Կհարթե՞ս տարաձայնությունները և կձգտե՞ս խաղաղության
ԵՀՈՎԱ ԱՍՏՎԱԾ իր ծառաներին հորդորում է թանկ գնահատել խաղաղությունը և միշտ խաղաղարար լինել։ Արդյունքում Աստծու ժողովուրդը խաղաղության առատություն է վայելում։ Դա շատերին է գրավում և ձգում դեպի քրիստոնեական ժողով։
Օրինակ՝ Մադագասկարում մի հայտնի հեքիմ նկատեց, թե ինչ խաղաղություն է տիրում Եհովայի վկաների միջև։ Նա ինքն իրեն ասաց. «Եթե մի օր ցանկանամ որևէ կրոնի անդամ դառնալ, ապա դա կլինի հենց այս կրոնը»։ Որոշ ժամանակ անց նա դադարեց ոգեհարցությամբ զբաղվել, մի քանի ամսվա ընթացքում փոփոխություններ արեց իր ամուսնական կյանքում՝ այն համապատասխանեցնելով աստվածաշնչյան սկզբունքներին, և դարձավ Եհովայի՝ խաղաղության Աստծու ծառա։
Այս մարդու նման՝ ամեն տարի հազարավոր անհատներ, որոնք խաղաղության են տենչում, գտնում են այն քրիստոնեական ժողովում։ Սակայն Աստվածաշունչը հստակ նշում է, որ եթե ժողովում «նախանձ ու կռվասիրություն» կա, դա կարող է փոխհարաբերությունները քայքայել և խնդիրներ ստեղծել (Հակ. 3։14–16)։ Աստվածաշունչը նաև խորհուրդներ է տալիս, թե ինչպես խուսափել այդպիսի խնդիրներից և խաղաղություն պահպանել։ Եկեք նկատի առնենք իրական կյանքից վերցված որոշ իրավիճակներ։
ԽՆԴԻՐՆԵՐ ԵՎ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ
«Աշխատակցիս հետ, որը մեր եղբայրն է, խնդիրներ ունեի։ Մի անգամ, երբ բղավում էինք իրար վրա, երկու մարդ ներս մտան ու ականատես եղան մեր վեճին» (ՔՐԻՍ)։
«Քույրերից մեկը, ում հետ ես հաճախ էի ծառայում, հանկարծ չեղյալ արեց մեր բոլոր պայմանավորվածությունները։ Հետո դադարեց ինձ հետ խոսել։ Չէի հասկանում, թե ինչու» (ՋԱՆԵՏ)։
«Բազմաբաժանորդային կապի միջոցով երեքով խոսում էինք։ Մեզնից մեկը ասաց՝ հաջողություն, ու ես մտածեցի, թե նա հեռախոսը անջատեց։ Ես իմ մյուս զրուցակցին վատ բաներ ասացի նրա մասին, բայց նա իրականում դեռ գծի մեջ էր» (ՄԱՅՔԼ)։
«Մեր ժողովում երկու ռահվիրա քույրեր խնդիրներ ունեին։ Նրանցից մեկը անընդհատ կշտամբում էր մյուսին։ Նրանց վեճը վատ էր անդրադառնում ուրիշների վրա» (ԳԱՐԻ)։
Գուցե մտածես, որ սրանք փոքր խնդիրներ են։ Սակայն դրանք կարող են էմոցիոնալ և հոգևոր մեծ վնաս պատճառել ներգրավված կողմերին։ Ուրախալի է, որ այդ եղբայրներն ու քույրերը հետևեցին Աստվածաշնչի առաջնորդությանը և նրանց միջև խաղաղություն հաստատվեց։ Նրանք աստվածաշնչյան ո՞ր խորհուրդները կիրառեցին։
