ԸՆԴՕՐԻՆԱԿԵՔ ՆՐԱՆՑ ՀԱՎԱՏԸ | ՀՈՎՆԱԹԱՆ
«Եհովայի համար արգելք չկա»
Մեկուսի պահապան զորքը նայում է չոր, ժայռոտ տարածքին։ Հանկարծ այդ միօրինակության մեջ փղշտացի զինվորների հետաքրքրությունը մի բան է շարժում։ Նրանք կիրճի մյուս կողմում պարզ տեսնում են երկու իսրայելացի տղամարդկանց։ Զինվորների տեսածը զվարճացնում է իրենց. նրանք վտանգի հոտ չեն առնում։ Երկար ժամանակ է՝ փղշտացիները իշխում են իսրայելացիների վրա, որոնք չեն կարողանում նույնիսկ իրենց գյուղատնտեսական գործիքները սրել առանց թշնամու՝ փղշտացիների երկիր օգնության համար գնալու։ Իսրայելացիների սպառազինությունը խղճուկ է։ Բացի այդ, նրանք ընդամենը երկուսն են։ Անգամ եթե մինչև ատամները զինված լինեն, ի՞նչ վնաս կարող են հասցնել։ Փղշտացիները հեգնանքով ձայն են տալիս. «Բարձրացե՛ք մեզ մոտ, և մենք ձեզ ցույց կտանք» (1 Սամուել 13։19–23; 14։11, 12)։
Փղշտացիները ուզում են դաս տալ նրանց, բայց, իրականում, հակառակն է լինելու։ Երկու իսրայելացիները ցած են վազում, անցնում են կիրճը, ապա վեր բարձրանում զառիվեր լանջով։ Այն այնքան կտրուկ է, որ նրանք ստիպված են հենվել իրենց ձեռքերի ու ոտքերի վրա, սակայն շարունակում են բարձրանալ՝ մագլցելով ժայռերի վրա և գնալով ուղիղ դեպի պահապան զորքը (1 Սամուել 14։13)։ Փղշտացիներն այժմ տեսնում են, որ նա, ով առաջնորդում է, զինված է, իսկ նրա զինակիրը գնում է նրա հետևից։ Ի՞նչ է, նա մի ամբողջ կայազորի վրա երկու հոգով գրո՞հ է նախաձեռնել։ Այդ մարդը խելագա՞ր է։
Ո՛չ, նա խելագար չէ, նա մեծ հավատի տեր մարդ է։ Նրա անունը Հովնաթան է։ Այս քաջ ռազմիկի մասին պատմությունից մերօրյա ճշմարիտ քրիստոնյաները շատ դասեր կարող են քաղել։ Թեև մենք ներգրավված չենք բառացի պատերազմի մեջ, սակայն մեծ դաս կարող ենք քաղել՝ կարդալով Հովնաթանի քաջության, նվիրվածության և անեսասիրության մասին։ Այս հատկությունները անհրաժեշտ է զարգացնել իսկական հավատ կերտելու համար (Եսայիա 2։4; Մատթեոս 26։51, 52)։
Նվիրված որդի և քաջարի ռազմիկ
Որպեսզի հասկանանք, թե ինչու Հովնաթանը գնաց ընդդեմ պահապան զորքի, պետք է ծանոթ լինենք նրա անցյալին։ Հովնաթանը Իսրայելի առաջին թագավոր Սավուղի ավագ որդին էր։ Երբ Սավուղը թագավոր օծվեց, Հովնաթանը արդեն չափահաս էր, թերևս 20 տարեկան կամ ավելի։ Նա, ըստ երևույթին, շատ մտերիմ էր իր հոր հետ, որը հաճախ գաղտնիքներ էր վստահում որդուն։ Այդ օրերին Հովնաթանը ճանաչում էր հորը ոչ միայն որպես բարձրահասակ, գեղեցիկ և համարձակ ռազմիկի, այլև, որն ավելի կարևոր է, որպես հավատի և խոնարհության տեր մարդու։ Նա հստակ տեսնում էր, թե ինչու էր Եհովան Սավուղին թագավոր ընտրել։ Նույնիսկ Սամուել մարգարեն ասաց, որ ողջ երկրում նրա նմանը չկա (1 Սամուել 9։1, 2, 21; 10։20–24; 20։2)։
