ԱՆՑՅԱԼԻ ԷՋԵՐԻՑ
Հերոդոտոս
ԻՆՉՊԻՍԻ՞Ն էր կյանքը հազարավոր տարիներ առաջ։ Ի՞նչ սովորություններ ու ավանդույթներ ունեին մարդիկ։ Հնագիտությունը որոշ տեղեկություններ է տալիս այդ ամենի մասին, սակայն այն չի կարող տալ բոլոր հարցերի պատասխանները։ Հնում ապրած ժողովուրդների մտածելակերպը հասկանալու համար անհրաժեշտ է ունենալ այդ օրերում ապրած որևէ մարդու արձանագրությունները, որոնցում նա շարադրած կլիներ իր ժամանակների աշխարհի պատմությունը։ Այդպիսի մի մարդ ապրել է մոտ 2400 տարի առաջ։ Դա մ.թ.ա. հինգերորդ դարի հույն պատմիչ Հերոդոտոսն է։ Նրա աշխատությունը կոչվում է «Պատմություն»։
Հերոդոտոսը հիմնականում գրել է հույն-պարսկական պատերազմների և հատկապես մ.թ.ա. 490 և 480թթ.-ին տեղի ունեցած պարսկական արշավանքների պատճառների մասին (այս վերջին արշավանքի ժամանակ Հերոդոտոսը դեռևս փոքր երեխա է եղել)։ Այդ հիմնական թեմայից բացի, նա արձանագրել է նաև բազմաթիվ այլ մանրամասներ։ Նա իր աշխատության մեջ ընդգրկել է իր գտած ամեն մի տեղեկություն այն ժողովուրդների մասին, որոնց վրա որևէ կերպ անդրադարձել են պարսկական արշավանքները։
ՄԱՆՐԱՄԱՍՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Հերոդոտոսը տաղանդավոր պատմիչ էր։ Նա ամենայն մանրամասնությամբ էր շարադրում իր աշխատությունը՝ ներառելով այն բոլոր տեղեկությունները, որոնք անհրաժեշտ էին ամբողջական պատկեր ստանալու համար։ Հերոդոտոսի կատարած աշխատանքը ուշագրավ է այն առումով, որ նա պատմական դեպքերը հաջորդաբար շարադրելու համար չէր կարող հիմնվել պաշտոնական արձանագրությունների վրա, քանի որ այդպիսի մանրամասն արձանագրություններ շատ քիչ կային։
Այն ժամանակ քչերն էին մտածում պատմություն շարադրելու մասին, միայն երբեմն մակագրություններ էին անում հուշարձանների կամ այլ բաների վրա՝ իրենց սխրագործություններով պարծենալու համար։ Ուստի Հերոդոտոսը պատմական դեպքերն արձանագրելիս հիմնվում էր իր տեսածի, բանավոր ավանդությունների, ինչպես նաև տարբեր մարդկանց վկայությունների վրա։ Այդպիսի տեղեկություններ հավաքելու համար նա շատ էր շրջագայում։ Հերոդոտոսը մեծացել էր հույների տիրապետության
տակ գտնվող Հալիկառնաս քաղաքում (ներկայիս Բոդրում, Թուրքիա) և եղել էր Հունաստանի շատ վայրերում։Տեղեկություններ հավաքելու համար Հերոդոտոսը շատ է շրջագայել
Հերոդոտոսը ճանապարհորդել էր դեպի հյուսիս՝ հասնելով Սև ծով և Սկյութիա (ներկայիս Ուկրաինայի տարածքը), նաև գնացել էր դեպի հարավ՝ Պաղեստին և Վերին Եգիպտոս։ Իսկ ուղևորվելով դեպի արևելք՝ նա, ըստ երևույթին, հասել էր Բաբելոն։ Հերոդոտոսը իր կյանքի վերջին օրերը, հավանաբար, անցկացրել էր արևմուտքում՝ Հունաստանի տիրապետության տակ գտնվող մի տարածքում, որը ներկայիս Իտալիայի հարավային շրջաններից է։ Ուր էլ նա գնար, միշտ ուշադիր զննում էր ամեն բան, հարցուփորձ էր անում և այդպիսով տեղեկություններ էր հավաքում այն աղբյուրներից, որոնք իրեն ամենից արժանահավատն էին թվում։
ՀԵՐՈԴՈՏՈՍԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՃՇԳՐՏՈՒԹՅՈՒՆԸ
Որքանո՞վ են ճշգրիտ ու արժանահավատ Հերոդոտոսի արձանագրած տեղեկությունները։ Այն ամենը, ինչ նա արձանագրել է իր այցելած երկրների և իր տեսած բաների մասին, որպես կանոն, համարվում է ճշգրիտ։ Իսկ այն տեղեկությունները, որ նա գրել է Հունաստանում ապրողներին անծանոթ սովորույթների, ինչպես, օրինակ, սկյութացի արքաների թաղման կամ եգիպտացիների զմռսման սովորույթների վերաբերյալ, որոշ չափով հաստատվել են հնագիտական հայտնագործություններով։ Իսկ Եգիպտոսի վերաբերյալ Հերոդոտոսի հայտնած հարուստ տեղեկությունների մասին ասվել է, որ դրանք «շատ ավելի կարևոր ու արժեքավոր են, քան հին ժամանակներում այդ երկրի մասին գրված բոլոր տեղեկությունները»։
Սակայն հաճախ Հերոդոտոսը ստիպված էր հիմնվել ոչ այնքան հավաստի վկայությունների վրա։ Բացի դրանից, այդ օրերում մարդիկ հավատում էին, որ հեթանոսական աստվածները միջամտում են հասարակ մահկանացուների կյանքին։ Այդ պատճառով Հերոդոտոսի արձանագրության մեջ ամեն ինչ չէ, որ համապատասխանում է ներկայիս պատմագրության չափանիշներին։ Այդուհանդերձ, նա փորձում էր փաստերը տարանջատել առասպելներից։ Հերոդոտոսը ողջամիտ էր ու հաճախ նշում էր, որ չի հավատում իր լսած ամեն տեղեկության։ Նա մանրակրկիտ ուսումնասիրում ու ստուգում էր տարբեր աղբյուրներից ստացած տեղեկությունները, համեմատում էր դրանք ու նոր միայն եզրակացություններ անում։
Ակներևաբար, Հերոդոտոսը «Պատմություն» աշխատությանն է նվիրել իր ողջ կյանքը։ Նկատի առնելով այն, թե նա ինչ աղբյուրներ ուներ իր տրամադրության տակ՝ կարելի է ասել, որ այդ աշխատությունը իսկապես մեծ ձեռքբերում էր։