Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Թագավորությունը փնտրեք, ոչ թե նյութական բաներ

Թագավորությունը փնտրեք, ոչ թե նյութական բաներ

«Շարունակեք նրա թագավորությունը փնտրել, և այդ ամենը կտրվի ձեզ» (ՂՈՒԿ. 12։31

ԵՐԳ 40, 98

1. Ո՞րն է անհրաժեշտության և ցանկության միջև տարբերությունը։

ԱՍՈՒՄ են՝ մարդուն քիչ բան է անհրաժեշտ ապրելու համար, բայց այն ամենը, ինչ նա ուզում է ունենալ, վերջ չունի։ Շատերը չեն տեսնում անհրաժեշտության և ցանկության միջև տարբերությունը։ Կան բաներ, առանց որի մարդը չի կարող ապրել։ Օրինակ՝ ուտելիքը, հագուստը, ծածկը մեր հիմնական անհրաժեշտություններն են։ Կան բաներ էլ, որոնք կյանքի համար անհրաժեշտություն չեն, սակայն մարդը ցանկանում է ունենալ։

2. Ի՞նչ են ուզում ոմանք ունենալ։

2 Մարդկանց ցանկությունները տարբեր են՝ կախված բնակության վայրից։ Զարգացող երկրներում շատերը պարզապես ուզում են այնքան փող ունենալ, որ կարողանան բջջային հեռախոս գնել, մոտոցիկլետ կամ փոքր հողատարածք։ Հարուստ երկրներում մարդիկ ձգտում են ունենալ ճոխ զգեստներ, ավելի մեծ տուն, ավելի թանկարժեք մեքենա։ Որտեղ էլ որ ապրենք, բոլորիս համար նյութապաշտության ծուղակն ընկնելու վտանգը կա՝ ցանկանալու ունենալ ավելին՝ անկախ նրանից, դրա կարիքն ունենք, թե ոչ, կամ դա ձեռք բերելու համար միջոցներ կան, թե ոչ։

ԶԳՈՒՇԱՑԻՐ ՆՅՈՒԹԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆԻՑ

3. Ի՞նչ է նյութապաշտությունը։

3 Ի՞նչ է նյութապաշտությունը։ Նյութապաշտ մարդը ավելի շատ կենտրոնանում է նյութական հարստություն ձեռք բերելու վրա, ոչ թե հոգևոր։ Նյութապաշտությունը արտահայտվում է մարդու ցանկություններում ու նախապատվություններում և նրա կյանքում գլխավոր տեղն է զբաղեցնում։ Այն մեր մեջ շատ բաներ ունենալու փափագ է առաջացնում։ Նյութապաշտ մարդը պարտադիր չէ, որ շատ փող ունենա կամ թանկարժեք գնումներ անի։ Նույնիսկ աղքատը կարող է դրա զոհը դառնալ և Թագավորության շահերը մի կողմ մղել (Եբր. 13։5

4. Ինչպե՞ս է Սատանան օգտագործում «աչքերի ցանկությունը»։

4 Սատանան բիզնեսի աշխարհի միջոցով հրապուրում է մարդկանց և փորձում համոզել, որ կյանքը վայելելու համար ձեռք բերեն իրեր, որոնք իրականում անհրաժեշտ չեն։ «Աչքերի ցանկությունն» օգտագործելու հարցում Սատանան իսկական վարպետ է (1 Հովհ. 2։15–17; Ծննդ. 3։6; Առակ. 27։20)։ Այսօր աշխարհը նյութական իրերի չափազանց մեծ տեսականի է առաջարկում, հրաշագեղից մինչև աբսուրդի հասնող բաներ, որոնք շատ գրավիչ են։ Երբևէ գնե՞լ ես որևէ ապրանք ոչ թե այն պատճառով, որ քեզ պետք է եղել, այլ քանի որ այն գովազդի պաստառից կամ խանութի ցուցափեղկից գրավել է աչքդ, իսկ հետո հասկացել ես, որ առանց դրա էլ կարող էիր ապրել։ Այդպիսի ոչ կարևոր իրերը միայն բարդացնում են մեր կյանքը ու ծանրաբեռնում։ Դրանք կարող են ծուղակ դառնալ մեզ համար և շեղել հոգևոր գործերից՝ Աստվածաշունչը ուսումնասիրելուց, ժողովի հանդիպումներին պատրաստվելուց և հաճախելուց, ծառայությանը կանոնավոր մասնակցելուց։ Հիշենք՝ ինչ ասաց Հովհաննես առաքյալը. «Աշխարհն անցնում է, և նրա ցանկությունն էլ»։