Հովնաթանը ակներևաբար պատիվ էր համարում իր հոր հրամանատարության ներքո Եհովայի ժողովրդի թշնամիների դեմ կռվելը։ Այդ պատերազմները նման չէին մերօրյա ազգամիջյան բախումներին։ Հին ժամանակներում Եհովան Իսրայելին ընտրել էր որպես իրեն ներկայացնող ազգ, և կեղծ աստվածներ երկրպագող ազգերը անընդհատ հարձակում էին գործում իսրայելացիների վրա։ Փղշտացիները, որոնք այլասերված էին այնպիսի աստվածների երկրպագությամբ, ինչպիսին էր Դագոնը, հաճախ փորձում էին ճնշել կամ նույնիսկ վերացնել Եհովայի ընտրյալ ժողովրդին։
Հետևաբար Հովնաթանի պես մարդու համար այդպիսի պատերազմներին մասնակցելը Եհովա Աստծուն նվիրվածությամբ ծառայելու հարց էր։ Եվ Եհովան օրհնեց նրա ջանքերը։ Թագավոր դառնալուց կարճ ժամանակ անց Սավուղը իր որդուն 1 000 զինվորների վրա հրամանատար նշանակեց, և Հովնաթանը առաջնորդեց նրանց Գաբա՝ փղշտացիների կայազորի դեմ կռվելու։ Թեև նրանց սպառազինությունն աղքատիկ էր, բայց Եհովայի օգնությամբ Հովնաթանը հաղթեց պատերազմը։ Ի պատասխան՝ փղշտացիները մեծ բանակ հավաքեցին։ Սավուղի զինվորներից շատերը սարսափի մեջ ընկան։ Ոմանք փախան և թաքնվեցին, իսկ մի քանիսը նույնիսկ հակառակորդի կողմն անցան։ Սակայն Հովնաթանի քաջությունը երբեք չպակասեց (1 Սամուել 13։2–7; 14։21)։
Այն օրը, որի մասին խոսվեց նախաբանում, Հովնաթանը որոշել էր բոլորից աննկատ իր զինակրի հետ դուրս գալ բանակից։ Երբ նրանք մոտեցան Մաքմասում գտնվող փղշտացիների պահապան զորքին, Հովնաթանը զինակրին հայտնեց իր ծրագրի մասին։ Նրանք պետք է այնպես անեին, որ փղշտացիները հստակ տեսնեին իրենց։ Եթե թշնամին մարտահրավեր նետեր այդ երկուսին՝ ասելով, որ գան իրենց դեմ, դա նշան կլիներ, որ Եհովան օգնելու էր իր ծառաներին։ Թերևս Հովնաթանի զորավոր խոսքերից ոգեշնչված՝ նրա զինակիրը պատրաստակամորեն համաձայնեց։ Հովնաթանն ասաց. «Եհովայի համար արգելք չկա՝ շատերի միջոցով փրկել, թե քչերի» (1 Սամուել 14։6–10)։ Ի՞նչ նկատի ուներ նա։
Հովնաթանը ակներևաբար իր Աստծուն լավ էր ճանաչում։ Անկասկած, նա գիտեր, որ անցյալում Եհովան օգնել էր իր ժողովրդին հաղթելու թվով զգալիորեն գերազանցող թշնամիներին։ Երբեմն Աստված նույնիսկ մեկ մարդու միջոցով էր հաղթանակ պարգևել (Դատավորներ 3։31; 4։1–23; 16։23–30)։ Ուստի Հովնաթանը գիտեր, որ հաղթանակը կախված էր ոչ թե Աստծու ծառաների քանակից, ուժից կամ սպառազինությունից, այլ նրանց հավատից։ Դա էր պատճառը, որ Հովնաթանը հավատով թույլ տվեց, որ Եհովան որոշի, թե արդյոք իրենք պետք է հարձակվեն պահապան զորքի վրա։ Նա մի նշան որոշեց, որով Եհովան կարող էր ցույց տալ իր հավանությունը։ Եվ երբ ստացավ հավանությունը, անվախորեն առաջ գնաց։
