«Մենք անչափ տպավորված էինք նրանց դրսևորած սիրուց»
2015 ԹՎԱԿԱՆԻ ապրիլի 25-ին՝ շաբաթ օրը, 7,8 մագնիտուդով ուժգին երկրաշարժ տեղի ունեցավ Նեպալում, որը Հնդկաստանի հյուսիսում գտնվող լեռնային մի երկիր է։ Էպիկենտրոնը գտնվում էր մայրաքաղաք Կատմանդուից 80 կիլոմետր (50 մղոն) հեռավորության վրա։ Երկրաշարժը 8 500 մարդու կյանք խլեց՝ դառնալով Նեպալի պատմության մեջ ամենաշատ մահ պատճառած բնական աղետը։ Ավելի քան կես միլիոն տներ ավերվեցին։ Նեպալի 2 200 Եհովայի վկաներից շատերը բնակվում էին հենց աղետի գոտում։ Ցավոք, մի քույր իր երկու երեխաների հետ մահացավ։
Միշել անունով մի Վկա ասում է. «Երբ տեղի ունեցավ երկրաշարժը, այն տարածքում, որն ամենաշատը տուժեց աղետից, ժողովները իրենց քրիստոնեական հանդիպումներն էին անցկացնում։ Եթե երկրաշարժը տեղի ունենար այն ժամերին, երբ շատերը տանն են լինում, զոհերը, անկասկած, ավելի շատ կլինեին»։ Բայց ինչպե՞ս եղավ, որ հանդիպմանը ներկա մարդիկ ողջ մնացին։ Այս հարցում մեծ դեր ունեցավ Թագավորության սրահների ճարտարապետական կառուցվածքը։
«ՀԻՄԱ ՏԵՍՆՈՒՄ ԵՆՔ ԴՐԱ ՕԳՈՒՏՆԵՐԸ»
Նեպալում կառուցվող Թագավորության սրահները սեյսմակայուն են։ Ման Բահադուրը, որը մասնակցում է Թագավորության սրահների շինարարությանը, ասում է. «Մեր մեջ միշտ հարց է առաջացել, թե ինչու ենք այդքան փոքր շինությունների համար նման ամուր հիմքեր կառուցում։ Հիմա տեսնում ենք դրա օգուտները»։ Երկրաշարժից հետո Նեպալում քարոզչական գործը վերահսկող եղբայրներից հավանություն ստացանք Թագավորության սրահները ապաստարաններ դարձնելու համար։ Չնայած հետցնցումներին՝ Եհովայի վկաները և ուրիշ մարդիկ իրենց ապահով էին զգում այդ շինություններում։
Երեցները արագ սկսեցին որոնել ժողովների այն անդամներին, որոնց մասին դեռևս տեղեկություններ չունեին։ Բաբիտա անունով մի Վկա ասում է. «Երեցները ժողովի անդամների բարօրությունը իրենց սեփական շահերից վեր էին դասում։ Մենք անչափ տպավորված էինք նրանց դրսևորած սիրուց»։ Երկրաշարժի հենց հաջորդ օրը Նեպալում Եհովայի վկաների գործունեությունը վերահսկող կոմիտեի երեք անդամները, ինչպես նաև շրջանային վերակացուները, որոնք շրջագայող ծառայողներ են, սկսեցին այցելել ժողովներ, որպեսզի պարզեն, թե ինչ օգնության կարիք կա, և աջակցեն տեղի երեցներին։
Երկրաշարժից վեց օր հետո Գարի Բրոն, որը ծառայում է Եհովայի վկաների՝ Միացյալ Նահանգներում գտնվող գլխավոր վարչությունում, իր կնոջ՝ Ռուբիի հետ եկավ Նեպալ։ Ռո՛ւբենը, որը վերը նշված կոմիտեի անդամներից է, ասում է. «Կատմանդույում խառնաշփոթ էր տիրում, և հետցնցումները դեռ շարունակվում էին, այդ պատճառով մենք վստահ չէինք, որ եղբայր Բրոն կկարողանա գալ։ Բայց նա շատ էր ուզում հասնել այստեղ և այդպես էլ արեց։ Տեղի Վկաները շատ գնահատեցին նրա այցը»։
«ԱՎԵԼԻ ՔԱՆ ԵՐԲԵՎԷ ՄԵԶ ՄՈՏ ԶԳԱՑԻՆՔ ՄԵՐ ՀՈԳԵՎՈՐ ԸՆՏԱՆԻՔԻՆ»
Շիլասը, որը ծառայում է Նեպալի՝ Եհովայի վկաների գրասենյակում, ասում է. «Երբ վերականգնվեց հեռախոսակապը, զանգերն օր ու գիշեր չէին դադարում։ Ամբողջ աշխարհում մեր հավատակիցները խիստ անհանգստացած էին մեզ համար։ Թեև շատերի լեզուն չէինք հասկանում, բայց զգում էինք նրանց սերը և մեզ օգնելու մեծ ցանկությունը»։
Երկրաշարժից հետո մի քանի օր շարունակ տեղի Վկաները սնունդ էին բերում Թագավորության սրահներ, որպեսզի բաժանեն նրանց, ովքեր դրա կարիքն ունեին։ Բացի դրանից, կազմվեց աղետից տուժածներին օգնելու կոմիտե, և շուտով սկսեցին օգնություն ուղարկել տարբեր երկրներից, հիմնականում՝ Բանգլադեշից, Հնդկաստանից և Ճապոնիայից։ Հաշված օրերի ընթացքում Եվրոպայից աղետի գոտի եկավ Վկաներից բաղկացած բուժանձնակազմ և Թագավորության սրահներից մեկում բուժկետ հիմնեց։ Նրանք անմիջապես գործի անցան և սկսեցին օգնել աղետից տուժածներին՝ ոչ միայն բուժօգնություն տրամադրելով, այլև ցույց տալով էմոցիոնալ աջակցություն։
Արտահայտելով շատերի զգացումները՝ Ուտարա անունով մի կին ասաց. «Երկրաշարժը սարսափելի էր։ Սակայն դրանից հետո մենք ավելի քան երբևէ մեզ մոտ զգացինք մեր հոգևոր ընտանիքին»։ Այո՛, երկրաշարժը ոչ թե թուլացրեց այն սերը, որ Եհովայի ծառաները զգում են իրենց երկնային հոր և միմյանց հանդեպ, այլ ավելի ամրացրեց այն։