Գիտեի՞ք արդյոք
Հին Բաբելոնի ավերակներում հայտնաբերված աղյուսներն ու դրանց պատրաստման մեթոդները ինչպե՞ս են փաստում, որ Աստվածաշունչը ճշգրիտ է
ՀՆԱԳԵՏՆԵՐԸ հին Բաբելոնի տարածքում պեղել են ահռելի քանակությամբ թրծված աղյուսներ, որոնք օգտագործվել են քաղաքը կառուցելու համար։ Ըստ հնագետ Ռոբերտ Կոլդեվեյի՝ այդպիսի աղյուսներ պատրաստում էին հնոցներում, որոնք գտնվում էին «քաղաքից դուրս, որտեղ լավ կավ կար, և վառելանյութը.... առատ էր»։
Հին արձանագրությունները ցույց են տալիս, որ Բաբելոնի բարձրաստիճան պաշտոնյաները հնոցները օգտագործում էին նաև դաժան նպատակներով։ Փոլ-Ալեն Բյուլին, ով ասորագիտության պրոֆեսոր է Տորոնտոյի համալսարանում, ասում է. «Բաբելոնյան որոշ աղբյուրներ.... նշում են, որ թագավորական հրամանով պետք է այրեին նրանց, ովքեր այնպիսի հանցանք էին գործում, ինչպիսիք են ըմբոստությունն ու սրբապղծությունը»։ Օրինակ՝ Նաբուգոդոնոսորի ժամանակներով թվագրվող մի հին տեքստում ասվում է. «Ոչնչացնել նրանց, այրել, խորովել.... ջեռոցը գցել.... թող նրանց ծուխը վեր բարձրանա, կատաղի բոցով բե՛ր նրանց վախճանը»։
Աստվածաշունչ ընթերցողներին սա հիշեցնում է Դանիել 3-րդ գլխում արձանագրված իրադարձությունները։ Այդ պատմական արձանագրության համաձայն՝ Նաբուգոդոնոսոր թագավորը Բաբելոնից դուրս՝ Դուրա հովտում, մի հսկա ոսկե արձան է կանգնեցնում։ Երբ երեք եբրայեցի երիտասարդներ Սեդրաքը, Միսաքը և Աբեդնագովը հրաժարվում են խոնարհվել այդ արձանի առաջ, Նաբուգոդոնոսորը խիստ բարկանում է և հրամայում, որ հնոցը «յոթ անգամ ավելի ուժեղ վառեն», և նրանց «գցեն կրակով բորբոքված հնոցը»։ Բայց մի հզոր հրեշտակ փրկում է նրանց մահից (Դան. 3։1-6, 19-28)։
Բաբելոնյան աղյուսները նույնպես փաստում են, որ Աստվածաշունչը ճշգրիտ է։ Դրանցից շատերի վրա թագավորին փառաբանող մակագրություն կա։ Այդպիսի մի գրության մեջ հետևյալն է ասվում. «Նաբուգոդոնոսոր, Բաբելոնի թագավոր.... Այս պալատը, որը իմ՝ Մեծությանս բնակության վայրն է, ես ինքս շինեցի.... Թող իմ սերունդները այստեղից ղեկավարեն հավիտյան»։ Այս գրությունը շատ նման է Դանիել 4։30-ում արձանագրված այն խոսքերին, որոնք մեծամտաբար ասել էր Նաբուգոդոնոսորը. «Սա չէ՞ այն մեծ Բաբելոնը, որը ես ինքս շինեցի արքայական տան համար իմ մեծ զորությամբ և ի փառս իմ մեծության»։