«Ճանապարհին չվիճեք» (Ծննդ. 45։24)։ Հովսեփը այս խորհուրդը տվեց իր եղբայրներին, որոնք վերադառնում էին իրենց հոր մոտ։ Անկասկած, սա իմաստուն խորհուրդ էր։ Երբ մարդը չի վերահսկում իր զգացումները և շուտ բորբոքվում է, կարող է իրավիճակը սրել և ուրիշներին բարկացնել։ Քրիսը, որը խնդիրներ ուներ իր հավատակցի հետ, հասկացավ, թե որն է իր թերությունը. նրա հպարտությունը թույլ չէր տալիս աշխատանքի վայրում հետևել ցուցումներին։ Բայց նա ուզում էր փոխվել, ուստի ներողություն խնդրեց այն եղբորից, ում հետ վիճել էր։ Նաև սկսեց հսկել իր զգացումները։ Տեսնելով, որ Քրիսը ջանում է փոխվել՝ նրա աշխատակիցը նույնպես սկսեց փոփոխություններ անել։ Այսօր նրանք միասին ուրախությամբ ծառայում են Եհովային։
«Անկեղծ զրույց չլինելիս ծրագրերը խափանվում են» (Առակ. 15։22)։ Ջանետը հասկացավ, որ պետք է հետևի աստվածաշնչյան այս սկզբունքին։ Նա որոշեց «անկեղծ զրուցել» այդ քրոջ հետ։ Զրույցի ընթացքում Ջանետը փորձեց նրբանկատորեն իմանալ, թե ինչու էր քույրը վրդովված։ Սկզբում երկուսն էլ ներքուստ լարված էին, սակայն երբ սկսեցին հանգիստ խոսել իրենց խնդրի մասին, ամեն ինչ փոխվեց։ Պարզվեց, որ այդ քույրը սխալ է հասկացել նախկինում տեղի ունեցած մի իրավիճակ, որին Ջանետը չէր էլ առնչվել։ Նա ներողություն խնդրեց Ջանետից, և այժմ նրանք առաջվա պես համագործակցում են։
«Եթե քո ընծան տանես զոհասեղանի մոտ և այնտեղ հիշես, որ եղբայրդ քո դեմ ինչ-որ բան ունի, թող ընծադ զոհասեղանի դիմաց և գնա, նախ հաշտվիր քո եղբոր հետ և հետո վերադարձիր ու մատուցիր ընծադ» (Մատթ. 5։23, 24)։ Հավանաբար հիշում ես այս խորհուրդը, որ Հիսուսը տվեց իր Լեռան քարոզում։ Մայքլը նեղսրտեց, որ հեռախոսով անմտածված և վատ բաներ էր ասել։ Նա որոշեց իր փոխհարաբերությունները վերականգնել այդ եղբոր հետ։ Ուստի գնաց նրա մոտ և խոնարհաբար ներողություն խնդրեց։ Ի՞նչ եղավ արդյունքը։ Մայքլն ասում է. «Եղբայրս մեծահոգաբար ներեց ինձ»։ Նրանք դարձյալ ընկերներ են։
«Եթե որևէ մեկը մյուսի դեմ գանգատվելու պատճառ ունի, շարունակեք համբերել իրար և մեծահոգաբար ներել միմյանց» (Կող. 3։12–14)։ Երկար տարիներ ռահվիրա ծառայած երկու քույրերին օգնեց մի երեց։ Նա նրբանկատորեն հորդորեց նրանց մտածել այսպիսի հարցերի շուրջ. «Արդյո՞ք իրավունք ունենք թույլ տալու, որ մեր միջև ծագած խնդիրը բացասաբար ազդի ժողովի մյուս անդամների վրա։ Հիմնավոր պատճառ ունե՞նք իրար չհամբերելու և միասին խաղաղությամբ չծառայելու»։ Քույրերը ընդունեցին երեցի խորհուրդը։ Այժմ նրանք հաշտ են ու համերաշխ և միասին մասնակցում են բարի լուրի քարոզչության գործին։
Եթե որևէ մեկը վիրավորել է քեզ, նախ փորձիր կիրառել այն խորհուրդը, որը տրված է վերոնշյալ աստվածաշնչյան համարներում՝ Կողոսացիներ 3։12–14-ում։ Շատերը համոզվել են, որ խոնարհություն դրսևորելով՝ հնարավոր է ներել և մոռանալ տեղի ունեցածը։ Սակայն եթե ջանում ես ներել, բայց չես կարողանում, օգնության է հասնում Մատթեոս 18։15- ում գրված սկզբունքը։ Հիսուսը այստեղ խոսում է այն մասին, թե ինչ է հարկավոր անել, երբ ինչ-որ մեկը լուրջ մեղք է գործում մեկ ուրիշի դեմ։ Սակայն այս սկզբունքը կարելի է կիրառել ցանկացած իրավիճակում, երբ խնդիր ենք ունենում հավատակցի հետ։ Պարզապես մոտեցիր եղբորդ կամ քրոջդ և փորձիր նրբանկատորեն ու խոնարհությամբ խոսել խնդրի մասին և լուծել այն։
