ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Եհովայի կամքը կատարելը օրհնությունների դուռ է բացում
«Մենք պատրաստ ենք»։ Այդպես արձագանքեցինք ես, ամուսինս, ինչպես նաև եղբայրս ու նրա կինը, երբ մեր առջև նոր նշանակում ստանալու հեռանկար բացվեց։ Ինչո՞ւ մենք այդպես արձագանքեցինք, և ինչպե՞ս Եհովան օրհնեց մեզ։ Նախ մի փոքր պատմեմ իմ մասին։
ԾՆՎԵԼ եմ 1923 թ.-ին Անգլիայի Յորքշիր կոմսության Հեմսվորթ փոքր քաղաքում։ Ունեի ավագ եղբայր, որի անունը Բոբ էր։ Երբ մոտ ինը տարեկան էի, մեր հայրը, որը տանել չէր կարողանում կրոնական կեղծավորությունը, մի քանի գիրք ձեռք բերեց, որոնք քողազերծում էին կեղծ կրոնը։ Նրան շատ տպավորեց իր կարդացածը։ Մի քանի տարի անց Բոբ Ատկինսոն անունով մի եղբայր եկավ մեր տուն և ֆոնոգրաֆով նվագարկեց եղբայր Ռադերֆորդի ելույթներից մեկի ձայնագրությունը։ Մենք հասկացանք, որ այդ ձայնագրությունն ու հորս ձեռք բերած գրքերը նույն աղբյուրից էին։ Ծնողներս եղբայր Ատկինսոնին խնդրեցին, որ նա ամեն երեկո մեզ հետ ընթրի և պատասխանի մեր բազմաթիվ հարցերին։ Մեզ հրավիրեցին մասնակցելու մի եղբոր տանը անցկացվող հանդիպումներին, որը մի քանի մղոն հեռու էր գտնվում։ Մեր ընտանիքը արագ արձագանքեց, և Հեմսվորթում փոքր ժողով կազմավորվեց։ Շուտով մեր տանը սկսեցինք հյուրընկալել զոնալ ծառայողների (այժմ կոչվում են շրջանային վերակացուներ) և ճաշի հրավիրել մոտակայքում բնակվող ռահվիրաների։ Նրանց հետ շփումը մեծ ազդեցություն թողեց ինձ վրա։
Մենք սկսել էինք բիզնեսով զբաղվել, սակայն հայրս ասաց եղբորս. «Եթե ցանկանաս ռահվիրա ծառայել, մի՛ մտածիր, մենք կթողնենք այդ գործը»։ Բոբը 21 տարեկանում հեռացավ տնից, որ ռահվիրայություն անի։ Երկու տարի անց՝ 16 տարեկանում, ես նույնպես ռահվիրա նշանակվեցի։ Բացի շաբաթ-կիրակի օրերից՝ հիմնականում մենակ էի ծառայում վկայության քարտերի և ֆոնոգրաֆի միջոցով։ Ի վերջո, Եհովան օրհնեց ինձ, ու ես սկսեցի Աստվածաշունչ ուսումնասիրել մի անհատի հետ, որը շատ արագ հոգևորապես առաջադիմեց։ Որոշ ժամանակ անց նրա ընտանիքից շատերը ընդունեցին ճշմարտությունը։ Հաջորդ տարի ես և Մերի Հենշելը հատուկ ռահվիրա նշանակվեցինք։ Մեզ ուղարկեցին Չեշիր կոմսությունում գտնվող չնշանակված տարածք։
Երկրորդ համաշխարհային պատերազմի կեսերն էր, և կանանցից պահանջվում էր աջակցել պատերազմին։ Լինելով լիաժամ ծառայողներ՝ մենք՝ հատուկ ռահվիրաներս, ակնկալում էինք, որ ինչպես և մյուս կրոնական ծառայողները, պետք է ազատվեինք այդ պարտականությունից։ Սակայն դատարանները զրկեցին մեզ այդ իրավունքից, և ես դատապարտվեցի 31 օրվա ազատազրկման։ Հաջորդ տարի, երբ դարձա 19 տարեկան, գրանցվեցի որպես խղճի հիմնավորմամբ Ես. 41։10, 13)։
