Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ

Հավասարակշռված տեսակետ փողի վերաբերյալ

Հավասարակշռված տեսակետ փողի վերաբերյալ

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ մի ասացվածք ասում է. «Փողը մութ տեղը լույս է տալիս»։ Ինչ-որ առումով այս խոսքերը ճշմարիտ են։ Չէ՞ որ փող է հարկավոր սնունդ, հագուստ և այլ անհրաժեշտ բաներ ձեռք բերելու, ինչպես նաև բնակարան վարձելու կամ գնելու համար։ Ֆինանսական թեմաներով հոդվածների մի խմբագիր-վերլուծաբան գրել է. «Փողն անչափ կարևոր դեր ունի հասարակության կյանքում։ Եթե փողը՝ որպես ապրանքափոխանակության միջոց, վերանար, ապա մեկ ամսից հասարակությունը կհայտնվեր քաոսային, պատերազմական վիճակում»։

Սակայն, ինչ խոսք, փողով հնարավոր չէ ձեռք բերել ամեն բան։ Նորվեգացի բանաստեղծ Առնե Գարբորգը ասել է, որ փողով «կարելի է գնել ուտելիք, բայց ոչ ախորժակ, դեղորայք, բայց ոչ առողջություն, փափուկ անկողին, բայց ոչ քաղցր քուն, գիտելիք, բայց ոչ իմաստություն, շքեղություն, բայց ոչ գեղեցկություն, զվարճություն, բայց ոչ ուրախություն, ծանոթներ, բայց ոչ ընկերներ, ծառաներ, բայց ոչ հավատարմություն»։

Երբ մարդը փողի վերաբերյալ ճիշտ տեսակետ է ունենում և այն համարում է նպատակների հասնելու միջոց, ոչ թե կյանքի գլխավոր նպատակ, նա բավարարվածության ավելի մեծ զգացում է ունենում։ Աստվածաշունչը զգուշացնում է, որ «բոլոր վնասակար բաների արմատը փողասիրությունն է, որին ձգտելով՝ ոմանք.... իրենց շատ ցավերով են խոցել» (1 Տիմոթեոս 6։10

Ուշադրություն դարձրեք, որ ըստ այս խոսքերի՝ ոչ թե փողը, այլ փողասիրությունն է վնաս բերում։ Իսկապես, փողի վրա չափից շատ կենտրոնանալով՝ անհատը կարող է վնասել իր փոխհարաբերությունները ընկերների ու ընտանիքի անդամների հետ։ Նկատի առնենք որոշ մարդկանց օրինակներ։

Դենիել։ * «Ես մտածում էի, որ իմ ընկեր Թոմասը հաճելի ու ազնիվ մարդ է։ Նրա հետ երբեք խնդիր չէի ունեցել մինչև այն օրը, երբ նա գնեց իմ մեքենան։ Ես տեղյակ չէի, որ մեքենան ինչ-որ խնդիր ունի։ Թոմասը ցանկացավ գնել մեքենան այն վիճակում, ինչպես որ կա, առանց որևէ երաշխիքի, և դրա համար գրավոր համաձայնություն տվեց։ Երեք ամիս անց մեքենան փչացավ։ Թոմասը իրեն խաբված էր զգում։ Նա վրդովված պահանջեց, որ իր փողերը վերադարձնեմ։ Ես ցնցված էի։ Փորձեցի նրա հետ խոսել, բայց նա ավելի բորբոքվեց ու չարացավ իմ դեմ։ Փաստորեն, երբ իմ ու Թոմասի միջև ֆինանսական բնույթի խնդիր առաջացավ, նա դարձավ անճանաչելի. նա այլևս այն բարյացակամ ու սիրալիր անձնավորությունը չէր, որին ես ճանաչում էի»։

