Անցնել բովանդակությանը

ԸՆԴՕՐԻՆԱԿԵՔ ՆՐԱՆՑ ՀԱՎԱՏԸ | ՀՈՎՆԱԹԱՆ

Միավորված՝ ընկերական ամուր կապով

Միավորված՝ ընկերական ամուր կապով

 Պատերազմն ավարտվել էր։ Էլայի հովտում անդորր էր տիրում։ Կեսօրին փչում էր մեղմ զեփյուռը, և լսվում էր ճամբարի վրանների շրշյունը։ Սավուղ թագավորի մոտ հավաքվել էին իր մարդկանցից մի քանիսը։ Ներկաների թվում էր նրա ավագ որդին՝ Հովնաթանը, և մի պատանի հովիվ, ով ոգևորված իր պատմությունն էր պատմում։ Այդ պատանին Դավիթն էր։ Նա լի էր եռանդով ու խանդավառությամբ։ Սավուղը հիացած լսում էր նրան՝ բաց չթողնելով և ոչ մի բառ։ Իսկ ի՞նչ էր զգում Հովնաթանը։ Երկար տարիներ էր, ինչ նա ծառայում էր Եհովայի բանակում և բազմաթիվ հաղթանակներ էր տարել։ Սակայն այս անգամ հաղթանակը նրանը չէր. դա պատանի Դավթի հաղթանակն էր։ Այո՛, նա էր սպանել հսկա Գողիաթին։ Արդյոք Հովնաթանը նախանձո՞ւմ էր Դավթին, որ նա էր արժանանում գովքի։

 Հովնաթանի արձագանքը գուցե զարմացնի քեզ։ Աստվածաշնչում կարդում ենք. «Երբ [Դավիթը] Սավուղի հետ խոսակցությունը վերջացրեց, Հովնաթանի հոգին կապվեց Դավթի հոգու հետ, և Հովնաթանը նրան իր հոգու պես սիրեց»։ Հովնաթանը Դավթին տվեց իր ռազմական հանդերձանքը, այդ թվում՝ աղեղը. դա մեծ նվեր էր, քանի որ նա անվանի աղեղնավոր էր։ Իսկ, որ ամենակարևորն է, Հովնաթանն ու Դավիթը ուխտ, այսինքն՝ հանդիսավոր համաձայնություն կնքեցին, որը նրանց կապեց ընկերական ամուր կապով։ Նրանք դարձան ընկերներ, որոնք հետագայում օգնության ձեռք էին մեկնելու միմյանց (1 Սամուել 18։1–5

 Այսպես սկիզբ դրվեց Աստվածաշնչում նկարագրվող ամենավեհ ընկերական փոխհարաբերություններից մեկին։ Ընկերական փոխհարաբերությունները կարևոր են հավատի տեր մարդկանց համար։ Եթե իմաստությամբ ընկերներ ընտրենք և ինքներս լինենք աջակցող ու նվիրված ընկեր, կամրացնենք մեր հավատը այս ժամանակներում, երբ մարդկանց միջև սեր չկա (Առակներ 27։17)։ Ուստի տեսնենք, թե ընկերության մասին ինչ կարող ենք սովորել Հովնաթանից։

Ընկերական փոխհարաբերությունների հիմքը

 Հովնաթանն ու Դավիթը ինչպե՞ս կարող էին այդքան արագ ընկերներ դառնալ։ Պատասխանը իմանալու համար հարկավոր է տեսնել, թե որն էր նրանց ընկերության հիմքը։ Նկատի առնենք նախապատմությունը։ Հովնաթանի համար դժվար ժամանակներ էին։ Նրա հայրը՝ Սավուղ թագավորը, տարիների ընթացքում փոխվել էր. երբեմնի այդ խոնարհ, հնազանդ ու հավատի տեր մարդը դարձել էր գոռոզ ու անհնազանդ թագավոր (1 Սամուել 15։17–19, 26