5. Ի՞նչ կարող է պատահել նրանց, ովքեր իրենց ուժերը վատնում են նյութական հարստություն ձեռք բերելու համար։

5 Սատանան ուզում է, որ Եհովայի փոխարեն Հարստությանը ծառայենք (Մատթ. 6։24)։ Ովքեր իրենց ուժերը վատնում են նյութական հարստություն կուտակելու համար, նրանց կյանքը լավագույն դեպքում դառնում է դատարկ ու անիմաստ, քանի որ կենտրոնացած է եսասիրական ցանկությունները բավարարելու վրա։ Իսկ որ ամենավատն է, նրանք կարող են կորցնել հավատը և իրենց կյանքը լցնել թշվառությամբ ու հիասթափություններով (1 Տիմոթ. 6։9, 10; Հայտն. 3։17)։ Նրանց հետ պատահում է այն, ինչ Հիսուսը պատմեց սերմնացանի առակում։ Երբ Թագավորության լուրը ցանվում է «փշերի մեջ.... այլ տեսակ ցանկությունները ներխուժում են ու խոսքը խեղդում, և այն անպտուղ է դառնում» (Մարկ. 4։14, 18, 19

6. Ի՞նչ ենք սովորում Բարուքի օրինակից։

6 Նկատի առնենք Բարուքին՝ Երեմիա մարգարեի քարտուղարին։ Երբ մոտեցել էր Երուսաղեմի մարգարեացված կործանումը, Բարուքը սկսեց «մեծամեծ բաներ փնտրել», որոնք շուտով արժեք չէին ունենալու։ Միակ բանը, որի համար նա կարող էր հույս փայփայել, այն էր, ինչ Եհովան էր խոստացել նրան. «Քո հոգին քեզ իբրև ավար պիտի տամ» (Երեմ. 45։1–5)։ Աստված նպատակ չուներ պահպանելու որևէ մեկի ունեցվածքը այն քաղաքում, որը պետք է կործանվեր (Երեմ. 20։5)։ Հիմա, երբ մոտենում է այս աշխարհի վախճանը, հարստություն կուտակելու ժամանակը չէ։ Մենք չպետք է ակնկալենք, որ մեր ունեցվածքը, ինչքան էլ որ այն արժեքավոր լինի, մեզ հետ միասին կփրկվի մեծ նեղությունից (Առակ. 11։4; Մատթ. 24։21, 22; Ղուկ. 12։15

7. Ի՞նչ ենք քննարկելու և ինչո՞ւ։

7 Հիսուսը մեզ հրաշալի խորհուրդ է տվել, թե ինչպես կյանքի համար անհրաժեշտ բաներ ձեռք բերել առանց հոգևոր գործերից շեղվելու, նյութապաշտ դառնալու և ավելորդ տեղը մտահոգվելու։ Նա այդ խորհուրդն ասաց իր Լեռան քարոզում (Մատթ. 6։19–21)։ Եկեք կարդանք և վերլուծենք այդ հատվածը՝ Մատթեոս 6։25–34 համարները։ Դա մեզ վճռականությամբ կլցնի, որ «Թագավորությունը փնտրենք», ոչ թե նյութական բաներ (Ղուկ. 12։31

