Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ՈԳԵՂԵՆ ԱՇԽԱՐՀԸ ԲԱՑԱՀԱՅՏՈՂ ՏԵՍԻԼՔՆԵՐ

Տեսիլքներ նրանց մասին, ովքեր բնակվում են երկնքում

Տեսիլքներ նրանց մասին, ովքեր բնակվում են երկնքում

Աստվածաշնչում կան մի շարք տպավորիչ տեսիլքներ, որոնք օգնում են մեզ, այսպես ասած, ներթափանցելու անտեսանելի երկնային ոլորտ։ Եկեք խորությամբ ուսումնասիրենք դրանք։ Ճիշտ է, տեսիլքներում նկարագրված ամեն բան չէ, որ բառացի պետք է հասկանանք, բայց դրանք կարող են օգնել մեզ, որ ոչ միայն պատկերացում կազմենք նրանց մասին, ովքեր ապրում են ոգեղեն ոլորտում, այլև իմանանք, թե նրանք ինչ ազդեցություն կարող են ունենալ մեզ վրա։

ԵՀՈՎԱՆ ԲԱՐՁՐՅԱԼՆ Է

«Այս բաներից անմիջապես հետո ոգու զորության ազդեցությամբ մի գահ տեսա երկնքում, և մեկը նստած էր գահի վրա։ Նստողը նման էր հասպիս քարի ու թանկարժեք կարմիր քարի, և գահի շուրջբոլորը ծիածան կար, որը նման էր զմրուխտի» (Հայտնություն 4։2, 3

«Շուրջբոլորը եղող այդ փայլը նման էր ծիածանի, որ հայտնվում է ամպերի մեջ հորդառատ անձրևի օրը։ Դա Եհովայի փառքի նմանությունն ունեցող մի բան էր» (Եզեկիել 1։27, 28

Հովհաննես առաքյալին և Եզեկիել մարգարեին տրված այս տեսիլքներում Բարձրյալի՝ Եհովա Աստծու փառքը նկարագրվում է այնպիսի բաներով, որոնք կարող ենք հեշտությամբ պատկերացնել՝ շողշողուն թանկարժեք քարեր, ծիածան, վեհաշուք գահ։ Այս տեսիլքներից իմանում ենք, որ Եհովայի ներկայությունը բնորոշվում է շլացուցիչ գեղեցկությամբ, ներդաշնակությամբ ու հանդարտությամբ։

Աստծու վերաբերյալ այս նկարագրությունները ներդաշնակ են սաղմոսերգուի հետևյալ խոսքերին. «Որովհետև Եհովան մեծ է և շատ գովաբանության արժանի։ Նա ավելի ահազդու է, քան մյուս բոլոր աստվածները։ Ժողովուրդների բոլոր աստվածները փուչ են, մինչդեռ Եհովան ստեղծել է երկինքը։ Արժանապատվությունն ու շքեղությունը նրա առջև են, զորությունն ու գեղեցկությունը՝ նրա սրբարանում» (Սաղմոս 96։4–6

Թեև Եհովան Բարձրյալն է, բայց նա հրավիրում է մեզ աղոթքի միջոցով մոտենալու իրեն և վստահեցնում է, որ լսում է մեր աղոթքները (Սաղմոս 65։2)։ Աստված շատ է սիրում մեզ և հոգ է տանում մեր մասին, այնպես որ Հովհաննես առաքյալը կարող էր իրավամբ գրել. «Աստված սեր է» (1 Հովհաննես 4։8

ՀԻՍՈՒՍԸ ԱՍՏԾՈՒ ԿՈՂՔԻՆ Է

«[Քրիստոսի աշակերտ Ստեփանոսը], սուրբ ոգով լցված, աչքերը հառեց դեպի երկինք և Աստծու փառքը տեսավ, նաև Հիսուսի փառքը, որը կանգնած էր Աստծու աջ կողմում, ապա ասաց. «Ահա ես տեսնում եմ երկինքը բացված և մարդու Որդուն՝ Աստծու աջ կողմում կանգնած»» (Գործեր 7։55, 56

Ստեփանոսը այս խոսքերն ասում էր հրեա առաջնորդներին՝ այն նույն մարդկանց, ովքեր դրանից կարճ ժամանակ առաջ մահապատժի էին ենթարկել Հիսուսին։ Ստեփանոսի տեսած տեսիլքը հաստատում էր, որ Հիսուսը կենդանի է, որ նա հարություն է առել ու փառքի արժանացել։ Սրա վերաբերյալ Պողոս առաքյալը գրեց. «[Եհովան] հարություն տվեց Քրիստոսին և նստեցրեց իր աջ կողմը՝ երկնային ոլորտում՝ շատ ավելի բարձր ամեն կառավարությունից, իշխանությունից, զորությունից, տերությունից և ամեն անունից՝ ոչ միայն հիմա, այլև ապագայում» (Եփեսացիներ 1։20, 21

