Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

 ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԸՆՏԱՆԻՔԻՆ | ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ

Ինչպես խուսափել վիրավորական խոսքից

Ինչպես խուսափել վիրավորական խոսքից

ԽՆԴԻՐ

Ամեն անգամ, երբ վեճ է լինում, դու և կողակիցդ սկսում եք քննադատել իրար։ Այնքան հաճախ եք իրար վիրավորում, որ այդ խոսելաձևը ձեզ համար «նորմալ» է դառնում։

Եթե ձեր հարաբերություններն էլ են այդպիսին, դուք կարող եք ամեն բան շտկել։ Բայց սկզբում պետք է պարզեք պատճառը և թե ինչու պետք է փոփոխություններ անեք։

ԻՆՉՈՒ Է ԴԱ ՏԵՂԻ ՈՒՆԵՆՈՒՄ

Ծնողների ազդեցությունը։ Շատ տղամարդիկ ու կանայք մեծացել են այնպիսի ընտանիքներում, որտեղ վիրավորական խոսքը սովորական բան է եղել։ Կողակիցներից մեկը կամ երկուսն էլ գուցե ընդօրինակում են այն խոսելաոճը, որը լսել են իրենց ծնողներից։

Ժամանցի ազդեցությունը։ Կոմիկական ֆիլմերում և հեռուստահաղորդումներում կոպիտ խոսքը դարձնում են ծիծաղի առարկա՝ այդպիսով տպավորություն ստեղծելով, թե դա անվնաս բան է, նույնիսկ զավեշտալի։

Մշակույթը։ Որոշ տեղանքներում սովորեցնում են, որ «իսկական տղամարդը» իշխող է, կամ որ կանայք պետք է ագրեսիվ լինեն, որ թույլ չերևան։ Վեճի ժամանակ այսպիսի տրամադրվածություն ունեցող կողակիցները իրար համարում են հակառակորդներ, ոչ թե դաշնակիցներ և օգտագործում են ցավեցնող և ոչ թե դարմանող խոսքեր։

Անկախ ամեն ինչից՝ վիրավորական խոսքը կարող է ամուսնալուծության, ինչպես նաև առողջական խնդիրների պատճառ դառնալ։ Ոմանք նույնիսկ ասում են, որ խոսքերն ավելի շատ են ցավեցնում, քան բռունցքները։ Օրինակ՝ մի կին, որի ամուսինը վիրավորում էր և բռնություն գործադրում, ասում է. «Վիրավորանքը տանելն ավելի ծանր է, քան ծեծը։ Ես կնախընտրեի ծեծվել, բայց այդպիսի խոսքեր չլսել»։

Ի՞նչ կարող ես անել, եթե դու և կողակիցդ թույլ եք տալիս, որ վիրավորական խոսքերը խզեն ձեր հարաբերությունները։

 ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՆԵԼ

Կարեկցանք դրսևորիր։ Քեզ դիր կողակցիդ տեղը և փորձիր հասկանալ, թե ինչպես են քո խոսքերը ազդում նրա վրա։ Մտածիր կոնկրետ իրավիճակների մասին, երբ կողակիցդ զգացել է, որ խոսքերդ վիրավորական են։ Ասածներիդ վրա կենտրոնանալու փոխարեն՝ փորձիր հասկանալ, թե ինչ է նա զգում քո խոսքերի պատճառով։ Մտածիր, թե վիրավորական խոսքերի փոխարեն՝ ինչ բարի խոսքեր կարող էիր ասել։ Աստվածաշունչն ասում է. «Մեղմ պատասխանը հեռացնում է ցասումը, բայց ցավ պատճառող խոսքը բարկություն է բորբոքում» (Առակներ 15։1

Օրինակ վերցրու հարգալից զույգերից։ Եթե բացասական օրինակները ազդում են քո հաղորդակցվելու ձևի վրա, ուշադրություն դարձրու լավ օրինակներին։ Լսիր այն զույգերին, որոնց հաղորդակցման ձևը արժանի է ընդօրինակման։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Փիլիպպեցիներ 3։17։

Արթնացրու քո մեջ այն զգացումները, որ ունեցել ես։ Վիրավորական խոսքի հետևում հաճախ թաքնված է այն, ինչ սրտում է, քան այն, ինչ շուրթերին է։ Ուստի ձգտիր լավ բաներ մտածել կողակցիդ մասին և դրական զգացումներ տածել նրա հանդեպ։ Հիշիր, թե միասին ինչ գործերով եք զբաղվել։ Իրար հետ նայեք հին նկարները։ Ի՞նչն է ձեզ ծիծաղեցրել։ Ո՞ր հատկությունները ձգեցին ձեզ դեպի իրար։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Ղուկաս 6։45։

Խոսելիս օգտագործիր «ես» բառը։ Փոխանակ կողակցիդ վրա խոսքերի տարափ տեղալու՝ հայտնիր քո մտահոգությունները և ասա, թե ինչ ես զգում։ Օրինակ՝ եթե ասես՝ «ես զգում եմ, որ իմ կարծիքը կարևոր չէ քեզ համար, երբ առանց ինձ հետ խորհրդակցելու ծրագրեր ես կազմում», թերևս դրական պատասխան լսես, քան եթե ասես՝ «դե, դու միշտ էլ առանց ինձ ես պլաններ կազմում»։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Կողոսացիներ 4։6։

Իմացիր, թե երբ պիտի կանգ առնես։ Երբ բարկությունը բորբոքվում է ու էլ չեք կարողանում կառավարել ձեզ, լավագույն բանը, որ կարող եք անել, զրույցը հետաձգելն է։ Սովորաբար ոչ մի վատ բան չկա, եթե որոշեք հեռանալ, երբ բուռն վեճ է սկսվում, մինչև որ կհանդարտվեք ու կկարողանաք հանգիստ քննարկել խնդիրը։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Առակներ 17։14։

Վիրավորական խոսքի հետևում հաճախ թաքնված է այն, ինչ սրտում է, քան այն, ինչ շուրթերին է