ԵՀՈՎԱՆ ՀՈԳՈՒՄ Է ՄԵՐ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԸ

8, 9. ա) Ինչո՞ւ չափից շատ չպետք է անհանգստանանք մեզ անհրաժեշտ բաների մասին։ բ) Ինչի՞ց էր տեղյակ Հիսուսը։

8 Կարդա Մատթեոս 6։25։ Երբ Հիսուսն իր ունկնդիրներին ասաց «մի՛ մտահոգվեք ձեր հոգիների համար», դա նույնն է, եթե ասեր՝ «մի՛ անհանգստացեք»։ Նրանք անհանգստանում էին այնպիսի բաների մասին, որոնց համար պետք չէր անհանգստանալ։ Հիսուսն ասաց այլևս չմտահոգվել, և դրա համար պատճառ կար։ Նույնիսկ կարևոր բաների մասին մտահոգությունները կարող են կլանել մարդու ողջ ուշքն ու միտքը և շեղել հոգևորից, ինչն ավելի կարևոր է։ Հիսուսը մտածում էր իր աշակերտների մասին, ուստի Լեռան քարոզում ևս չորս անգամ հիշատակեց այդ վտանգավոր հակումից զգուշանալու մասին (Մատթ. 6։27, 28, 31, 34

9 Ինչո՞ւ Հիսուսն ասաց չմտահոգվել, թե ինչ պիտի ուտենք, խմենք կամ հագնենք։ Մի՞թե սրանք կյանքի համար անհրաժեշտ չեն։ Եթե միջոցներ չունենանք դրանք ձեռք բերելու համար, չե՞նք անհանգստանա։ Անշուշտ, կանհանգստանանք, և Հիսուսը գիտեր դա։ Նա լավատեղյակ էր մարդու ամենօրյա կարիքներին։ Ավելին, նա գիտեր, որ իր աշակերտները դարեր անց՝ «վերջին օրերում», «չափազանց դժվար» պայմաններում էին ապրելու. լինելու էր գործազրկություն, փողի արժեզրկում, սով և աղքատություն (2 Տիմոթ. 3։1)։ Սակայն Հիսուսը նաև գիտակցում էր, որ «հոգին ուտելիքից ավելին է, և մարմինը՝ հագուստից»։

10. Տիպար աղոթքում ինչպե՞ս Հիսուսը ցույց տվեց, թե ինչը պետք է լինի իր հետևորդների կյանքում ամենակարևորը։

10 Մինչ այդ Հիսուսն իր ունկնդիրներին սովորեցրել էր, որ իրենց ֆիզիկական կարիքների համար աղոթեն երկնային Հորը՝ ասելով. «Տուր մեզ այսօր մեր օրվա հացը» (Մատթ. 6։11)։ Կամ ինչպես մեկ ուրիշ առիթով սովորեցրեց ասել՝ «Տուր մեզ մեր օրվա հացը, որքան որ անհրաժեշտ է այդ օրվա համար» (Ղուկ. 11։3)։ Սակայն այս խորհուրդը չէր նշանակում, որ մեր միտքը պետք է զբաղված լինի նյութական կարիքներով։ Հենց այդ նույն տիպար աղոթքում Հիսուսը առաջնահերթությունը տվեց Աստծու Թագավորության գալու մասին խնդրանքին (Մատթ. 6։10; Ղուկ. 11։2)։ Ցանկանալով օգնել իր ունկնդիրներին հանգիստ լինել ու չմտահոգվել՝ Հիսուսը նրանց ուշադրությունը հրավիրեց այն բանի վրա, թե ինչպես է Եհովան իր բոլոր ստեղծագործությունների մասին հոգ տանում։

11, 12. Ի՞նչ ենք սովորում նրանից, թե ինչպես է Եհովան հոգ տանում թռչունների մասին (տես հոդվածի սկզբի նկարը)։