Նկատի առնենք Հովնաթանի հավատի երկու երեսակ։ Առաջին՝ նա խոր ակնածանք ուներ իր Աստծու՝ Եհովայի հանդեպ։ Նա գիտեր, որ Ամենակարող Աստված միշտ իրագործում է իր նպատակները. նա կախում չունի մարդկային ուժից։ Ավելին, նրան հաճույք է պատճառում իր հավատարիմ ծառաներին օրհնելը (2 Տարեգրություն 16։9)։ Երկրորդ՝ Հովնաթանը նախքան ինչ-որ բան ձեռնարկելը ապացույցներ փնտրեց համոզված լինելու համար, որ ունի Եհովայի հավանությունը։ Այսօր մենք չենք ակնկալում գերբնական նշաններ ստանալ, որպեսզի հավաստիանանք, որ Աստված հավանություն է տալիս մեր գործելակերպին։ Մեր ձեռքի տակ ունենալով սուրբ ոգուց ներշնչված Աստծու ամբողջական Խոսքը՝ մենք ունենք անհրաժեշտ ամեն բան՝ տեսնելու համար, թե որն է Աստծու կամքը (2 Տիմոթեոս 3։16, 17)։ Ուշադրությամբ քննո՞ւմ ենք Աստվածաշունչը նախքան կարևոր որոշումներ կայացնելը։ Եթե այո, ապա Հովնաթանի նման ցույց ենք տալիս, որ մեզ համար Աստծու կամքը շատ ավելի կարևոր է, քան մեր ցանկությունները։
Եվ այսպես՝ այդ երկու տղամարդիկ՝ Հովնաթանն ու նրա զինակիրը, արագ մագլցեցին զառիվեր լանջը՝ իրենց քայլերն ուղղելով դեպի պահապան զորքը։ Վերջիվերջո, փղշտացիները հասկացան, որ իրենց վրա ուզում են հարձակում գործել, և մարդիկ ուղարկեցին, որ հետ մղեն զավթիչներին։ Փղշտացիների առավելությունն այն էր, որ բացի այդ երկու հարձակվողներին թվով գերազանցելուց՝ իրենք բարձունքի վրա էին գտնվում, ուստի նրանց հաղթելը իրենցից շատ ժամանակ չպետք է որ խլեր։ Սակայն զարմանալի բան տեղի ունեցավ. Հովնաթանը սկսեց մեկը մյուսի հետևից զարկել զինվորներին։ Զինակիրն էլ նրա հետևից էր սպանում նրանց։ Ընդամենը մի փոքր տարածքի վրա այդ երկուսը թշնամու 20 զինվոր սպանեցին։ Այդ ժամանակ Եհովան մեկ այլ բան արեց։ Կարդում ենք. «Դաշտի մեջ բանակատեղիում գտնվողները, պահապան զորքի բոլոր մարդիկ և նույնիսկ կողոպտիչները դողացին վախից։ Երկիրը սկսեց ցնցվել, և Աստծուց սարսափ ընկավ բոլորի վրա» (1 Սամուել 14։15)։
Սավուղն ու իր մարդիկ հեռվից տեսան, որ փղշտացիների բանակում քաոս էր տիրում, և իրարանցում էր սկսվել։ Նույնիսկ նրանցից ամեն մեկի սուրն իր ընկերոջ դեմ էր ուղղված (1 Սամուել 14։16, 20)։ Իսրայելացիները քաջությամբ լցվեցին և անցան գրոհի՝ թերևս վերցնելով սպանված փղշտացիների զենքերը։ Այդ օրը Աստված մեծ հաղթանակ շնորհեց իր ժողովրդին։ Եհովան չի փոխվել այդ ոգևորիչ ժամանակներից ի վեր։ Եթե այսօր Հովնաթանի և նրա անանուն զինակրի պես հավատանք նրան, երբեք պատճառ չենք ունենա ափսոսալու մեր ընտրության համար (Մաղաքիա 3։6; Հռոմեացիներ 10։11)։
«Նա Աստծով գործեց»
Սավուղի համար, սակայն, այդ հաղթանակը այնքան լավ ավարտ չունեցավ, որքան Հովնաթանի համար։ Նա լուրջ սխալներ էր գործել. չէր հնազանդվել Եհովայի կողմից նշանակված Սամուել մարգարեի խոսքին և մատուցել էր այն զոհը, որը պետք է մատուցեր մարգարեն, ով նաև ղևտացի էր։ Երբ Սամուելը եկել էր, ասել էր նրան, որ անհնազանդության պատճառով նրա թագավորությունը չէր շարունակվելու։ Իսկ հետո, երբ Սավուղն իր մարդկանց պատերազմի էր ուղարկել, անխոհեմաբար նրանց երդում անել էր տվել՝ ասելով. «Անիծյա՛լ լինի այն մարդը, ով մինչև երեկո, նախքան իմ թշնամիներից վրեժ լուծելս, հաց ուտի» (1 Սամուել 13։10–14; 14։24)։
