Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Աստվածաշունչ. ճշգրիտ մարգարեությունների գիրք. մաս 1

Աստվածաշունչ. ճշգրիտ մարգարեությունների գիրք. մաս 1

Աստվածաշունչ. ճշգրիտ մարգարեությունների գիրք. մաս 1

«Ես քեզանից մեծ ազգ կստեղծեմ»

Ութ մասից բաղկացած այս հոդվածաշարը կլուսաբանի Աստվածաշնչի գլխավոր երեսակը՝ մարգարեությունները։ Այն կպատասխանի հետևյալ հարցին. «Աստվածաշնչյան մարգարեությունները խելացի մարդկանց մտահղացո՞ւմն են, թե՞ դրանք ներշնչվել են Աստծու կողմից»։ Փաստերը քննելուց հետո ինքներդ կարող եք եզրակացություն անել։

ՍԿԵՊՏԻՑԻԶՄ. այս կոնցեպցիան գերակշռող է այսօր։ Նման կասկածամտությունը արտացոլում է ոմանց վերաբերմունքը Աստվածաշնչի հանդեպ։ Ցավոք, շատերը երբեք չեն ցանկացել անկեղծորեն ուսումնասիրել այս գիրքը։ Հիմնականում նրանք առաջնորդվել են լսածով։ Անկասկած, դուք ցանկանում եք առաջնորդվել ոչ թե ձեր լսածով, այլ փաստերով։ Այդ դեպքում տեղափոխվենք անցյալ և ծանոթանանք Աստվածաշնչի վավերականությունը ապացուցող փաստերին։

Մեր ծանոթությունը կսկսվի Աբրահամից a՝ մի անձնավորություն, որին առ այսօր մեծապես հարգում են թե՛ քրիստոնյաները, թե՛ հրեաները, թե՛ մահմեդականները։ Նա եբրայեցի է եղել և ապրել է մ.թ.ա. 2018–1843թթ.-ին b։

Աստվածաշնչի վաղ մարգարեություններում Աբրահամը առանցքային դեր է ունեցել, և ուշագրավ է, որ այդ մարգարեությունները վերաբերում են նաև մեզ (տե՛ս  «Օրհնություն «բոլոր ազգերի» համար» շրջանակը)։ «Ծննդոց» գրքում կանխագուշակված այս մարգարեությունները այն մասին են, որ 1) Աբրահամի հետնորդները հզոր ազգ էին դառնալու, 2) այդ ընթացքում գերեվարվելու էին օտար երկիր և 3) ազատագրվելու էին ու տիրելու էին Քանանի երկրին։ Քննենք այս մարգարեությունները առանձին-առանձին։

Երեք ուշագրավ մարգարեություններ

Մարգարեություն 1. «Քեզանից [Աբրահամից] մեծ ազգ կստեղծեմ» (Ծննդոց 12։2

Կատարում. Աբրահամի հետնորդների՝ Իսահակի և Հակոբի (կոչվել է նաև Իսրայել) միջոցով առաջ եկավ հին Իսրայել ազգը, որը դարձավ անկախ պետություն և ուներ թագավորներ։

Ինչ է պատմությունը բացահայտում

Աստվածաշունչը մանրամասնորեն նկարագրում է Աբրահամի տոհմածառը՝ Իսահակի, Հակոբի և Հակոբի 12 որդիների հետնորդներին։ Այն ներառում է նաև բազմաթիվ թագավորների, ովքեր իշխել են Իսրայելում կամ Հուդայում։ Այս թագավորներից 17-ի մասին նշված է պատմական աղբյուրներում, որոնք ներդաշնակ են Աստվածաշնչի այն արձանագրությանը, թե ինչպես Աբրահամի հետնորդները Իսահակի և Հակոբի միջոցով ազգ դարձան c։

Մարգարեություն 2. «Քո [Աբրահամի] հետնորդները պանդուխտ պիտի լինեն մի երկրում, որն իրենցը չէ, և նրանք պիտի ծառայեն այնտեղի մարդկանց.... Չորրորդ սերնդում նրանք պիտի վերադառնան այստեղ» (Ծննդոց 15։13, 16

