Ի՞նչ է Աստվածաշունչն ասում հղիության արհեստական ընդհատման մասին
Աստվածաշնչի պատասխանը
Աստվածաշնչում «վիժում» բառը չի օգտագործվում «կնոջ արգանդից կանխամտածված կերպով պտուղը հեռացնելու» իմաստով։ Սակայն աստվածաշնչյան բազմաթիվ համարներ ցույց են տալիս, թե Աստված ինչ տեսակետ ունի մարդու, այդ թվում՝ չծնված երեխայի կյանքի վերաբերյալ։
Կյանքը Աստծու կողմից տրված պարգև է (Ծննդոց 9:6; Սաղմոս 36:9)։ Նա թանկ է համարում ցանկացած կենդանի էակի, այդ թվում՝ կնոջ որովայնում գտնվող երեխայի կյանքը։ Ուստի չծնված երեխային գիտակցաբար սպանելը հավասարազոր է մարդասպանության։
Իսրայելին տրված Աստծու Օրենքում ասվում էր. «Եթե տղամարդիկ իրար հետ կռիվ անեն ու հղի կնոջ հարվածեն, և նրա երեխան ժամանակից շուտ ծնվի, և մահացու դեպք չլինի, ապա մեղավորը անպատճառ իր վրա դրված տույժը պիտի հատուցի այն չափով, որ չափով կնոջ ամուսինը կդնի նրա վրա. այն պետք է տա դատավորների միջոցով։ Բայց եթե մահացու դեպք լինի, ուրեմն հոգու դիմաց հոգի պիտի տաս» (Ելք 21։22, 23)։ a
Ե՞րբ է սկիզբ առնում մարդու կյանքը
Աստծու տեսակետից՝ կյանքը սկիզբ է առնում բեղմնավորման պահից։ Իր Խոսքում՝ Աստվածաշնչում, Աստված չծնված երեխայի մասին բազմիցս խոսում է որպես անձնավորության։ Նկատի առնենք որոշ օրինակներ, որոնք ցույց են տալիս, որ Աստված տարբերություն չի դնում լույս աշխարհ եկած երեխայի կյանքի և դեռևս իր մոր որովայնում գտնվող երեխայի կյանքի միջև։
Դավիթ թագավորը Աստծու ներշնչմամբ նրա մասին ասաց. «Քո աչքերը տեսան իմ սաղմը» (Սաղմոս 139։16)։ Նույնիսկ նախքան Դավթի ծնվելը Աստված նրան անձնավորություն էր համարում։
Երբ Երեմիա մարգարեն դեռ չէր ծնվել, Աստված գիտեր, որ հատուկ նպատակ էր ունենալու նրա հետ կապված։ Աստված ասաց նրան. «Դեռ որովայնում քեզ չստեղծած՝ ես գիտեի քեզ, և դու դեռ արգանդից դուրս չեկած՝ ես սրբացրի քեզ։ Ազգերի մարգարե քեզ նշանակեցի» (Երեմիա 1։5)։
Աստվածաշնչի գրողներից մեկը՝ Ղուկասը, որը բժիշկ էր, չծնված և նորածին երեխաների մասին խոսելիս միևնույն հունարեն բառը գործածեց (Ղուկաս 1։41; 2։12, 16)։
Աստված կների՞ հղիությունը արհեստականորեն ընդհատած անհատին
Ովքեր արհեստական վիժում են արել, կարող են ներում ստանալ Աստծուց։ Կարիք չկա, որ նրանք տանջվեն մեղավորության զգացումից, եթե ընդունում են կյանքի վերաբերյալ նրա տեսակետը։ «Եհովան b բարեգութ է և ողորմած.... Որքան արևելքը հեռու է արևմուտքից, այնքան նա հեռացրել է մեզանից մեր հանցանքները» (Սաղմոս 103։8–12)։ Եհովան ներում է բոլոր նրանց, ովքեր անկեղծորեն զղջում են անցյալում գործած իրենց մեղքերի, այդ թվում՝ հղիությունը արհեստականորեն ընդհատելու համար (Սաղմոս 86:5)։
Արդյոք սխա՞լ է արհեստականորեն ընդհատել հղիությունը, եթե մոր կամ երեխայի կյանքը վտանգված է
Հաշվի առնելով այն, թե Աստվածաշունչն ինչ է ասում չծնված երեխայի կյանքի մասին, կնոջ կամ երեխայի առողջությանը սպառնացող հնարավոր վտանգը արդարացում չէ հղիության արհեստական ընդհատման համար։
Իսկ ի՞նչ կարելի է ասել այն հազվադեպ դեպքերի մասին, երբ ծննդաբերության ժամանակ արտակարգ իրավիճակ է ստեղծվում, և թե՛ կնոջ, թե՛ երեխայի կյանքը վտանգի տակ են հայտնվում, և հարկավոր է որոշել՝ ում կյանքը փրկել։ Զույգն ինքը պետք է որոշի՝ ինչպես վարվել նման պարագայում։
a Որոշ թարգմանություններ այնպիսի տպավորություն են ստեղծում, թե Իսրայելին տրված այս օրենքը կարևորում էր այն, թե ինչ կպատահեր մորը և ոչ թե պտղին։ Սակայն եբրայերեն տեքստում խոսքը թե՛ մոր և թե՛ երեխայի հետ տեղի ունեցած դժբախտ պատահարի մասին է։
b Եհովան Աստծու անունն է, ինչպես գրված է Աստվածաշնչում (Սաղմոս 83։18)։