Ովքե՞ր էին հարուստ մարդն ու Ղազարոսը
Աստվածաշնչի պատասխանը
Հիսուսի առակի հարուստ մարդն ու Ղազարոսը հորինված կերպարներ էին (Ղուկաս 16։19–31)։ Նրանք ներկայացնում են երկու խումբ մարդկանց՝ 1) Հիսուսի օրերի հրեա հպարտ կրոնական առաջնորդներին, 2) հասարակ և անկեղծ մարդկանց, որոնք արձագանքեցին Հիսուսի քարոզած լուրին։
Այս հոդվածում՝
Հիսուսն ի՞նչ ասաց հարուստ մարդու և Ղազարոսի մասին
Ղուկաս 16-րդ գլխում Հիսուսը նկարագրում է երկու մարդու, որոնց հանգամանքները կտրուկ փոխվում են։
Ահա Հիսուսի պատմած առակի ամփոփ բովանդակությունը։ Մի հարուստ մարդ շատ ճոխ ապրելակերպ ուներ։ Ղազարոս անունով մի մուրացկան էլ ապրում էր այդ հարուստ մարդու դարպասների մոտ՝ հուսալով, որ նրա սեղանից ընկած հացի փշրանքներից իրեն էլ բաժին կհասնի։ Ժամանակի ընթացքում Ղազարոսը մահանում է, և հրեշտակները նրան տանում են Աբրահամի գիրկը. հարուստ մարդն էլ է մահանում ու թաղվում։ Առակում երկուսն էլ մահից հետո գտնվում են գիտակից վիճակում։ Մահացած հարուստ մարդը տանջվում է այրող կրակների մեջ և խնդրում է Աբրահամին, որ Ղազարոսին ուղարկի, որպեսզի վերջինս մատի ծայրը ջրի մեջ թաթախի և հովացնի իր լեզուն։ Աբրահամը մերժում է հարուստ մարդու խնդրանքը և ասում, որ նրանց կարգավիճակը այժմ կտրուկ փոխվել է։ Նրանց մեջ մեծ անդունդ է առաջացել, որն անցնել հնարավոր չէ։
Արդյո՞ք այս պատմությունն իրականում տեղի է ունեցել
Ո՛չ։ Սա առակ է, որով Հիսուսը ցանկացավ դաս սովորեցնել։ Այն, որ սա առակ է, հաստատում են գիտնականները։ Օրինակ՝ 1912 թ. Լյութերի Աստվածաշնչում՝ ենթախորագրում, նշված է, որ այս պատմությունը առակ է։ Կաթոլիկական «Երուսաղեմի Աստվածաշնչում»՝ ծանոթագրության մեջ, գրված է. «Առակը կառուցվածքով նման է պատմության, որը, սակայն, պատմական որևէ հիմք չունի»։
Արդյո՞ք Հիսուսը սովորեցնում էր, որ մահից հետո կյանք գոյություն ունի։ Արդյո՞ք նա նկատի ուներ, որ որոշ մարդիկ տանջվում են դժոխքի կրակներում, և որ Աբրահամն ու Ղազարոսը գտնվում էին երկնքում։ Մի քանի փաստեր կան, որոնք հերքում են այս ամենը։
Օրինակ՝
Եթե հարուստը լիներ բառացի այրվող տանջանքի վայրում, մի՞թե կրակը չէր գոլորշիացնի Ղազարոսի մատի ծայրի ջուրը։
Եթե նույնիսկ այն չգոլորշիանար, մի կաթիլ ջուրը կարո՞ղ էր տևական թեթևացում բերել բառացի կրակների մեջ տանջվող հարուստ մարդուն։
Ինչպե՞ս կարող էր Աբրահամը կենդանի լինել երկնքում այն դեպքում, երբ Հիսուսը պարզ նշեց, որ մինչև առակը պատմելու պահը ոչ ոք երկինք չէր գնացել (Հովհաննես 3։13)։
Այս պատմությունը թիկունք կանգնո՞ւմ է դժոխքի գաղափարին
Ո՛չ։ Թեև առակը իրական պատմություն չէ, սակայն ոմանք պնդում են, որ այն թիկունք է կանգնում այն գաղափարին, թե լավ մարդիկ գնում են դրախտ, իսկ վատ մարդիկ տանջվում են դժոխքի կրակներում։ a
Արդյո՞ք այս եզրակացությունը տրամաբանական է։ Ո՛չ։
Դժոխքի մասին ուսմունքը չի համապատասխանում մահացածների վիճակի մասին Աստվածաշնչում գրվածին։ Օրինակ՝ այնտեղ գրված չէ, որ բոլոր լավ մարդիկ, ովքեր մահանում են, հայտնվում են երանության մեջ, իսկ վատերը տանջվում են դժոխքի կրակներում։ Ընդհակառակը՝ Աստվածաշունչը հստակ ասում է. «Ապրողները գիտակցում են, որ մահանալու են, բայց մահացածները ոչ մի բան չեն գիտակցում» (Ժողովող 9։5)։
Ո՞րն է հարուստ մարդու և Ղազարոսի պատմության նշանակությունը
Այս պատմությունը ցույց է տալիս, որ երկու խումբ մարդկանց հանգամանքները մեծ փոփոխության են ենթարկվելու։
Հարուստ մարդը ակներևաբար խորհրդանշում էր հրեա կրոնական առաջնորդներին, որոնք «փողասեր էին» (Ղուկաս 16։14)։ Նրանք լսում էին Հիսուսի ասածները, բայց հակառակվում էին նրա հաղորդած լուրին։ Կրոնական առաջնորդները սովորական մարդկանց իրենցից ցածր էին համարում (Հովհաննես 7։49)։
Ղազարոսը խորհրդանշում էր հասարակ մարդկանց, որոնք ընդունեցին Հիսուսի ասածները։ Նրանք արհամարհված էին հրեա կրոնական առաջնորդների կողմից։
Երկու խմբի մարդկանց հանգամանքներն էլ կտրուկ փոխվեցին։
Հրեա կրոնական առաջնորդները կարծում էին, թե Աստված հավանում է իրենց։ Բայց նրանք կարծես մահացան, երբ Աստված մերժեց նրանց և նրանց երկրպագության ձևը, քանի որ չընդունեցին Հիսուսի քարոզած լուրը։ Հիսուսի ու նրա հետևորդների քարոզած լուրը ասես տանջում էր նրանց (Մատթեոս 23։29, 30; Գործեր 5։29–33)։
Հասարակ ժողովուրդը, որը երկար ժամանակ անտեսված էր կրոնական առաջնորդների կողմից, այժմ բարեհաճության էր արժանանում։ Շատերն ընդունեցին Հիսուսի հաղորդած բարի լուրը և օգուտներ քաղեցին դրանից։ Այժմ նրանք հնարավորություն ունեին հավիտյան վայելելու Աստծու բարեհաճությունը (Հովհաննես 17։3)։
a Աստվածաշնչի «Արարատ» թարգմանության մեջ այս համարում օգտագործված է «դժոխք» բառը՝ մահից հետո հարուստ մարդու գտնվելու վայրը նկարագրելու համար։ Այնուամենայնիվ, հունարեն բառը (հադես), որն օգտագործված է Ղուկաս 16։23-ում, պարզապես նշանակում է մարդկության համընդհանուր գերեզման։