Կատարում. Քանի որ Քանանում սով էր, Աբրահամի չորս սերունդներ բնակություն հաստատեցին Եգիպտոսում, սկզբում որպես օտարականներ, իսկ հետո որպես ստրուկներ, որոնք հարդախառն կավից աղյուսներ էին պատրաստում։ Քննենք Աբրահամի շառավղի միայն մեկ ճյուղը՝ իր ծոռ Ղևիի սերնդաբանությունը, որը Եգիպտոս տեղափոխվեց իր ծեր հոր հետ. չորս սերունդներն էին 1) Ղևին, 2) նրա որդի Կահաթը, 3) թոռ Ամրամը և 4) ծոռ Մովսեսը (Ելք 6։16, 18, 20)։ Մ.թ.ա 1513թ.-ին Մովսեսը իսրայելացիներին հանեց Եգիպտոսից (տե՛ս «Ճշգրիտ տարեթվեր» շրջանակը)։

Ինչ է պատմությունը բացահայտում

Հին Կտակարանի և Մերձավոր Արևելքի հնագիտության պրոֆեսոր Ջեյմս Հոֆմայերի խոսքերի համաձայն՝ թե՛ եգիպտական արձանագրությունները, թե՛ հնագիտական ապացույցները վկայում են, որ սովի ժամանակ սեմիտներին (այս ժողովուրդների խմբին էին պատկանում նաև հին եբրայեցիները) թույլ էր տրվել իրենց հոտերով մտնել Եգիպտոս։ Սակայն արդյո՞ք իսրայելացիները հենց այնտեղ ստրուկներ դարձան։

Թեև եգիպտական արձանագրությունները կոնկրետ չեն նշում իսրայելացիների մասին, սակայն եգիպտական դամբարանների որմնանկարները և մագաղաթները փաստում են, որ եգիպտացիները ստրկացնում էին օտարականներին՝ աղյուսներ պատրաստելու համար։ Եգիպտական արձանագրությունները, որոնք ներդաշնակ են Աստվածաշնչին, ցույց են տալիս նաև, որ վերահսկիչները աղյուսների օրական քանակի վերաբերյալ գրառումներ են կատարել (Ելք 5։14, 19)։ Հոֆմայերը նշում է. «Եգիպտական աղբյուրները հաստատում են, որ հարկադիր աշխատանքը օտարականներին պարտադրվել է.... հենց այն ժամանակ, երբ իսրայելացիների վրա ճնշում է բանեցվել։ Ուստի հին եբրայեցիների Եգիպտոս մտնելու.... սովի տարիներին և դրանից հետո նրանց ստրկության մասին տեղեկությունը վավերական է»։

Մարգարեություն 3. «Քո սերնդին պիտի տամ.... Քանանի ողջ երկիրը» (Ծննդոց 17։8

Կատարում. Թեև Մովսեսը դուրս բերեց իսրայելացիներին Եգիպտոսից, հետագայում մ.թ.ա. 1473թ.-ին Հեսուն՝ Նավեի որդին, ժողովրդին առաջնորդեց Քանանի երկիր։

Ինչ է պատմությունը բացահայտում

Չնայած այն բանին, որ հնագետները տարբեր տարեթվեր են նշում, «այդուհանդերձ, փաստ է, որ իսրայելացիները մտել են Քանանի երկիր և բնակություն հաստատել այնտեղ»,— նշում է եգիպտագետ պրոֆեսոր Քիտչենը։

Աստվածաշնչում նշվում է, որ Հեսուն «կրակով այրեց [քանանացիների քաղաք] Հասորը» (Հեսու 11։10, 11)։ Հնագետները պեղումների ժամանակ քաղաքի ավերակներում հայտնաբերեցին քանանացիների երեք տաճար, որոնք հիմնովին ավերվել էին։ Նրանք նաև պարզեցին, որ քաղաքը այրվել է մ.թ.ա. 1400թ.-ին։ Այս փաստերը ներդաշնակ են Աստվածաշնչի արձանագրությանը։

Քանանացիների մեկ այլ քաղաք է Գաբաոնը, որը գտնվում էր Երուսաղեմից մոտ 9,6 կիլոմետր հեռավորության վրա։ Հնագետները իմացան, որ այդ քաղաքը Գաբաոնն է, երբ մոտ 30 սափորների բռնակներ գտան, որոնց վրա փորագրված էր քաղաքի անունը։ Հին գաբաոնացիները, ի տարբերություն Հասորի բնակիչների, խաղաղություն հաստատեցին Հեսուի հետ։ Իսկ ինչո՞ւ նա անիծեց նրանց՝ ասելով, որ կլինեն «ջուր հանողներ» (Հեսու 9։3–7, 23 2 Սամուել 2։13 և Երեմիա 41։12 համարները ցույց են տալիս, որ Գաբաոնը հարուստ էր առատ ջրերով։ Թիկունք կանգնելով Աստվածաշնչի արձանագրությանը՝ մի աշխատություն նշում է. «Գաբաոնի առանձնահատկություններից մեկը ջրի առատությունն է. մեկ մեծ և յոթ փոքր ջրի ակունքներ» (Archaeological Study Bible, New International Version)։

