Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ինչո՞ւ պետք է «արթուն մնանք»

Ինչո՞ւ պետք է «արթուն մնանք»

«Չգիտեք, թե որ օրն է ձեր Տերը գալու» (ՄԱՏԹ. 24։42

ԵՐԳ 136, 129

1. Օրինակի միջոցով ցույց տուր, թե ինչու է կարևոր հետևել ժամին և ուշադիր լինել, թե ինչ է կատարվում մեր շուրջը (տես հոդվածի սկզբի նկարը)։

ՄՈՏԵՆՈՒՄ է համաժողովը սկսելու ժամը։ Նախագահողը բեմ է բարձրանում և ողջունում բոլորին։ Ներկաները հասկանում են, որ ժամանակն է զբաղեցնելու տեղերը և լսելու «Դիտարանի» նվագախմբի կատարմամբ Թագավորության գեղեցիկ մեղեդիները, և որ ամենակարևորն է՝ սիրտն ու միտքը պատրաստել լսելու այն ելույթները, որ կհնչեն ծրագրի ընթացքում։ Սակայն ոմանք, ովքեր հավանաբար ուշադրություն չեն դարձրել նախագահողին կամ չեն նկատում, որ երաժշտությունն արդեն հնչում է և համաժողովը սկսվել է, դեռ շրջում են սրահում կամ զրուցում իրենց ընկերների հետ։ Այս իրավիճակը ցույց է տալիս, թե ինչ կարող է լինել, եթե մենք ժամին չենք նայում կամ ուշադիր չենք, թե ինչ է տեղի ունենում մեր շուրջը։ Այս օրինակից կարող ենք դաս քաղել, քանի որ առջևում շատ ավելի կարևոր իրադարձություն է սպասվում, և մենք պետք է պատրաստ լինենք դրան։ Ի՞նչ իրադարձություն է դա։

2. Ինչո՞ւ Հիսուսն իր աշակերտներին ասաց արթուն մնալ։

2 «Աշխարհի վախճանի» մասին խոսելիս Հիսուս Քրիստոսը հորդորեց իր աշակերտներին՝ ասելով. «Զգո՛ւյշ եղեք, արթո՛ւն մնացեք, որովհետև չգիտեք, թե երբ է նշանակված ժամանակը»։ Այնուհետև Հիսուսը մի քանի անգամ նորից ասաց. «Արթո՛ւն մնացեք» (Մատթ. 24։3; կարդա Մարկոս 13։32–37)։ Մատթեոսի արձանագրությունից նույնպես երևում է, որ Հիսուսը իր հետևորդներին զգուշացրել է զգոն լինել՝ ասելով. «Արթո՛ւն եղեք, որովհետև չգիտեք, թե որ օրն է ձեր Տերը գալու.... Պատրաստ եղեք, որովհետև այն ժամին, որ չեք կարծում, մարդու Որդին կգա»։ Հետո նա դարձյալ զգուշացրեց. «Արթո՛ւն եղեք, որովհետև ո՛չ օրը գիտեք, ո՛չ ժամը» (Մատթ. 24։42–44; 25։13

3. Ինչո՞ւ ենք լրջորեն վերաբերվում Հիսուսի նախազգուշացմանը։

3 Մենք՝ Եհովայի վկաներս, լրջորեն ենք վերաբերվում Հիսուսի տված նախազգուշացմանը։ Մենք հասկանում ենք, որ ապրում ենք «վերջին ժամանակի» վերջին հատվածում, և շատ քիչ է մնում, որ սկսվի «մեծ նեղությունը» (Դան. 12։4; Մատթ. 24։21)։ Տեսնում ենք, որ ամբողջ աշխարհում կան պատերազմներ, դավանական խառնաշփոթ, սովեր, համաճարակներ, երկրաշարժեր, և գնալով էլ ավելի է տարածվում անբարոյականությունն ու անօրենությունը։ Բացի այս ամենից, Եհովայի ժողովրդի կատարած աշխարհածավալ քարոզչական գործը աննախադեպ չափերի է հասնում (Մատթ. 24։7, 11, 12, 14; Ղուկ. 21։11)։ Մենք անհամբեր սպասում ենք Տիրոջ գալուն և Աստծու կամքի կատարմանը (Մարկ. 13։26, 27

