Երբ պայքարում եք լուրջ հիվանդության դեմ
ԵԹԵ ձեզ կամ ձեր հարազատին ախտորոշել են կյանքին վտանգ սպառնացող հիվանդություն, ուրեմն դուք լավ գիտեք՝ ինչ դժվար է այդ ամենը տանելը, քանի որ հիվանդության հետ մեկտեղ նաև պետք է պայքարել հոգեկան ծանր ապրումների դեմ։ Վախն ու անհանգստությունը հաճախ ավելի են սաստկանում բժշկական տարբեր պրոցեդուրաների, անհրաժեշտ բուժում ստանալու հետ կապված տարբեր դժվարությունների, ծախսերի կամ էլ դեղորայքի անցանկալի կողմնակի ազդեցությունների պատճառով։ Այս ամենը կարող է իսկապես ուժասպառ անել մարդուն։
Որտեղի՞ց կարելի է օգնություն գտնել։ Շատերը զգացել են, որ ամենամեծ մխիթարությունը ստանում են՝ Աստծուն աղոթելով և Աստվածաշնչից սփոփիչ մտքեր կարդալով։ Օգնության մեկ այլ աղբյուր են ընտանիքի անդամներն ու ընկերները, որոնք սիրում են մեզ և պատրաստ են աջակցել։
ԻՆՉՊԵՍ ԵՆ ՈՄԱՆՔ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ
58-ամյա Ռոբերտն ասում է. «Հիվանդության դեմ պայքարում ամուր բռնիր Աստծու ձեռքը և կզգաս, թե ինչպես է նա հոգ տանում քեզ այդ ողջ ընթացքում։ Աղոթիր Եհովային։ Ասա նրան՝ ինչ ես զգում։ Խնդրիր, որ տա իր սուրբ ոգին, որ զորացնի քեզ, որպեսզի ուժեղ լինես հանուն քո ընտանիքի և կարողանաս արժանապատվությամբ ու հանդարտությամբ տանել այդ ամենը»։
Ռոբերտը ավելացնում է. «Այնքան մխիթարական է, երբ զգում ես, որ ընտանիքիդ անդամները միշտ կողքիդ են, էմոցիոնալ առումով աջակցում են քեզ։ Ինձ շատ են քաջալերում նաև տարբեր տեղերում ապրող ընկերներս։ Չի լինում մի օր, որ ինձ չզանգահարեն ու չհարցնեն՝ ինչպես եմ։ Նրանք ինձ շատ են ոգևորում, և դա օգնում է, որ թևաթափ չլինեմ»։
Եթե դուք հիվանդ ընկեր ունեք, ում պատրաստվում եք այցելել, ուշադրություն դարձրեք, թե դրա հետ կապված ինչ է ասում Լինդան. «Հիվանդն անշուշտ ցանկանում է հնարավորինս նորմալ կյանքով ապրել և երբեմն գուցե չցանկանա խոսել իր հիվանդության մասին։ Ուստի խոսիր այնպիսի բաների մասին, ինչի մասին սովորաբար կխոսեիր»։
Աստծու տված ուժի և նրա Խոսքից ստացած մխիթարության, ինչպես նաև մեզ սիրող ընկերների ու ընտանիքի անդամների աջակցության շնորհիվ մենք վստահությամբ կլցվենք և համոզված կլինենք, որ արժե ապրել, անգամ երբ պայքարում ենք ծանր հիվանդության դեմ։