Իսին։ «Նեսրիմն իմ միակ քույրն է։ Մենք միշտ լավ փոխհարաբերություններ ենք ունեցել, և ես երբեք չեմ մտածել, որ փողի պատճառով մեր հարաբերությունները կարող են վնասվել։ Բայց, ցավոք, հենց այդպիսի բան պատահեց։ Մեր ծնողները իրենց մահից հետո մեզ թողել էին մի փոքր ժառանգություն։ Նրանք կտակում նշել էին, որ գումարը պետք է հավասարապես բաժանվի երկուսիս միջև։ Սակայն քույրս դեմ գնաց ծնողներիս ցանկությանը և իրեն հասանելիք բաժնից ավելին պահանջեց։ Ես որոշեցի վարվել ծնողներիս ցանկության համաձայն, և դա քրոջս դուր չեկավ։ Նա խիստ վիրավորվեց, բորբոքվեց և նույնիսկ սկսեց սպառնալ։ Մինչ օրս նա նեղացած է ինձնից»։

ՓՈՂ ԵՎ ԿԱՆԽԱԿԱԼ ԿԱՐԾԻՔ

Փողի վերաբերյալ սխալ տեսակետը գուցե պատճառ լինի, որ մարդիկ սկսեն սխալ դատողություններ անել ուրիշների մասին։ Օրինակ՝ հարուստ մարդը գուցե մտածի, թե աղքատները ծույլ են և ոչինչ չեն անում իրենց վիճակը բարելավելու համար։ Իսկ նյութական քիչ կարողություն ունեցող մարդը գուցե մտածի, թե բոլոր ունևոր մարդիկ նյութապաշտ են կամ ագահ։ Լիան անունով մի աղջիկ, որը համեմատաբար ապահովված ընտանիքից է, դարձել էր այդպիսի կանխակալ կարծիքի զոհ։

Փողի վերաբերյալ Աստվածաշնչի խորհուրդները այսօր նույնքան գործնական են, որքան այն ժամանակ, երբ գրվել են

Նա պատմում է. «Ինձ ճանաչում էին որպես մի աղջիկ, ում հայրը շատ փող է աշխատում։ Հաճախ էի լսում այսպիսի խոսքեր. «Ինչ խնդիր ունես, եթե մի բան ուզես, բավական է միայն խնդրես հորդ ու կստանաս ուզածդ»։ Կամ էլ ասում էին. «Կներես, բայց մենք ձեզ նման հարուստ չենք, որ կարողանանք ձեր մեքենաների նման ճոխ մեքենաներ գնել»։ Վերջիվերջո ստիպված եղա խնդրել իմ ընկերներին, որ այլևս նման բաներ չասեն, ու բացատրեցի, թե ինչու են նրանց խոսքերը ցավ պատճառում ինձ։ Ես ուզում էի, որ ինձ ճանաչեն ոչ թե որպես շատ փող ունեցող, այլ որպես ուրիշների համար բարի գործեր անող անձնավորություն»։

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ

Աստվածաշունչը չի ասում, թե փողը վատ բան է, ոչ էլ դատապարտում է նրանց, ովքեր շատ փող ունեն։ Հարցն այն չէ, թե որքան փող ունի անհատը, այլ այն է, թե նա ինչ վերաբերմունք ունի իր ունեցածի նկատմամբ կամ ինչի է ձգտում։ Աստվածաշնչի խորհուրդներն օգնում են հավասարակշռված տեսակետ ունենալու փողի վերաբերյալ, և այդ խորհուրդները այսօր նույնքան գործնական են, որքան այն ժամանակ, երբ գրվել են։ Քննենք դրանցից մի քանիսը։

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՍՈՒՄ Է։ «Հարստություն ձեռք բերելու համար տքնաջան մի՛ աշխատիր» (Առակներ 23։4

«Ինքնասիրահարվածության համաճարակ» գրքում նշվում է, որ այն մարդիկ, ովքեր ձգտում են հարստանալ, ավելի հաճախ են «կորցնում հոգեկան հավասարակշռությունը, առողջական շատ խնդիրներ են ունենում, օրինակ՝ կոկորդի, մեջքի և գլխի ցավեր։ Նաև նման մարդիկ ավելի հակված են չարաշահելու ալկոհոլը և օգտագործելու թմրադեղեր։ Փողի հետևից ընկնելով՝ մարդիկ դժբախտ են դառնում» (The Narcissism Epidemic)։

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՍՈՒՄ Է։ «Ձեր կյանքում փողասիրությունը թող տեղ չունենա։ Բավարարվեք եղածով» (Եբրայեցիներ 13։5

