ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՏԵՍԱԿԵՏԸ
Աղքատություն
Թեև այսօր բազմաթիվ ջանքեր են գործադրվում աղքատության խնդիրը լուծելու համար, սակայն աշխարհում միլիոնավոր մարդիկ շարունակում են ապրել աղքատության մեջ։
Աղքատները կարո՞ղ են երջանիկ լինել
ԻՆՉ ԵՆ ԱՍՈՒՄ ՄԱՐԴԻԿ։
Շատերն այն կարծիքին են, որ նյութական բարեկեցությունն է մարդուն երջանկություն և բավարարվածության զգացում պարգևում, և որ իրական հաջողությունը մեծ մասամբ կախված է նրանից, թե որքան փող ունի անհատը։ Բացի այդ, քանի որ չքավորության մեջ ապրողները քիչ հնարավորություն ունեն կամ ընդհանրապես հնարավորություն չունեն ստանալու կրթություն, որակյալ բուժօգնություն և օգտվելու կյանքի բարիքներից, մարդիկ մտածում են, որ նրանք չեն կարող երջանիկ լինել։
ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։
Աստվածաշունչը սովորեցնում է, որ իսկական երջանկությունը կախված է ոչ թե տնտեսական բարեկեցությունից, այլ հոգևոր կարիքները բավարարելուց և Արարչի հետ լավ փոխհարաբերություններ ունենալուց։ Մատթեոս 5։3-ում գրված է. «Երջանիկ են նրանք, ովքեր գիտակցում են իրենց հոգևոր կարիքները»։ Անկախ տնտեսական կացությունից՝ իրենց հոգևոր կարիքները գիտակցող մարդիկ ձգտում են հասկանալ Աստծու տեսակետը տարբեր հարցերի վերաբերյալ և այդպիսով սովորում են աստվածաշնչյան ճշմարտություններ, որոնք մխիթարություն ու մտքի խաղաղություն են տալիս։ Հենց դա է նրանց իսկական երջանկություն պարգևում։
Նրանք, ովքեր հասկանում են Աստվածաշնչի խորհուրդները և հետևում են դրանց, ավելի հեշտությամբ են կարողանում դիմագրավել տնտեսական դժվարություններին։ Օրինակ՝ աստվածաշնչյան սկզբունքներն օգնում են մարդկանց ձերբազատվելու վնասակար սովորություններից, ինչպիսիք են ծխելը և ալկոհոլի չարաշահումը։ Նման սովորությունների պատճառով շատերը ոչ միայն վատնում են իրենց փողերը, այլև ձեռք են բերում առողջական լուրջ խնդիրներ, որոնց բուժման համար մեծ գումարներ են անհրաժեշտ (Առակներ 20։1; 2 Կորնթացիներ 7։1)։
Աստվածաշունչը նաև զգուշացնում է, թե ինչ վատ հետևանքներ են բերում ագահությունը և նյութապաշտությունը (Մարկոս 4։19; Եփեսացիներ 5։3)։ Աստծու Խոսքի խորհուրդները օգնում են, որ մարդը հեռու մնա մոլեխաղերից և դրանց վրա չվատնի իր նյութական միջոցները։ Այդ խորհուրդները նաև օգնում են, որ մարդը չզարգացնի փողասիրություն, ինչը Աստվածաշունչն անվանում է «բոլոր վնասակար բաների արմատը» (1 Տիմոթեոս 6։10)։ Աստծու Խոսքում նաև ասվում է. «Նույնիսկ երբ մարդ առատությամբ ունի, նրա կյանքը կախված չէ իր ունեցվածքից» (Ղուկաս 12։15)։ Պարզ ասած՝ մարդ ինչքան էլ փող ունենա, չի կարող կյանք գնել։ Մինչդեռ Աստվածաշնչի իմաստուն խորհուրդների համաձայն վարվելով՝ անհատը կարող է ապրել իմաստալից կյանքով և ձեռք բերել իսկական երջանկություն։