Աստվածաշնչում նշված բազմաթիվ մարդկանց անուններ հանդիպում են նաև պատմական աղբյուրներում։ Ինչպես արդեն նշվեց, այս ցուցակի մեջ են մտնում այն 17 թագավորների անունները, որոնք սերել են Աբրահամից և թագավորել են Իսրայելում կամ Հուդայում։ Նրանցից են Աքաաբը, Աքազը, Դավիթը, Եզեկիան, Մանասեն և Օզիան։ Փաստորեն, թագավորական այս դինաստիաները հզոր ապացույց են, որ Իսրայել կոչվող ազգը նվաճել է Քանանի երկիրը և բնակություն հաստատել այնտեղ։

1896թ.-ին Թեբեում (Եգիպտոս) պեղումների ժամանակ հնագետները գտան Մերենպթիի կոթողը։ Հուշարձանի վրա փորագրված էր, թե ինչպես է Մերենպթի փարավոնը պարծենում մոտ մ.թ.ա. 1210թ.-ին Քանան կատարած իր արշավանքով։ Այս քանդակը Իսրայելի մասին պատմական առաջին արձանագրությունն է, որը փաստում է այս ազգի գոյության վավերականությունը։

Մանրամասների առավելությունը

Ինչպես տեսանք, Աստվածաշունչը մանրամասն տեղեկություններ է պարունակում մարդկանց, տեղանունների և իրադարձությունների մասին։ Այս մանրամասները օգնում են մեզ համեմատելու աստվածաշնչյան փաստերը պատմական աղբյուրների հետ, ինչը հավաստիացնում է մեզ, որ աստվածաշնչյան մարգարեությունները կատարվել են։ Աբրահամի և նրա սերնդի հետ կապված փաստերը ցույց են տալիս, որ Աստծու խոստումները կատարվել են. Աբրահամի սերունդը իրոք մեծ ազգ դարձավ, գերեվարվեց Եգիպտոս, իսկ հետագայում նվաճեց Քանանի երկիրը։ Այս ամենը մեզ հիշեցնում է Պետրոս առաքյալի խոսքերը, որը մեծ համոզվածությամբ ասաց. «Մարգարեությունը երբեք մարդկանց կամքով չի տրվել, այլ մարդիկ Աստծու կողմից են խոսել՝ սուրբ ոգուց մղված» (2 Պետրոս 1։21

Քանանի երկիրը զավթելուց դարեր անց իսրայելացիների պատմության մեջ կտրուկ շրջադարձ տեղի ունեցավ, որը աղետալի հետևանքներ բերեց։ Այդ մասին նույնպես կանխագուշակվել էր Աստվածաշնչում։ Հաջորդ թողարկման մեջ կներկայացվեն դրան վերաբերող փաստերը։

[ծանոթագրություններ]

a Աբրահամի առաջին անունը եղել է Աբրամ։

b «Մ.թ.ա.» նշանակում է «մեր թվարկությունից առաջ»։

c Տե՛ս 1 Տարեգրություն 1։27–34; 2։1–15; 3։1–24։ Սողոմոն թագավորի որդի Ռոբովամի իշխանության օրոք Իսրայել ազգը բաժանվեց հյուսիսային և հարավային թագավորությունների։ Այդ պատճառով Իսրայելում միաժամանակ երկու թագավորներ էին իշխում (1 Թագավորներ 12։1–24

[շրջանակ 17-րդ էջի վրա]

 ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ «ԲՈԼՈՐ ԱԶԳԵՐԻ» ՀԱՄԱՐ

Աստված խոստացել էր, որ «բոլոր ազգերի» մարդիկ պիտի օրհնվեն Աբրահամի սերնդով (Ծննդոց 22։18)։ Գլխավոր նպատակը, որ Աստված պետք է Աբրահամի ժառանգներից ազգ կազմավորեր, այն էր, որ Մեսիա առաջ գար ու իր կյանքը տար ողջ մարդկության համար d։ Հետևաբար Աբրահամի հետ կապված Աստծու խոստումը վերաբերում է նաև քեզ։ Հովհաննես 3։16-ում գրված է. «Աստված այնքան շատ սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ամեն ոք, ով հավատ է դրսևորում նրա հանդեպ, չկործանվի, այլ հավիտենական կյանք ունենա»։

