ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽՈՒՄ Է ԿՅԱՆՔԵՐԸ
Սիրտս լի էր դառնությամբ
-
ԾՆՆԴՅԱՆ ՏԱՐԵԹԻՎԸ՝ 1974
-
ԵՐԿԻՐԸ՝ ՄԵՔՍԻԿԱ
-
ՆԱԽԿԻՆՈՒՄ՝ ԲՌՆԱՍԵՐ ՊԱՏԱՆԻ, ՈՎ ՄԻՇՏ ՆԵՐՔԱՇՎՈՒՄ ԷՐ ՓՈՂՈՑԱՅԻՆ ԾԵԾԿՌՏՈՒՔՆԵՐԻ ՄԵՋ
ԻՄ ԱՆՑՅԱԼԸ։
Ես ծնվել եմ Մեքսիկայի Տամաուլիպաս նահանգի Սյուդադ Մանտե քաղաքում։ Այս գեղեցիկ քաղաքի բնակիչները հիմնականում բարի են ու մեծահոգի։ Ցավոք, հանցագործ խմբավորումների պատճառով այդ տարածքը շատ վտանգավոր է։
Ես մեր ընտանիքի չորս երեխաներից երկրորդն էի։ Ծնողներս ինձ մկրտեցին կաթոլիկ եկեղեցում, իսկ ավելի ուշ ես դարձա եկեղեցու երգչախմբի անդամ։ Ցանկանում էի հաճեցնել Աստծուն, քանի որ վախենում էի նրա դատաստանից և դժոխքում հավիտյան այրվելուց։
Երբ հինգ տարեկան էի, հայրս թողեց մեզ։ Դա ինձ մեծ ցավ պատճառեց։ Ներքին դատարկություն էի զգում։ Չէի կարողանում հասկանալ՝ ինչու նա թողեց մեզ. չէ՞ որ մենք նրան շատ էինք սիրում։ Մայրս ստիպված էր երկար ժամեր աշխատել, որպեսզի կարողանար հոգ տանել մեր մասին, այդ պատճառով նա հիմնականում տանը չէր լինում։
Առիթից օգտվելով՝ փախչում էի դպրոցից ու ժամանակ անցկացնում ինձանից տարիքով մեծ տղաների հետ։ Նրանք ինձ սովորեցնում էին հայհոյել, ծխել, գողություն անել և կռվել։ Ես սիրում էի իշխանություն բանեցնել մարդկանց վրա։ Ուստի սովորեցի բռնցքամարտ, ըմբշամարտ, ինչպես նաև այլ մարտարվեստներ։ Նաև սովորեցի զենք գործածել։ Արդյունքում դարձա դաժան ու բռնասեր պատանի։ Հաճախ էի ներքաշվում կռիվների մեջ, որոնց ժամանակ նույնիսկ հրազեն էինք օգտագործում։ Շատ անգամ ինձ արյունլվա թողնում էին փողոցում ընկած, որ մահանամ։ Պատկերացնում եմ, թե ինչ ցավ էր զգում ու ինչ ծանր ապրումներ էր ունենում մայրս, երբ գտնում էր ինձ այդ վիճակում և շտապ տանում հիվանդանոց։
Մի անգամ մեր տուն եկավ իմ մանկության ընկերներից մեկը՝ Խորխեն։ Այդ ժամանակ 16 տարեկան էի։ Խորխեն ասաց, որ Եհովայի վկա է և ուզում է մի կարևոր լուր հայտնել։ Նա պատմեց իր հավատալիքների մասին՝ դրանք հիմնավորելով Աստվածաշնչով։ Ես երբեք չէի կարդացել Աստվածաշունչը և շատ տպավորվեցի՝ իմանալով Աստծու անվան ու նպատակների մասին։ Խորխեն առաջարկեց Աստվածաշունչ ուսումնասիրել, և մենք համաձայնվեցինք։
ԻՆՉՊԵՍ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽԵՑ ԻՄ ԿՅԱՆՔԸ։
Ես մեծ թեթևություն զգացի, երբ իմացա, որ դժոխքի կրակներում այրվելու ուսմունքը կեղծ է, և Աստվածաշունչը նման բան չի սովորեցնում (Սաղմոս 146։4; Ժողովող 9։5)։ Այդ ժամանակվանից սկսած՝ այլևս Աստծու հանդեպ հիվանդագին վախ չունեի։ Ես հասկացա, որ նա սիրառատ Հայր է, ու միմիայն լավն է ուզում իր զավակների համար։
1 Կորնթացիներ 15։33 համարում գրված խորհուրդը։ Այնտեղ ասվում է, որ վատ ընկերակցությունները «ապականում են օգտակար սովորությունները», այլ կերպ ասած՝ քայքայում են մարդու բարոյական արժեքները։ Հասկացա, որ եթե ուզում եմ փոխել իմ անձնավորությունը, պետք է այլևս չշփվեմ այն մարդկանց հետ, ովքեր վատ ազդեցություն են թողնում ինձ վրա։ Ես խզեցի կապերս հին ընկերներիս հետ և նոր ընկերներ ձեռք բերեցի քրիստոնեական ժողովում, որտեղ մարդիկ իրենց խնդիրները ոչ թե բռունցքների օգնությամբ են լուծում, այլ աստվածաշնչյան սկզբունքների։
