Քննիր փաստերը
Քննիր փաստերը
ԴՈՒ գտնվում ես մի հեռավոր, անմարդաբնակ կղզում։ Ծովի ափով քայլելիս հանկարծ նկատում ես, որ մի քարի վրա փորագրված է՝ «Ջոն, 1800»։ Մի՞թե կմտածես, որ այդ գրությունը քամու կամ ջրի քայքայիչ ազդեցության հետևանքով է առաջացել, քանի որ կղզին անմարդաբնակ է։ Իհա՛րկե ոչ։ Կեզրակացնես, որ ինչ-որ մեկն է փորագրել այդ մակագրությունը։ Ինչո՞ւ։ Նախ՝ հստակ փորագրված տառերն ու թվերը, անգամ եթե դրանք գրված են օտար լեզվով, ինքնաբերաբար չեն կարող գրվել։ Երկրորդ՝ այդ մակագրությունը իմաստալից տեղեկություն է պարունակում՝ ցույց տալով, որ հեղինակը բանական էակ է։
Առօրյա կյանքում մենք ինֆորմացիա ենք ստանում տարբեր ձևերով, օրինակ՝ Բրայլի գրատիպի կամ այբուբենի տառերի, սխեմաների, երաժշտական նոտաների, խոսքերի, ժեստերի, ռադիոազդանշանների ձևով, ինչպես նաև համակարգչային ծրագրերի, որոնց հիմքում դրված է երկուական (բինար) կոդ, որը օգտագործում է 0 և 1 թվանշանները։ Ինֆորմացիա կարող է փոխանցվել գրեթե ցանկացած կերպով՝ թղթի և թանաքի, ռադիոալիքների, անգամ լույսի միջոցով։ Անկախ ամեն ինչից՝ մարդիկ ցանկացած բովանդակալից ինֆորմացիա համարում են բանականության արգասիք, սակայն նույնկերպ չեն վերաբերվում բջջի մեջ գտնվող ինֆորմացիային։ Այն, ինչպես ասում են էվոլյուցիոնիստները, պարզապես ինչ-որ տեղից է կամ ինքնիրեն է գրվել։ Բայց այդպե՞ս է արդյոք։ Քննենք ապացույցները։
Կարո՞ղ է բարդ ինֆորմացիան ինքնիրեն գրվել
Բարդ ինֆորմացիան՝ գենետիկ կոդը, խնամքով պահված է գրեթե յուրաքանչյուր կենդանի բջջի կորիզում գտնվող ԴՆԹ-ում (դեզօքսիռիբոնուկլեինաթթու)։ Այն երկար երկպարույր կառուցվածք ունեցող մոլեկուլ է, որը նման է ոլորված սանդուղքի։ Քո ԴՆԹ-ն նման է մի ծրագրի, որը ղեկավարում է մարմնիդ տրիլիոնավոր բջիջների վերարտադրումը, կազմավորումը, աճը, գոյությունը։ Այն բաղադրիչները՝ հիմքերի միավորները, որոնցից կազմված է ԴՆԹ-ն, կոչվում են նուկլեոտիդներ։ Դրանք են Ա, Ց, Գ և Թ տառերով նշանակված նուկլեոտիդները՝ կախված այն բանից, թե ինչ քիմիական հիմք ունի յուրաքանչյուրը *։ Այբուբենի տառերի նման՝ այս չորս նուկլեոտիդները կարող են տարբեր կերպերով միավորվել ու կազմել անթիվ-անհամար «նախադասություններ»՝ հրահանգներ, որոնք ղեկավարում են կրկնօրինակումը և բջջի ներսում տեղի ունեցող այլ պրոցեսներ։
ԴՆԹ-ում պահված ինֆորմացիայի ողջ փաթեթը կոչվում է գենոմ։ Քո ԴՆԹ-ի տառերի որոշակի համախմբումներ անզուգական են և կան միմիայն քո ԴՆԹ-ում, քանի որ այն պարունակում է քո ժառանգական տվյալները՝ քո աչքերի ու մաշկի գույնը, քթի