Խաղաղություն պահպանելու համար Աստվածաշնչում այլ գործնական առաջարկներ էլ կան։ Դրանցից շատերի հիմքում սուրբ «ոգու պտուղն» է՝ այնպիսի հատկություններ, ինչպիսիք են՝ «սեր, ուրախություն, խաղաղություն, համբերատարություն, բարություն, առաքինություն, հավատ, մեղմություն, ինքնատիրապետում» (Գաղ. 5։22, 23)։ Ինչպես որ յուղն է նպաստում մեքենայի անխափան աշխատանքին, այնպես էլ այս աստվածահաճո հատկություններն են նպաստում խաղաղ փոխհարաբերություններին։
ՏԱՐԲԵՐ ԱՆՀԱՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՐՍՏԱՑՆՈՒՄ ԵՆ ԺՈՂՈՎԸ
Մեզնից յուրաքանչյուրն անհատականություն է և տարբեր խառնվածք ունի։ Դա հարստացնում և հետաքրքիր է դարձնում մեր կյանքը, բայց կարող է նաև տարաձայնությունների և կոնֆլիկտների պատճառ դառնալ։ Մի փորձառու երեց հետևյալ օրինակն է բերում. «Ամաչկոտ մարդը կարող է իրեն անհարմար զգալ ընկերասեր ու շփվող մարդու ներկայությամբ։ Այդպիսի տարբերությունը գուցե էական նշանակություն չունենա, բայց կարող է լուրջ խնդիրների պատճառ դառնալ»։ Ուրեմն ի՞նչ, տարբեր խառնվածք ունեցող մարդիկ անպատճառ խնդիրնե՞ր կունենան։ Նկատի առնենք Հիսուսի առաքյալներից երկուսին։ Ինչպիսի՞ անձնավորություն էր Պետրոսը։ Հնարավոր է՝ մտածես, որ նա անմիջական էր ու իմպուլսիվ։ Իսկ ի՞նչ կարելի է ասել Հովհաննեսի մասին։ Միգուցե մտածես, որ նա սիրալիր անձնավորություն էր, և նրա խոսքերն ու գործերը չափված-ձևված էին։ Գուցե հիմքեր կան այս առաքյալների մասին այդպես մտածելու։ Նրանք տարբեր Գործ. 8։14; Գաղ. 2։9)։ Հետևաբար այսօր էլ լիովին տարբեր խառնվածքներ ունեցող քրիստոնյաները կարող են միասին համագործակցել։
խառնվածքներ ունեին, սակայն միասին լավ էին համագործակցում (Գուցե ձեր ժողովում կա եղբայր կամ քույր, որի խոսքերը և արարքները նյարդայնացնում են քեզ։ Բայց լավ կլինի հիշես, որ Քրիստոսը մահացել է նաև այդ անձնավորության համար, և դու պետք է սեր դրսևորես նրա հանդեպ (Հովհ. 13։34, 35; Հռոմ. 5։6–8)։ Փոխանակ դադարես նրա հետ շփվելուց կամ խուսափես նրանից, հարցրու ինքդ քեզ. «Նրա արած բաները հակասո՞ւմ են Աստծու Խոսքին։ Արդյոք նա մտածվա՞ծ է ինձ նեղացնում, թե՞ մենք պարզապես տարբեր խառնվածքներ ունենք»։ Նաև մտածիր հետևյալ հարցի շուրջ. «Նրա լավ հատկություններից ո՞ր մեկը կուզեի ունենալ»։
