Որտե՞ղ կլինես, երբ վերջը գա
Որտե՞ղ կլինես, երբ վերջը գա
ԱՌԱԿԱՑ 2։21, 22 համարներում գրված է. «Ուղիղները կ’բնակուեն երկրի վերայ, եւ կատարեալները կ’մնան նորանում։ Իսկ անզգամները բնաջինջ կ’լինին երկրիցը, եւ նենգաւորները կ’խլուին նորանից»։ Այս խոսքերը ցույց են տալիս, որ Եհովան կփրկի «ուղիղներին» ու «կատարյալներին», երբ Արմագեդոնի ժամանակ վերջ դնի իրերի այս չար համակարգին։
Իսկ ինչպե՞ս այդ մարդիկ կփրկվեն։ Արդյոք նրանց համար ինչ–որ ապաստարա՞ն է լինելու։ Որտե՞ղ նրանք պետք է լինեն, որպեսզի փրկվեն։ Աստվածաշնչյան չորս դրվագներ լույս են սփռում այս հարցերի վրա։
Գտնվելու վայրը կարևոր էր
Վաղեմի ժամանակներում Եհովան փրկեց Նոյին ու Ղովտին։ Այդ մասին կարդում ենք 2 Պետրոս 2։5–7 համարներում. «[Աստված] ետ չկանգնեց վաղեմի աշխարհը պատժելուց, այլ Նոյին՝ արդարության քարոզչին, ուրիշ յոթի հետ պահպանեց, երբ անաստված մարդկանց աշխարհի վրա ջրհեղեղ բերեց, և Սոդոմ ու Գոմոր քաղաքները մոխրի վերածելով՝ դատապարտեց նրանց՝ անաստված մարդկանց համար գալիք բաների օրինակ թողնելով։ Եվ նա ազատեց արդար Ղովտին, որը սաստիկ ընկճվել էր այն բանից, որ օրենքն արհամարհող մարդիկ անձնատուր էին եղել անառակ վարքին»։
Ինչպե՞ս Նոյը վերապրեց Ջրհեղեղից։ Աստված ասաց նրան. «Բոլոր մարմնի վերջը եկել է իմ առաջին, որովհետեւ երկիրը նորանց պատճառով անիրաւութեամբ լցուած է, եւ ահա ես նորանց պիտի փչացնեմ երկրի հետ։ Արդ դու քեզ համար խիժաբեր փայտից մի տապան շինիր» (Ծննդ. 6։13, 14)։ Նոյը տապանը կառուցեց այնպես, ինչպես Եհովան պատվիրել էր։ Ջրհեղեղից յոթ օր առաջ Աստված նրան ասաց, որ որոշ կենդանիների հավաքի տապանի մեջ, հետո ինքն էլ ընտանիքով մտնի տապան։ Յոթերորդ օրը տապանի դուռը փակվեց, և «անձրեւը եղաւ երկրի վերայ քառասուն օր եւ քառասուն գիշեր» (Ծննդ. 7։1–4, 11, 12, 16)։ Նոյն ու նրա ընտանիքը «ապահով անցան ջրերի միջով» (1 Պետ. 3։20)։ Փաստորեն, նրանց փրկությունը կախված էր տապանի մեջ լինելուց։ Ամբողջ երկրում ուրիշ ապահով տեղ չկար (Ծննդ. 7։19, 20)։
Իսկ Ղովտը այլ հրահանգներ ստացավ։ Երկու հրեշտակ նրան հայտնեցին, թե որտեղ ինքը չպետք է մնա. «Քաղաքումը [Սոդոմում] ով որ ունիս այստեղից հանիր. վասն զի այս տեղը պէտք է կործանենք»։ Նրանք պետք է «սարը փախչեին» (Ծննդ. 19։12, 13, 17)։
Այս երկու դեպքից երևում է, որ «Եհովան գիտի, թե ինչպես աստվածանվեր մարդկանց ազատի փորձությունից, իսկ անարդարներին պահի դատաստանի օրվա համար» (2 Պետ. 2։9)։ Երկու դեպքում էլ գտնվելու վայրը վճռորոշ դեր խաղաց։ Նոյը պետք է մտներ տապան, իսկ Ղովտը՝ դուրս գար Սոդոմից։ Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ միշտ է կարևոր այն, թե որտեղ է անհատը գտնվում։ Կարո՞ղ է Եհովան արդարին փրկել՝ որտեղ էլ որ նա լինի։ Այս հարցերին պատասխանելու համար քննենք մյուս երկու դեպքերը։
Գտնվելու վայրը մի՞շտ է կարևոր