Սավուղի խոսքերից երևում է, որ նրա մեջ սկսել էին վատ հատկություններ զարգանալ։ Արդյո՞ք խոնարհ ու հոգևոր մարդը դառնում էր փառասեր ու եսակենտրոն անձնավորություն։ Չէ՞ որ Եհովան երբեք չէր պատվիրել, որ այդպիսի անխոհեմ սահմանափակում դրվեր այդ քաջ և ջանադիր զինվորների վրա։ Իսկ ի՞նչ կարելի է ասել Սավուղի հետևյալ խոսքերի մասին՝ «նախքան իմ թշնամիներից վրեժ լուծելս»։ Արդյո՞ք նա կարծում էր, թե պատերազմի կենտրոնում իր «ես»-ն էր։ Մոռացե՞լ էր, որ կարևորը Եհովայի արդարությունն էր և ոչ թե վրեժխնդրության, փառքի կամ հաղթանակի ծարավը։
Հովնաթանը ոչինչ չգիտեր հոր չկշռադատված երդման մասին։ Թեժ կռվից ուժասպառ եղած՝ նա իր գավազանի ծայրը թաթախեց մեղրախորիսխի մեջ, մի քիչ մեղր կերավ և անմիջապես վերագտավ իր ուժերը։ Այդ ժամանակ իր մարդկանցից մեկը նրան պատմեց ուտելու վերաբերյալ Սավուղի դրած արգելքի մասին։ Բայց Հովնաթանն ասաց. «Հայրս նեղության մեջ է գցել ժողովրդին։ Տեսեք, թե ինչպես աչքերս պայծառացան, երբ մի փոքր ճաշակեցի այդ մեղրից։ Որքան ավելի լավ կլիներ, եթե ժողովուրդն այսօր ինչ-որ բան ուտեր թշնամուց վերցրած ավարից։ Իսկ հիմա փղշտացիների մեջ կոտորածը մեծ չէ» (1 Սամուել 14։25–30)։ Նա իրավացի էր։ Հովնաթանը նվիրված որդի էր, սակայն նրա նվիրվածությունը կույր չէր։ Նա անմտորեն չէր համաձայնում հոր յուրաքանչյուր ասածին կամ արածին, և այդ հավասարակշռված մոտեցման շնորհիվ շահել էր ուրիշների հարգանքը։
Նույնիսկ երբ Սավուղն իմացավ, որ Հովնաթանը խախտել է իր դրած արգելքը, միևնույնն է, չմտածեց, որ անմիտ հրաման էր տվել։ Նա համոզված էր, որ իր որդին պետք է մահվան մատնվի։ Հովնաթանը չհակառակվեց և չաղերսեց, որ իրեն ողորմեն։ Ուշադրության է արժանի նրա անեսասեր արձագանքը. «Հիմա թող որ ես մեռնեմ»։ Սակայն իսրայելացիները ասացին. «Հովնաթա՞նը պիտի մեռնի, ով այս մեծ փրկությունը բերեց Իսրայելին։ Անհնա՛ր է։ Կենդանի՛ է Եհովան, նրա գլխից մի մազ անգամ գետին չի ընկնի, քանի որ այսօր նա Աստծով գործեց»։ Ի՞նչ եղավ արդյունքը։ Աստվածաշունչն ասում է. «Այսպես ժողովուրդը փրկեց Հովնաթանին, և նա չմեռավ» (1 Սամուել 14։43–45)։
Իր քաջության, ջանասիրության և անեսասեր ոգու շնորհիվ Հովնաթանը լավ համբավ էր ձեռք բերել։ Երբ նա կանգնեց վտանգի առաջ, բարի անուն ունենալը օգնեց իրեն։ Լավ կլինի, որ մտածենք, թե ինչ անուն, կամ՝ համբավ ենք վաստակում ամեն օր։ Աստվածաշունչն ասում է, որ լավ անունը շատ թանկ է (Ժողովող 7։1)։ Եթե Հովնաթանի պես մեզ համար էլ է կարևոր Եհովայի մոտ լավ անուն ստեղծելը, մեր համբավը մեծ արժեք կունենա։
Խավարը թանձրանում է
Չնայած Սավուղի գործած սխալներին՝ Հովնաթանը տարիներ շարունակ նվիրվածորեն պատերազմում էր իր հոր կողքին։ Կարելի է պատկերացնել, թե որքան էր ընկճվում նա, երբ տեսնում էր, որ հայրը անհնազանդ և հպարտ ոգի է զարգացնում։ Սավուղի մեջ խավարը թանձրանում էր, և Հովնաթանը անզոր էր կանգնեցնելու դա։