ՕՐԸ ՄՈՏԵՆՈՒՄ Է

4. ա) Ինչո՞ւ կարող ենք ասել, որ Հիսուսն այժմ գիտի, թե երբ է լինելու Արմագեդոնը։ բ) Չնայած որ չգիտենք, թե երբ է մեծ նեղությունը սկսվելու, ինչո՞ւմ կարող ենք վստահ լինել։

4 Մենք գիտենք, որ համաժողովի ծրագրի երկու մասերն էլ սկսվում են կոնկրետ ժամի։ Սակայն ինչ վերաբերում է մեծ նեղությանը, չենք կարող իմանալ, թե որ տարում կսկսվի այն, առավել ևս օրն ու ժամը։ Երկրի վրա եղած ժամանակ Հիսուսն ասաց. «Այդ օրվա և ժամի մասին ոչ ոք չգիտի, ո՛չ երկնքի հրեշտակները, ո՛չ էլ Որդին, այլ միայն Հայրը» (Մատթ. 24։36)։ Սակայն երկնքում Քրիստոսը արդեն իշխանություն է ստացել, որպեսզի պատերազմի Սատանայի աշխարհի դեմ (Հայտն. 19։11–16)։ Ուստի տրամաբանական է եզրակացնել, որ Հիսուսը արդեն գիտի՝ երբ է տեղի ունենալու Արմագեդոն պատերազմը։ Բայց քանի որ մենք չգիտենք, շատ կարևոր է, որ զգոն լինենք, մինչ կսկսվի մեծ նեղությունը։ Ինչ խոսք, Եհովան կոնկրետ որոշել է, թե երբ է վերջը լինելու, և մեծ նեղությունը օր օրի մոտենում է, այն «չի ուշանա» (կարդա Ամբակում 2։1–3)։ Ինչո՞ւ կարող ենք վստահ լինել դրանում։

5. Օրինակի միջոցով ցույց տուր, որ Եհովայի մարգարեությունները միշտ կատարվում են ճիշտ ժամանակին։

5 Եհովայի մարգարեությունները միշտ կատարվել են ճիշտ ժամանակին։ Օրինակ՝ նա կոնկրետ օր էր որոշել, թե երբ է իսրայելացիներին ազատելու Եգիպտոսից։ Մովսեսը մ. թ. ա. 1513-ի նիսանի 14-ի մասին գրեց. «Չորս հարյուր երեսուն տարիների ավարտին՝ հենց այդ նույն օրը, Եհովայի ողջ զորքը դուրս եկավ Եգիպտոսից» (Ելք 12։40–42)։ Այդ «չորս հարյուր երեսուն տարիները» սկսվեցին, երբ Աբրահամի հետ կապած Եհովայի ուխտը ուժի մեջ մտավ՝ մ. թ. ա. 1943-ին (Գաղ. 3։17, 18)։ Որոշ ժամանակ անց Եհովան ասաց Աբրահամին. «Ստույգ իմացիր, որ քո հետնորդները պանդուխտ պիտի լինեն մի երկրում, որն իրենցը չէ, և նրանք պիտի ծառայեն այնտեղի մարդկանց, ու այդ մարդիկ չորս հարյուր տարի պիտի չարչարեն նրանց» (Ծննդ. 15։13; Գործ. 7։6)։ Այդ տառապալի «չորս հարյուր տարիները» ակներևաբար սկսվեցին մ. թ. ա. 1913-ին, երբ Իսահակը կաթից կտրվեց ու Իսմայելը ծաղրեց նրան, և վերջացան մ. թ. ա. 1513-ին, երբ իսրայելացիները դուրս եկան Եգիպտոսից (Ծննդ. 21։8–10; Գաղ. 4։22–29)։ Այո՛, չորս դար առաջ Եհովան որոշել էր, թե կոնկրետ երբ էր ազատելու իր ժողովրդին։

6. Ինչո՞ւ կարող ենք վստահ լինել, որ Եհովան կփրկի իր ժողովրդին։

6 Հեսուն, ով նույնպես Եգիպտոսից ազատագրվածների մեջ էր եղել, հիշեցրեց բոլոր իսրայելացիներին. «Դուք լավ գիտեք ձեր ամբողջ սրտով ու ձեր ամբողջ հոգով, որ այն բարի խոսքերից և ոչ մեկը, որ ձեր Աստված Եհովան խոսեց ձեզ հետ, առանց կատարվելու չմնաց։ Բոլորն էլ կատարվեցին ձեզ համար։ Նրանցից և ոչ մի խոսք առանց կատարվելու չմնաց» (Հեսու 23։2, 14)։ Մենք նույն վստահությունը կարող ենք ունենալ, որ Եհովայի խոստումը՝ իր ժողովրդին մեծ նեղությունից ազատելու, կիրականանա։ Այնուամենայնիվ, եթե ուզում ենք այս աշխարհի կործանումից վերապրել, պետք է արթուն մնանք։

ՓՐԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԶԳՈՆ ԼԻՆԵԼ

7, 8. ա) Ո՞րն էր դետի դերը անցյալում, և ի՞նչ ենք սովորում դրանից։ բ) Բեր օրինակ, թե ինչ կարող էր տեղի ունենալ, եթե դետը քնով անցներ։

7 Հասկանալու համար, թե որքան կարևոր է արթուն մնալ, տեսնենք, թե ինչ է սովորեցնում մեզ անցյալը։ Հին ժամանակներում որոշ մեծ քաղաքներ, այդ թվում Երուսաղեմը շրջապատված էին բարձր պարիսպներով։ Դրանք ոչ միայն պաշտպանում էին քաղաքը թշնամիներից, այլև ծառայում էին որպես դիտակետ։ Գիշեր-ցերեկ դետերը պարսպի վրա և դարպասների մոտ կանգնած հսկում էին քաղաքը։ Նրանք պետք է զգուշացնեին բնակիչներին մոտեցող վտանգի մասին (Ես. 62։6)։ Մարդկանց կյանքը կախված էր նրանից՝ դետերը արթուն և զգոն կմնային, թե ոչ (Եզեկ. 33։6

8 Հրեա պատմիչ Հովսեպոսը պատմում է, որ մ. թ. 70-ին հռոմեական զորքերը կարողացան գրավել Երուսաղեմի պարսպին կից կառուցված Անտոնիոսի ամրոցը, քանի որ դարպասները հսկող պահակները քնած էին։ Այնտեղից զորքը ներխուժեց տաճար, կրակի մատնեց այն և կործանեց ամբողջ Երուսաղեմը, ինչը եղավ հրեա ազգի տեսած ամենամեծ նեղության գագաթնակետը։

9. Ինչի՞ց են շատ մարդիկ այսօր անտեղյակ։

9 Այսօր շատ երկրներ հսկում են իրենց սահմանները զորքերի և անվտանգության համար նախատեսված ժամանակակից տեխնիկայի միջոցով։ Նրանք պաշտպանում են իրենց երկիրը թշնամիներից, որոնք սպառնում են ազգային անվտանգությանը, և հետևում են, որ ոչ ոք չներխուժի իրենց տարածք։ Սակայն այս «դետերը» կարող են նկատել միայն մարդկային կառավարությունների կողմից եկող սպառնալիքները։ Նրանք գաղափար անգամ չունեն, որ երկնքում կա ավելի հզոր կառավարություն, որի վրա իշխում է Հիսուս Քրիստոսը, և տեղյակ չեն, որ շուտով նա դուրս է գալու դատելու բոլոր ազգերին (Ես. 9։6, 7; 56։10; Դան. 2։44)։ Սակայն հոգևորապես արթուն և զգոն լինելով՝ մենք պատրաստ կլինենք այդ օրվան՝ անկախ նրանից, թե երբ կլինի այն (Սաղ. 130։6

ԶԳՈՒՅՇ ԼԻՆԵՆՔ, ՈՐ ՄԵՐ ԶԳՈՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԹՈՒԼԱՆԱ

10, 11. ա) Ինչի՞ց պետք է զգուշանանք և ինչո՞ւ։ բ) Ի՞նչն է համոզում քեզ, որ Սատանան այնպես է ազդել մարդկանց վրա, որ աստվածաշնչյան մարգարեություններին ուշադրություն չդարձնեն։

10 Պատկերացնենք մի դետի, որն ամբողջ գիշեր արթուն է եղել։ Նրա համար ամենադժվարը հերթապահության վերջին ժամերն են, քանի որ գուցե հոգնի ու չկարողանա արթուն մնալ։ Նմանապես, ինչքան մոտենում ենք այս աշխարհի վերջին, այդքան ավելի դժվար է հոգևորապես արթուն մնալ։ Որքա՜ն ողբերգական կլինեն հետևանքները, եթե քնով անցնենք։ Եկեք քննենք երեք գործոն, որոնք կարող են թուլացնել մեր զգոնությունը, եթե զգույշ չլինենք։

