Ինչո՞ւ այսքան շատ քրիստոնեական ուղղություններ կան
Աստվածաշնչի պատասխանը
Մարդիկ, օգտագործելով Հիսուս Քրիստոսի ուսմունքները, ստեղծել են տարբեր «քրիստոնեական» ուղղություններ։ Սակայն Աստվածաշունչը ցույց է տալիս, որ կա միայն մեկ ճշմարիտ քրիստոնեություն։ Ահա երեք պատճառ նման եզրահանգման համար։
Հիսուսն ասաց, որ ճշմարտությունն է սովորեցնում, և վաղ քրիստոնյաներն էլ իրենց դավանանքը կոչում էին ճշմարտություն (Հովհաննես 8:32; 2 Պետրոս 2:2; 2 Հովհաննես 4; 3 Հովհաննես 3)։ Սրանից երևում է, որ ովքեր այնպիսի ուսմունքներ են սովորեցնում, որոնք Հիսուսի սովորեցրածներին հակառակ են, նշանակում է՝ չեն դավանում ճշմարտությունը՝ ճշմարիտ քրիստոնեությունը։
Աստվածաշունչը հայտնում է, որ քրիստոնյաները պետք է իրենց «խոսքերի մեջ միասնական լինեն» (1 Կորնթացիներ 1:10)։ Սակայն շատ քրիստոնեական ուղղություններ հակասում են միմյանց հիմնական դավանաբանական ուսմունքների առումով, ինչպիսին է օրինակ՝ ինչ է նշանակում լինել քրիստոնյա։ Ուստի չեն կարող բոլոր ուղղությունները ճիշտ լինել (1 Պետրոս 2:21)։
Հիսուսը մարգարեացավ, որ շատերը կասեն, թե քրիստոնյաներ են, սակայն չեն պահի իր պատվերները, ու ինքը կմերժի նրանց (Մատթեոս 7:21–23; Ղուկաս 6:46)։ Որոշ մարդկանց կմոլորեցնեն կրոնական առաջնորդները, ովքեր ճշմարիտ երկրպագությունը ապականում են իրենց շահերը առաջ տանելու համար (Մատթեոս 7:15)։ Սակայն ոմանք էլ կնախընտրեն այնպիսի քրիստոնեություն, որը իրենց ասում է այն, ինչ ուզում են լսել, և ոչ թե ճշմարտությունը, որ գրված է Աստվածաշնչում (2 Տիմոթեոս 4:3, 4)։
Ցորենի և որոմի առակով Հիսուսը նախազգուշացրեց, որ ճշմարիտ քրիստոնեության դեմ մեծ ըմբոստություն (հավատուրացություն) է բարձրանալու (Մատթեոս 13:24–30, 36–43)։ Երկար ժամանակ հնարավոր չէր լինելու տարբերել ճշմարիտ ու կեղծ քրիստոնյաներին։ Եվ ինչպես որ Հիսուսն ասել էր, առաքյալների մահից հետո հավատուրացությունը ծաղկեց (Գործեր 20:29, 30)։ Հավատուրացների ուսուցումները, որոնք հավանաբար տարբերվում էին իրարից, առաջ բերեցին քրիստոնեությանը նմանվող տարբեր ուղղություններ, որոնք իրականում «շեղված էին ճշմարտությունից» (2 Տիմոթեոս 2:18)։
Հիսուսը նաև ասել էր, որ ի վերջո ճշմարիտ ու կեղծ քրիստոնեության տարբերությունը ակնհայտ էր դառնալու։ Դա տեղի է ունեցել մեր օրերում՝ «աշխարհի վախճանին» (Մատթեոս 13:30, 39)։