11 Կարդա Մատթեոս 6։26։ Հիսուսն ասաց, որ «ուշադիր նայենք երկնքի թռչուններին»։ Լինելով շատ փոքր արարածներ՝ թռչունները ուտում են մեծ քանակությամբ պտուղներ, սերմեր, միջատներ ու որդեր։ Իրենց մարմնի զանգվածի համեմատ նրանք ավելի մեծ քանակությամբ սնունդ են սպառում, քան մարդը։ Սակայն նրանք հող չեն մշակում ու սերմ չեն ցանում։ Եհովան է նրանց անհրաժեշտ եղածը տալիս (Սաղ. 147։9)։ Ինչ խոսք, նա ուտելիքը չի դնում նրանց կտուցներում։ Թռչուններն իրենք պետք է գնան ու գտնեն իրենց կերակուրը, ինչն, անշուշտ, առատ է։

12 Հիսուսի համար անհիմն էր մտածել, թե երկնային Հայրը, ով կերակրում է թռչուններին, հոգ չի տանի մարդկանց հիմնական կարիքները [1] (1 Պետ. 5։6, 7)։ Նա ուտելիքը չի բերի դնի մեր բերանը, բայց կօրհնի մեր ջանքերը, որ կարողանանք պտուղներ աճեցնել կամ գումար վաստակել մեր ամենօրյա սննդի համար։ Անհրաժեշտության դեպքում նա գուցե ուրիշներին մղի, որ իրենց ունեցածից բաժին տան կարիքավորին։ Թեև Հիսուսը չխոսեց թռչուններին բնով ապահովելու մասին, սակայն Եհովան նրանց տվել է բնազդ, հմտություններ ու «շինանյութ», որ իրենք բներ պատրաստեն։ Եհովան մեզ էլ կարող է օգնել, որ մեր ընտանիքը համապատասխան կացարան ունենա։

13. Ի՞նչն է փաստում, որ մենք երկնքի թռչուններից ավելի թանկ ենք։

13 Հիսուսն իր ունկնդիրներին ասաց. «Չէ՞ որ դուք [երկնքի թռչուններից] ավելի թանկ եք»։ Անկասկած, Հիսուսը նկատի ուներ այն, որ շուտով իր կյանքը տալու էր մարդկանց համար (համեմատիր Ղուկաս 12։6, 7)։ Հիսուսի քավիչ զոհը չէր տրվելու որևէ այլ կենդանի արարածի համար։ Նա մահացել է ոչ թե երկնքի թռչունների, այլ մեզ համար, որպեսզի անվերջ կյանքը վայելենք (Մատթ. 20։28

14. Մտահոգվելով՝ մարդն ի՞նչ չի կարող անել։

14 Կարդա Մատթեոս 6։27։ Հիսուսն ինչո՞ւ ասաց, որ մարդը մտահոգվելով չի կարող իր կյանքը թեկուզ մեկ կանգունով երկարացնել։ Որովհետև չափից շատ մտահոգվելը ոչ մի կերպ չի նպաստում երկարակեցությանը, այլ ընդհակառակը՝ կարող է նույնիսկ կարճացնել կյանքը։

15, 16. ա) Ի՞նչ ենք սովորում նրանից, թե ինչպես է Եհովան հագցնում դաշտի շուշաններին (տես հոդվածի սկզբի նկարը)։ բ) Ի՞նչ հարցեր պետք է տանք ինքներս մեզ և ինչո՞ւ։

