Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՏԵՍԱԿԵՏԸ

Մոլեխաղեր

Մոլեխաղեր

Ոմանք մոլեխաղը անվնաս զբաղմունք են համարում, իսկ ուրիշներն էլ կարծում են, որ այն վտանգավոր սովորություն է։

Մոլեխաղերով զբաղվելը սխա՞լ է

ԻՆՉ ԵՆ ԱՍՈՒՄ ՄԱՐԴԻԿ։

Շատերի համար մոլեխաղը անվնաս զվարճություն է, եթե այն թույլատրելի է օրենքով։ Օրենքով թույլատրելի որոշ մոլեխաղերի, ինչպես օրինակ՝ պետության կողմից հովանավորվող վիճակախաղերի շնորհիվ գումար է հավաքվում հանրօգուտ ծրագրերի համար։

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։

Աստվածաշնչում կոնկրետ չի նշվում մոլեխաղերի մասին։ Սակայն այնտեղ գրված են մի շարք սկզբունքներ, որոնք օգնում են հասկանալու Աստծու տեսակետը մոլեխաղերի վերաբերյալ։

Մոլեխաղը ուրիշի հաշվին փող շահելու միջոց է։ Այն հակասում է աստվածաշնչյան հետևյալ սկզբունքին. «Զգո՛ւյշ կացեք ամեն տեսակ ագահությունից» (Ղուկաս 12։15)։ Իրականում, մոլեխաղերի հիմքում ընկած է ագահությունը։ Խաղատները խոշոր շահումներ են գովազդում, սակայն չեն նշում, թե որքան փոքր է շահելու հավանականությունը, քանի որ գիտեն, որ հարստանալու երազանքը կարող է դրդել մարդուն մեծ գումարներ դնել խաղի մեջ։ Մոլեխաղով զբաղվող մարդը չի կարող զգուշանալ ագահությունից, քանի որ մոլեխաղը մարդու մեջ հեշտ ճանապարհով փող աշխատելու ուժգին ցանկություն է առաջացնում։

Մոլեխաղի հիմքում ընկած են եսասիրական նպատակներ. շահել ուրիշների կորցրած փողերը։ Սակայն Աստվածաշունչը հորդորում է, որ մարդ «ոչ թե իր օգուտը փնտրի, այլ իր դիմացինի օգուտը» (1 Կորնթացիներ 10։24)։ Տասը պատվիրաններից մեկն ասում է. «Մի՛ ցանկացիր.... որևէ բան, որ մերձավորիդ է պատկանում» (Ելք 20։17)։ Մոլեխաղով զբաղվող մարդը իրականում հույս է փայփայում, որ ուրիշները կկորցնեն իրենց փողերը, իսկ ինքը կշահի դրանք։

Աստվածաշունչը նաև նախազգուշացնում է մեզ, որ չհավատանք բախտին՝ մտածելով, թե այն ինչ-որ գերբնական ուժ է ու կարող է օգնել մեզ հաջողությունների հասնելու։ Հնում Իսրայել ժողովրդի մեջ կային ոմանք, ովքեր չէին ապավինում Աստծուն և «սեղան էին գցում Բախտի աստծու համար»։ Արդյոք դա հաճելի՞ էր Աստծուն։ Ո՛չ։ Աստված ասաց նրանց. «Անում էիք այն, ինչը չար է իմ աչքին, և ընտրում էիք այն, ինչը տհաճ է ինձ» (Եսայիա 65։11, 12

Որոշ երկրներում օրենքով թույլատրելի մոլեխաղերից ստացված եկամուտները օգտագործվում են կրթության, տնտեսության զարգացման, ինչպես նաև այլ հանրային ծրագրերի համար։ Սակայն որքան էլ լավ նպատակներով օգտագործվեն այդ գումարները, միևնույնն է, դա չի արդարացնում դրանց ձեռքբերման միջոցները, որովհետև դրանք ձեռք են բերվում մոլեխաղերի միջոցով, որոնք բացեիբաց խրախուսում են ագահություն ու եսասիրություն և քաջալերում են ստանալ, առանց դրա դիմաց որևէ բան տալու։

«Մի՛ ցանկացիր.... որևէ բան, որ մերձավորիդ է պատկանում» (Ելք 20։17

Ի՞նչ բացասական ազդեցություն է թողնում մոլեխաղը

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։

Աստվածաշունչը նախազգուշացնում է, որ «նրանք, ովքեր որոշում են հարստանալ, ընկնում են փորձության և որոգայթի, բազում անմիտ ու վնասակար ցանկությունների մեջ, որոնք մարդկանց ընկղմում են կործանման և կորստի մեջ» (1 Տիմոթեոս 6։9)։ Մոլեխաղի հիմքում ընկած է ագահությունը, իսկ ագահությունը այնպիսի կործանարար հատկություն է, որ Աստվածաշունչը այն դասում է ամենավատ բաների շարքում (Եփեսացիներ 5։3

Քանի որ մոլեխաղով զբաղվող մարդու գլխավոր նպատակը հեշտ ճանապարհով հարստանալն է, նրա մեջ զարգանում է փողասիրություն, մի բան, ինչը Աստվածաշունչը անվանում է «բոլոր վնասակար բաների արմատը»։ Փողասիրությունը մարդուն հեշտությամբ իր իշխանության տակ է առնում, ինչի հետևանքով նա սկսում է չափից շատ մտահոգվել, նաև քայքայվում է նրա հավատը Աստծու հանդեպ։ Աստվածաշունչը փողասիրության ծուղակն ընկած մարդկանց մասին ասում է, որ նրանք «իրենց շատ ցավերով են խոցել» (1 Տիմոթեոս 6։10

Ագահությունը անբավարարվածության զգացում է առաջացնում և խլում է մարդու ուրախությունը։ Ագահ մարդը միշտ դժգոհ է իր ֆինանսական վիճակից։ Եփեսացիներ 5։10-ում ասվում է. «Արծաթ սիրողը արծաթից չի կշտանա, ոչ էլ հարստություն սիրողը՝ եկամուտից»։

Միլիոնավոր մարդիկ, ովքեր սկսել են մոլեխաղերով զբաղվել, ուժգին կախվածության մեջ են ընկել։ Սա համատարած խնդիր է։ Օրինակ՝ հաշվարկների համաձայն՝ միայն Միացյալ Նահանգներում միլիոնավոր խաղամոլներ կան։

Աստվածաշունչն ասում է. «Այն ժառանգությունը, որ սկզբում ագահությամբ է ձեռք բերվել, ապագայում չի օրհնվի» (Առակներ 20։21)։ Մոլեխաղերի պատճառով բազմաթիվ խաղամոլներ ընկել են պարտքերի մեջ, անգամ սնանկացել են, իսկ շատերն էլ կորցրել են իրենց աշխատանքը, ընտանիքը և ընկերներին։ Սակայն Աստվածաշնչյան սկզբունքները կօգնեն մարդուն խուսափելու մոլեխաղերի վնասակար ազդեցությունից։

«Նրանք, ովքեր որոշում են հարստանալ, ընկնում են փորձության և որոգայթի, բազում անմիտ ու վնասակար ցանկությունների մեջ, որոնք մարդկանց ընկղմում են կործանման և կորստի մեջ» (1 Տիմոթեոս 6։9