 Այդ փոփոխությունները, անկասկած, շատ էին անհանգստացնում Հովնաթանին, քանի որ նա մտերիմ էր իր հոր հետ (1 Սամուել 20։2)։ Հավանաբար, նա մտածում էր, թե ինչ վնաս Սավուղը կարող էր հասցնել Եհովայի ընտրյալ ազգին։ Արդյոք թագավորի անհնազանդությունը պատճառ կդառնա՞ր, որ ժողովուրդը շեղվեր ուղիղ ճանապարհից և կորցներ Եհովայի բարեհաճությունը։ Ինչ խոսք, Հովնաթանի նման հավատի տեր մարդու համար դրանք ծանր ժամանակներ էին։

 Այս տեղեկությունը կօգնի մեզ հասկանալու, թե Դավթի որ հատկությունները գրավեցին Հովնաթանին։ Վերջինս տեսավ նրա մեծ հավատը։ Հիշենք, որ ի տարբերություն Սավուղի զորքի՝ Դավթին չվախեցրեց Գողիաթի վիթխարի հասակը։ Նա մտածում էր, որ Եհովայի անունով գնալով պատերազմի դաշտ՝ ինքն ավելի ուժեղ կլինի, քան Գողիաթը՝ իր ողջ սպառազինությամբ (1 Սամուել 17։45–47

 Տարիներ առաջ Հովնաթանն էլ էր նույն վստահությամբ գործել։ Երկու հոգով՝ նա և իր զինակիրը, հարձակվել էին զինված ռազմիկներից բաղկացած մի ամբողջ կայազորի վրա՝ համոզված լինելով, որ կկարողանան պարտության մատնել նրանց։ Ինչո՞ւ էր Հովնաթանը վստահ դրանում։ «Եհովայի համար արգելք չկա»,— ասել էր նա (1 Սամուել 14։6)։ Փաստորեն, Հովնաթանն ու Դավիթը ընդհանուր շատ բան ունեին՝ ամուր հավատ և խոր սեր Եհովայի նկատմամբ։ Դա լավագույն հիմքն էր իրենց ընկերության համար։ Թեև Հովնաթանը մոտ 50 տարեկան հզոր իշխան էր, իսկ Դավիթը՝ 20 տարին չբոլորած խոնարհ հովիվ, նրանց համար այդ տարբերությունները խոչընդոտ չէին։ a

 Հովնաթանի ու Դավթի կապած ուխտը իսկական պաշտպանություն եղավ նրանց ընկերության համար։ Ինչպե՞ս։ Դավիթը գիտեր, թե Եհովան ինչ էր նախատեսել իր համար. նա պետք է դառնար Իսրայելի հաջորդ թագավորը։ Արդյոք Դավիթը թաքցրե՞ց դա Հովնաթանից։ Ո՛չ։ Լավ ընկերական փոխհարաբերությունները, ինչպիսիք որ նրանք ունեին, ջերմ և ամուր են լինում, երբ բաց հաղորդակցություն կա, և չկան գաղտնիքներ ու ստեր։ Իսկ Հովնաթանն ի՞նչ կզգար՝ իմանալով որ Դավիթն էր թագավոր դառնալու։ Գուցե նա հույս էր փայփայում, որ մի օր թագավոր կդառնա և կշտկի իր հոր սխալները։ Աստվածաշունչը ոչինչ չի ասում այն մասին, թե արդյոք Հովնաթանը ներքին պայքար էր մղում։ Այն միայն խոսում է իսկապես կարևոր բաների մասին՝ նրա նվիրվածության ու հավատի։ Հովնաթանը տեսնում էր, որ Եհովայի ոգին Դավթի հետ էր (1 Սամուել 16։1, 11–13)։ Ուստի նա պահեց իր երդումը և շարունակեց Դավթին իր ընկերը համարել և ոչ թե մրցակիցը։ Հովնաթանը ցանկանում էր Եհովայի կամքը կատարված տեսնել։

Հովնաթանն ու Դավիթը ընդհանուր բան ունեին՝ Եհովա Աստծու հանդեպ ամուր հավատ և խոր սեր

