Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Պե՞տք է հավատալ Երրորդությանը

Պե՞տք է հավատալ Երրորդությանը

Ավելի քան երկու միլիարդ մարդ քրիստոնեություն է դավանում։ Շատերը պատկանում են այնպիսի եկեղեցիների, որտեղ Երրորդության ուսմունքն են սովորեցնում, ըստ որի՝ Հայրը, Որդին և սուրբ ոգին մեկ Աստված են համարվում։ Ինչպե՞ս Երրորդության ուսմունքը պաշտոնապես ընդունվեց եկեղեցիներում։ Արդյո՞ք այն ներդաշնակ է Աստվածաշնչին։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ գրությունը ավարտվել է մ.թ. առաջին դարում։ Դրանից ավելի քան երկու դար անց՝ 325թ.-ին, Փոքր Ասիայի Նիկիա քաղաքում (այսօր՝ Իզնիք, Թուրքիա) ժողով գումարվեց, որտեղ քննարկվեցին հարցեր, որոնք հետագայում նպաստեցին Երրորդության ուսմունքի ձևավորմանը։ Ըստ «Նոր կաթոլիկական հանրագիտարանի»՝ Նիկիայի ժողովը առաջին անգամ պաշտոնապես հաստատեց հավատո հանգանակը, որում բերվում էին «քրիստոնեական ուղղափառության», այդ թվում նաև Աստծու և Քրիստոսի ունեցած դիրքերի վերաբերյալ սահմանումները։ Ինչո՞ւ Աստվածաշունչը գրվելուց դարեր անց մարդիկ անհրաժեշտ համարեցին քննարկել Աստծու և Քրիստոսի ունեցած դիրքերը։ Մի՞թե Աստվածաշունչը հստակ տեղեկություններ չի հայտնում այս կարևոր հարցի մասին։

ՀԻՍՈՒՍՆ ԱՍՏՎԱ՞Ծ Է

Երբ Կոստանդինը դարձավ Հռոմի կայսր, քրիստոնյաները տարբեր կարծիքներ ունեին, թե ինչ դիրք ունեն Աստված և Քրիստոսը։ Հիսուսն Աստվա՞ծ է, թե՞ ստեղծված է Աստծու կողմից։ Խնդիրը լուծելու նպատակով Կոստանդինը եկեղեցիների առաջնորդներին հավաքեց Նիկիայում, բայց ոչ թե այն պատճառով, որ նրան ճշմարտությունն էր հետաքրքրում, այլ, որ նա չէր ցանկանում՝ կրոնը պառակտի իր կայսրությունը։

«Մեզ համար միայն մէ՛կ Աստուած կայ» (Ա Կորնթացիներին 8։6, Էջմիածնի հրատ.)

Կոստանդինը այնտեղ հավաքված եպիսկոպոսներին պատվիրեց, որ ընդհանուր հայտարարի գան, սակայն՝ ապարդյուն։ Այնուհետև նա առաջարկեց, որ ժողովը ընդունի այն գաղափարը, թե Հիսուսն ու իր Հայրը «համագո են» (մեկ էություն)։ Այս ոչ սուրբգրային, հունական փիլիսոփայության գաղափարը հիմք հանդիսացավ Երրորդության ուսմունքի ձևավորմանը, որը հետագայում մտավ եկեղեցիների հավատո հանգանակ։ Չորրորդ դարի վերջում Երրորդությունը իր ձևակերպումը ստացավ. աստվածության մեջ ներգրավվեց նաև սուրբ ոգին։

ԻՆՉ Է ԿԱՐԵՎՈՐ ԻՄԱՆԱԼ

Հիսուսն ասաց, որ «ճշմարիտ երկրպագուները կերկրպագեն Հորը.... ճշմարտությամբ» (Հովհաննես 4։23)։ Այդ ճշմարտությունը գրված է Աստվածաշնչում (Հովհաննես 17։17)։ Աստվածաշունչը  սովորեցնո՞ւմ է, թե Հայրը, Որդին և սուրբ ոգին եռանձնյա Աստված են։

Աստվածաշնչում նույնիսկ չկա «երրորդություն» բառը։ Հիսուսը երբեք չասաց, թե ինքը Աստծուն հավասար է։ Փոխարենը՝ նա երկրպագում էր Աստծուն (Ղուկաս 22։41–44)։ Բացի այդ, հարություն առնելուց հետո Հիսուսն իր հետևորդներին կոչեց «իմ եղբայրներ» (Մատթեոս 28։10)։ Մի՞թե նրանք ամենակարող Աստծու եղբայրներն էին։ Ո՛չ։ Սակայն հավատալով Հիսուսին՝ Աստծու անդրանիկ Որդուն, նրանք նույնպես դարձան մեկ Հոր որդիներ (Գաղատացիներ 3։26)։ Այժմ համեմատենք աստվածաշնչյան մի քանի համարներ Նիկիական հավատո հանգանակի հետևյալ խոսքերի հետ։

Ինչ է ասվում հանգանակում

«Հավատում ենք.... մի Տեր Հիսուս Քրիստոսին՝.... [որը] Հոր էությունից [է]։ Աստված՝ Աստծուց, Լույս՝ Լույսից, ճշմարիտ Աստված՝ ճշմարիտ Աստծուց»։

Ինչ է ասում Աստվածաշունչը

  • «Իմ Հայրը մեծ է, քան ես [Հիսուսը]» (Յովհաննէս 14։28) *։

  • «Ես [Հիսուսը] բարձրանում եմ դէպի իմ Հայրը եւ ձեր Հայրը, դէպի իմ Աստուածը եւ ձեր Աստուածը» (Յովհաննէս 20։17

  • «Մեզ համար միայն մէ՛կ Աստուած կայ, Հայր, որ ստեղծել է ամէն բան» (Ա Կորնթացիներին 8։6)։

  • «Օրհնեա՜լ է Աստուած եւ Հայրը մեր Տէր Յիսուս Քրիստոսի» (Ա Պետրոս 1։3

  • «Այսպէս է ասում Ամէնը [Հիսուսը].... Աստծու արարածների Սկիզբը (Յայտնութիւն 3։14) *։

^ պարբ. 13 Շեղագիրը մերն է։ Այս մեջբերումները վերցված են Աստվածաշնչի Էջմիածնի հրատարակությունից։

^ պարբ. 17 «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքում կարելի է գտնել հետևյալ երկու թեմաները՝ «Ո՞րն է ճշմարտությունը Աստծու մասին» և «Ո՞վ է Հիսուս Քրիստոսը»։ Այդ գիրքը կարող եք ձեռք բերել Եհովայի վկաներից կամ կարդալ օնլայն www.isa4310.com վեբ կայքում։