ձևը և այլն։ Պարզ ասած՝ քո գենոմը կարող է համեմատվել մի հսկա գրադարանի հետ, որտեղ կան բազում ծրագրեր քո մարմնի յուրաքանչյուր մասի համար, և սրանց գործարկման արդյունքում ստացված «միասնական արտադրանքը» դու ես։Իսկ որքա՞ն մեծ է այս «գրադարանը»։ Այն ունի երեք միլիարդ «տառեր», կամ՝ նուկլեոտիդներ (հիմքերի զույգեր)։ «Մարդու գենոմի ծրագրի» համաձայն՝ եթե գենոմի ողջ տեղեկությունը փոխանցվի թղթին, այն կդառնա 1000 էջ ունեցող 200 հատորանոց հեռախոսագիրք։
Վերոնշյալ փաստերը հիշեցնում են մեզ այն տպավորիչ աղոթքը, որ գրի է առնվել մոտ 3000 տարի առաջ։ Այն գտնվում է Աստվածաշնչում՝ Սաղմոս 139։16-ում. «Քո աչքերը տեսան իմ սաղմը, և քո գրքում գրված էին այն օրերը, երբ նրա բոլոր մասերը կազմավորվեցին» (Սաղմոս 139։16)։ Ինչ խոսք, գրողը գիտությունից տեղյակ մարդ չի եղել, սակայն պարզ լեզվով փոխանցել է ճշգրիտ մի տեղեկություն՝ նկարագրելով Աստծու ակնածալից իմաստությունն ու զորությունը։ Որքա՜ն են այս խոսքերը տարբերվում հին կրոնական գրվածքներից, որոնք լի են դիցաբանական և սնոտիապաշտական պատմություններով։
Ո՞վ է կազմել այս «գրադարանը»
Եթե տրամաբանությունը թելադրում է, որ քարի վրա փորագրված «Ջոն, 1800» մակագրության հեղինակը բանական էակ է, ապա չպե՞տք է արդյոք նույնը ասել ԴՆԹ-ում գտնվող մեր երևակայությունից վեր շատ բարդ և բովանդակալից ինֆորմացիայի մասին։ Ի վերջո, ինֆորմացիան մնում է ինֆորմացիա՝ անկախ նրանից, թե որտեղ է պահված և ինչ է պարունակում։ Կոմպյուտերային և ինֆորմացիոն տեխնոլոգիաների մասնագետ-գիտնական Դոնալդ Ջոնսոնը ասում է, որ մարդկությանը հայտնի քիմիայի և ֆիզիկայի օրենքներով անհնար է ստեղծել բարդ ինֆորմացիոն համակարգ, որը կարողանար նաև գործարկել այդ ողջ ինֆորմացիան։ Եվ տրամաբանական է մտածել, որ որքան բարդ է ինֆորմացիան, այնքան ավելի բարձր բանականության տեր է դրա հեղինակը։ Երեխան էլ կարող է գրել «Ջոն, 1800», սակայն միայն գերբնական միտք ունեցող անձնավորությունը կարող էր գրել կյանքի կոդը։ Ինչպես նշում է «Նեյչր» հանդեսը, ամեն մի նոր հայտնագործությամբ «բարդ կենսաբանությունը ավելի խրթին է դառնում»։
ԴՆԹ-ի բարդ ինֆորմացիոն գրադարանը կույր պատահականության արդյունք համարելը անտրամաբանական է և չի համապատասխանում այն ամենին, ինչ տեսել է մարդկությունը առայսօր *։ Վերջիվերջո, նման համոզմունքի դեպքում ամուր հավատի մասին խոսք անգամ չի կարող լինել։
Աստծու գոյությունը բացառելու համար էվոլյուցիոնիստները ժամանակ առ ժամանակ այնպիսի եզրակացություններ են հրապարակել, որոնք հետագայում սխալ են համարվել։ Օրինակ՝ այն տեսակետը, թե մեր գենոմի մոտ 98 տոկոսը «խարամ» է՝
ծրագրերի մի գրադարան, որտեղ կան միլիարդավոր անպիտան բառեր։Այն իրո՞ք «խարամ» է