Այս վերջին հարցը շատ կարևոր է։ Եթե անհատը ասող-խոսող է, իսկ դու չշփվող, ուշադրություն դարձրու, թե ինչպես է նա հեշտությամբ զրույց սկսում ծառայության ժամանակ։ Միգուցե առաջարկես նրան միասին ծառայել և կտեսնես, թե ինչ կարող ես սովորել նրանից։ Եթե նա ավելի առատաձեռն է, քան դու, նկատիր, թե ինչպիսի ուրախություն կարելի է ստանալ տարեցներին, հիվանդներին կամ կարիքավորներին որևէ բանով օգնելուց։ Փաստորեն, նույնիսկ եթե դու և հավատակիցդ տարբեր խառնվածքներ ունեք, հնարավոր է՝ կարողանաք մտերմանալ, եթե կենտրոնանաք դրական բաների վրա։ Գուցե մտերիմ ընկերներ չդառնաք, բայց դա կօգնի, որ խաղաղություն լինի թե՛ ձեր միջև, թե՛ ժողովում։
Առաջին դարում ապրած քրիստոնյա քույրեր Եվոդիան և Սյունտիքը հավանաբար շատ տարբեր խառնվածքներ ունեին։ Սակայն Պողոս առաքյալը հորդորեց նրանց, որ «միևնույն միտքն ունենան Տիրոջով» (Փիլիպ. 4։2)։ Կջանա՞ս դու էլ հետևել այդ հորդորին ու խաղաղության նպաստել։
ԹՈՒՅԼ ՄԻ՛ ՏՈՒՐ, ՈՐ ԿՈՆՖԼԻԿՏԸ ՇԱՐՈՒՆԱԿՎԻ
Ինչպես ծաղկանոցում աճող մոլախոտերը, այնպես էլ ուրիշների նկատմամբ բացասական զգացումները արմատախիլ չարվելու
դեպքում կարող են վատ հետևանքներ բերել։ Եթե քրիստոնյայի սիրտը լցվի դառնությամբ, դա կարող է ազդել ժողովի ոգու վրա։ Եթե սիրում ենք Եհովային և մեր հավատակիցներին, ամեն ինչ կանենք, որ մեր անձնական տարաձայնությունները չխաթարեն Աստծու ժողովրդի խաղաղությունը։Երբ խնդիրները կամ տարաձայնությունները լուծելիս մեր նպատակը խաղաղություն հաստատելը լինի, մենք մեր ակնկալածից ավելի լավ արդյունքների կհասնենք։ Քննենք մեր քույրերից մեկի օրինակը։ Նա պատմում է. «Մի քույր ինձ երեխայի պես էր վերաբերվում։ Դա ինձ դուր չէր գալիս և այնքան էր նյարդայնացնում, որ սկսեցի նրա հետ կոպիտ վարվել։ Մտածեցի. «Քանի որ նա ինձ հարգանքով չի վերաբերվում, ես էլ նրան հարգանքով չեմ վերաբերվի»»։
Հետո քույրը մտածեց իր արարքների մասին։ Նա ասում է. «Սկսեցի տեսնել իմ թերությունները և ինքս ինձնից հիասթափվեցի։ Հասկացա, որ պետք է փոխեմ մտածելակերպս։ Եհովային աղոթելուց հետո այդ քրոջ համար նվեր գնեցի և մի բացիկ գրեցի, որում ներողություն խնդրեցի իմ վատ վերաբերմունքի համար։ Մենք գրկախառնվեցինք ու որոշեցինք մոռանալ տեղի ունեցածը։ Դրանից հետո այլևս խնդիրներ չունեցանք»։
Մարդիկ խաղաղության կարիք շատ ունեն։ Սակայն երբ կանգնում են իրենց դիրքը կորցնելու վտանգի առաջ կամ խոցվում է նրանց հպարտությունը, շատերը սկսում են անել բաներ, որոնք կարող են խաղաղությունը խաթարել։ Եհովային չերկրպագող շատ մարդիկ այսպես են վարվում, բայց նրա անունը կրողների մեջ պետք է խաղաղություն և միասնություն տիրի։ Աստծու ներշնչմամբ Պողոսը գրեց. «Խնդրում եմ ձեզ, որ ձեր ստացած կոչմանը արժանի կերպով վարվեք՝ կատարյալ խոնարհամտությամբ և մեղմությամբ, համբերատարությամբ, սիրով միմյանց համբերելով, ամեն կերպ ձգտելով պահպանել ոգու տված միասնությունը խաղաղության միավորող կապի մեջ» (Եփես. 4։1–3)։ «Խաղաղության միավորող կապը» անգին է։ Ուստի եկեք ամրացնենք այն և վճռենք լուծել ցանկացած տարաձայնություն, որ գուցե ծագի մեր միջև։