15 Կարդա Մատթեոս 6։28–30։ Ո՞վ չի ցանկանում ունենալ գեղեցիկ հագուստ հատկապես հոգևոր միջոցառումների և առիթների համար՝ ծառայության կամ ժողովի հանդիպումների ու համաժողովների։ Բայց պե՞տք է «մտահոգվել հագուստի համար»։ Հիսուսը դարձյալ մեր ուշադրությունը հրավիրում է Եհովայի ստեղծագործությունների՝ այս անգամ «դաշտի շուշանների» արտաքին տեսքի վրա։ Նա հավանաբար նկատի ուներ շուշանի նման ծաղիկները՝ թրաշուշան, հիացինտ, հիրիկ և վարդակակաչ, որոնցից յուրաքանչյուրն իր ուրույն գեղեցկությունն ունի։ Այս բույսերը թել չեն մանում, չեն կարում և չեն գործում հանդերձներ։ Սակայն նրանց ծաղիկներն իրենց գեղեցկությամբ մարդու աչք են շոյում։ Արի ու տես, որ «նույնիսկ Սողոմոնը իր ողջ փառքի մեջ նրանցից ոչ մեկի նման չհագնվեց»։

16 Մտածիր, թե Հիսուսն ինչ ասաց հետո. «Եթե Աստված այդպես է հագցնում դաշտի բույսերին.... մի՞թե ձեզ ավելի լավ չի հագցնի, ո՛վ թերահավատներ»։ Իհա՛րկե կհագցնի։ Սակայն Հիսուսի աշակերտները հավատի պակաս ունեին (Մատթ. 8։26; 14։31; 16։8; 17։20)։ Նրանց ամուր հավատ ու վստահություն էր պետք Եհովայի հանդեպ։ Իսկ որքանո՞վ է ամուր մեր հավատը։ Վստա՞հ ենք, որ Եհովան ցանկանում է և կարող է հոգ տանել մեր մասին։

17. Ի՞նչը կվնասի Եհովայի հետ մեր փոխհարաբերությունները։

17 Կարդա Մատթեոս 6։31, 32։ Մենք չպետք է ընդօրինակենք «ազգերին», քանի որ նրանք չեն հավատում սիրառատ երկնային Հորը, ով հոգ է տանում բոլոր նրանց մասին, ովքեր Թագավորության շահերը իրենց կյանքում առաջին տեղում են դնում։ Եթե փորձենք կուտակել այն ամենը, ինչ «ազգերն են ջանում ձեռք բերել», կվնասենք Եհովայի հետ մեր փոխհարաբերությունները։ Իսկ եթե անենք այն, ինչ ակնկալվում է մեզանից, այսինքն՝ հոգևոր շահերը առաջին տեղում դնենք, կարող ենք վստահ լինել, որ Եհովան մեզ բարիքներից զուրկ չի պահի։ «Աստծու հանդեպ մեր նվիրվածությունը» պետք է մղի մեզ, որ բավարարվենք «ուտելիքով, հագուստով և ծածկով» (1 Տիմոթ. 6։6–8

ԱՍՏԾՈՒ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՋԻՆ ՏԵՂՈ՞ՒՄ Է ՔՈ ԿՅԱՆՔՈՒՄ

18. Ի՞նչ գիտի Եհովան անձամբ մեր մասին, և ինչ կանի նա մեզ համար։

18 Կարդա Մատթեոս 6։33։ Հիսուսի աշակերտները Թագավորության շահերը միշտ պետք է իրենց կյանքում առաջին տեղում պահեն։ Եթե այդպես վարվենք, ինչպես որ Հիսուսն ասաց, մնացած բաները կտրվեն մեզ։ Ինչո՞ւ նա կարող էր վստահ ասել սա։ Բացատրությունը գտնում ենք նախորդ համարում. «Ձեր երկնային Հայրը գիտի, որ այդ բոլոր բաները [այսինքն՝ կյանքի համար կարևոր բաները] անհրաժեշտ են ձեզ»։ Նախքան մեր գիտակցելը Եհովան տեղյակ է, թե ուտելիք, հագուստ և ծածկ ունենալու հետ կապված ինչ է մեզ անհրաժեշտ (Փիլիպ. 4։19)։ Նա գիտի, թե մենք երբ նոր հագուստի կարիք կունենանք։ Նաև գիտի, թե ինչ սննդի կարիք ունենք մենք և մեր ընտանիքին ինչպիսի կացարան է պետք։ Եհովան այնպես կանի, որ ունենանք այն ամենը, ինչի կարիքը իրականում ունենք։

