտություն (տե՛ս «Գրությունների ըմբռնում» հանրագիտարանը, հատոր 1, էջ 122, անգլ.)։
^ «Բանսարկու» թարգմանված հունարեն «դիաբոլոս» բառը նշանակում է «զրպարտող»։ Այս բառը օգտագործվում է որպես տիտղոս՝ բնութագրելու Սատանայի՝ առաջին զրպարտչի էությունը (Հովհ. 8։44; Հայտն. 12։9, 10)։
^ Տե՛ս «Բմբուլները ցրիվ տալ քամուն» շրջանակը։
Ինչպե՞ս կպատասխանես
Ինչպե՞ս կարող ես հետևել այն նախազգուշացումներին, որ գրված են աստվածաշնչյան հետևյալ խոսքերում.
[հարցեր ուսումնասիրության համար]
[շրջանակ/նկար 19-րդ էջի վրա]
Բմբուլները ցրիվ տալ քամուն
Հրեական մի հին առակ պարզաբանում է, թե ինչ հետևանքներ է թողնում բամբասանքը։ Թեև այս առակը տարբեր կերպերով է պատմվում, բայց հիմնականում հետևյալ կերպ է հնչում։
Մի մարդ շրջում էր քաղաքով մեկ ու զրպարտում այդ քաղաքի իմաստուն մարդուն։ Հետո այս չարակամ զրպարտիչը հասկանում է իր սխալը և գնում է այդ իմաստունի մոտ ներողություն խնդրելու։ Նա ասում է, որ իր մեղքը քավելու համար պատրաստ է ամեն ինչ անելու։ Իմաստուն մարդը պատվիրում է նրան գնալ, մի բարձ վերցնել և միջի բմբուլները ցրիվ տալ քամուն։ Չհասկանալով, թե ինչու է նա այդպիսի բան պատվիրում՝ զրպարտիչը գնում և անում է ճիշտ այդպես։ Հետո վերադառնում է նրա մոտ ու հարցնում.
— Այժմ իմ մեղքը ներվա՞ծ է։
— Նախ գնա ու հավաքիր բոլոր բմբուլները,— պատասխանում է իմաստուն մարդը։
— Ինչպե՞ս հավաքեմ։ Քամին քշել տարել է։
— Ինչպես որ անհնար է հավաքել բմբուլները, այնպես էլ դժվար է հատուցել այն վնասը, որ հասցրել են քո խոսքերը։
Առակի իմաստը պարզ է։ Բերանից դուրս եկած խոսքը հնարավոր չէ հետ վերցնել, և հնարավոր չէ վերացնել պատճառած վնասը։ Ուստի որևէ մեկի մասին բամբասելուց առաջ իմաստուն կլինի հիշել, որ այդպես վարվելով՝ մեր խոսքերը բմբուլների պես ցրիվ ենք տալիս քամուն։
[նկար 16-րդ էջի վրա]
Ինչպե՞ս են ոմանք հավատուրացներին հրավիրում իրենց տուն