Ինչո՞ւ աղոթել։ Աստված կպատասխանի՞ իմ աղոթքներին
Աստվածաշնչի պատասխանը
Այո՛ կպատասխանի։ Թե՛ Աստվածաշունչը, թե՛ իրական կյանքի օրինակները ցույց են տալիս, որ Աստված պատասխանում է աղոթքներին։ Աստվածաշունչն ասում է. «[Աստված] կկատարի իրենից վախեցողների փափագը, կլսի նրանց օգնության կանչն ու կփրկի նրանց» (Սաղմոս 145։19)։ Բայց կպատասխանի Աստված քո աղոթքներին, թե ոչ, մեծապես կախված է քեզանից։
Ինչը նշանակություն ունի Աստծու համար
Աստծուն, ոչ թե Հիսուսին, Մարիամին, սրբերին, հրեշտակներին կամ պատկերներին աղոթելը։ Միայն Եհովա Աստվածն է «աղոթքներ Լսող» (Սաղմոս 65։2)։
Աղոթելը Աստծու կամքին, կամ՝ պահանջներին ներդաշնակ, որոնք գրված են Աստվածաշնչում (1 Հովհաննես 5։14)։
Հիսուսի անունով աղոթելը՝ ընդունելով նրա իշխանությունը։ «Ոչ ոք չի գալիս Հոր մոտ, եթե ոչ իմ միջոցով»,— ասաց Հիսուսը (Հովհաննես 14։6)։
Հավատով աղոթելը՝ խնդրելով ավելի շատ հավատ (Մատթեոս 21։22; Ղուկաս 17։5)։
Խոնարհ և անկեղծ լինելը։ Աստվածաշունչն ասում է. «Եհովան բարձր է, բայց խոնարհին նա տեսնում է» (Սաղմոս 138։6)։
Հաստատակամ լինելը։ Հիսուսն ասաց. «Շարունակեք խնդրել, և կտրվի ձեզ» (Ղուկաս 11։9)։
Ինչը նշանակություն չունի Աստծու համար
Քո ռասան կամ ազգությունը։ «Աստված կողմնակալ չէ, այլ բոլոր ազգերի մեջ, ով վախենում է նրանից և արդարություն է գործում, ընդունելի է նրան» (Գործեր 10։34, 35)։
Աղոթելու դիրքը։ Դու կարող ես աղոթել Աստծու նստած, խոնարհված, ծնկի եկած կամ կանգնած (1 Տարեգրություն 17։16; Նեեմիա 8։6; Դանիել 6։10; Մարկոս 11։25)։
Բարձրաձայն, թե լուռ աղոթելը։ Աստված պատասխանում է նույնիսկ լուռ ասված աղոթքներին, որոնց մասին ուրիշները չգիտեն (Նեեմիա 2։1-6)։
Անհանգստություններդ լուրջ են կամ թեթև։ Աստված հորդորում է քեզ ամբողջ հոգսը իր վրա գցել, որովհետև նա հոգ է տանում քո մասին (1 Պետրոս 5։7)։