[ծանոթագրություն]

d Մեսիայի վերաբերյալ մարգարեությունների մասին կխոսվի այս հոդվածաշարի 3-րդ և 4-րդ մասերում։

[շրջանակ 17-րդ էջի վրա]

ՃՇԳՐԻՏ ՏԱՐԵԹՎԵՐ

Աստվածաշնչի ճշգրիտ տարեթվերի մի օրինակ է 1 Թագավորներ 6։1 համարը, որում նշվում է այն ժամանակը, երբ Սողոմոն թագավորը սկսեց Երուսաղեմի տաճարի շինարարությունը։ Կարդում ենք. «Իսրայելի որդիների Եգիպտոսից դուրս գալու չորս հարյուր ութսուներորդ տարում [479 տարիներ]՝ Իսրայելի վրա Սողոմոնի թագավորության [Սողոմոնի իշխանության] չորրորդ տարվա զիվ ամսին, այսինքն՝ երկրորդ ամսին, Սողոմոնը սկսեց Եհովայի համար տուն կառուցել»։

Աստվածաշնչյան ժամանակագրության համաձայն՝ Սողոմոնի իշխանության չորրորդ տարին մ.թ.ա. 1034 թվականն է։ Այս տարեթվից 479 տարի հետ գնալով՝ կհասնենք մ.թ.ա. 1513 թվականը, այն ժամանակ, երբ իսրայելացիները դուրս եկան Եգիպտոսից։

[շրջանակ 18-րդ էջի վրա]

ԱԲՐԱՀԱՄ. ԻՐԱԿԱՆ ԱՆՁՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

● Մ.թ.ա. երկրորդ հազարամյակով թվագրվող կավե տախտակների վրա նշված են քաղաքներ, որոնց անունները կրել են նաև Աբրահամի բարեկամները։ Այդ քաղաքներն են Փալեկը, Սերուգը, Նաքորը, Թարան և Խառանը (Ծննդոց 11։17–32

Ծննդոց 11։31 համարից տեղեկանում ենք, որ Աբրահամը իր ընտանիքի հետ «քաղդեացիների Ուր քաղաքից» հեռացավ։ Այս քաղաքի ավերակները հայտնաբերվեցին Իրաքի հարավարևելյան մասում։ Աստվածաշունչը նաև նշում է, որ Աբրահամի հայրը՝ Թարան, մահացավ Խառան քաղաքում, որն այսօր հայտնի է Հառան անունով և գտնվում է Թուրքիայում, իսկ Աբրահամի կինը՝ Սառան, մահացավ Քեբրոնում՝ Մերձավոր Արևելքի ամենահին, սակայն դեռևս բնակեցված քաղաքներից մեկում (Ծննդոց 11։32; 23։2

[նկար 16-րդ էջի վրա]

ԱԲՐԱՀԱՄԻ ՍԵՐՆԴԻ ԺԱՄԱՆԱԿԱԳՐԱԿԱՆ ՍԱՆԴՂԱԿԸ ԵՎ ԻՍՐԱՅԵԼԻ ԵԼՔԸ

Աբրահամի շառավղից չորս սերունդ

Ղևի

Կահաթ

Ամրամ

Մովսես

(Մ.թ.ա.)

1843 Աբրահամը մահացավ

1728 Հակոբը ընտանիքով տեղափոխվեց Եգիպտոս

1711 Հակոբը մահացավ

1657 Հովսեփը մահացավ

1593 Ծնվեց Մովսեսը

1513 Մովսեսը իսրայելացիներին հանեց Եգիպտոսից

1473 Մովսեսը մահացավ. Հեսուն իսրայելացիներին առաջնորդեց Քանանի երկիր

Դատավորների ժամանակաշրջան

1117 Սամուելը Սավուղին օծեց որպես Իսրայելի առաջին թագավոր

1107 Ծնվեց Դավիթը

1070 Դավիթը դարձավ Իսրայելի թագավոր

1034 Սողոմոնը սկսեց տաճարի շինարարությունը

[նկար]

Հաղթական այս կոթողը, որի վրա կա «Դավթի տուն» մակագրությունը, պատմական աղբյուրներից մեկն է, որը նշում է այն թագավորներին, ովքեր սերել են Աբրահամից և իշխել են Իսրայելում կամ Հուդայում

[թույլտվությամբ]

© Israel Museum, Jerusalem/The Bridgeman Art Library International