Մովսեսի օրերում, նախքան Եգիպտոսի վրա տասներորդ պատուհասը բերելը, Եհովան իսրայելացիներին պատվիրեց, որ Պասեքի գառան արյունից քսեն իրենց տան դռան շեմքի վերնամասին և կողափայտերին։ Ինչո՞ւ։ «Ելից» գրքում կարդում ենք. «Եհովան Ելից 12։22, 23, 29)։
Եգիպտացիներին զարկելու համար պիտի անցնէ, եւ երբ դրան վերայ սեմի եւ երկու դրանդիների վերայ արիւն տեսնէ, այն ժամանակ Եհովան այն դրան վերայիցը կ’անցնէ, եւ չի թողիլ սատակիչին, որ ձեր տները մտնէ ձեզ զարկելու համար»։ Այդ նույն գիշերը «Եհովան Եգիպտոսի երկրումը ամեն առաջինեկին զարկեց, իր աթոռի վերայ նստող Փարաւօնի առաջինեկիցը մինչեւ բանտումը եղած գերիի առաջինեկը՝ եւ ամեն անասունի առաջինեկը»։ Իսրայելացիների բոլոր առաջնեկները փրկվեցին՝ առանց ինչ–որ տեղ գնալու (Քննենք նաև Երիքովում ապրող պոռնիկ Ռախաբի դեպքը։ Իսրայելացիները շուտով սկսելու էին գրավել Ավետյաց երկիրը։ Ռախաբը հասկացել էր, որ Երիքովը դատապարտված է կործանման։ Նա իսրայելացի հետախույզներին ասաց, որ նրանց տարած հաղթանակների մասին լուրը սարսափի մեջ է գցել քաղաքի բնակիչներին։ Ռախաբը թաքցրեց հետախույզներին ու նրանց խնդրեց երդվել, որ Երիքովի գրավման ժամանակ իսրայելացիները կխնայեն իր, ինչպես նաև իր բոլոր հարազատների կյանքը։ Հետախույզները նրան պատվիրեցին հարազատներին կանչել իր տուն, որը քաղաքի պարսպի մեջ էր։ Եթե նրանք տնից դուրս գային, մյուսների հետ կկործանվեին (Յեսու 2։8–13, 15, 18, 19)։ Սակայն Եհովան Հեսուին ասաց, որ «քաղաքի պարիսպները վայր են ընկնելու» (Յեսու 6։5)։ Այն, ինչը, ըստ հետախույզների, պետք է ապաստարան լիներ, այժմ վտանգի տակ էր։ Այդ դեպքում ինչպե՞ս էին Ռախաբն ու նրա հարազատները փրկվելու։
Երբ հասավ Երիքովը գրավելու ժամանակը, իսրայելացիները փչեցին փողերը և սկսեցին աղաղակել։ Յեսու 6։20–ում գրված է. «Երբոր ժողովուրդը [իսրայելացիները] փողերի ձայնը լսեց, եւ ժողովուրդը բարձրաձայն աղաղակեց, պարիսպները վայր ընկան»։ Սակայն պարսպի այն հատվածը, որտեղ Ռախաբի տունն էր, հրաշքով կանգուն մնաց։ Հեսուն երկու հետախույզներին պատվիրեց. «Գնացէք այն պոռնիկ կնկայ տունը եւ հանեցէք այնտեղից այն կնկան եւ նորա ամեն ունեցածը, ինչպէս որ նորան երդում արիք» (Յեսու 6։22)։ Բոլոր նրանք, ովքեր Ռախաբի տան մեջ էին, փրկվեցին։
Ի՞նչն էր առավել կարևոր
Ի՞նչ ենք սովորում այս չորս դրվագներից։ Ինչպե՞ս են դրանք օգնում մեզ հասկանալու, թե որտեղ պետք է գտնվենք, երբ գա իրերի այս ամբարիշտ համակարգի վերջը։
Նոյը փրկվեց, քանի որ տապանի մեջ էր։ Իսկ ինչո՞ւ նա մտավ տապան։ Որովհետև հավատ ուներ և հնազանդ էր։ Աստվածաշունչն ասում է. «Նոյն արաւ բոլորը ինչպէս Աստուած պատուիրել էր նորան, այնպէս արաւ» (Ծննդ. 6։22; Եբր. 11։7)։ Իսկ ի՞նչ կարելի է ասել մեր մասին։ Ամեն ինչ անո՞ւմ ենք այնպես, ինչպես Եհովան պատվիրել է։ Նոյը նաև «արդարության քարոզիչ» էր (2 Պետ. 2։5)։ Նրա պես եռանդորե՞ն ենք քարոզում, նույնիսկ երբ մարդիկ չեն ուզում լսել։