զինծառայությունից հրաժարվող։ Ինձ կանգնեցրին երկու զինվորական դատարանների առաջ, սակայն իմ դեմ հարուցված գործը մերժվեց։ Այդ ողջ ընթացքում ես զգում էի, որ սուրբ ոգին օգնում է ինձ, և որ Եհովան բռնել է իմ ձեռքից՝ ամրացնելով ու զորացնելով ինձ (ՆՈՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿԻՑ
1946 թ.-ին հանդիպեցի Արթուր Մեթյուսին։ Նա երեք ամսով ազատազրկվել էր որպես խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվող և վերջերս ազատության մեջ հայտնվելուց հետո իր եղբոր՝ Դենիսի հետ Հեմսվորթում սկսել էր հատուկ ռահվիրա ծառայել։ Արթուրի և Դենիսի հայրը նրանց մանուկ հասակից սովորեցրել էր Եհովայի մասին, և նրանք պատանեկան տարիքում մկրտվել էին։ Կարճ ժամանակ անց Դենիսը նշանակվել էր ծառայելու Իռլանդիայում, և Արթուրը մնացել էր առանց համագործակցի։ Ծնողներիս տպավորեց այդ երիտասարդ ու ջանասեր ռահվիրայի պահվածքը, և նրանք Արթուրին հրավիրեցին իրենց տանը ապրելու։ Երբ այցելում էի ծնողներիս, ճաշելուց հետո ես ու Արթուրն էինք լվանում ափսեները։ Ի վերջո, մենք սկսեցինք նամակներ գրել իրար։ 1948 թ.-ին Արթուրը կրկին երեք ամսով ազատազրկվեց։ Մենք ամուսնացանք 1949 թ. հունվարին։ Նպատակ ունեինք հնարավորինս երկար մնալ լիաժամ ծառայության մեջ։ Եհովայի օրհնությամբ ու լավ պլանավորման շնորհիվ մեր արձակուրդներին գումար էինք աշխատում՝ միրգ հավաքելով, և այդպես կարողանում էինք ռահվիրա ծառայել։
Մոտ մեկ տարի անց մեզ խնդրեցին գնալ Հյուսիսային Իռլանդիա, նախ՝ Արմա, իսկ հետո՝ Նյուրի։ Թե՛ Արմայում, թե՛ Նյուրիում մեծ մասամբ կաթոլիկներ էին ապրում։ Այդ տարածքում լարվածությունը մեծ էր, և մարդկանց հետ խոսելիս մենք պետք է շատ զգույշ և շրջահայաց լինեինք։ Ժողովի հանդիպումները անցկացվում էին մի ամուսնական զույգի տանը, որը մեր բնակության վայրից 16 կիլոմետր (10 մղոն) հեռու էր գտնվում։ Հանդիպումներին մոտ ութ հոգի էր ներկա լինում։ Երբ մեզ հրավիրում էին գիշերել այդ տանը, մենք քնում էինք հատակին, իսկ հաջորդ օրը մի մեծ սեղան էինք գցում ու նախաճաշում էինք։ Շատ ուրախալի է իմանալ, որ այդ տարածքում այժմ բազմաթիվ Վկաներ կան։
«ՄԵՆՔ ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ»
