Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՏԵՍԱԿԵՏԸ

Երախտագիտություն

Երախտագիտություն

Երախտագիտություն դրսևորելը բազում օգուտներ է բերում։ Այն նպաստում է մարդու ֆիզիկական, մտային և զգացական առողջությանը։ Ուստի կարևոր է, որ երախտագետ լինենք մեր կյանքի բոլոր բնագավառներում։

Ինչպե՞ս է երախտագետ լինելը նպաստում առողջությանը

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆԸ։

Բժշկական մի հանդեսում ասվում է, որ «երախտագիտություն դրսևորելը միշտ մեծ երջանկություն է պարգևում։ Այն դրական զգացումներ է առաջացնում, օգնում է վայելել հաճելի պահեր, բարելավել առողջությունը, հաղթահարել անհաջողությունները և ամուր փոխհարաբերություններ զարգացնել մարդկանց հետ» (Harvard Mental Health Letter)։

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։

Աստվածաշունչը հորդորում է երախտագիտության ոգի զարգացնել։ Պողոս առաքյալը, որը շատ լավ օրինակ է թողել այս հարցում, գրեց. «Երախտագետ եղեք»։ Օրինակ՝ նա «անդադար շնորհակալություն էր հայտնում» այն բանի համար, որ մարդիկ դրականորեն էին արձագանքում իր հայտնած լուրին (Կողոսացիներ 3։15; 1 Թեսաղոնիկեցիներ 2։13)։ Մնայուն երջանկություն վայելելու համար մարդ ոչ թե պետք է պարզապես ժամանակ առ ժամանակ շնորհակալություն հայտնի, այլ երախտագետ ոգի ունենա։ Նման տրամադրվածությունն օգնում է, որ խուսափենք մեծամտությունից, եսակենտրոնությունից, նախանձից և ոխակալությունից, հատկություններ, որոնք վանում են մարդկանց և խլում են ուրախությունը։

Մեր Ստեղծիչը երախտագետ լինելու հիանալի օրինակ է։ Նա երախտագիտություն է դրսևորում նույնիսկ մարդկանց նկատմամբ։ Եբրայեցիներ 6։10-ում կարդում ենք. «Աստված անարդար չէ, որ մոռանա ձեր աշխատանքը և այն սերը, որ դրսևորեցիք իր անվան հանդեպ»։ Այո՛, մեր Արարիչը երախտամոռ լինելը անարդարություն է համարում։

«Միշտ ուրախ եղեք։ Ամեն ինչի համար շնորհակալություն հայտնեք» (1 Թեսաղոնիկեցիներ 5։16, 18

Ինչպե՞ս է երախտագետ լինելն օգնում, որ բարելավենք մեր փոխհարաբերությունները մարդկանց հետ

ԻՆՉ Է ՑՈՒՅՑ ՏԱԼԻՍ ԿՅԱՆՔԻ ՓՈՐՁԸ

Երբ սրտանց երախտագիտություն ենք հայտնում մարդկանց մեզ տված նվերի, բարի խոսքի կամ օգնության համար, նրանք իրենց գնահատված են զգում։ Նույնիսկ անծանոթներն են ջերմ արձագանքում, երբ անկեղծորեն շնորհակալություն ենք հայտնում նրանց լավ արարքի համար, ինչպես, օրինակ, երբ դուռը բացում են, որ անցնենք։

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ

Հիսուս Քրիստոսն ասաց. «Տվեք, և մարդիկ կտան ձեզ։ Նրանք ձեր գիրկը կլցնեն լավ չափով՝ խտացված, թափ տրված և լեփ-լեցուն» (Ղուկաս 6։38)։ Նկատի առնենք Ռոուզի օրինակը, որն ապրում է Վանուատուում՝ Խաղաղ օվկիանոսի հարավային շրջանում գտնվող կղզային պետությունում։

Ռոուզը լսողական խնդիր ունի։ Նա հաճախում էր Եհովայի վկաների քրիստոնեական հանդիպումներին, բայց քիչ օգուտ էր քաղում դրանցից, քանի որ չգիտեր ժեստերի լեզու, և ժողովում ոչ ոք չկար, որ տիրապետեր այդ լեզվին։ Մի օր նրանց ժողով այցելեցին ամուսիններ, որոնք ժեստերի լեզվի հմուտ թարգմանիչներ էին։ Երբ նրանք տեսան, որ այդ ժողովում ոչ ոք չգիտի ժեստերի լեզու, դասընթացներ կազմակերպեցին։ Ռոուզը անչափ երախտապարտ էր դրա համար։ Նա ասում է. «Ես երջանիկ եմ, որ ինձ սիրող այսքան շատ ընկերներ ունեմ»։ Ռոուզին օգնող ամուսինների համար ամենից մեծ վարձատրությունն այն էր, որ տեսնում էին, թե որքան երախտապարտ է նա իրենց, և թե ինչպես է այժմ մասնակցում ժողովի հանդիպումներին։ Ռոուզը նաև շատ է գնահատում բոլոր նրանց ջանքերը, ովքեր ժեստերի լեզու են սովորել, որպեսզի կարողանան հաղորդակցվել իր հետ (Գործեր 20։35

«Ով իր երախտագիտությունն է մատուցում որպես զոհ, նա՛ է [Աստծուն] փառավորում» (Սաղմոս 50։23

Ինչպե՞ս կարող ես երախտագետ ոգի զարգացնել

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ

Մեր զգացմունքները սերտորեն կապված են մեր մտքերի հետ։ Աստվածաշունչը գրողներից մեկը՝ Դավիթը, իր աղոթքում ասաց. «Մտածում եմ քո բոլոր գործերի մասին, հաճույքով խորհրդածում եմ քո ձեռքերի գործերի շուրջ» (Սաղմոս 143։5)։ Այո՛, Դավիթը անուշադիր և մակերեսային անձնավորություն չէր։ Նա կանոնավորաբար խորհրդածում էր Աստծու գործերի մասին, ինչն էլ օգնում էր, որ նա երախտագետ լիներ։ Այս լավ սովորությունը նա պահպանեց ողջ կյանքի ընթացքում (Սաղմոս 71։5, 17

Աստվածաշունչը հիանալի խորհուրդ է տալիս. «Ինչը որ ճշմարիտ է.... ինչը որ սեր է առաջ բերում, ինչի մասին որ լավն են խոսում, ինչը որ առաքինի է, և ինչը որ գովասանքի է արժանի, շարունակ այս բաների մասին մտածեք» (Փիլիպպեցիներ 4։8)։ «Շարունակ մտածեք» խոսքերը ընդգծում են կանոնավորաբար խորհրդածելու կարևորությունը. դա անհրաժեշտ է երախտագետ ոգի զարգացնելու համար։

«Սիրտս հասկացողություն պահանջող բաների մասին պիտի խորհրդածի» (Սաղմոս 49։3