Ճի՞շտ, թե՞ սխալ. որոշում, որ պետք է ընդունեք
Երջանիկ կլինենք, թե ոչ, կախված է այն բարոյական չափանիշներից, որոնցով նախընտրում ենք ապրել։ Եհովա Աստված գիտի դրա մասին, այդ պատճառով էլ ուզում է, որ ապրենք իր չափանիշներով։
Եհովան ուզում է՝ խաղաղ ու երջանիկ կյանք վայելենք
«Ես՝ Եհովաս, քո Աստվածն եմ, Նա, ով օգտակար բաներ է սովորեցնում քեզ, տանում է այն ճանապարհով, որով դու պիտի գնաս։ Երանի՜ թե ուշադրություն դարձնեիր իմ պատվիրաններին. այդ ժամանակ քո խաղաղությունը գետի պես, ու քո արդարությունը ծովի ալիքների պես կլիներ» (Եսայիա 48։17, 18)։
Աստված, լինելով մեր Արարիչը, գիտի, թե մեզ ինչ է պետք լավագույն կյանքով ապրելու համար։ Նա ուզում է՝ հետևենք իր տված առաջնորդությանը, որովհետև այդպես վարվելը մեր օգտին է ծառայում։ Եթե հետևենք Աստծու պահանջներին, չենք անհանգստանա՝ մեր որոշումները լավ հետևանք կունենան, թե ոչ։ Մենք միշտ ճիշտ ընտրություն կանենք, այնպիսին, որը մեզ կտանի դեպի խաղաղություն ու երջանկություն։
Եհովան անհնարին բան չի պահանջում
«Այս պատվիրանը, որ այսօր տալիս եմ քեզ, դժվար չէ քեզ համար և ոչ էլ հեռու է քեզնից» (2 Օրենք 30։11)։
Եհովան խոստանում է օգնել նրանց, ովքեր որոշում են ապրել իր չափանիշներով
«Ես՝ Եհովաս՝ քո Աստվածը, ամուր բռնում եմ քո աջ ձեռքից և ասում. «Մի՛ վախեցիր, ես կօգնեմ քեզ»» (Եսայիա 41։13)։
Մենք կարող ենք ապրել Եհովայի չափանիշներով, որովհետև նա կօգնի մեզ այդ հարցում։ Նա իր Խոսքի՝ Աստվածաշնչի միջոցով աջակցում, քաջալերում և հույս է տալիս մեզ։
Ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ համոզվել են, որ աստվածաշնչյան չափանիշներով ապրելը բարելավել է իրենց կյանքը։ Արժե ջանքեր ներդնել ավելի շատ աստվածաշնչյան խորհուրդներ գտնելու համար։ Կարող եք սկսել ուսումնասիրել «Վայելիր կյանքը հավիտյան» գրքույկը, որը հիմնված է Աստվածաշնչի վրա։ Այն առկա է jw.org կայքում և անվճար է։ Գրքույկում կան հետևյալ դասերը։
-
Ինչպե՞ս կարող է Աստվածաշունչն օգնել քեզ։
-
Աստվածաշունչը հույս է տալիս։
-
Արժե՞ վստահել Աստվածաշնչին։
Երբ խորությամբ ուսումնասիրեք Աստծու Խոսքը՝ Աստվածաշունչը, կտեսնեք, որ այն հնացած չէ, այլ հուսալի է ու «հաստատված հավիտյանս հավիտենից» (Սաղմոս 111։8)։ Աստվածաշնչյան բարոյական չափանիշներին հետևելը լավագույն կերպն է, որով կարող ենք ապրել։ Աստված մեզ չի ստիպում. յուրաքանչյուր ոք ինքը պետք է որոշի՝ ապրել Աստծու չափանիշներով, թե ոչ (2 Օրենք 30։19, 20; Հեսու 24։15)։