Ծխելը մե՞ղք է
Աստվածաշնչի պատասխանը
Աստվածաշունչը չի նշում ծխելու a կամ ծխախոտի գործածության այլ ձևերի մասին։ Սակայն այն պարունակում է սկզբունքներ, որոնք ցույց են տալիս, որ Աստված հավանություն չի տալիս անառողջ և անմաքուր սովորություններին և ծխելը մեղք է համարում։
Կյանքի հանդեպ հարգանք։ «Աստված.... ինքն է բոլոր մարդկանց տալիս կյանք, շունչ» (Գործեր 17։24, 25)։ Քանի որ կյանքը Աստծու տված պարգևն է, մենք պետք է հեռու մնանք այնպիսի բաներից, որոնք կկարճացնեն այն, այդ թվում՝ ծխելուց։ Ողջ աշխարհում ծխելը կանխելի մահվան հիմնական պատճառներից մեկն է։
Մերձավորի հանդեպ սեր։ «Սիրի՛ր մերձավորիդ քո անձի պես» (Մատթեոս 22։39)։ Ուրիշների շրջապատում ծխելը սիրո արտահայտում չէ։ Նրանք, ովքեր կանոնավորաբար շնչում են ծխախոտի ծուխը, այսինքն՝ պասիվ ծխողներ են, մեծ հավանականություն կա, որ ձեռք կբերեն այն հիվանդություններից մի քանիսը, որոնցով տառապում են ծխող մարդիկ։
Սուրբ լինելու անհրաժեշտություն։ «Ձեր մարմինները ներկայացրեք որպես զոհ՝ կենդանի, սուրբ և Աստծուն ընդունելի» (Հռոմեացիներ 12։1)։ «Եկեք մաքրենք մեզ մարմնի և ոգու ամեն պղծությունից և սրբությունը կատարելագործենք Աստծու հանդեպ վախով» (2 Կորնթացիներ 7։1)։ Ծխելը անբնական բան է և անհամատեղելի է սուրբ, այսինքն՝ մաքուր, անբիծ լինելու հետ, քանի որ ծխող մարդիկ գիտակցաբար տոքսիններ են կլանում, որոնք շատ վնասակար են իրենց օրգանիզմի համար։
Աստվածաշունչը որևէ բան ասո՞ւմ է մարիխուանա կամ այլ թմրադեղեր հաճույքի համար օգտագործելու մասին
Աստվածաշնչում չի նշվում մարիխուանայի (նաև հայտնի է որպես խոտ կամ կանեփ) կամ այլ թմրադեղերի մասին։ Բայց այնտեղ կան սկզբունքներ, որոնք բացառում են հաճույքի համար կախվածություն առաջացնող այդպիսի նյութերի օգտագործումը։ Ի հավելումն այդ սկզբունքների՝ հարկավոր է հաշվի առնել նաև հետևյալը։
Միտքը կառավարելու անհրաժեշտություն։ «Սիրի՛ր քո Աստված Եհովային.... քո ամբողջ մտքով» (Մատթեոս 22։37, 38)։ «Ամեն ինչում զգոն եղեք» (1 Պետրոս 1։13)։ Մարդը չի կարող լիովին կառավարել իր միտքը, եթե թմրադեղեր է օգտագործում։ Շատերը նույնիսկ կախվածություն են ձեռք բերում դրանցից։ Նրանց միտքը կենտրոնացած է թմրադեղեր հայթայթելու և օգտագործելու վրա և ոչ թե կերտիչ բաների (Փիլիպպեցիներ 4։8)։
Հնազանդություն օրենքներին։ «Հնազանդվեք կառավարություններին ու իշխանություններին» (Տիտոս 3։1)։ Շատ երկրներում օրենքով խիստ վերահսկվում է որոշ թմրադեղերի գործածությունը։ Եթե ցանկանում ենք հաճեցնել Աստծուն, պետք է հնազանդվենք իշխանություններին (Հռոմեացիներ 13։1)։
a Խոսքն այստեղ ծխախոտի գլանակի, սիգարի, ծխամորճի, նարգիլեի միջոցով ծուխը գիտակցաբար ներս քաշելու մասին է։ Սակայն քննարկվող սկզբունքները հավասարապես վերաբերում են այն ծխախոտին, որը ծամում են կամ քաշում քթանցքները, էլեկտրոնային ծխախոտին, որը պարունակում է նիկոտին, և ծխախոտի այլ արտադրանքներին։