Եղբայրս ու նրա կինը՝ Լոտին, այդ ժամանակ հատուկ ռահվիրա էին ծառայում Հյուսիսային Իռլանդիայում։ 1952 թ.-ին չորսով ներկա եղանք Բելֆաստում անցկացվող մարզային համաժողովին։ Մի եղբայր սրտանց հյուրընկալեց մեզ, ինչպես նաև Փրայս Հյուզին, որն այդ ժամանակ Բրիտանիայի մասնաճյուղի ծառայողն էր։ Մի գիշեր մենք քննարկեցինք «Աստծու ուղին սեր է» նոր լույսընծայված գրքույկը, որը հրատարակվել էր հատկապես Իռլանդիայի համար։ Եղբայր Հյուզը խոսեց Իռլանդիայի Հանրապետությունում կաթոլիկներին քարոզելու դժվարությունների մասին։ Եղբայրներին հանում էին իրենց կացարաններից, և նրանք բռնության էին ենթարկվում ամբոխի կողմից, որին հրահրողները քահանաներն էին։ «Ավտոմեքենա ունեցող զույգերի կարիք ունենք,— ասաց Փրայսը,— որպեսզի նրանք մասնակցեն ողջ երկրում այդ գրքույկը բաժանելու հատուկ քարոզարշավին»։ * Մենք անմիջապես արձագանքեցինք՝ ասելով. «Մենք պատրաստ ենք»։ Դրանք այն խոսքերն են, որ նշեցի այս հոդվածի սկզբում։
Երկար տարիներ հավատարմորեն ծառայած քույր Մա Ռութլանդի տունը Դուբլինում եղող այն տներից մեկն էր, որտեղ ռահվիրաները միշտ կարող էին հանգրվանել։ Այնտեղ իջևանելուց և մեր իրերից մի քանիսը վաճառելուց հետո չորսս նստեցինք Բոբի՝ կողային կցորդով մոտոցիկլետը և գնացինք մեքենա փնտրելու։ Օգտագործված մի հարմար մեքենա գնելուց հետո վաճառողին խնդրեցինք, որ նա տեղ հասցնի այն, քանի որ մեզանից ոչ ոք մեքենա վարել չգիտեր։ Այդ երեկո Արթուրը նստել էր մահճակալին ու մտովի փոխում էր փոխանցման տուփի բռնակի դիրքը։ Հաջորդ առավոտ, երբ նա փորձում էր մեքենան հանել ավտոտնակից, նրան մոտեցավ Միլդրեդ Ուիլեթ անունով մի միսիոներ քույր (որը հետագայում ամուսնացավ Ջոն Բարի հետ)։ Նա մեզ մեքենա վարել սովորեցրեց։ Վերջապես մենք պատրաստ էինք մեկնելու։
Կացարանի կարիք ունեինք։ Մեզ զգուշացրել էին, որ խուսափենք շարժական տնակում ապրելուց, քանի որ հակառակորդները կարող էին վառել այն։ Ուստի սկսեցինք տուն փնտրել, բայց ապարդյուն։ Այդ գիշեր մեքենայում քնեցինք։ Հաջորդ օրը միակ բանը, որ կարողացանք գտնել, մի ինքնաշեն շարժական տնակ էր, որում կար երկհարկանի մահճակալ։ Այն դարձավ մեր տունը։ Զարմանալի էր, որ մեր շարժական տնակը կարողանում էինք առանց որևէ խնդրի կայանել բարեհամբույր ֆերմերների հողատարածքներում։ Մենք քարոզում էինք մեր կայանման վայրից 16–24 կիլոմետր (10–15 մղոն) հեռավորության վրա գտնվող տարածքում։ Իսկ հետո, երբ տեղափոխվում էինք այլ վայր, վերադառնում և քարոզում էինք այն տարածքում, որտեղ մեր տնակն էր։
Մենք առանց մեծ դժվարությունների այցելեցինք Իռլանդիայի Հանրապետության հարավ-արևելքում գտնվող բոլոր տները, բաժանեցինք ավելի քան 20 000 գրքույկ և հետաքրքրվող անհատների տվյալները ուղարկեցինք Բրիտանիայի մասնաճյուղ։ Այդ տարածքում այժմ հարյուրավոր Վկաներ կան. ի՜նչ մեծ օրհնություն։
ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՆՔ ԱՆԳԼԻԱ, ԻՍԿ ՀԵՏՈ՝ ՇՈՏԼԱՆԴԻԱ
