ԱԶԳԵՐ ՈՒ ԵՐԿՐՆԵՐ
Այցելություն Իռլանդիա
«ԶՄՐՈՒԽՏԵ ԿՂԶԻՆ» ընդգրկում է երկու երկիր։ Կղզու տարածքի մեծ մասը զբաղեցնում է Իռլանդիայի Հանրապետությունը, իսկ փոքր մասը՝ Հյուսիսային Իռլանդիան, որը Միացյալ Թագավորության մի մասն է։
Իռլանդիան կոչվում է «զմրուխտե կղզի», քանի որ այն ծածկված է վառ կանաչ, փարթամ բուսականությամբ, ինչը առատ անձրևների արդյունք է։ Գեղատեսիլ լճերն ու գետերը, առափնյա սարահարթերն ու բլուրները ավելի են գեղեցկացնում կղզին։
Իռլանդիայի ժողովուրդը բազում դժվարություններ է տեսել։ Օրինակ՝ որոշ հաշվարկների համաձայն՝ 1845–1851թթ.-ին մոտ մեկ միլիոն մարդ է մահացել սովից ու հիվանդությունից. այդ ժամանակ բույսերի վարակի պատճառով ոչնչացել էր կարտոֆիլի ողջ բերքը։ Ծայրահեղ աղքատությունից խուսափելու համար շատերը արտագաղթել էին տարբեր երկրներ, օրինակ՝ Ավստրալիա, Մեծ Բրիտանիա, Կանադա և Միացյալ Նահանգներ։ Ներկայիս տվյալներով՝ մոտ 35 միլիոն ամերիկացիներ իռլանդական ծագում ունեն։
Իռլանդացիները հայտնի են իրենց ջերմությամբ և հյուրասիրությամբ։ Նրանց սիրած ժամանցի ձևերից են ձիավարությունը և թիմային սպորտաձևերը, ինչպիսիք են կրիկետը, ռեգբին, ֆուտբոլը և գելսական ֆուտբոլը (որը նման է սովորական ֆուտբոլին)։ Կանայք հատկապես սիրում են խաղալ «կամոգի» կոչվող թիմային խաղը, որը նման է խոտի հոկեյին։
Իռլանդացիները նաև զրուցասեր և երաժշտասեր մարդիկ են։ Իռլանդական ստեպը (դոփապար) հայտնի է ողջ աշխարհում։ Այդ պարը պարում են ձիգ կեցվածքով և ոտքերով արագ ու համաչափ շարժումներ են անում։
Իռլանդիայում Եհովայի վկաների գործունեությունը ավելի քան հարյուր տարվա պատմություն ունի։ Ներկայումս այնտեղ կան ավելի քան 6000 եռանդուն Վկաներ, որոնք Աստվածաշունչ են ուսումնասիրում մարդկանց հետ։
ԳԻՏԵԻ՞Ք ԱՐԴՅՈՔ։
Հյուսիսային Իռլանդիայի հյուսիսային ափին գտնվում է «Հսկաների ճանապարհը»։ Այն կազմված է հազարավոր բազալտե սյուներից, որոնք առաջացել են հնում տեղի ունեցած հրաբխային ժայթքման արդյունքում, երբ լավան հասնելով ծովին՝ քարացել է։