Խնդիրը ծայրաստիճան խորացավ, երբ Եհովան Սավուղին հանձնարարեց պատերազմել ամաղեկացիների դեմ. այդ ժողովուրդը այնքան էր ընկղմվել չարության մեջ, որ դեռևս Մովսեսի օրերում Եհովան կանխագուշակել էր, որ ամբողջ ազգը կործանվելու էր (Ելք 17։14)։ Սավուղին ասվեց, որ կործանման մատնի նրանց հոտերն ու սպանի Ագագ թագավորին։ Անկասկած, Հովնաթանն այս անգամ էլ արիաբար կռվեց իր հոր հրամանատարության ներքո։ Սավուղը հաղթեց պատերազմը, սակայն անամոթաբար չհնազանդվեց Եհովային. նա խնայեց Ագագի կյանքը և ձեռք չտվեց նրա հոտերին ու հարստությանը։ Սամուել մարգարեն Եհովայի վերջին դատավճիռն ազդարարեց Սավուղի նկատմամբ՝ ասելով. «Քանի որ դու մերժեցիր Եհովայի խոսքը, նա էլ քեզ է մերժում թագավոր լինելուց» (1 Սամուել 15։2, 3, 9, 10, 23)։
Շատ չանցած՝ Եհովան իր սուրբ ոգին վերցրեց Սավուղի վրայից։ Կորցնելով իր սիրառատ Հոր ազդեցությունը՝ թագավորը սկսեց տրամադրության կտրուկ տատանումներ ունենալ, բարկության պոռթկումներ և հիվանդագին վախի զգացում։ Բարի ոգու փոխարեն՝ ասես մի չար ոգի էր եկել Աստծուց (1 Սամուել 16։14; 18։10–12)։ Ի՜նչ մեծ կսկիծ էր հավանաբար ապրում Հովնաթանը՝ տեսնելով, թե որքան էր փոխվել իր երբեմնի ազնվազարմ հայրը։ Այդուհանդերձ, նա երբեք չշեղվեց Եհովային նվիրվածությամբ ծառայելուց։ Հովնաթանն իր լավագույնն էր անում հորը աջակցելու համար, երբեմն նույնիսկ անկեղծորեն զրուցում էր նրա հետ։ Դրա հետ մեկտեղ, սակայն, նա իր ուշադրությունը կենտրոնացած էր պահում իր Աստծու և Հոր՝ Եհովայի վրա, որը երբեք չի փոխվում (1 Սամուել 19։4, 5)։
Երբևէ տեսե՞լ ես, թե ինչպես է քո սիրելի անձնավորությունը, օրինակ՝ հարազատդ, կտրուկ փոխվում դեպի վատը։ Դա շատ ցավալի բան է։ Հովնաթանի օրինակը հիշեցնում է մեզ սաղմոսերգուի՝ ավելի ուշ գրած այս խոսքերը. «Նույնիսկ եթե հայրս ու մայրս ինձ թողնեն, Եհովան կընդունի ինձ» (Սաղմոս 27։10)։ Եհովան նվիրված է։ Անկախ նրանից՝ անկատար մարդիկ կհիասթափեցնեն քեզ, թե հուսախաբ կանեն, նա կընդունի քեզ և կլինի լավագույն Հայրը, որ կարելի է պատկերացնել։
Ըստ ամենայնի, Հովնաթանն իմացավ, որ Եհովան մտադիր էր Սավուղից վերցնել թագավորությունը։ Ինչպե՞ս նա արձագանքեց։ Նա երբևէ մտածե՞լ էր, թե ինչպիսի կառավարիչ ինքը կարող էր լինել։ Հույս փայփայե՞լ էր, որ կշտկի իր հոր սխալները՝ այդպիսով նվիրված ու հնազանդ թագավորի լավ օրինակ թողնելով։ Մենք չգիտենք նրա մտքերը։ Գիտենք միայն, որ այդ հույսերը երբեք չէին իրականանալու։ Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ Եհովան լքել էր այդ հավատարիմ մարդուն։ Ո՛չ, ընդհակառակը՝ նա հոգ տարավ, որ Հովնաթանի մասին պատմությունը գրի առնվի որպես հավատարիմ ընկերության մեծագույն օրինակներից մեկը աստվածաշնչյան ողջ արձանագրության մեջ։ Հովնաթանի այդ ընկերության մասին կխոսվի մեկ այլ հոդվածում։