Որոշ ժամանակ անց նշանակվեցինք ծառայելու Լոնդոնի հարավում։ Մի քանի շաբաթ հետո Արթուրը Բրիտանիայի մասնաճյուղից հեռախոսազանգ ստացավ. նրան խնդրում էին հաջորդ օրն իսկ շրջանային ծառայություն սկսել։ Մեկ շաբաթ մարզում ստանալուց հետո մենք գնացինք Շոտլանդիայում գտնվող մեր շրջան։ Արթուրը ժամանակ չէր ունեցել պատրաստելու իր ելույթները, սակայն նա միշտ պատրաստ էր հաղթահարելու ծառայության մեջ հանդիպող դժվարությունները, և դա ինձ շատ էր քաջալերում։ Մեզ իսկապես մեծ ուրախություն էր պարգևում շրջանային ծառայությունը։ Մի քանի տարի ծառայել էինք չնշանակված տարածքում, և հիմա ի՜նչ մեծ օրհնություն էր լինել այդքան շատ եղբայրների ու քույրերի հետ։
1962 թ.-ին Արթուրը հրավիրվեց սովորելու «Գաղաադ» դպրոցում։ Դասընթացը տևելու էր տասը ամիս, ուստի լուրջ որոշման առաջ կանգնեցինք։ Մենք հասկացանք, որ թեև ես չէի գնալու, բայց ճիշտ կլիներ, որ Արթուրը ընդուներ այդ առանձնաշնորհումը։ Քանի որ համագործակից չէի ունենալու, ինձ ուղարկեցին Հեմսվորթ՝ ծառայելու որպես հատուկ ռահվիրա։ Երբ մեկ տարի հետո Արթուրը վերադարձավ, մարզային ծառայության նշանակվեցինք և ծառայեցինք Շոտլանդիայում, Անգլիայի հյուսիսում և Հյուսիսային Իռլանդիայում։
ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄ ԻՌԼԱՆԴԻԱՅՈՒՄ
1964 թ.-ին Արթուրը մասնաճյուղի ծառայող նշանակվեց Իռլանդիայի Հանրապետությունում։ Մենք վայելում էինք շրջագայական ծառայությունը, այդ պատճառով սկզբում շատ անհանգիստ էի։ Հիմա, երբ հետ եմ նայում, երախտապարտ եմ, որ ինձ առանձնաշնորհում է տրվել ծառայելու Բեթելում։ Կարծում եմ, որ եթե ընդունում ես որևէ նշանակում, նույնիսկ եթե դա այդքան էլ քո սրտով չէ, Եհովան միշտ օրհնում է քեզ։ Ամեն օր շատ գործ ունեի անելու. գրասենյակային աշխատանք էի կատարում, գրականություն էի փաթեթավորում, կերակուր էի պատրաստում և մաքրություն էի անում։ Որոշ ժամանակ մենք նաև մարզային ծառայություն էինք անում և կարող էինք ծանոթանալ ողջ երկրի եղբայրների հետ։ Դա ամրացրեց մեր կապը Իռլանդիայում ապրող հավատակիցների հետ։ Դրան նպաստեց նաև այն անհատների հոգևոր առաջադիմությունը տեսնելը, որոնց հետ Աստվածաշունչ էինք ուսումնասիրում։ Ինչպիսի՜ օրհնություն։
ՇՐՋԱԴԱՐՁԱՅԻՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ ԻՌԼԱՆԴԻԱՅՈՒՄ ՄԵՐ ԱՍՏՎԱԾԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Իռլանդիայում առաջին միջազգային համաժողովը անցկացվեց 1965 թ.-ին Դուբլինում։ * Չնայած բոլոր կողմերից եկող սաստիկ հակառակությանը՝ համաժողովը անցավ մեծ հաջողությամբ։ Ընդհանուր առմամբ ներկա էր 3 948 մարդ, որից 65-ը մկրտվեց։ Յուրաքանչյուր ոք, ով կացարան էր տրամադրել 3 500 միջազգային պատվիրակներին, շնորհակալական նամակ ստացավ։ Իրենց հերթին տան տերերը գովասանքի խոսքեր էին ասում պատվիրակների վարքի մասին։ Իռլանդիայում դա իսկապես շրջադարձային իրադարձություն էր։