Իր ունեցածով բավարարվող մարդը նույնպես կարող է ֆինանսական հարցերի հետ կապված մտահոգություններ ունենալ, սակայն նա չափից շատ չի մտահոգվում։ Օրինակ՝ այդպիսի մարդը սուր չի արձագանքում, երբ նյութական կորուստ է ունենում, այլ ջանում է ունենալ նույն վերաբերմունքը, ինչ ուներ Պողոս առաքյալը, որը գրել է. «Ես գիտեմ, թե ինչ է կարիքի մեջ լինելը, և գիտեմ, թե ինչ է առատության մեջ լինելը։ Ամեն ինչում և բոլոր հանգամանքներում՝ թե՛ կուշտ և թե՛ քաղցած, թե՛ առատության և թե՛ կարիքի մեջ, ես սովորել եմ գոհ լինելու գաղտնիքը» (Փիլիպպեցիներ 4։12

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՍՈՒՄ Է։ «Իր հարստությանն ապավինողը կընկնի» (Առակներ 11։28

Մասնագետները նշում են, որ փողի հետ կապված խնդիրները հաճախ դառնում են ընտանեկան վեճերի, անգամ ամուսնալուծությունների պատճառ։ Ֆինանսական խնդիրները նաև ինքնասպանության պատճառ են լինում։ Այո՛, որոշ մարդկանց համար փողն ավելի կարևոր է, քան ամուսնական միությունը և անգամ կյանքը։ Ի տարբերություն այդ մարդկանց՝ նրանք, ովքեր հավասարակշռված տեսակետ ունեն փողի վերաբերյալ, չեն ապավինում իրենց նյութական միջոցներին։ Նրանք հասկանում են, թե որքան իմաստուն են Հիսուսի հետևյալ խոսքերը. «Նույնիսկ երբ մարդ առատությամբ ունի, նրա կյանքը կախված չէ իր ունեցվածքից» (Ղուկաս 12։15

Ի՞ՆՉ ՏԵՍԱԿԵՏ ՈՒՆԵՔ ՓՈՂԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ինքնաքննությունը կարող է օգնել փողի վերաբերյալ հավասարակշռված տեսակետ ունենալու։ Օրինակ՝ կարող եք ինքներդ ձեզ տալ հետևյալ հարցերը։

  • Արդյոք ինձ գրավո՞ւմ են արագ հարստանալու ծրագրերը։

  • Դժվարանո՞ւմ եմ առատաձեռնություն դրսևորել։

  • Ձգտո՞ւմ եմ ընկերություն անել նրանց հետ, ովքեր հաճախ են խոսում փողի և իրենց ունեցվածքի մասին։

  • Փող աշխատելու համար դիմո՞ւմ եմ ստի կամ այլ խարդախ միջոցների։

  • Փողը բարձրացնո՞ւմ է իմ ինքնահարգանքը։

  • Հաճա՞խ եմ մտածում փողի մասին։

  • Փողի հանդեպ իմ վերաբերմունքը բացասաբա՞ր է ազդում իմ առողջության և ընտանեկան կյանքի վրա։

    Սովորեք առատաձեռն լինել

Եթե այս հարցերից որևէ մեկին դրական պատասխան տվեցիք, ուրեմն թերևս պետք է ջանք թափեք նյութապաշտական մտածելակերպից խուսափելու համար։ Մտերմություն մի՛ հաստատեք այնպիսի մարդկանց հետ, ովքեր չափից շատ կարևորություն են տալիս փողին կամ նյութական ունեցվածքին։ Փոխարենը ընկերակցեք այնպիսի մարդկանց հետ, որոնց համար ավելի կարևոր են բարձր բարոյական սկզբունքները։

Թույլ մի՛ տվեք, որ փողասիրությունը արմատներ գցի ձեր սրտում։ Այնպես արեք, որ ձեր կյանքում փողը ճիշտ տեղում լինի. միշտ փողից ավելի կարևոր համարեք ձեր ընկերներին, ընտանիքի անդամներին և ձեր զգացական ու ֆիզիկական առողջությունը։ Եթե այդպես վարվեք, ցույց կտաք, որ փողի վերաբերյալ հավասարակշռված տեսակետ ունեք։

^ պարբ. 7 Այս հոդվածում անունները փոխված են։