Փաստիր, որ ճշմարիտ քրիստոնյա ես
Փաստիր, որ ճշմարիտ քրիստոնյա ես
«Ամեն լավ ծառ լավ պտուղ է տալիս, իսկ ամեն փտած ծառ անպետք պտուղ է տալիս» (ՄԱՏԹ. 7։17)։
1, 2. Այս վերջին օրերում ինչպե՞ս են ճշմարիտ քրիստոնյաները տարբերվում կեղծ քրիստոնյաներից։
ՀԻՍՈՒՍՆ ասաց, որ կեղծ քրիստոնյաները կտարբերվեն ճշմարիտ քրիստոնյաներից իրենց «պտուղներով», այսինքն՝ ուսմունքներով ու վարքով (Մատթ. 7։15–17, 20)։ Մարդկանց վրա անխուսափելիորեն անդրադառնում է այն, ինչով նրանք սնուցանում են իրենց միտքն ու սիրտը (Մատթ. 15։18, 19)։ Կեղծ գաղափարներով «սնվողները» «անպետք պտուղ» են տալիս, իսկ նրանք, ովքեր ճշմարտությամբ են կրթվում, «լավ պտուղ» են տալիս։
2 Այդ տարբերությունը հստակ երևում է հատկապես այս վերջին օրերում (կարդա՛ Դանիել 12։3, 10)։ Կեղծ քրիստոնյաները խեղաթյուրված պատկերացումներ ունեն Աստծու մասին, և նրանց «նվիրվածությունը» հաճախ ձևական բնույթ է կրում, մինչդեռ հոգևոր հասկացողություն ունեցողները երկրպագում են Աստծուն «ոգով և ճշմարտությամբ» (Հովհ. 4։24; 2 Տիմոթ. 3։1–5)։ Նրանք ջանում են ընդօրինակել Քրիստոսին։ Քննենք ճշմարիտ քրիստոնյաներին բնորոշող հինգ առանձնահատկություններ։ Այդ ընթացքում հարց տուր ինքդ քեզ. «Իմ սովորեցրածը ներդաշնա՞կ է Աստծու Խոսքին։ Համապատասխանո՞ւմ է արդյոք վարքս աստվածաշնչյան սկզբունքներին։ Դարձնո՞ւմ եմ արդյոք ճշմարտությունը գրավիչ նրանց համար, ովքեր փնտրում են այն»։
Ապրում են Աստծու Խոսքով
3. Ո՞ւմ է Աստված ընդունելի համարում, և ինչպե՞ս են վարվում ճշմարիտ քրիստոնյաները։
3 Հիսուսն ասաց. «Ոչ թե ամեն ոք, որ ինձ «Տե՛ր, Տե՛ր» է ասում, կմտնի երկնքի թագավորությունը, այլ նա, ով կատարում է իմ Հոր կամքը, որ երկնքում է» (Մատթ. 7։21)։ Այո՛, Աստծուն ընդունելի են ոչ թե նրանք, ովքեր պնդում են, թե քրիստոնյա են, այլ նրանք, ովքեր ապրում են որպես քրիստոնյաներ։ Վերջիններս ունեն Քրիստոսի մտածելակերպը այնպիսի բաների վերաբերյալ, ինչպիսիք են փողը, աշխատանքը, զվարճությունը, սովորույթները, տոնակատարությունները, ամուսնությունը, մարդկային փոխհարաբերությունները։ Իսկ կեղծ քրիստոնյաները որդեգրում են այս չար աշխարհի ապականված մտածելակերպն ու վարվելակերպը (Սաղ. 92։7)։
4, 5. Ի՞նչ կարևոր սկզբունք կա Մաղաքիա 3։18–ում, և ինչպե՞ս կարող ենք հետևել դրան։