1966 թ.-ին Իռլանդիայի հյուսիսային և հարավային հատվածներն անցան Դուբլինի մասնաճյուղի վերահսկողության տակ. այդ միասնությունը լիովին տարբերվում էր քաղաքականապես և կրոնապես պառակտված այդ կղզու վրա տիրող իրավիճակից։ Ոգևորիչ էր տեսնել, որ այդքան շատ կաթոլիկներ ընդունում էին ճշմարտությունը և ուս-ուսի ծառայում իրենց եղբայրների հետ, որոնք նախկինում բողոքական էին եղել։
ԲՈԼՈՐՈՎԻՆ ԱՅԼ ՆՇԱՆԱԿՈՒՄ
2011 թ.-ին մեր կյանքը լիովին փոխվեց, երբ Բրիտանիայի և Իռլանդիայի մասնաճյուղերը միավորվեցին, ու մենք նշանակվեցինք ծառայելու Լոնդոնի Բեթելում։ Այդ ժամանակ ինձ սկսել էր մտահոգել Արթուրի առողջությունը։ Նրան ախտորոշեցին Պարկինսոնյան հիվանդություն։ 2015 թ. մայիսի 20-ին 66 տարվա իմ համագործակիցը մահացավ։
Վերջին տարիներին ես խոր կսկիծ եմ ապրում, ճնշված և ընկճված եմ։ Տարիներ շարունակ Արթուրը միշտ կողքիս է եղել։ Այնքա՜ն եմ կարոտում նրան։ Սակայն այսպիսի իրավիճակներով անցնելիս ավելի ես մոտենում Եհովային։ Սիրտս ջերմանում է, երբ տեսնում եմ, թե որքան սիրված է եղել Արթուրը։ Ես նամակներ եմ ստացել Իռլանդիայում, Բրիտանիայում և նույնիսկ Միացյալ Նահանգներում ապրող մեր ընկերներից։ Բառերով չեմ կարող արտահայտել, թե ինչքան են ինձ օգնել այդ նամակները, նաև Արթուրի եղբոր՝ Դենիսի, նրա կին Մեյվիսի և նրանց աղջիկների՝ Ռութի և Ջուդիի քաջալերանքները։
Ինձ մեծ ուժ է տալիս Եսայիա 30։18-ը, որտեղ ասվում է. «Եհովան կսպասի, որպեսզի բարեհաճություն դրսևորի ձեր հանդեպ, և վեր կկենա, որպեսզի ողորմություն ցուցաբերի ձեր հանդեպ, քանի որ Եհովան արդարադատ Աստված է։ Երջանիկ են բոլոր նրանք, ովքեր սպասում են նրան»։ Ինձ համար իսկապես մխիթարական է իմանալ, որ Եհովան համբերատարորեն սպասում է այն ժամանակին, երբ կշտկի ամեն բան և մեզ հետաքրքիր նշանակումներ կտա իր նոր աշխարհում։
Հետ նայելով մեր կյանքին՝ տեսնում եմ, թե ինչպես է Եհովան առաջնորդել և օրհնել քարոզչական գործը Իռլանդիայում։ Ինձ համար մեծ պատիվ է, որ իմ փոքր բաժինն եմ ունեցել այդ հոգևոր աճի մեջ։ Անկասկած, ճշմարիտ է այն, որ Եհովայի կամքը կատարելը օրհնությունների դուռ է բացում։
^ պարբ. 12 Տես 1988 թ. «Եհովայի վկաների տարեգիրքը», էջ 101, 102 (անգլ.)։
^ պարբ. 22 Տես 1988 թ. «Եհովայի վկաների տարեգիրքը», էջ 109–112 (անգլ.)։