Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԱԶԳԵՐ ՈՒ ԵՐԿՐՆԵՐ

Այցելություն Մոնղոլիա

Այցելություն Մոնղոլիա

ՉԻՆԳԻՍ-ԽԱՆԸ՝ 12-րդ դարի անվեհեր մի ռազմիկ, հիմք դրեց հսկայածավալ Մոնղոլական կայսրությանը։ Ներկայիս Մոնղոլիան, որն այդ հսկայական կայսրությունից մնացած մի փոքր մասն է միայն, գտնվում է Ռուսաստանի և Չինաստանի միջև։ Այն ամենանոսր բնակեցված երկրներից է աշխարհում։

Մոնղոլիան հարուստ է ընդարձակ խոտածածկ տափաստաններով, կանաչ բլուրներով, բարձրաբերձ լեռներով, գետերով ու վտակներով։ Հարավում ընկած է Գոբի անապատը, որը հայտնի է նրանով, որ այնտեղ հայտնաբերվել են դինոզավրերի լավ պահպանված բրածոներ։ Մոնղոլիայի տարածքի միջին բարձրությունը ծովի մակարդակից 1580 մետր է։ Տեղացիները իրենց երկիրը անվանում են «կապույտ երկնքի երկիր»։ Սա շատ տեղին անվանում է, քանի որ այնտեղ տարվա մեջ ավելի քան 250 օր պարզ ու արևոտ եղանակ է լինում։

Ձյունահովազ

Կլիման աչքի է ընկնում ջերմաստիճանի կտրուկ տատանումներով։ Ամռանը ջերմաստիճանը կարող է հասնել մինչև 40°C-ի, իսկ ձմռանը կարող է իջնել մինչև –40°C։ Մոնղոլիայի բնակչության մոտ մեկ երրորդը քոչվորներ են։ Թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք իրենց օրը սկսում են վաղ առավոտյան. նրանք կթում են իրենց այծերին, կովերին, ուղտերին ու զամբիկներին (էգ ձի)։ Մոնղոլների սննդակարգը հիմնականում ներառում է կաթնամթերք և միս, հատկապես՝ ոչխարի միս։

Մակարդված կաթից բլիթները, որոնք կոչվում են աարուլ, չորացնում են արևի տակ

Մոնղոլները հյուրասեր մարդիկ են։ Նրանք իրենց գերերի՝ շարժական վրանանման կացարանների դռները բաց են թողնում, որպեսզի անցորդները կարողանան ներս մտնել, հանգստանալ և օգտվել իրենց համար դրված ուտելիքներից։ Հաճախ հյուրերին մատուցում են տաք կաթով թեյ, որի մեջ մի փոքր աղ են լցնում։

Ներկայումս Մոնղոլիայի բնակչության մեծ մասը բուդդայականներ են։ Ոմանք դավանում են շամանիզմ, իսլամ և քրիստոնեություն։ Շատերն էլ ոչ մի կրոնի չեն պատկանում։ Մոնղոլիայում կան ավելի քան 350 Եհովայի վկաներ, որոնք Աստվածաշունչ են ուսումնասիրում 770-ից ավելի մարդկանց հետ։

Նույնիսկ ցուրտ եղանակին կարելի է հանդիպել ծանր բեռներ փոխադրող երկսապատանի ուղտերի