4 Մաղաքիա մարգարեն գրեց. «Դուք ետ կ’դառնաք եւ կ’տեսնէք արդարի ու ամբարշտի տարբերութիւնը. Աստուծոյ ծառայութիւն անողին եւ ծառայութիւն չ’անողին տարբերութիւնը» (Մաղ. 3։18)։ Մտածելով այս խոսքերի շուրջ՝ հարցրու ինքդ քեզ. «Տարբերվո՞ւմ եմ արդյոք աշխարհիկ մարդկանցից։ Աշխատավայրում կամ դպրոցում հավատարիմ մնո՞ւմ եմ աստվածաշնչյան սկզբունքներին, առիթի դեպքում խոսո՞ւմ եմ հավատալիքներիս մասին, թե՞ զիջումների եմ գնում» (կարդա՛ 1 Պետրոս 3։16)։ Իհարկե, մենք չենք ցանկանում այնպիսի տպավորություն թողնել, թե ուրիշներից ավելի լավն ենք, այնուամենայնիվ, ձգտում ենք տարբերվել նրանցից, ովքեր չեն սիրում Եհովային և չեն ծառայում նրան։
5 Եթե տեսնում ես, որ անհրաժեշտ է փոփոխություններ անել այդ հարցում, ապա աղոթիր Եհովային, կանոնավորաբար ուսումնասիրիր Աստվածաշունչը և հաճախիր ժողովի հանդիպումներին։ Դա հոգևորապես կզորացնի քեզ։ Որքան լավ յուրացնես Աստծու Խոսքը, այնքան ավելի շատ կբերես «լավ պտուղներ», այդ թվում «շուրթերի պտուղը, որոնք հրապարակորեն հռչակում են [Աստծու] անունը» (Եբր. 13։15)։
Հռչակում են Թագավորության մասին
6, 7. Ի՞նչ տարբերություն կա բարի լուրի քարոզիչների և կեղծ քրիստոնյաների միջև։
6 Հիսուսն ասաց. «Ես ուրիշ քաղաքների էլ պետք է Աստծու թագավորության բարի լուրը հռչակեմ, որովհետև հենց դրա համար եմ ուղարկվել» (Ղուկ. 4։43)։ Ինչո՞ւ էր Թագավորությունը Հիսուսի քարոզչության հիմնական թեման։ Որովհետև լինելով այդ Թագավորության Թագավորը՝ Աստծու Որդին և իր թագավորակիցները վերացնելու էին տառապանքը, մեղքը, ինչպես նաև Սատանային (Հռոմ. 5։12; Հայտն. 20։10)։ Ուստի նա պատվիրել էր իր հետևորդներին հռչակել Թագավորության բարի լուրը մինչև չար աշխարհի վերջը (Մատթ. 24։14)։ Սակայն կեղծ քրիստոնյաները չեն կատարում այդ առաջադրանքը, և չեն էլ կարող կատարել։ Ինչո՞ւ։ Առնվազն երեք պատճառով։ Առաջին՝ նրանք չեն կարող քարոզել մի բան, ինչը չեն հասկանում։ Երկրորդ՝ նրանք չունեն խոնարհություն ու քաջություն, որպեսզի դիմագրավեն ծաղրանքին ու հակառակությանը, որոնց բախվում են քարոզիչները (Մատթ. 24։9; 1 Պետ. 2։23)։ Եվ երրորդ՝ նրանք չունեն Աստծու սուրբ ոգին (Հովհ. 14։16, 17)։
7 Ի տարբերություն նրանց՝ Քրիստոսի ճշմարիտ հետևորդները գիտեն, թե ինչ է Աստծու Թագավորությունը, և ինչ է այն իրականացնելու։ Ավելին, նրանք այդ Թագավորության շահերը իրենց կյանքում առաջին տեղում են դնում և Աստծու ոգու օգնությամբ քարոզում են դրա մասին աշխարհով մեկ (Զաք. 4։6)։ Իսկ դու կանոնավորաբար մասնակցո՞ւմ ես քարոզչությանը։ Ձգտո՞ւմ ես հմտանալ այդ գործում՝ թերևս ավելի շատ ժամանակ տրամադրելով ծառայությանը։ Ջանո՞ւմ ես ավելի արդյունավետորեն գործածել Աստվածաշունչը։ Պողոս առաքյալը, որը սովորություն ուներ տրամաբանելու Գրությունների հիման վրա, ասաց. «Աստծու խոսքը կենդանի է և զորեղ» (Եբր. 4։12; Գործ. 17։2, 3)։