 Այդ ընկերական փոխհարաբերությունները մեծ օրհնություն էին։ Ի՞նչ կարող ենք սովորել Հովնաթանի հավատից։ Լավ կլինի, որ Աստծու բոլոր ծառաները թանկ համարեն ընկերական հարաբերությունները։ Պարտադիր չէ, որ մեր ընկերները մեր հասակակիցը լինեն կամ ունենան նույն ծագումը, ինչ մենք ունենք։ Նրանք դրական ազդեցություն կթողնեն մեզ վրա, եթե իսկական հավատ ունենան։ Բազմաթիվ անգամներ Հովնաթանն ու Դավիթը զորացրել ու քաջալերել էին իրար։ Սակայն շուտով նրանք կրկին միմյանց օգնության կարիքն էին զգալու, քանի որ նրանց ընկերությունը ավելի մեծ փորձությունների էր ենթարկվելու։

Նվիրվածության հարցում դժվարին երկընտրանք

 Սկզբում Սավուղը շատ էր սիրում Դավթին և նրան նշանակել էր իր զորքի հրամանատար։ Բայց շատ չանցած՝ Սավուղը դարձավ հենց այն թշնամու զոհը, որը չկարողացավ հաղթել Հովնաթանին. այդ թշնամին նախանձն էր։ Դավիթը իրար հետևից հաղթանակներ տարավ Իսրայելի թշնամիների՝ փղշտացիների դեմ։ Դրա համար նա արժանացավ ժողովրդի գովաբանությանն ու հիացմունքին։ Իսրայելացի որոշ կանայք նույնիսկ երգեցին. «Սավուղը հազարավորների զարկեց, իսկ Դավիթը՝ տասնյակ հազարավորների»։ Թագավորին դա դուր չեկավ։ «Այդ օրվանից,— ասվում է Աստվածաշնչում,— Սավուղը կասկածանքով էր նայում Դավթին» (1 Սամուել 18։7, 9)։ Նա վախենում էր, որ Դավիթը կփորձի թագավորությունը խլել իր ձեռքից։ Սավուղի կողմից անմտություն էր այդպես մտածելը։ Ճիշտ է, Դավիթը գիտեր, որ ինքն է հաջորդելու Սավուղին, սակայն երբեք իր մտքով անգամ չէր անցնում զավթել Եհովայի օծյալ թագավորի գահը, քանի դեռ նա իշխում էր։

 Սավուղը ծրագրեց պատերազմի ժամանակ սպանել տալ Դավթին, բայց ապարդյուն։ Դավիթը շարունակ հաղթանակներ էր տանում և շահում ժողովրդի սերն ու հարգանքը։ Այնուհետև Սավուղը դավ նյութեց, որ սպանի նրան, և այդ մասին խոսեց իր տան բոլոր ծառաների և ավագ որդու հետ։ Կարելի է պատկերացնել, թե ինչ մեծ ցավ ապրեց Հովնաթանը՝ տեսնելով իր հոր բռնած ընթացքը (1 Սամուել 18։25–30; 19։1)։ Հովնաթանը նվիրված որդի էր, բայց նա նաև նվիրված ընկեր էր։ Հիմա, երբ նա ընտրության առաջ էր կանգնած, առաջին հերթին ո՞ւմ նվիրված կմնար։

 Հովնաթանը չլռեց և իր հորն ասաց. «Թող թագավորը իր ծառա Դավթի դեմ մեղք չգործի, քանի որ նա քո դեմ մեղք չի գործել և քեզ համար շատ բարի գործեր է արել։ Իր հոգին վտանգի ենթարկելով՝ նա սպանեց փղշտացուն, ու Եհովան մեծ փրկություն տվեց ողջ Իսրայելին։ Դու տեսար դա և ուրախացար։ Ուրեմն ինչո՞ւ մեղք գործես անմեղ արյան դեմ և զուր տեղը սպանես Դավթին»։ Սավուղը ողջամտություն դրսևորեց, ինչը լինում էր շատ հազվադեպ, և լսեց Հովնաթանին։ Նա նույնիսկ երդվեց չվնասել Դավթին։ Սակայն Սավուղը իր խոսքի տեր մարդ չէր։ Այն բանից հետո, երբ Դավիթը ավելի շատ հաջողությունների հասավ, թագավորը այն աստիճան նախանձով ու ցասումով լցվեց, որ նիզակը նրա կողմը նետեց (1 Սամուել 19։4–6, 9, 10)։ Բայց Դավիթը խույս տվեց ու փախավ։