Աստվածաշնչում ոչ միայն նկարագրվում է Հիսուսի ունեցած բարձր դիրքը, այլև ասվում է, որ Եհովայի պես՝ նա էլ է մեծապես հետաքրքրված մարդկանց բարօրությամբ։ Երբ Հիսուսը երկրի վրա էր, բուժեց հիվանդներին և հարություն տվեց մահացածներին։ Իր զոհաբերական մահով նա ցույց տվեց իր մեծ սերը Աստծու և մարդկանց հանդեպ (Եփեսացիներ 2։4, 5)։ Աստծու աջ կողմում նստած՝ Հիսուսը շուտով գործի կդնի իր ունեցած իշխանությունը և մեծ օրհնություններ կբերի բոլոր հնազանդ մարդկանց։

ՀՐԵՇՏԱԿՆԵՐԸ ԾԱՌԱՅՈՒՄ ԵՆ ԱՍՏԾՈՒՆ

«Ես [այսինքն՝ Դանիել մարգարեն] շարունակեցի նայել, և ահա գահեր դրվեցին, և Հինավուրցը [Եհովան] նստեց.... Հազար հազարներ ծառայում էին նրան, և բյուր բյուրեր կանգնած էին նրա առաջ» (Դանիել 7։9, 10

Այս տեսիլքում Դանիելը տեսավ ոչ թե մեկ հրեշտակ, այլ հրեշտակների մի մեծ բազմություն։ Ինչ խոսք, սա տպավորիչ տեսիլք էր։ Հրեշտակները ոգեղեն փառահեղ արարածներ են, որոնք օժտված են բանականությամբ և ունեն մեծ զորություն։ Հրեշտակները տարբեր դիրքեր ունեն, օրինակ՝ կան սերովբեներ և քերովբեներ։ Աստվածաշնչում հրեշտակների մասին հիշատակվում է մոտ 300 անգամ։

Հրեշտակները մահացած մարդկանց հոգիներ չեն, որ գնում են երկինք, ինչպես հավատում են շատերը։ Աստված նրանց ստեղծել է մարդկանց արարելուց դեռ շատ առաջ։ Երբ նա գցում էր երկրի հիմքերը, հրեշտակները ներկա էին ու բարձրաձայն գովաբանում էին նրան (Հոբ 38։4–7

Կերպերից մեկը, որով հավատարիմ հրեշտակները ծառայում են Աստծուն, այն է, որ նրանք մասնակցում են ներկայումս երկրի վրա կատարվող ամենից կարևոր գործին՝ Աստծու Թագավորության մասին բարի լուրի քարոզչությանը (Մատթեոս 24։14)։ Այս մասին իմանում ենք Հովհաննես առաքյալին տրված տեսիլքից. «Հետո տեսա մեկ ուրիշ հրեշտակ, որ թռչում էր երկնքում և հավիտենական բարի լուր ուներ՝ հռչակելու որպես ուրախ ավետիս երկրի վրա բնակվողներին և ամեն ազգի, ցեղի, լեզվի ու ժողովրդի» (Հայտնություն 14։6)։ Ճիշտ է, հրեշտակները այսօր չեն խոսում մարդկանց հետ, ինչպես որ անցյալում էին անում, բայց նրանք բարի լուրը քարոզողներին առաջնորդում են ազնվասիրտ մարդկանց մոտ։

ՍԱՏԱՆԱՆ ՄՈԼՈՐԵՑՆՈՒՄ Է ՄԻԼԻՈՆԱՎՈՐՆԵՐԻ

«Եվ պատերազմ բռնկվեց երկնքում. Միքայելը [Հիսուս Քրիստոսը] և նրա հրեշտակները պատերազմեցին վիշապի դեմ, և վիշապն ու նրա հրեշտակներն էլ պատերազմեցին, բայց վիշապը չկարողացավ դիմադրել, ու նրանց համար այլևս տեղ չեղավ երկնքում։ Եվ ցած գցվեց մեծ վիշապը՝ առաջին օձը, որ Բանսարկու և Սատանա է կոչվում, որ մոլորեցնում է ողջ երկիրը. նա ցած գցվեց երկրի վրա, ու նրա հրեշտակներն էլ նրա հետ ցած գցվեցին» (Հայտնություն 12։7–9

Միշտ չէ, որ երկինքը խաղաղ վայր է եղել։ Մարդկության պատմության սկզբում հրեշտակներից մեկը, ցանկանալով, որ իրեն երկրպագեն, ըմբոստացավ Եհովայի դեմ ու դարձավ Սատանա, ինչը նշանակում է «հակառակորդ»։ Հետագայում ուրիշ հրեշտակներ էլ միացան նրա ըմբոստությանը և հայտնի դարձան որպես դևեր։ Նրանք իրենց ողջ էությամբ չար են ու ամեն կերպ հակառակվում են Եհովային։ Դևերը մոլորեցրել են շատ-շատերին՝ տանելով նրանց այնպիսի ուղով, որը հակառակ է Եհովայի սիրառատ առաջնորդությանը։