Թեև աղքատության մեջ ապրող մարդիկ հաճախ ստիպված են շատ ջանք թափել սնունդ, հագուստ և ծածկ ունենալու համար, բայց նրանք կարող են երջանիկ լինել, եթե սովորեն լինել գոհունակ ու իրենց կյանքում առաջնային համարեն Արարչին հաճեցնելը ու նրա կամքի համաձայն վարվելը։ Նրանք կհամոզվեն, թե որքան ճշմարիտ են աստվածաշնչյան հետևյալ խոսքերը. «Եհովայի օրհնությունն է հարստացնում, և նա ցավ չի ավելացնում դրան» (Առակներ 10։22)։
ԳԼԽԱՎՈՐ ՀԱՄԱՐ։ «Երջանիկ են նրանք, ովքեր գիտակցում են իրենց հոգևոր կարիքները» (Մատթեոս 5։3)։
Աղքատությունը երբևիցե կվերանա՞
ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։
Մարդիկ, որքան էլ ջանք են թափում, չեն կարողանում վերացնել աղքատությունը, սակայն Աստված իր նշանակած ժամանակին կվերացնի այդ խնդրի բուն պատճառը։ Բանն այն է, որ աղքատությունը չի վերանում, քանի որ եսասեր մարդիկ ու կառավարությունները մտածում են միայն սեփական շահի մասին (Ժողովող 8։9)։ Մեր Ստեղծիչը կոչնչացնի մարդկային կառավարությունները և կհաստատի իր Թագավորությունը։ Այդ Թագավորությունը, կամ՝ երկնային կառավարությունը երկրի բոլոր բնակիչներին առանց խտրականության առատ բարիքներ կպարգևի։ Աստվածաշնչում հստակ գրված է, որ Աստծու Թագավորության Թագավորը ողորմածաբար հոգ կտանի աղքատների մասին՝ բավարարելով նրանց բոլոր կարիքները։ Այնտեղ կարդում ենք. «Նա կփրկի աղքատին, որն օգնության է կանչում.... Նա կխղճա աղքատին ու խեղճին և աղքատների հոգին կփրկի» (Սաղմոս 72։12–14)։
Երկիրը իսկական դրախտ կդառնա, որտեղ բոլոր մարդիկ կունենան տուն և առատ սնունդ։ Այն ժամանակ աղքատության հետքն անգամ չի լինի։ Աստվածաշնչի «Եսայիա» գրքում գրված է, թե Աստված ինչ է խոստանում իրեն հավատարիմ մարդկանց. «Նրանք տներ կշինեն ու կբնակվեն դրանցում, խաղողի այգիներ կտնկեն ու դրանց պտուղը կուտեն.... Իմ ընտրյալները լիովին կօգտվեն իրենց ձեռքի գործից» (Եսայիա 65։21, 22)։ Մարդիկ այլևս օրնիբուն չեն չարչարվի ծայրը ծայրին հասցնելու համար, այլ կվայելեն «խնջույք.... յուղոտ կերակրատեսակներով» և կունենան այլ բարիքներ, որ Եհովան առատորեն կտա նրանց (Եսայիա 25։6)։
ԻՆՉՈՒ ԴԱ ՊԵՏՔ Է ՀԵՏԱՔՐՔՐԻ ՄԵԶ։
Աղքատությունից զերծ աշխարհի մասին Աստծու խոստումը այս դժվարին օրերում ապրող մարդկանց օգնում է հավաստիանալու, որ Աստված հոգ է տանում իրենց մասին, և որ դժվարությունները շուտով վերջ են գտնելու։ Այդ հույսը վառ պահելով՝ կարող ենք այս ծանր հանգամանքներում տոկալու ուժ գտնել։
ԳԼԽԱՎՈՐ ՀԱՄԱՐ։ «Նա կփրկի աղքատին, որն օգնության է կանչում.... Նա կխղճա աղքատին ու խեղճին և աղքատների հոգին կփրկի» (Սաղմոս 72։12, 13)։