Կենսաբանները մտածել են, որ ԴՆԹ-ն միայն սպիտակուցներ սինթեզելու ծրագրի հավաքածու է, ուրիշ ոչինչ։ Սակայն ժամանակի ընթացքում պարզ դարձավ, որ ողջ գենոմի ընդամենը 2 տոկոսն է պարունակում սպիտակուցների սինթեզման ծրագիր։ Այդ դեպքում մնացած 98 տոկոսը ի՞նչ դեր է կատարում։ Առեղծվածային ԴՆԹ-ի այս մեծ մասը «անմիջապես համարվեց էվոլյուցիայի ընթացքում կուտակված խարամ», ինչպես նշում է Քվինսլենդի համալսարանի մոլեկուլային կենսաբանության պրոֆեսոր Ջոն Մաթիքը (Բրիսբեն, Ավստրալիա)։
Այն գիտնականը, ով ԴՆԹ-ի այս մասը անվանեց «ԴՆԹ-ի խարամ», էվոլյուցիոնիստ Սուսումու Օնոն է։ Իր՝ «Այսքան շատ ԴՆԹ-ի խարամ մեր գենոմում» աշխատության մեջ նա գրում է. «[ԴՆԹ-ի այս անպետք համախմբումները] բնության ձախողված փորձարկումների թափոններն են։ Երկրագունդը լի է կենդանիների անհետացած տեսակների բրածոներով. ինչո՞ւ, ուրեմն, մեզ պետք է զարմացնի այն, որ մեր գենոմը նույնպես լի է անհետացած գեների թափոններով»։
Ինչպե՞ս ԴՆԹ-ի «խարամ» հասկացությունը անդրադարձավ գենետիկայի ուսումնասիրության վրա։ Մոլեկուլյար կենսաբան Վոյչեք Մակալովսկին ասում է, որ այսպիսի մտածելակերպը «հետ է պահում հետազոտողների մեծ մասին ինֆորմացիա չպարունակող ԴՆԹ-ի գեները [խարամը] ուսումնասիրելուց»՝ բացառությամբ այն փոքրաթիվ գիտնականների, որոնք «ծաղրի ենթարկվելու ռիսկի դիմելով՝ աշխատում են հետաքրքրություն չներկայացնող այս տարածքի վրա։ Նրանց շնորհիվ ԴՆԹ-ի խարամի մասին կարծիքները.... սկսեցին փոխվել 1990-ականների սկզբին»։ Նա նշում է, որ իրականում կենսաբանների մեծ մասը ԴՆԹ-ի «խարամը» այսօր համարում է «գենոմի գանձ»։
Մաթիքի կարծիքով՝ ԴՆԹ-ի խարամ թեորիան «փաստերի հիման վրա օբյեկտիվ վերլուծություններ անելուց շեղվելու» գիտական ավանդույթի դասական օրինակ է։ «Խարամի ողջ դերը հասկանալու թերացումը,— ասում է նա,— շուտով մոլեկուլյար կենսաբանության պատմության մեջ կմնա որպես գիտնականների թույլ տված մեծագույն սխալներից մեկը»։ Պարզ է ուրեմն, որ ճշմարտությունը գիտության մեջ պետք է որոշվի փաստերի հիման վրա, ոչ թե այսպես ասած ձայների մեծամասնության։ Ի՞նչ են վերջին փաստերը բացահայտում ԴՆԹ-ի խարամի դերի մասին։
Ի՞նչ է անում «խարամը»
Սովորաբար գործարանում, որտեղ մեքենաներ են արտադրվում, կան սարքեր, որոնք պահեստամասեր են պատրաստում։ Մենք կարող ենք բջջում եղած սպիտակուցները համեմատել այս պահեստամասերի հետ։ Գործարանում պետք է նաև լինեն գործիքներ կամ համակարգեր, որոնք քայլ առ քայլ հավաքում են այդ մասերը հոսքագծի վրա և այնպիսի մեխանիզմներ, որոնք վերահսկում են այդ գործընթացը։ Նմանատիպ գործընթաց տեղի է ունենում նաև բջջի ներսում։ Եվ ինչպես ասում են գիտնականները, հենց այստեղ էլ տեսնում ենք «խարամի» կատարած դերը։ Դրա մեծ մասը պարունակում է բարդ մոլեկուլների վերահսկող դասի համար մի ծրագիր, որը կոչվում է ՌՆԹ (ռիբոնուկլեինաթթու)։ ՌՆԹ-ն գլխավոր դեր է կատարում այն հարցում, թե ինչպես կզարգանա, կհասունանա և կգործի բջիջը *։ Կենսաբան-մաթեմատիկոս Ջոշուա Պլոտկինը «Նեյչր» հանդեսում գրում է. «Արտասովոր վերահսկիչների անհերքելի գոյությունը ցույց է տալիս, որ մեր գիտելիքները ամենահիմնական բաների մասին.... աներևակայելիորեն պարզունակ են»։