 Եղե՞լ է այնպես, որ քեզ համար դժվար լինի որոշել, թե ում պետք է առաջին հերթին նվիրված լինես։ Դա կարող է շատ ցավոտ լինել։ Այդպիսի իրավիճակներում ոմանք գուցե խորհուրդ տան առաջին տեղում դնել ընտանիքը։ Սակայն Հովնաթանը գիտեր, որ դա ճիշտ չէ։ Ինչպե՞ս նա կարող էր իր հոր կողմը բռնել՝ իմանալով, որ Դավիթը Եհովային նվիրված ու հնազանդ ծառա է։ Ուստի նրա որոշման մեջ առաջնային դեր խաղաց Եհովայի հանդեպ նվիրվածությունը։ Այդ պատճառով նա բացեիբաց պաշտպանեց Դավթին։ Սակայն Աստծուն առաջին հերթին նվիրված լինելով հանդերձ՝ նա փաստեց, որ նվիրված է նաև իր հորը նրանով, որ անկեղծորեն խորհուրդ տվեց նրան և ոչ թե ասաց այն, ինչ հաճելի էր նրա ականջին։ Մեզնից յուրաքանչյուրը օգուտ կքաղի, եթե ընդօրինակի Հովնաթանին և նրա պես դրսևորի իր նվիրվածությունը։

Նվիրվածության դիմաց վճարված գինը

 Հովնաթանը կրկին փորձեց Սավուղին հաշտեցնել Դավթի հետ, բայց այս անգամ Սավուղը նույնիսկ չուզեց լսել նրան։ Դավիթը գաղտնի եկավ նրա մոտ և խոստովանեց, որ վախենում է իր կյանքի համար։ «Ընդամենը մի քայլ է բաժանում ինձ մահվանից»,— ասաց նա իր ավագ ընկերոջը։ Հովնաթանը Դավթի հետ պայմանավորվեց իմանալ իր հոր տրամադրվածությունը և հայտնել նրան իրավիճակի մասին։ Դավիթը պետք է թաքնվեր, իսկ Հովնաթանը՝ իր նետերի ու աղեղի միջոցով լուր տար նրան։ Հովնաթանը Դավթին միայն խնդրեց երդում տալ, որ կպահի այս խոստումը. «Քո սիրառատ բարությունը իմ տնից դու չես կտրի դարեդար։ Նույնիսկ այն ժամանակ, երբ Եհովան երկրի երեսից բնաջինջ անի Դավթի թշնամիներին»։ Դավիթը երդվեց, որ միշտ հոգ կտանի ու կպաշտպանի Հովնաթանի տան անդամներին (1 Սամուել 20։3, 13–27

 Հովնաթանը փորձեց Սավուղի մոտ լավը խոսել Դավթի մասին, բայց թագավորը սաստիկ զայրացավ։ Նա իր որդուն կոչեց «ապստամբ կնոջ զավակ» և ծաղրեց Դավթի հանդեպ նրա նվիրվածությունը՝ նշելով, որ դա խայտառակություն է իրենց ընտանիքի համար։ Սավուղը փորձեց մղել նրան մտածելու իր սեփական շահերի մասին՝ ասելով. «Քանի դեռ Հեսսեի որդին կենդանի է այս երկրի վրա, ո՛չ դու հաստատուն կլինես և ո՛չ էլ քո թագավորությունը»։ Սակայն Հովնաթանը անդրդվելի էր և կրկին աղերսագին խոսեց իր հոր հետ. «Ինչո՞ւ պիտի նա մեռնի։ Ի՞նչ է արել»։ Այդ խոսքերը լսելով՝ Սավուղը ցասումով լցվեց ու բռնության դիմեց։ Թեև նա արդեն տարիքն առած էր, սակայն դեռևս զորեղ ռազմիկ էր, ուստի նիզակը նետեց իր որդու վրա։ Բայց որքան էլ որ հմուտ էր, չդիպավ նրան։ Այդ ժամանակ Հովնաթանը, սաստիկ զայրացած, հեռացավ։ Նա խորապես վիրավորված ու նվաստացած էր զգում իրեն (1 Սամուել 20։24–34