11 Սատանան մարդկանց դարձնում է հոգևորի նկատմամբ անտարբեր։ Իր մահից կարճ ժամանակ առաջ Հիսուսը երեք անգամ իր հետևորդներին զգուշացրեց «այս աշխարհի իշխանի» մասին (Հովհ. 12։31; 14։30; 16։11)։ Նա գիտեր, որ Սատանան մարդկանց պահելու էր մտային խավարի մեջ, որպեսզի անտեսեն ապագայի վերաբերյալ Աստվածաշնչի մարգարեությունները, որոնք ցույց են տալիս, որ այս աշխարհի վախճանը շատ մոտ է (Սոփ. 1։14)։ Սատանան կուրացնում է մարդկանց մտքերը կեղծ կրոնի համաշխարհային կայսրության միջոցով։ Նկատե՞լ ես դա մարդկանց հետ զրուցելիս։ Արդյոք Սատանան անհավատների մտքերը չի՞ կուրացրել, որ նրանք չընդունեն, որ մոտ է աշխարհի վերջը, և այն փաստը, որ Քրիստոսը այժմ իշխում է Աստծու Թագավորության վրա (2 Կորնթ. 4։3–6)։ Որքա՞ն հաճախ ես լսում, որ մարդիկ ասում են. «Դա ինձ չի հետաքրքրում»։ Հիմնականում նրանք անտարբերությամբ են արձագանքում, երբ ասում ենք, թե ինչ է լինելու այս աշխարհին։

12. Ինչո՞ւ չպետք է թույլ տանք, որ Սատանան մոլորեցնի մեզ։

12 Թույլ մի՛ տուր, որ ուրիշների անտարբեր վերաբերմունքը թուլացնի քո հոգևոր արթնությունը։ Տեսնենք, թե ինչ է գրում Պողոսը իր հավատակիցներին։ «Դուք շատ լավ գիտեք, որ Եհովայի օրը գալու է,— ապա ավելացնում է,— ճիշտ այնպես, ինչպես գողը գիշերով» (կարդա 1 Թեսաղոնիկեցիներ 5։1–6)։ Հիսուսը նախազգուշացնում է մեզ. «Պատրաստ եղեք, որովհետև մարդու Որդին գուցե գա այն ժամին, որ դուք չեք կարծում» (Ղուկ. 12։39, 40)։ Շուտով Սատանան կմոլորեցնի մարդկանց մեծամասնությանը, որ նրանք մտածեն, թե «խաղաղություն և անվտանգություն» է տիրում, և ամեն ինչ լավ է աշխարհում։ Իսկ ի՞նչ կարող ենք ասել մեր մասին։ Դատաստանի օրը մեզ վրա չի «հասնի այնպես, ինչպես գողերի վրա», եթե «արթուն մնանք և պահպանենք մեր զգոնությունը»։ Ուստի ամեն օր պետք է կարդանք Աստծու Խոսքը և խորհենք, թե ինչ է Եհովան ասում մեզ։

13. Ինչպե՞ս է աշխարհի ոգին ազդում մարդկանց վրա, և ինչպե՞ս կարող ենք խուսափել այդ վտանգավոր ազդեցությունից։

13 Աշխարհի ոգին մարդկանց գցում է հոգևոր քնի մեջ։ Շատերը այն աստիճան են մխրճված իրենց առօրյա գործերի մեջ, որ չեն «գիտակցում իրենց հոգևոր կարիքները» (Մատթ. 5։3)։ Նրանք տարված են այս աշխարհի նյութական բաներով, որոնք առաջ են բերում «մարմնի ցանկություն» և «աչքերի ցանկություն» (1 Հովհ. 2։16)։ Նաև զվարճությունների աշխարհը արբեցնում է մարդկանց «հաճոյասիրությամբ» և տարեցտարի ավելի գայթակղիչ է դառնում (2 Տիմոթ. 3։4)։ Այդ պատճառով Պողոսն ասաց քրիստոնյաներին, որ «չծրագրեն, թե ինչպես կատարել մարմնի ցանկությունները», ինչը մարդուն հոգևոր նիրհի մեջ է գցում (Հռոմ. 13։11–14