Արդյունավետ գործելու համար գործարանում պետք է լինեն նաև հաղորդակցության շատ լավ համակարգեր։ Նույնը կարելի է ասել բջջի մասին։ Տորոնտոյի համալսարանի (Օնտարիո) բջիջների ուսումնասիրությամբ զբաղվող կենսաբան Թոնի Փոուսոնը բացատրում է. «Ինֆորմացիոն իմպուլսները բջջում տարածվում են ցանցային համակարգով, ոչ թե առանձին պարզ ուղիներով», ինչը ողջ պրոցեսը ավելի բարդ է դարձնում, քան մինչ այդ ենթադրում էին գիտնականները։ Իրոք որ, ինչպես Փրինսթոնի համալսարանի մի ծագումնաբան է ասում, «շատ մեխանիզմներ և սկզբունքներ, որոնք ղեկավարում են ներբջջային և միջբջջային պրոցեսները, դեռևս առեղծված են»։
Բջջի մասին ցանկացած նոր բացահայտում վկայում է շատ ավելի բարձր կարգուկանոնի և կատարելության մասին։ Այդ դեպքում ինչո՞ւ են շատերը կառչում այն գաղափարին, որ կյանքը և մարդկությանը հայտնի ամենակատարյալ ինֆորմացիոն համակարգը առաջ են եկել էվոլյուցիոն պրոցեսների արդյունքում։
[ծանոթագրություններ]
^ պարբ. 5 Յուրաքանչյուր նուկլեոտիդ պարունակում է հետևյալ քիմիական հիմքերից մեկը՝ Ա (ադենին), Ց (ցիտոզին), Գ (գուանին) և Թ (թիմին)։
^ պարբ. 11 Էվոլյուցիան, ինչպես ենթադրում են ոմանք, տեղի է ունենում մուտացիաների արդյունքում, ինչի մասին հակիրճ կխոսվի հաջորդ հոդվածում։
^ պարբ. 19 Վերջին տարիների հետազոտությունները ցույց են տալիս, որ ինֆորմացիա չպարունակող ՌՆԹ-ն շատ բարդ է և իրականում առանց դրա բջջի նորմալ զարգացումն անհնար է։ Գիտնականները գտել են, որ ինֆորմացիա չպարունակող ՌՆԹ-ի ֆունկցիայի խախտումները շատ հիվանդությունների պատճառ են դառնում, օրինակ՝ քաղցկեղի տարբեր տեսակների, պսորիազի և անգամ Ալցհեյմերի հիվանդության։ Այն, ինչը նախկինում համարվում էր «խարամ», գուցե պարունակում է տարբեր հիվանդություններ ախտորոշելու և բուժելու բանալին։
[շրջանակ 5-րդ էջի վրա]
Որքա՞ն երկար է քո ԴՆԹ-ն
Եթե ձգենք, ապա քո մարմնի մեկ բջջի ԴՆԹ-ն մոտավորապես 2 մետր երկարություն կունենա։ Իսկ եթե քո ողջ մարմնի տրիլիոնավոր բջիջների ԴՆԹ-ն հանենք և իրար միացնենք, ապա ողջ երկարությունը, ոմանց հաշվարկների համաձայն, կստացվի այնքան, որքան երկրագնդից մինչև արեգակ ընկած հեռավորությունն է՝ բազմապատկած մոտ 670 անգամ։ Լույսի արագությամբ այս հեռավորությունը հնարավոր կլինի անցնել մոտ 185 ժամում։