Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Քառագիրը՝ «Եհովա» սուրբ անունը ներկայացնող եբրայերեն չորս տառերը (ընթերցվում է աջից ձախ)

Զորեղ հավաստիացում, որ տալիս է եբրայերեն ամենափոքր տառը

Զորեղ հավաստիացում, որ տալիս է եբրայերեն ամենափոքր տառը

Կարո՞ղ ենք վստահ լինել, որ Աստծու բոլոր խոստումները կիրականանան։ Հիսուսը համոզված էր դրանում, և այն, ինչ նա սովորեցնում էր, կերտում էր իր ունկնդիրների հավատը։ Քննենք, թե Լեռան քարոզում Հիսուսը ինչ օրինակ բերեց, որն արձանագրված է Մատթեոս 5։18-ում. «Ճշմարիտ ասում եմ ձեզ. նույնիսկ եթե երկինքն ու երկիրը անհետանան, Օրենքի ամենափոքր տառը կամ տառի մի մասնիկը չի անհետանա, մինչև որ բոլոր բաները չկատարվեն»։

Եբրայերեն այբուբենի ամենափոքր տառը՝ י (յոդ), քառագրի՝ Աստծու սուրբ անվան առաջին տառն է։ * Դպիրներն ու փարիսեցիները, բացի Աստծու Օրենքի բառերից ու տառերից, շատ էին կարևորում նաև «տառի մի մասնիկը»։

Հիսուսի խոսքերի համաձայն՝ ավելի հավանական է, որ երկինքն ու երկիրը անհետանան, քան որ Օրենքի ամենափոքր մասնիկը չկատարվի։ Իսկ Սուրբ Գիրքը վստահեցնում է մեզ, որ բառացի երկինքն ու երկիրը հավիտյան կմնան (Սաղմոս 78։69)։ Ուստի այս դիպուկ խոսքերը ցույց են տալիս, որ Օրենքի նույնիսկ ամենափոքր մասնիկը անպայման կկատարվի։

Եհովա Աստված հետաքրքրվա՞ծ է մանրուքների կատարմամբ։ Այո՛։ Նկատի առնենք հետևյալը. հնում իսրայելացիներին ասվել էր, որ Պասեքի գառան մի ոսկորն անգամ չկոտրեն (Ելք 12։46)։ Գուցե սա մանրուք թվար։ Իսրայելացիները հասկանո՞ւմ էին, թե ինչու չպետք է անեին դա։ Հավանաբար ո՛չ։ Եհովա Աստված գիտեր, սակայն, որ այդ «մանրուքը» մարգարեական նշանակություն ուներ. այն ցույց էր տալիս, որ երբ Մեսիային տանջանքի ցցի վրա մահվան մատնեին, նրա ոսկորներից և ոչ մեկը չէր կոտրվելու (Սաղմոս 34։20; Հովհաննես 19։31–33, 36

Ի՞նչ են սովորեցնում մեզ Հիսուսի խոսքերը։ Մենք նույնպես կարող ենք լիովին վստահ լինել, որ Եհովա Աստծու բոլոր խոստումները կիրականանան, մինչև իսկ ամենաաննշան մանրուքը։ Ի՜նչ զորեղ հավաստիացում է տալիս մեզ եբրայերեն ամենափոքր տառը։

^ պարբ. 3 Հունարեն այբուբենի ամենափոքր տառը ι-ն է (յոտա), որը համարժեք է եբրայերեն י (յոդ) տառին։ Քանի որ Մովսիսական օրենքը գրվել և փոխանցվել էր եբրայերենով, Հիսուսը, ըստ երևույթին, նկատի ուներ եբրայերեն տառը։