Ես շարունակեցի ուսումնասիրել Աստվածաշունչը և շուտով հասկացա, որ պետք է փոփոխություններ անեմ իմ կյանքում։ Պետք է խոնարհություն զարգացնեի և այլևս բռնության չդիմեի։ Ինձ շատ օգնեցԻնձ շատ օգնեց նաև Հռոմեացիներ 12։17–19-ում արձանագրված խորհուրդը։ Այնտեղ ասվում է. «Ոչ մեկին չարի փոխարեն չարով մի՛ հատուցեք.... Եթե հնարավոր է, որքանով որ ձեզանից է կախված, խաղաղություն ունեցեք բոլոր մարդկանց հետ.... Վրեժխնդիր մի՛ եղեք ձեր անձերի համար.... որովհետև գրված է. «Վրեժխնդրությունը իմն է։ Ե՛ս կհատուցեմ»,— ասում է Եհովան»։ Ես սովորեցի, որ Եհովան անարդարությունը կվերացնի իր որոշած ձևով և իր որոշած ժամանակ։ Աստիճանաբար փոխեցի վայրագ բնավորությունս և ապրելակերպս։
Մի օր տուն վերադառնալիս ինձ հետ պատահեց մի բան, որ երբեք չեմ մոռանա։ Մի խումբ երիտասարդներ, որոնք իմ նախկին հակառակորդ հանցախմբից էին, հարձակվեցին ինձ վրա։ Հանցախմբի պարագլուխը հարվածեց մեջքիս ու գոռաց. «Դե՛, պաշտպանի՛ր քեզ»։ Անմիջապես աղոթեցի Եհովային՝ խնդրելով, որ օգնի՝ զսպեմ բարկությունս։ Չնայած վրեժխնդիր լինելու մեծ ցանկություն ունեի, բայց կարողացա հեռանալ։ Հաջորդ օրը նորից հանդիպեցի հանցախմբի պարագլխին. այս անգամ նա մենակ էր։ Նրան տեսնելուն պես զայրույթն ու վրեժխնդիր լինելու ցանկությունը կրկին համակեցին ինձ, բայց նորից խնդրեցի Եհովային, որ օգնի՝ ինքնատիրապետում դրսևորեմ։ Ի զարմանս ինձ՝ երիտասարդը մոտեցավ ու ասաց. «Կներես երեկվա պահվածքիս համար։ Ճիշտն ասած՝ շատ եմ ուզում քեզ նման դառնալ։ Ես էլ եմ ուզում ուսումնասիրել Աստվածաշունչը»։ Այնքա՜ն ուրախ էի, որ կարողացել էի զսպել բարկությունս։ Արդյունքում նա էլ սկսեց ուսումնասիրել Աստվածաշունչը։
Ցավոք, ընտանիքիս անդամները դադարեցին ուսումնասիրել Աստվածաշունչը, բայց ես վճռեցի շարունակել ուսումնասիրությունս և թույլ չտալ, որ ինչ-որ մեկը կամ ինչ-որ բան կանգնեցնի իմ հոգևոր ընթացքը։ Գիտեի, որ Աստծու ժողովրդի հետ ընկերակցելը կօգնի, որ հաղթահարեմ զգացական խնդիրներս և ունենամ իսկական ընտանիք, որի կարիքը շատ ունեի։ Ես շարունակեցի առաջադիմել և 1991 թ.-ին մկրտվեցի՝ դառնալով Եհովայի վկա։
ԻՆՉ ՕԳՈՒՏՆԵՐ ԵՄ ՍՏԱՑԵԼ։
Մի ժամանակ սիրտս լի էր դառնությամբ։ Ես իշխող ու դաժան անձնավորություն էի։ Բայց Աստծու Խոսքը ինձ լիովին վերափոխեց։ Այժմ ես մարդկանց պատմում եմ խաղաղության մասին աստվածաշնչյան լուրը և 23 տարի է՝ առանձնաշնորհում ունեմ ծառայելու որպես լիաժամ քարոզիչ։
Որոշ ժամանակ կամավոր աշխատանքներ եմ կատարել Եհովայի վկաների՝ Մեքսիկայի մասնաճյուղում։ Այնտեղ ծառայելու ընթացքում հանդիպեցի մի երիտասարդ եռանդուն կնոջ՝ Կլաուդիային։ 1999 թ.-ին մենք ամուսնացանք։ Երախտապարտ եմ Եհովային, որ օրհնել է ինձ՝ տալով նրա նման հավատարիմ ընկեր։
Ես ու կինս ծառայել ենք Մեքսիկայի՝ ժեստերի լեզվով ժողովում՝ օգնելով լսողական խնդիրներ ունեցողներին ճանաչել Եհովային։ Հետո մեզ խնդրեցին տեղափոխվել Բելիզ, որ այդ երկրում օգնենք մարդկանց հասկանալ Աստվածաշունչը։ Թեև այստեղ շատ պարզ կյանքով ենք ապրում, բայց ունենք անհրաժեշտ ամեն բան երջանիկ լինելու համար։ Մենք դա ոչ մի բանի հետ չենք փոխի։
Ժամանակի ընթացքում մայրս վերսկսեց ուսումնասիրությունը և մկրտվեց։ Մեծ եղբայրս, նրա կինը և երեխաները այժմ նույնպես Վկաներ են։ Իմ հին ընկերներից ոմանք, ում ես մի ժամանակ պատմել եմ աստվածաշնչյան լուրը, այսօր ծառայում են Եհովային։
Ցավոք, իմ ընտանիքի անդամներից մի քանիսը մահացան, քանի որ այդպես էլ չփոխեցին իրենց վայրագ ապրելակերպը։ Եթե ես էլ շարունակեի նույն ձևով ապրել, ապա, հավանաբար, իմ վերջն էլ նույնը կլիներ։ Անչափ շնորհակալ եմ Եհովային, որ օգնել է ինձ ճանաչելու իրեն ու իր ծառաներին, որոնք սիրով ու համբերատարորեն սովորեցրել են ինձ կյանքում կիրառել աստվածաշնչյան սկզբունքները։