8, 9. ա) Աստվածաշունչը ծառայության մեջ գործածելն ինչո՞ւ է արդյունավետ։ Բեր օրինակներ։ բ) Ինչպե՞ս կարող ենք հմտանալ Աստծու Խոսքը գործածելու մեջ։
8 Մի եղբայր տնից տուն ծառայության ժամանակ հանդիպեց մի տղամարդու, որը կաթոլիկ էր։ Նա կարդաց Դանիել 2։44 համարը և բացատրեց, թե ինչպես է Աստծու Թագավորությունը խաղաղություն և ապահովություն բերելու։ Ինչպե՞ս արձագանքեց այդ տղամարդը։ «Շատ շնորհակալ եմ, որ դուք այդ խոսքերը ոչ թե բանավոր ասացիք, այլ կարդացիք հենց Աստվածաշնչից»,— ասաց նա։ Մի ամուսնական զույգ վկայություն տվեց մի կնոջ, որը Հույն ուղղափառ եկեղեցու անդամ էր։ Երբ եղբայրը մի համար կարդաց Գրություններից, այդ կինը մեծապես հետաքրքրվեց և սկսեց շատ հարցեր տալ։ Ամուսինները նրա հարցերին պատասխանեցին Աստծու Խոսքից։ Ավելի ուշ կինն ասաց. «Գիտե՞ք՝ ինչու ցանկացա լսել ձեզ։ Որովհետև դուք բացեցիք Աստվածաշունչը և կարդացիք այնտեղից»։
9 Ինչ խոսք, մեր գրականությունը շատ արժեքավոր է, և մենք պետք է տարածենք այն։ Այդուհանդերձ, մեր գլխավոր ձեռնարկը Աստվածաշունչն է։ Ուստի պետք է սովորություն դարձնենք հաճախ գործածել այն։ Ինչպե՞ս կարող ես հմտանալ Աստծու Խոսքը գործածելու մեջ։ Ընտրիր մի քանի համարներ, որոնք ցույց են տալիս, թե ինչ է Աստծու Թագավորությունը և ինչպես է լուծելու այն խնդիրները, որոնք անհանգստացնում են ձեր տարածքում ապրող մարդկանց։ Պատրաստ եղիր ընթերցելու դրանք տնից տուն ծառայության ժամանակ։
Հպարտությամբ կրում են Աստծու անունը
10, 11. Ի տարբերություն Հիսուսի՝ ինչպե՞ս են վերաբերվում Աստծու անվանը կեղծ քրիստոնյաները։
10 «Դուք իմ վկաներն էք, ասում է Տէրը, որ ես եմ Աստուած» (Ես. 43։12)։ Եհովայի գլխավոր վկան՝ Հիսուս Քրիստոսը, Աստծու անունը կրելը և այն ուրիշներին հայտնելը պատիվ էր համարում (կարդա՛ Ելից 3։15; Հովհաննես 17։6; Եբրայեցիներ 2։12)։ Քանի որ հռչակում էր իր Հոր անունը, նա իրավամբ կոչվեց «Հավատարիմ Վկա» (Հայտն. 1։5; Մատթ. 6։9)։
11 Ի տարբերություն Հիսուսի՝ մի շարք կրոնավորներ արհամարհական վերաբերմունք են դրսևորել Աստծու անվան նկատմամբ։ Նրանք նույնիսկ հանել են այդ անունը իրենց Աստվածաշնչերից։ Եվ այդքանից հետո պնդում են, թե ներկայացնում են Աստծուն և նրա Որդուն։ Օրինակ՝ վերջերս կաթոլիկ եպիսկոպոսներին հրահանգ տրվեց երկրպագության ժամանակ «ընդհանրապես չօգտագործել Աստծու անունը, որը հանդիպում է քառագրով (ՅՀՎՀ) *։ Դատապարտության արժանի ինչպիսի՜ քայլ։
12. Ինչպե՞ս կոչվեցին Աստծու ծառաները 1931 թվականից սկսած։
