Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՄԵՐ ԱՐԽԻՎԻՑ

Հանրային ելույթների միջոցով բարի լուրը տարածվեց Իռլանդիայում

Հանրային ելույթների միջոցով բարի լուրը տարածվեց Իռլանդիայում

ՇՈԳԵՆԱՎԸ մտավ Բելֆաստ Լոխ ծովածոց։ Տախտակամածի վրա հավաքված ուղևորների առաջ հրաշալի տեսարան բացվեց։ Ծովածոցը գրկած կանաչ բլուրները ողողվել էին վաղորդյան շողերով։ 1910 թվականի մայիսն էր։ Ուղևորներից մեկի՝ Չարլզ Թեյզ Ռասելի համար սա հինգերորդ ուղևորությունն էր դեպի Իռլանդիա։ Տեսադաշտում ուրվագծվեցին երկու հսկա օվկիանոսային նավեր, որոնց շինարարությունը ընթացքի մեջ էր։ Մեկը տխրահռչակ «Տիտանիկն» էր, մյուսը՝ նրա նմանակը՝ «Օլիմպիկը»։ * Նավաշինարանի առաջ՝ նավամատույցի վրա, կանգնած էին տասնյակ Աստվածաշունչ ուսումնասիրողներ, որոնք սպասում էին եղբայր Ռասելի ժամանմանը։

Դեռևս մոտ 20 տարի առաջ վերջինս մտածում էր, թե որն է բարի լուրը աշխարհով մեկ տարածելու լավագույն մեթոդը, ուստի որոշեց մի շարք ուղևորություններ կատարել Ամերիկայից դուրս։ Սկսելով իր առաջին շրջագայությունը՝ նա 1891 թ. հուլիսին ուղևորվեց Իռլանդիա։ Երբ «Սիթի օֆ Չիկագո» նավը մոտեցավ Քուինսթաունի ափերին, նա տեսավ, թե ինչպես է արևը հանգչում այդ բնակավայրի վրա, ու հավանաբար նրա մտքում կենդանացավ իր ծնողների հայրենի երկրի նկարագիրը։ Խնամված քաղաքներով ու գեղեցիկ գյուղական տարածքներով շրջելիս Չարլզ Ռասելը և իր ուղեկիցները հասկացան, որ այս երկիրը հասունացած արտ է և «պատրաստ է հնձի»։

Եղբայր Ռասելը ընդհանուր առմամբ յոթ անգամ է այցելել Իռլանդիա։ Նրա առաջին այցելությունը այնպիսի հետաքրքրություն առաջացրեց, որ հետագա այցելությունների ընթացքում մարդիկ հարյուրներով, երբեմն էլ հազարներով էին գալիս՝ լսելու նրան։ 1903 թ. մայիսին՝ երկրորդ շրջագայության ժամանակ, թերթերը նախապես ազդարարեցին Բելֆաստում և Դուբլինում կայանալիք հանրային հանդիպումների մասին։ Եղբայր Ռասելի խոսքերով՝ «ունկնդիրները շատ ուշադիր էին լսում» «Ուխտով հաստատված խոստումը» ելույթը, որը Աբրահամի հավատի և մարդկությանը սպասող օրհնությունների մասին էր։

Իռլանդիայում մարդկանց ցուցաբերած հետաքրքրությունը այնքան մեծ էր, որ Ռասելը որոշեց դեպի Եվրոպա կատարած իր երրորդ շրջագայության երթուղու մեջ դարձյալ ընդգրկել Իռլանդիան։ 1908-ին՝ ապրիլյան մի առավոտ, երբ նա ոտք դրեց Բելֆաստի նավամատույցին, նրան դիմավորեցին հինգ եղբայրներ։ Նույն օրը՝ երեկոյան, «մոտ 300 բանիմաց ունկնդիրներ» հավաքվեցին՝ լսելու նախապես ազդարարված «Սատանայի կայսրության տապալումը» ելույթը։ Ներկաներից մի տղամարդ սկսեց հակաճառել եղբայր Ռասելին, բայց վերջինս, հմտորեն օգտագործելով Աստվածաշունչը, պատասխանեց նրան։ Մինչ այդ Դուբլինում ավելի ուժգին հակառակություն էր եղել։ Պարոն Օ’Քոնորը՝ Երիտասարդ մարդկանց քրիստոնեական ասոցիացիայի քարտուղարը, փորձել էր ավելի քան 1000-հոգանոց դահլիճը Աստվածաշունչ ուսումնասիրողների դեմ հանել։ Ինչպե՞ս էր դա տեղի ունեցել։