Հովնաթանի նվիրվածությունը ավելի ուժեղ գտնվեց, քան եսասիրությունը

 Հաջորդ առավոտ Հովնաթանը դաշտ գնաց՝ այն վայրի մոտ, որտեղ Դավիթը թաքնված էր։ Ինչպես և որոշել էին, նա նետ արձակեց՝ այդպիսով Դավթին իմաց տալով, որ Սավուղը դեռ մտադիր է սպանել նրան։ Այնուհետև Հովնաթանը իր ծառային հետ ուղարկեց քաղաք։ Այժմ նա և Դավիթը մենակ էին և կարճատև զրույցի հնարավորություն ունեին։ Երկու տղամարդիկ սկսեցին լաց լինել։ Հովնաթանը սրտի կսկիծով հրաժեշտ տվեց իր երիտասարդ ընկերոջը, որը նոր կյանք էր սկսելու որպես փախստական (1 Սամուել 20։35–42

 Հովնաթանի նվիրվածությունը ավելի ուժեղ գտնվեց, քան եսասիրությունը։ Ինչ խոսք, Սատանան՝ բոլոր հավատարիմ մարդկանց թշնամին, շատ կուզենար, որ նա գնար Սավուղի հետքերով և առաջնային տեղ տար իշխանություն և փառք ստանալու նկրտումներին։ Չմոռանանք, որ նրան դուր է գալիս օգտագործել մարդկանց եսասիրական հակումները։ Մեր նախածնողների՝ Ադամի ու Եվայի դեպքում նա հաջողության հասավ (Ծննդոց 3։1–6)։ Այդուհանդերձ, Հովնաթանի պարագայում Սատանան ձախողվեց։ Որքա՜ն պետք է որ նա հիասթափված լիներ։ Իսկ դու կդիմադրե՞ս այդպիսի փորձերին։ Մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ եսասիրությունը համատարած բնույթ է կրում (2 Տիմոթեոս 3։1–5)։ Կընդօրինակե՞նք Հովնաթանի անեսասիրությունն ու նվիրվածությունը։

Լինելով նվիրված ընկեր՝ Հովնաթանը նշան տվեց իր ընկերոջը՝ Դավթին, որպեսզի նրան պաշտպանի վտանգից

«Դու ինձ շատ սիրելի էիր»

 Ժամանակի ընթացքում Սավուղի ատելությունը մոլուցքի վերածվեց։ Հովնաթանը իրեն անօգնական էր զգում՝ տեսնելով, որ հայրը ավելի ու ավելի է ցնորվում ու հավաքում է իր զորքը, որ ողջ երկրով հետապնդի մի անմեղ մարդու և սպանի նրան (1 Սամուել 24։1, 2, 12–15; 26։20)։ Արդյոք Հովնաթանը մասնակից եղա՞վ դրան։ Հետաքրքիր է, որ Աստվածաշնչում նրա անունը ոչ մի տեղ չի հիշատակվում այդ անմիտ արշավների հետ կապված։ Եվ դա անհնարին էր, քանի որ նա նվիրված էր Եհովային, Դավթին ու վերջինիս տված երդմանը։

 Հովնաթանի զգացմունքները իր երիտասարդ ընկերոջ նկատմամբ երբեք չփոխվեցին։ Ժամանակի ընթացքում նա միջոց գտավ կրկին հանդիպելու Դավթին։ Դա տեղի ունեցավ Հորեշում (նշանակում է «անտառապատ վայր»)։ Հորեշը գտնվում էր անմարդաբնակ լեռնային շրջանում՝ հավանաբար Քեբրոնից մի քանի կիլոմետր դեպի հարավ-արևելք։ Հովնաթանն ինչո՞ւ ռիսկի դիմեց ու գնաց տեսնելու փախուստի մեջ գտնվող Դավթին։ Աստվածաշունչը մեզ ասում է, որ նա ուզում էր «նրան Աստծով զորացնել» (1 Սամուել 23։16)։ Ինչպե՞ս նա դա արեց։