19. Ինչո՞ւ չպետք է մտահոգվենք ապագայի համար։

19 Կարդա Մատթեոս 6։34։ Նկատի առնենք, որ Հիսուսը երկրորդ անգամ է ասում «մի՛ մտահոգվեք»։ Նա ուզում է, որ միայն տվյալ օրվա համար հոգս անենք՝ վստահ լինելով, որ Եհովան կօգնի։ Եթե անհատը չափից շատ է մտահոգվում, թե ինչ կլինի ապագայում, հնարավոր է՝ սկսի իրեն ապավինել, ոչ թե Եհովային, իսկ դա կարող է վնասել նրանց փոխհարաբերությունները (Առակ. 3։5, 6; Փիլիպ. 4։6, 7

ՆԱԽ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՓՆՏՐԻՐ, ՄՆԱՑԱԾԸ ԵՀՈՎԱՆ ԿՏԱ

Կարո՞ղ ես պարզեցնել քո կյանքը, որպեսզի ընդլայնես ծառայությունդ Թագավորության գործում (տես պարբերություն 20)

20. ա) Ի՞նչ նպատակ կարող ես դնել քո ծառայության մեջ։ բ) Ինչպե՞ս կարող ես կյանքդ պարզեցնել։

20 Անիմաստ կլինի եթե հոգևոր շահերը զոհենք հանուն նյութական հարստության։ Փոխարենը՝ պետք է հոգևոր նպատակներ հետապնդենք։ Օրինակ՝ կարո՞ղ ես տեղափոխվել այնպիսի ժողով, որտեղ քարոզիչների ավելի մեծ կարիք կա։ Կարո՞ղ ես ռահվիրայություն անել։ Եթե ռահվիրա ես, մտածե՞լ ես Թագավորության քարոզիչների դպրոցում սովորելու մասին։ Կարո՞ղ ես Բեթելի կամ թարգմանչական գրասենյակի հետ համագործակցել։ Կամ կարո՞ղ ես որպես կամավոր ուժերդ տրամադրել Թագավորության սրահների շինարարությանը։ Մտածիր թե ինչպես կարող ես կյանքդ պարզեցնել, որպեսզի ավելի մեծ մասնակցություն բերես Թագավորության գործում։ Աղոթիր և մտածիր « Ինչպես պարզեցնել կյանքը» շրջանակում նշված խորհուրդների մասին և քայլեր ձեռնարկիր, որպեսզի հասնես քո նպատակին։

21. Ի՞նչն է մտերմացնում մեզ Եհովայի հետ։

21 Հիսուսը մեզ սովորեցրեց, որ Աստծու թագավորությունը փնտրենք, ոչ թե նյութական բաներ։ Այսպես վարվելով՝ չենք մտահոգվի մեզ անհրաժեշտ նյութական բաներով։ Մենք Եհովայի հետ մտերմանում ենք՝ վստահելով նրան, ոչ թե բավարարելով ամեն քմահաճույք կամ գնելով այն ամենը, ինչ աշխարհն է առաջարկում, նույնիսկ եթե ունենք դրա համար բավականաչափ միջոցներ։ Այսօր իսկ պարզեցնելով մեր կյանքը՝ կկարողանանք «ամուր կառչել իսկական կյանքից», որը առջևում է (1 Տիմոթ. 6։19

^ [1] (պարբերություն 12) Իմանալու համար, թե ինչու Եհովան երբեմն գուցե թույլ տա, որ քրիստոնյան բավականաչափ սնունդ չունենա, տես «Դիտարանի» 2014 թ. սեպտեմբերի 15-ի համարում «Ընթերցողների հարցերը» հոդվածը (էջ 22)։