ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԸՆՏԱՆԻՔԻՆ | ԾՆՈՂՆԵՐԻՆ
Ինչպես կարող ես դեռահաս երեխայիդ հետ խոսել սեքստինգի մասին
ԽՆԴԻՐ
Հավանաբար լսել ես, որ սեքստինգը տարածված է երիտասարդների շրջանում։ Գուցե մտածես. «Հնարավո՞ր է, որ իմ երեխան էլ նման բանով զբաղվի»։
Թերևս ցանկանաս այդ մասին խոսել նրա հետ, բայց ինչպե՞ս։ Նախքան այս հարցին անդրադառնալը քննենք, թե ինչու են որոշ պատանիներ զբաղվում սեքստինգով, և թե ինչու արժե լուրջ ուշադրություն դարձնել դրան *։
ԻՆՉՈՒ Է ՆՄԱՆ ԲԱՆ ԼԻՆՈՒՄ
Որոշ պատանիներ սեռական բնույթի բացահայտ հաղորդագրություններ են ուղարկում իրենց դուր եկած որևէ անհատի՝ նրա հետ ֆլիրտ անելու նպատակով։
Պատահում է, որ աղջիկը իր անպարկեշտ նկարն է ուղարկում տղային, քանի որ վերջինս ճնշում է բանեցնում նրա վրա։
Երբեմն գուցե տղան շատերին ուղարկի աղջկա անպարկեշտ նկարը՝ բաժանումից հետո վրեժ լուծելու կամ ընկերներին զվարճացնելու համար։
Ինչն էլ լինի պատճառը, բջջային հեռախոս ունեցող պատանին կարող է շատ խնդիրների մեջ ընկնել։ Կիբեռանվտանգության մասին մի գրքում ասվում է. «Մի կոճակի սեղմումով.... մեկընդմիշտ կյանքեր են փոխվում» (CyberSafe)։
Շատերը չեն գիտակցում, որ երբ որևէ նկար հայտնվում է կիբեռտարածության մեջ, օրինակ՝ ինտերնետում, այլևս հնարավոր չէ վերահսկել, թե ինչպես կօգտագործվի այն։ Ահա մի դեպք. ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի մի տեղեկագրի համաձայն՝ 18-ամյա մի աղջիկ «ինքնասպանություն գործեց, երբ իր մերկ նկարը, որը նա ուղարկել էր իր ընկերոջը, ուղարկվել էր նաև իր դպրոցի հարյուրավոր այլ պատանիների։ Ասում են, որ այլ աշակերտներ, որոնք ակներևաբար այդ նկարը ուղարկել էին ուրիշներին, շարունակ ստորացրել են աղջկան»։
Սեքստինգը նաև իրավական խնդիրներ է առաջ բերում։ Օրինակ՝ որոշ վայրերում անչափահասները, որ սեռական բնույթի բացահայտ նկարներ են ուղարկել այլ անչափահասների, մեղադրվել են մանկական պոռնկագրության հետ կապված հանցագործությունների մեջ, և պահանջվել է, որ գրանցվեն որպես սեռական հանցագործներ։ Որպես ծնող՝ գուցե դու էլ ենթարկվես պատասխանատվության, եթե հեռախոսահամարի ձեռքբերման պայմանագիրը քո անունով է, կամ եթե ոչինչ չես արել երեխայիդ սեքստինգից հեռու պահելու համար։
ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՆԵԼ
Սահմանիր հստակ կանոններ։ Թեև չես կարող լիովին վերահսկել, թե ինչպես է դեռահաս երեխադ օգտագործում բջջային հեռախոսը, սակայն կարող ես օգնել, որ նա հստակ իմանա քո սահմանած կանոնները և դրանք խախտելու հետևանքները։ Նաև հիշիր, որ դու՝ որպես ծնող, իրավունք ունես վերահսկելու, թե ինչպես է երեխադ օգտագործում բջջային հեռախոսը։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Եփեսացիներ 6։1։
Օգնիր երեխայիդ տրամաբանել։ Կարող ես ասել. «Տարբեր կարծիքներ կան այն մասին, թե ինչ է սեքստինգը։ Իսկ դո՞ւ ինչպես կբացատրեիր դա։ Քո կարծիքով՝ ինչպիսի՞ նկարներն են անպարկեշտ։ Որոշ վայրերում օրենքով հանցավոր է համարվում այն անչափահասը, որն ինչ-որ մեկին ուղարկում է այլ անչափահասի մերկ նկար։ Ըստ քեզ՝ դա իսկապե՞ս այդքան վատ արարք է։ Ինչո՞ւ է սեքստինգը սխալ՝ բարոյական տեսանկյունից»։ Ուշադիր լսիր երեխայիդ, փորձիր հասկանալ նրա տեսակետը և օգնիր նրան մտածելու հետևանքների մասին։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Եբրայեցիներ 5։14։
Մտածիր սեքստինգի հետևանքների մասին
Քննարկիր ենթադրյալ իրավիճակներ։ Կարող ես աղջկադ ասել. «Ենթադրենք՝ տղան ճնշում է բանեցնում աղջկա վրա, որ սեքստինգային հաղորդագրություն ուղարկի իրեն։ Ի՞նչ պետք է անի աղջիկը։ Պե՞տք է արդյոք համաձայնվի, որ չկորցնի ընկերոջը։ Թե՞ կարող է մերժել, բայց շարունակել ֆլիրտ անել։ Միգուցե վե՞րջ դնի իրենց ընկերությանը։ Կամ գուցե խոսի մեծահասակ որևէ մեկի հե՞տ»։ Օգնիր աղջկադ տրամաբանել։ Նույն կերպով կարող ես տրամաբանել տղայիդ հետ։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Գաղատացիներ 6։7։
Երեխայիդ մեջ արթնացրու լավ մարդ լինելու ցանկություն։ Կարող ես այսպիսի հարցեր տալ. «Քեզ համար որքա՞ն կարևոր է բարի անունը։ Քո ո՞ր հատկություններով կցանկանաս ճանաչված լինել։ Ի՞նչ կմտածեիր ինքդ քո մասին, եթե որևէ մեկին նվաստացնեիր՝ նրա անպարկեշտ նկարը ուղարկելով ուրիշներին։ Իսկ ինչպե՞ս կզգայիր, եթե անեիր այն, ինչ ճիշտ է»։ Օգնիր երեխայիդ «մաքուր խիղճ ունենալ» (1 Պետրոս 3։16)։
Լավ օրինակ եղիր։ Ըստ Աստվածաշնչի՝ Աստծուց եկող իմաստությունը մաքուր է և կեղծավորությունից զերծ (Հակոբոս 3։17)։ Քո բարոյական արժեքները համապատասխանո՞ւմ են այս նկարագրությանը։ Կիբեռանվտանգության մասին վերոհիշյալ գրքում ասվում է. «Մենք ինքներս պետք է լավ օրինակ լինենք և չդիտենք այնպիսի պատկերներ ու չմտնենք այնպիսի վեբ կայքեր, որոնք ունեն անպատշաճ բովանդակություն և կարող են համարվել անօրինական» (CyberSafe)։
^ պարբ. 5 «Սեքստինգը» բջջային հեռախոսով սեռական բնույթի բացահայտ հաղորդագրություններ, նկարներ և տեսանյութեր ուղարկելն է։ Այցելիր նաև jw.org կայք և կարդա «Երիտասարդները հարցնում են. ի՞նչ պետք է իմանամ սեքստինգի մասին» օնլայն հոդվածը (տե՛ս ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՈՒՍՄՈՒՆՔՆԵՐ > ՊԱՏԱՆԻՆԵՐ)։