12 Ժամանակակից քրիստոնյաները նույնպես հպարտությամբ են կրում Եհովայի անունը, քանի որ ընդօրինակում են Հիսուս Քրիստոսին և Աստծու վաղեմի ծառաներին, որոնք Աստվածաշնչում կոչվում են «վկաների մեծ ամպ» (Եբր. 12։1)։ 1931 թվականից սկսած՝ Աստծու ծառաները հայտնի դարձան «Եհովայի վկաներ» անունով (կարդա՛ Եսայիա 43։10–12)։ Այդպես Քրիստոսի ճշմարիտ հետևորդները դարձան «ժողովուրդ, որն [Աստծու] անունով է կոչվում» (Գործ. 15։14, 17)։
13. Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ արժանի ենք կրելու Աստծու անունը։
13 Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ արժանի ենք կրելու այդ հրաշալի անունը։ Նախ և առաջ պետք է հավատարմորեն վկայություն տանք Աստծու մասին։ Պողոս առաքյալը գրեց. «Ամեն ոք, ով Եհովայի անունը կանչի, կփրկվի։ Սակայն ինչպե՞ս կանչեն նրան, ում չեն հավատացել։ Կամ ինչպե՞ս հավատան նրան, ում մասին չեն լսել։ Կամ ինչպե՞ս լսեն, եթե քարոզող չլինի։ Կամ ինչպե՞ս քարոզեն, եթե չուղարկվեն» (Հռոմ. 10։13–15)։ Նաև պետք է նրբանկատորեն քողազերծենք կեղծ կրոնական ուսմունքները։ Դրանցից է, օրինակ, դժոխքի գաղափարը, ըստ որի՝ Աստված մարդկանց պատժում է անմար կրակներով։ Այդպիսի ուսմունքներն անարգում են մեր սիրառատ Ստեղծչին, քանի որ նրան վերագրվում են այնպիսի հատկություններ, որոնք, իրականում, Սատանային են բնորոշ (Երեմ. 7։31; 1 Հովհ. 4։8; համեմատի՛ր Մարկոս 9։17–27)։
14. Ինչպե՞ս են արձագանքել ոմանք, երբ իմացել են Աստծու անունը։
14 Հպարտությա՞մբ ես կրում քո երկնային Հոր անունը։ Հայտնո՞ւմ ես արդյոք այն ուրիշներին։ Փարիզում ապրող մի կին լսել էր, որ Եհովայի վկաները գիտեն Աստծու անունը։ Ուստի հանդիպելով մի Վկայի՝ խնդրեց, որ ցույց տա այդ անունը հենց իր Աստվածաշնչում։ Վերջինս կարդաց Սաղմոս 83։18–ը։ Երբ այդ կինն իր աչքով տեսավ Աստծու անունը, այնքան տպավորվեց, որ սկսեց ուսումնասիրել Աստվածաշունչը։ Նա դարձավ Եհովայի վկա, և այժմ հավատարմորեն ծառայում է օտար երկրում։ Ավստրալիայում ապրող մի կաթոլիկ կին, երբ Աստվածաշնչում առաջին անգամ տեսավ Աստծու անունը, ուրախությունից արտասվեց։ Նա նույնպես ընդունեց ճշմարտությունը, և երկար տարիներ է, ինչ ծառայում է ընդհանուր ռահվիրա։ Ահա ևս մի դեպք, որը վերջերս տեղի ունեցավ Ջամայկայում։ Վկաները ցույց տվեցին Աստծու անունը մի կնոջ իր իսկ Աստվածաշնչում։ Այն տեսնելով՝ կինը լաց եղավ։ Իրոք որ, մեծ պատիվ է՝ մարդկանց հայտնել Աստծու հիասքանչ անունը, ինչպես որ անում էր Հիսուսը։ Հպարտ եղիր, որ կրում ես այն։
Չեն սիրում աշխարհը
15, 16. Ինչպե՞ս են ճշմարիտ քրիստոնյաները վերաբերվում այս աշխարհին, և ի՞նչ հարցեր պետք է տանք ինքներս մեզ։