Սատանան և նրա դևերը ապականված են ու դաժան։ Նրանք մարդկության թշնամիներն են և շատ տառապանք են պատճառում նրանց։ Օրինակ՝ Սատանան սպանեց Հոբ անունով մի հավատարիմ մարդու անասուններին, ինչպես նաև նրա ծառաներին։ Ապա «սաստիկ քամի» բարձրացրեց, որի պատճառով այն տունը, որտեղ Հոբի տասը երեխաներն էին, փուլ եկավ ու սպանեց նրանց։ Դրանից հետո Սատանան Հոբին «ոտքի թաթից մինչև նրա գագաթը չարորակ պալարներով հարվածեց» (Հոբ 1։7–19; 2։7

Բայց շուտով Սատանայի ազդեցությանը վերջ է դրվելու։ Նա ցած է գցվել երկրի վրա և գիտի, որ «քիչ ժամանակ ունի» (Հայտնություն 12։12)։ Այո՛, Սատանան դատապարտված է կործանման, և սա, ինչ խոսք, բարի լուր է։

ՆՐԱՆՔ, ՈՐ ԳԱԼԻՍ ԵՆ ԵՐԿՐԻՑ

«[Դու, այսինքն՝ Հիսուսը] Աստծու համար գնեցիր մարդկանց ամեն ցեղից, լեզվից, ժողովրդից և ազգից, և մեր Աստծու համար նրանց թագավորներ ու քահանաներ դարձրիր, և նրանք կթագավորեն երկրի վրա» (Հայտնություն 5։9, 10

Կան մարդիկ, որոնք, Հիսուսի պես, հարություն են առնելու երկնքում ապրելու համար։ Հիսուսն իր հավատարիմ առաքյալներին ասաց. «Գնում եմ, որ տեղ պատրաստեմ ձեզ համար.... [Ես] նորից կգամ և ձեզ ինձ մոտ կառնեմ, որպեսզի որտեղ ես եմ, դուք էլ այնտեղ լինեք» (Հովհաննես 14։2, 3

Երկինք գնացողները հատուկ նպատակով են գնում այնտեղ։ Հիսուսի հետ նրանք կազմելու են մի թագավորական իշխանություն, որն ի վերջո կառավարելու է ողջ երկիրը և օրհնություններ է բերելու այնտեղ բնակվողներին։ Սա այն Թագավորությունն է, որի մասին Հիսուսը սովորեցրեց աղոթել իր տիպար աղոթքում. «Հա՛յր մեր, որ երկնքում ես, թող սրբացվի քո անունը։ Թող գա քո թագավորությունը։ Թող կատարվի քո կամքը ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա» (Մատթեոս 6։9, 10

Ի՞ՆՉ ԵՆ ԱՆԵԼՈՒ ԵՐԿԻՆՔ ԳՆԱՑՈՂՆԵՐԸ

«[Ես, այսինքն՝ Հովհաննես առաքյալը] լսեցի մի բարձր ձայն, որ ասում էր. «Ահա Աստծու խորանը մարդկանց հետ է.... Եվ նա կսրբի ամեն արտասուք նրանց աչքերից, և մահ այլևս չի լինի, ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցավ այլևս չեն լինի։ Նախկին բաները անցան»» (Հայտնություն 21։3, 4

Մարգարեական նշանակություն ունեցող այս տեսիլքը վերաբերում է այն ժամանակին, երբ Աստծու Թագավորությունը, այսինքն՝ Հիսուսը և երկնային հարություն ստացած նրա թագավորակիցները, վերջ կդնեն Սատանայի կառավարմանը և երկիրը դրախտի կվերածեն։ Կվերանա այն ամենը, ինչն այսօր այդքան մեծ ցավ ու տառապանք է պատճառում մարդկությանը։ Նույնիսկ մահ այլևս չի լինի։

Իսկ ի՞նչ կարելի է ասել այն միլիարդավոր մարդկանց մասին, որոնք մահացել են, բայց երկնային հարություն չեն ստանալու։ Հետագայում նրանք նույնպես կյանքի կկոչվեն և հնարավորություն կունենան հավիտյան ապրելու երկրի վրա՝ Դրախտում (Ղուկաս 23։43

Այս տեսիլքները հավաստիացնում են մեզ, որ Եհովա Աստված, նրա Որդին՝ Հիսուս Քրիստոսը, ինչպես նաև հավատարիմ հրեշտակներն ու նրանք, ովքեր գնվել են երկրի վրայից, մեծապես հետաքրքրված են մեր բարօրությամբ։ Ավելի շատ տեղեկություններ իմանալու համար այն մասին, թե նրանք ինչ են իրագործելու, կապ հաստատեք Եհովայի վկաների հետ կամ այցելեք մեր վեբ կայք՝ www.isa4310.com, և բեռնեք «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գիրքը։