14. Ի՞նչ զգուշացում ենք ստանում Ղուկաս 21։34, 35-ում։

14 Մենք ուզում ենք, որ մեզ վրա ազդի ոչ թե աշխարհի ոգին, այլ Աստծու ոգին, որի միջոցով կարողանում ենք հասկանալ, թե ինչ իրադարձություններ են սպասվում առջևում։ [1] (1 Կորնթ. 2։12)։ Սակայն նաև գիտակցում ենք, որ մարդու հոգևոր քնի պատճառ կարող են լինել ոչ թե արտասովոր, այլ կյանքի առօրյա՝ սովորական բաները, եթե թույլ տանք, որ դրանք մեր հոգևոր գործերի տեղը զբաղեցնեն (կարդա Ղուկաս 21։34, 35)։ Ուրիշները գուցե ծաղրեն մեզ հոգևոր արթնություն պահելու համար, բայց դա չպետք է պատճառ լինի, որ կորցնենք վստահությունը այն բանի նկատմամբ, որ ապրում ենք վերջին օրերում (2 Պետ. 3։3–7)։ Ուստի մենք պետք է կանոնավոր շփվենք մեր հավատակիցների հետ ժողովում, որտեղ կա Աստծու սուրբ ոգին։

Ամեն ինչ անո՞ւմ ես, որ հոգևորապես արթուն մնաս (պարբերություն 11–16)

15. Ի՞նչ եղավ Պետրոսի, Հակոբոսի և Հովհաննեսի հետ, և ինչպե՞ս կարող է նման բան պատահել նաև մեզ։

15 Մեր անկատար մարմինը կարող է թուլացնել արթուն մնալու վճռականությունը։ Հիսուսը գիտեր, որ մարդիկ անկատար են և թուլություններ ունեն։ Տեսնենք, թե ինչ տեղի ունեցավ Հիսուսի մահվան նախորդ գիշերը։ Իր անարատությունը պահելու համար նա պետք է աղոթեր իր երկնային Հորը ու զորություն խնդրեր։ Հիսուսը պատվիրեց Պետրոսին, Հակոբոսին և Հովհաննեսին արթուն մնալ, մինչ ինքը կաղոթեր։ Սակայն նրանք չէին գիտակցում այն բանի լրջությունը, ինչ պատահելու էր։ Փոխարեն զգոնություն պահելու՝ նրանք տրվեցին մարմնի թուլությանը ու քնով անցան։ Սակայն Հիսուսը, որ նույնպես հոգնած էր, արթուն մնաց և ջերմեռանդորեն աղոթեց իր Հորը։ Նույնը պետք է անեին նաև առաքյալները (Մարկ. 14։32–41

16. Համաձայն Ղուկաս 21։36-ում արձանագրված Հիսուսի խոսքերի՝ ինչպե՞ս կարող ենք «արթուն մնալ»։

16 Հոգևորապես «արթուն մնալու» համար ավելին է պահանջվում, քան միայն լավ մղումներ ունենալը։ Գեթսեմանի պարտեզում տեղի ունեցածից մի քանի օր առաջ Հիսուսը այդ նույն աշակերտներին ասել էր, որ աղոթքով օգնություն աղաչեն Եհովայից (կարդա Ղուկաս 21։36)։ Հոգևորապես արթուն մնալու համար մենք էլ պետք է անդադար աղոթք անենք (1 Պետ. 4։7

ԶԳՈՆ ԵՂԻՐ

17. Ի՞նչ կարող ենք անել, որ պատրաստ լինենք գալիք իրադարձություններին։

17 Հիսուսն ասաց, որ աշխարհի վերջը գալու է «այն ժամին, որ չենք կարծում», ուստի այժմ ժամանակը չէ հոգևորապես նիրհելու, Սատանայի աշխարհի առաջարկած «լավ կյանքի» պատրանքներով տարվելու և մեր մարմնի թուլություններին տրվելու (Մատթ. 24։44)։ Աստվածաշնչի միջոցով Աստված ու Քրիստոսը հայտնում են, թե ինչ են պատրաստել մեզ համար շատ մոտ ապագայում, և թե ինչպես կարող ենք արթուն մնալ։ Մենք պետք է ուշադրություն դարձնենք մեր հոգևոր վիճակին, Եհովայի հետ ունեցած մեր փոխհարաբերություններին և Թագավորության շահերը առաջին տեղում պահենք։ Պետք է գիտակցենք, թե ինչ ժամանակներում ենք ապրում և ինչ է տեղի ունենում մեր շուրջը, որպեսզի պատրաստ լինենք գալիք իրադարձություններին (Հայտն. 22։20)։ Հիշենք, որ մեր կյանքը արթուն մնալուց է կախված։

^ [1] (պարբերություն 14) Տես «Աստծու Թագավորությունը իշխում է» գրքի 21-րդ գլուխը։