15 Աստվածաշունչն ասում է. «Մի՛ սիրեք աշխարհը և ոչ էլ այն ամենը, ինչ որ աշխարհի մեջ է։ Եթե մեկը սիրում է աշխարհը, Հոր սերը նրա մեջ չէ» (1 Հովհ. 2։15)։ Աշխարհի ոգին հակառակ է Եհովայի սուրբ ոգուն։ Այդ պատճառով Քրիստոսի ճշմարիտ հետևորդները ոչ թե պարզապես խուսափում են աշխարհի մի մասը լինելուց, այլ ամբողջ հոգով մերժում են այն։ Նրանք լավ գիտեն Հակոբոս աշակերտի ասած խոսքերը, թե «աշխարհի հետ ընկերությունը թշնամություն է Աստծու դեմ» (Հակ. 4։4)։
16 Քանի որ այս աշխարհում անթիվ–անհամար գայթակղություններ կան, գուցե դժվար լինի հետևել Հակոբոսի խոսքերին (2 Տիմոթ. 4։10)։ Ահա թե ինչու Հիսուսն աղոթեց Եհովային իր հետևորդների համար. «Խնդրում եմ քեզ, որ ոչ թե նրանց վերցնես աշխարհից, այլ որ պահպանես նրանց Չարից։ Նրանք աշխարհի մի մասը չեն, ինչպես որ ես էլ աշխարհի մի մասը չեմ» (Հովհ. 17։15, 16)։ Հարց տուր ինքդ քեզ. «Ջանո՞ւմ եմ չլինել աշխարհի մի մասը։ Գիտե՞ն արդյոք ուրիշները, որ ես չեմ մասնակցում այն տոներին ու արարողություններին, որոնք հակասում են Աստվածաշնչին կամ աշխարհի ոգին են արտացոլում (2 Կորնթ. 6։17; 1 Պետ. 4։3, 4)։
17. Ի՞նչը կարող է մղել ազնվասիրտ մարդկանց ընդունելու ճշմարտությունը։
17 Ինչ խոսք, այդպես վարվելով՝ աշխարհի հավանությանը չենք արժանանա։ Բայց կարող ենք բորբոքել ազնվասիրտ մարդկանց հետաքրքրությունը։ Երբ նրանք տեսնեն, որ մեր հավատը հիմնված է Աստվածաշնչի վրա, և մենք միշտ առաջնորդվում ենք սուրբգրային սկզբունքներով, ըստ էության, կասեն. «Գնանք ձեզ հետ, որովհետեւ լսել ենք որ Աստուած ձեզ հետ է» (Զաք. 8։23)։
Քրիստոնեական սեր են ցուցաբերում
18. Ինչպե՞ս կարող ենք սիրել Եհովային և մեր մերձավորին։
18 Հիսուսն ասաց. «Սիրի՛ր քո Եհովա Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով և քո ամբողջ մտքով» և «սիրի՛ր քո մերձավորին քո անձի պես» (Մատթ. 22։37, 39)։ Այդ սերը (հուն. ագապե) հիմնված է բարոյական չափանիշների վրա։ Թեպետ այն ցուցաբերվում է պարտքի զգացումից կամ բարոյական սկզբունքներից ելնելով, սակայն զուրկ չէ զգացմունքներից։ Այդ սերը ջերմ է և ուժեղ (1 Պետ. 1։22)։ Այն զերծ է եսասիրությունից և արտահայտվում է անշահախնդիր գործերով (կարդա՛ 1 Կորնթացիներ 13։4–7)։
19, 20. Ի՞նչ ուժ ունի քրիստոնեական սերը։ Բեր օրինակներ։