Եկեք մտովի տեղափոխվենք անցյալ և պատկերացնենք, թե ինչ կարող էր տեղի ունեցած լինել այդ ժամանակ։ Մի տղամարդ, ցանկանալով գտնել աստվածաշնչյան ճշմարտությունը, որոշում է գնալ և ունկնդրել «Այրիշ թայմսում» ազդարարված հանրային ելույթը։ Լեփ-լեցուն դահլիճում նա դժվարությամբ նստելու տեղ է գտնում։ Այս տղամարդը համակ ուշադրությամբ լսում է ալեհեր, մորուքավոր հռետորին, որի հագին սև երկար պիջակ կա։ Հռետորը քայլում է բեմի վրա և անկաշկանդ ժեստեր անում։ Նա սուրբգրային համարները տրամաբանորեն կապում է իրար և բացատրում աստվածաշնչյան ճշմարտությունները։ Տղամարդու աչքերը ասես բացվում են, և նա սկսում է հասկանալ դրանք։ Նույնիսկ առանց ձայնային սարքավորման՝ հռետորի ձայնը հասնում է դահլիճի ամեն անկյուն՝ ունկնդիրների ուշադրությունը ժամ ու կես կենտրոնացած պահելով ասելիքի վրա։ Ելույթից հետո ունկնդիրներին հնարավորություն է ընձեռվում հարցեր տալու։ Այդ ժամանակ Օ’Քոնորն ու նրա ընկերները սկսում են բանավիճել հռետորի հետ, սակայն վերջինս Աստվածաշնչով հմտորեն պաշտպանում է իր քարոզած ճշմարտությունները։ Ունկնդիրները սկսում են ծափահարել՝ ցույց տալով իրենց համաձայնությունը։ Երբ կրքերը հանդարտվում են, ճշմարտությամբ հետաքրքրված տղամարդը մոտենում է եղբայրներին, որպեսզի իրեն օգնեն ավելին իմանալ այդ ամենի մասին։ Ականատեսների պատմածով՝ շատերը հենց այսպես են ճշմարտությունն ընդունել։

1909 թ. մայիսին եղբայր Ռասելը «Մավրիտանիա» նավով մեկնեց Նյու Յորքից՝ կատարելու իր չորրորդ շրջագայությունը։ Նա ուզում էր ճանապարհորդելու ընթացքում ժամանակը արդյունավետ օգտագործել, ուստի իր հետ վերցրեց եղբայր Հանցինգերին, որը սղագրող էր, որպեսզի ճանապարհին նրան թելադրեր «Դիտարանի» հոդվածները։ Բելֆաստում եղբայր Ռասելի հանրային ելույթը լսելու եկան 450 մարդ, որոնցից մոտ հարյուրը նստելու տեղ չգտան ու կանգնած մնացին։

Եղբայր Չ. Թ. Ռասելը՝ «Լուզիտանիա» նավի վրա

Հինգերորդ ուղևորությունը, որի մասին նշված է հոդվածի սկզբում, նույն ձևով անցավ։ Դուբլինում հնչած հերթական հանրային ելույթից հետո մի հանրահայտ աստվածաբան, որին բերել էր Օ’Քոնորը, սկսեց հարցակոխ անել եղբայր Ռասելին։ Սակայն նրա հարցերը նույնպես առանց սուրբգրային պատասխանների չմնացին, ինչը հիացրեց ունկնդիրներին։ Հաջորդ օրը եղբայր Ռասելն իր ուղեկիցների հետ փոստատար նավով ուղևորվեց Լիվերպուլ, այնտեղից էլ հանրահայտ «Լուզիտանիա» * նավով ճանապարհ ընկավ դեպի Նյու Յորք։

Հանրային ելույթի ազդագիրը՝ «Այրիշ թայմսում», 20 մայիսի, 1910 թ.

1911 թ.-ին՝ վեցերորդ և յոթերորդ շրջագայությունների ժամանակ, եղբայր Ռասելը դարձյալ հանրային ելույթներ ունեցավ, որոնց մասին նախապես ազդարարվեց։ Գարնանը Բելֆաստում հնչեց «Հանդերձյալ կյանք» վերնագրով ելույթը, որը լսելու համար 20 Աստվածաշունչ ուսումնասիրողներին միացավ 2 000 հոգի։ Դուբլինում կրկին հայտնվեց Օ’Քոնորը, այս անգամ՝ մեկ ուրիշ կրոնական ծառայողի հետ, բայց նրանց հարցերին նորից Աստվածաշնչի վրա հիմնված պատասխաններ տրվեցին, ինչն ունկնդիրները ողջունեցին ծափահարություններով։ Այդ նույն տարի՝ աշնանը, եղբայր Ռասելը ուրիշ քաղաքներ էլ այցելեց, որտեղ նույնպես շատ մարդիկ հավաքվեցին։ Դուբլինում Օ’Քոնորը ևս մեկ անգամ փորձեց խափանել հավաքույթը՝ իր հետ բերելով 100 հոգուց բաղկացած խառնամբոխ։ Սակայն ներկաները ոգևորությամբ թիկունք կանգնեցին հռետորին։

Թեպետ այդ ժամանակներում հիմնականում եղբայր Ռասելն էր հանրային ելույթներ ունենում, նա գիտակցում էր, որ «անփոխարինելի մարդ չկա», քանի որ «սա մարդու գործ չէ, այլ Աստծու գործն է»։ Ազդարարվող հանրային ելույթները, որոնք մերօրյա հանրային հանդիպումների նախակարապետն էին, սուրբգրային ճշմարտությունները տարածելու հրաշալի հնարավորություն էին ընձեռում։ Դրանք նպաստեցին բարի լուրի տարածմանը, և Իռլանդիայի բազմաթիվ քաղաքներում ժողովներ կազմավորվեցին։ (Մեծ Բրիտանիայի մեր արխիվներից)

^ պարբ. 3 Երկու տարի անց «Տիտանիկը» խորտակվեց։

^ պարբ. 9 1915 թ. մայիսին «Լուզիտանիա» նավը, ստորջրյա ականից վնասվելով, խորտակվեց Իռլանդիայի հարավային ափերի մոտ։