Ղովտը փրկվեց՝ Սոդոմից փախչելով։ Այդ արդար մարդը սաստիկ ճնշվում էր այն բանից, որ Սոդոմի և Գոմորի բնակիչները օրենքը արհամարհում են և անառակ վարք ունեն։ Իսկ մենք ճնշվո՞ւմ ենք ամենուրեք տարածված անառակ վարքի պատճառով, թե՞ դա սովորական է դարձել մեզ համար։ Ամեն ինչ անո՞ւմ ենք, որ Աստված մեզ «գտնի անբիծ, անարատ և խաղաղության մեջ» (2 Պետ. 3։14)։
Իսրայելացիները և Ռախաբը փրկվեցին, քանի որ մնացին իրենց տներում։ Նրանք նույնպես դրսևորեցին հավատ և հնազանդություն (Եբր. 11։28, 30, 31)։ Պատկերացրու, թե ինչպես էին իսրայելացիները շունչը պահած նայում իրենց առաջնեկներին, երբ եգիպտացիների մեջ «մեծ աղաղակ» բարձրացավ, քանի որ նրանց առաջնեկները սկսեցին մեկը մյուսի հետևից մահանալ (Ելից 12։30)։ Պատկերացրու, թե ինչպես էին Ռախաբն ու նրա ընտանիքի անդամները կուչ եկել մի անկյունում՝ լսելով քաղաքի քանդվող պարսպի դղրդյունը։ Ռախաբից իսկապես մեծ հավատ պահանջվեց՝ հնազանդվելու և տնից դուրս չգալու համար։
Սատանայի ամբարիշտ աշխարհի վերջը մոտ է։ Մենք դեռ չգիտենք, թե ինչպես է Եհովան իր ահեղ «բարկութեան օրը» պաշտպանելու իր ժողովրդին (Սոփ. 2։3)։ Անկախ նրանից՝ որտեղ և ինչ հանգամանքներում կլինենք այդ ժամանակ, մի բան հաստատ է. մեր փրկությունը կախված է Եհովայի հանդեպ ունեցած մեր հավատից, ինչպես նաև նրան հնազանդվելուց։ Սակայն միևնույն ժամանակ պետք է շարունակենք մնալ այն «ներքին սենյակներում», որոնց մասին խոսվում է Եսայիայի մարգարեության մեջ։
«Մտիր քո ներքին սենյակները»
Եսայիա 26։20 համարն ասում է. «Գնա, ով իմ ժողովուրդ, մտիր քո [«ներքին», ՆԱ] սենեակները, եւ գոցիր քո դռները ետեւիցդ. ծածկուիր մի փոքրիկ վայրկեան, մինչեւ որ բարկութիւնն անցնէ»։ Հավանաբար, այս մարգարեությունն առաջին անգամ կատարվեց մ.թ.ա. 539 թվականին՝ մարերի ու պարսիկների կողմից Բաբելոնի գրավման ժամանակ։ Երբ պարսից թագավոր Կյուրոսը մտավ քաղաք, հրամայեց, որ բոլորը մնան իրենց տներում, որովհետև զինվորները սպանելու էին նրանց, ովքեր դրսում կլինեին։
Մեր օրերում այդ «ներքին սենյակները», կարելի է ասել, ներկայացնում են Եհովայի վկաների ժողովները, որոնց թիվն ամբողջ աշխարհում անցնում է 100 000–ից։ Ժողովները կարևոր դեր են խաղում մեր կյանքում։ Դրանք կարևոր դեր կխաղան նաև «մեծ նեղության» ժամանակ (Հայտն. 7։14)։ Աստված իր ժողովրդին պատվիրել է մտնել «ներքին սենյակները» և այնտեղից դուրս չգալ «մինչև բարկության անցնելը»։ Ուստի անհրաժեշտ է ճիշտ վերաբերմունք ունենալ ժողովի հանդեպ ու հաստատ վճռել մնալ ժողովում։ Պողոսը հորդորեց. «Եկեք ուշադիր լինենք միմյանց հանդեպ, որպեսզի սիրո և բարի գործերի խրախուսենք, և իրար հետ միասին հավաքվելը չթողնենք, ինչպես ոմանք սովորություն ունեն, այլ քաջալերենք միմյանց, և այնքան ավելի, որքան տեսնում ենք, որ օրը մոտենում է» (Եբր. 10։24, 25)։
[նկար 7–րդ էջի վրա]
Ի՞նչ ենք սովորում Աստծու կատարած փրկարար գործերից
[նկար 8–րդ էջի վրա]
Ի՞նչ են թերևս ներկայացնում «ներքին սենյակները» մեր օրերում