19 Սերը սուրբ ոգու պտղի երեսակներից է։ Այն օգնում է ճշմարիտ քրիստոնյաներին սիրով վերաբերվելու տարբեր ռասայի, մշակույթի և ազգի մարդկանց, ինչը չեն կարող անել ուրիշները (կարդա՛ Հովհաննես 13։34, 35; Գաղատացիներ 5։22)։ Այդպիսի սերը մեծ ազդեցություն է թողնում հեզ ու խոնարհ անհատների վրա։ Օրինակ՝ Իսրայելում մի հրեա երիտասարդ առաջին անգամ եկավ ժողովի հանդիպման։ Նա պարզապես ապշեց, երբ տեսավ, որ հրեաներն ու արաբները միասին երկրպագում են Եհովային։ Նա այնքան տպավորեց, որ սկսեց ուսումնասիրել Աստվածաշունչը և կանոնավորաբար հաճախել ժողովի հանդիպումներին։ Իսկ դու դրսևորո՞ւմ ես անկեղծ սեր հավատակիցներիդ հանդեպ։ Ջերմորեն ողջունո՞ւմ ես նորեկներին՝ անկախ նրանց ազգային պատկանելությունից, ռասայից, սոցիալական դիրքից։
20 Ճշմարիտ քրիստոնյաները ձգտում են սեր դրսևորել բոլորի հանդեպ։ Օրինակ՝ Սալվադորում մի երիտասարդ քույր Աստվածաշունչ էր ուսումնասիրում 87–ամյա մի կնոջ հետ, որը կաթոլիկ էր և կառչած էր իր հավատալիքներին։ Մի օր այդ կինը ծանր առողջական խնդիրների պատճառով հիվանդանոց ընկավ։ Երբ փոքր–ինչ ապաքինվեց ու տուն վերադարձավ, Վկաները եկան և ուտելիք բերեցին։ Եվ այդպես մեկ ամիս շարունակ նրանք այցելում էին այդ կնոջը։ Սակայն նրա եկեղեցու ոչ մի անդամ այդպես էլ չհետաքրքրվեց նրանով։ Ի՞նչ արեց այդ կինը։ Նա վճռական քայլեր ձեռնարկեց՝ ոչնչացրեց բոլոր սրբապատկերները, հեռացավ իր եկեղեցուց և վերսկսեց Աստվածաշնչի իր ուսումնասիրությունը։ Այո՛, քրիստոնեական սերը մեծ ուժ ունի։ Այն կարող է առանց խոսքերի շարժել մարդկանց սրտերը։
21. Ինչպե՞ս կարող ենք ապահով ապագա ունենալ։
21 Շուտով Հիսուսը բոլոր նրանց, ովքեր պնդում են, թե ծառայում են իրեն, կասի. «Ես ձեզ երբեք չեմ ճանաչել։ Հեռացե՛ք ինձանից, դո՛ւք, անօրենությո՛ւն գործողներ» (Մատթ. 7։23)։ Ուստի եկեք այնպիսի «պտուղներ» բերենք, որոնք կփառավորեն թե՛ Եհովային, թե՛ նրա Որդուն։ Մի առիթով Հիսուսն ասաց. «Նա, ով լսում է իմ այս խոսքերը և կատարում է դրանք, նման է մի խոհեմ մարդու, որն իր տունը վեմի վրա կառուցեց» (Մատթ. 7։24)։ Ուրեմն եթե կատարում ենք Հիսուսի խոսքերը և փաստում ենք, որ նրա ճշմարիտ հետևորդներն ենք, ապա կարժանանաք Եհովայի հավանությանը և հրաշալի ու ապահով ապագա կունենանք, ինչպես որ ժայռի վրա կառուցված տունը։
[Ծանոթագրություն]
^ պարբ. 11 Որոշ ժամանակակից կաթոլիկ հրատարակություններում (անգլերեն), այդ թվում «Երուսաղեմի Աստվածաշնչում» քառագիրը թարգմանվել է «Յահվե» ձևով։
Հիշո՞ւմ ես
• Ինչպե՞ս են ճշմարիտ քրիստոնյաները տարբերվում կեղծ քրիստոնյաներից։
• Ի՞նչ «պտուղներով» են բնորոշվում ճշմարիտ քրիստոնյաները։
• Ի՞նչ նպատակներ կարող ես դնել։
[Հարցեր ուսումնասիրության համար]
[Նկար 13–րդ էջի վրա]
Աստվածաշունչը կանոնավորաբա՞ր ես գործածում
[Նկար 15–րդ էջի վրա]
Հայտնե՞լ ես քո տեսակետը տոնակատարությունների վերաբերյալ