Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

 ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԸՆՏԱՆԻՔԻՆ | ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ

Երբ ընկերությունը անցնում է սահմանները

Երբ ընկերությունը անցնում է սահմանները

ԽՆԴԻՐ

Դու հակառակ սեռի ընկեր ունես, որը լավ է հասկանում քեզ։ Դու կարող ես խոսել նրա հետ ցանկացած բանի մասին։ «Մենք պարզապես ընկերներ ենք»,— ասում ես ինքդ քեզ, թեպետ կողակիցդ հնարավոր է՝ այլ կերպ մտածի, եթե մի օր իմանա ձեր երկարատև զրույցների մասին։

Գուցե դուք այնքան շատ եք մտերմացել, որ կարիք կա վերանայելու ձեր փոխհարաբերությունները։ Տեսնենք, թե ինչը կարող էր պատճառ լինել այդպիսի մտերմության։

ԻՆՉՈՒ է ՆՄԱՆ ԲԱՆ ԼԻՆՈՒՄ

Իրավիճակ։ Ինչ խոսք, հակառակ սեռի անհատի ուշադրությանն արժանանալը հաճելի է։ Այդպես մենք հասկանում ենք, որ գնահատված ենք և գրավիչ։ Ամուսնությունից որոշ ժամանակ անց գուցե քեզ գնահատված չզգաս և փորձես այդ կարիքը բավարարել՝ հակառակ սեռի այլ անհատի հետ մտերմանալով։ Սակայն հիշի՛ր. եթե այդ կարիքին գոհացում է տրվում կողակցի փոխարեն մեկ ուրիշ անհատի հետ շփվելով, դա վատ հետևանքներ կունենա։ Երբ զգացապես կապվում ես հակառակ սեռի անհատի հետ, թուլացնում ես կապը կողակցիդ հետ, այլ կերպ ասած՝ զրկում ես նրան այն սիրուց և ուշադրությունից, որ պետք է նրա հանդեպ ցուցաբերես։

Հարցրու ինքդ քեզ. «Ի՞նչ կարիքներ ունեմ, որոնց փորձում եմ գոհացում տալ ոչ թե ամուսնուս, այլ հակառակ սեռի ուրիշ անհատի հետ շփվելով»։

Խոցելի տեղեր։ Աստվածաշունչը նշում է, որ «ամուսնացողները դժվարություններ կունենան» (1 Կորնթացիներ 7։28)։ Օրինակ՝ հնարավոր է՝ կողակցիդ կողմից երբեմն քեզ անտեսված կամ չգնահատված զգաս կամ էլ վրդովված լինես որևէ խնդրի պատճառով։ Գուցե կողակիցդ խուսափում է դա քննարկելուց, և դու ստիպված ես լինում այդ մասին խոսել ուրիշի հետ։ Որոշ մասնագետներ այն կարծիքին են, որ եթե անհատը խուսափում է կողակցի հետ լուրջ հարցեր քննարկելուց, դա կարող է խաթարել ամուսնական երջանկությունը և նույնիսկ տանել ամուսնալուծության։

Հարցրու ինքդ քեզ. «Կա՞ն հարցեր, որոնք ես կամ կողակիցս խուսափում ենք քննարկելուց, ինչը դրդում է ինձ մեկ այլ անհատի հետ մտերմության»։

 ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՆԵԼ

Իմացիր վտանգների մասին։ Աստվածաշունչն ասում է. «Մի՞թե հնարավոր է, որ մարդ իր ծոցը կրակ դնի, և իր հանդերձները չվառվեն» (Առակներ 6։27)։ Փաստն այն է, որ մեկ այլ անհատի նկատմամբ ռոմանտիկ կապվածություն զարգացնելը, երբ դու արդեն ամուսնացած ես, կործանարար է (Հակոբոս 1։14, 15)։ Մտածիր ոչ թե այն մասին, թե ինչ կարող է պատահել, այլ թե ինչ է արդեն տեղի ունենում։ Ժամանակ անցկացնելով մեկ այլ անհատի հետ՝ դու զրկում ես կողակցիդ այն ուշադրությունից, որը նա պետք է ստանար քեզանից։

Մի՛ խաբիր ինքդ քեզ։ Որևէ մեկի հետ մտերմություն անելու ժամանակ գուցե սկսես մտածել, թե ինչպիսին կլիներ քո կյանքը, եթե նրա հետ ամուսնացած լինեիր։ Այդպես դու այդ անհատին համեմատում ես ամուսնուդ հետ, ինչը ճիշտ չէ։ Եթե քեզ հաճելի է մտածել այդ անհատի մասին, հիշի՛ր, որ դու նման զգացումներ ես ունեցել քո ամուսնու նկատմամբ։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Երեմիա 17։9։

Սահմաններ դիր։ Մարդիկ գողերից պաշտպանվելու համար ազդանշանային սարք են տեղադրում իրենց մեքենաներում և տներում։ Նույնը դու կարող ես անել քո ամուսնությունը պաշտպանելու համար։ Աստվածաշունչն ասում է. «Քո սիրտը պահպանիր» (Առակներ 4։23)։ Ինչպե՞ս կարող ես դա անել։ Փորձիր հետևյալը։

  • Աշխատավայրում ունեցիր կողակցիդ նկարները։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Ծննդոց 2։24։

  • Նախապես որոշիր, թե ինչը տեղին չի լինի անել հակառակ սեռի հետ շփվելիս։ Օրինակ՝ սխալ կլինի նրա հետ խոսել կողակցիդ հետ ունեցած խնդիրների մասին կամ գնալ ինչ-որ տեղ սուրճ խմելու։

  • Եթե հակառակ սեռի հետ քո մտերմությունը անցնում է սահմանները, վերջ դիր այդ մտերմությանը։ Եթե քեզ դժվար է դա անել, ինքդ քեզ հարցրու, թե ինչու է դժվար։ Ձեր փոխհարաբերությունները արդարացնելու փոխարեն՝ մտածիր կողակցիդ մասին ու քայլեր ձեռնարկիր՝ պահպանելու ընտանիքդ։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Առակներ 5։18, 19։