 «Մի՛ վախեցիր»,— ասաց Հովնաթանն իր երիտասարդ ընկերոջը։ Այնուհետև այս հավաստիացումը տվեց. «Իմ հայր Սավուղի ձեռքը քեզ չի գտնի»։ Ինչո՞ւ էր նա այդքան համոզված դրանում։ Նրա վստահությունը հիմնված էր խոր հավատի վրա այն բանի նկատմամբ, որ Եհովայի նպատակը հաջողությամբ կպսակվի։ Հովնաթանը շարունակեց. «Դու թագավոր կդառնաս Իսրայելի վրա»։ Տարիներ առաջ Սամուել մարգարեին հանձնարարվել էր ասել այդ նույն խոսքերը, և այժմ Հովնաթանը հիշեցրեց Դավթին, որ Եհովայի խոսքը միշտ վստահարժան է։ Իսկ ինչպիսի՞ն էր նա տեսնում իր ապագան։ «Ես քեզանից հետո երկրորդը կլինեմ»։ Ի՜նչ մեծ խոնարհություն դրսևորեց այդ մարդը։ Նրա համար բավական էր այն, որ ինքը ծառայելու էր 30 տարով իրենից փոքր այս մարդու ենթակայության տակ և լինելու էր նրա աջ ձեռքը։ Հովնաթանը հետևյալ խոսքերով եզրափակեց իր ասելիքը. «Իմ հայր Սավուղն էլ գիտի այդ մասին» (1 Սամուել 23։17, 18)։ Սրտի խորքում Սավուղը գիտեր, որ անհաջողության էր դատապարտված այն մարդու դեմ պայքարում, որին Եհովան ընտրել էր՝ լինելու Իսրայելի հաջորդ թագավորը։

Հովնաթանը քաջալերեց Դավթին, երբ վերջինս դրա կարիքն ուներ

 Հետագա տարիներին Դավիթն, անշուշտ, հաճախ էր հիշում այդ հանդիպումը, և դա ջերմ զգացումներ էր արթնացնում իր մեջ։ Դա նրանց վերջին հանդիպումն էր։ Ցավոք, Դավթից հետո երկրորդը լինելու Հովնաթանի հույսը այդպես էլ չիրականացավ։

 Հովնաթանը իր հոր հետ պատերազմում էր Իսրայելի երդվյալ թշնամիների՝ փղշտացիների դեմ։ Նա մաքուր խղճով էր մարտնչում, քանի որ թույլ չէր տվել, որ հոր սխալները ազդեին Եհովային մատուցվող իր ծառայության վրա։ Հովնաթանը, ինչպես միշտ, քաջաբար և նվիրվածորեն էր պատերազմում, սակայն այս անգամ հաղթանակը իսրայելացիներինը չէր։ Սավուղն այն աստիճան էր չարացել, որ ոգեհարցի դիմեց, ինչն, ըստ Աստծու Օրենքի, մահապատժի արժանի հանցանք էր։ Այդ պատճառով Եհովան այլևս չօրհնեց Սավուղին։ Վերջինիս երեք որդիները, այդ թվում՝ Հովնաթանը զոհվեցին պատերազմի դաշտում։ Իսկ Սավուղը վիրավորվեց և ինքնասպանություն գործեց (1 Սամուել 28։6–14; 31։2–6

«Դու թագավոր կդառնաս Իսրայելի վրա,— ասաց Հովնաթանը,— և ես քեզանից հետո երկրորդը կլինեմ» (1 Սամուել 23։17

 Դավիթը վշտով համակվեց։ Այդ մեծահոգի մարդը կսկիծ էր ապրում անգամ Սավուղի համար, որն այդքան տառապանք ու նեղություն էր պատճառել իրեն։ Դավիթը Սավուղի ու Հովնաթանի մասին ողբերգ գրեց։ Այդ ողբերգի թերևս ամենահուզիչ խոսքերը ուղղված էին իր սիրելի խորհրդատուին և ընկերոջը. «Ողբո՜ւմ եմ քեզ համար, եղբա՜յր իմ Հովնաթան, դու ինձ շատ սիրելի էիր, քո սերը ինձ համար կանանց սիրուց ավելի հիասքանչ էր» (2 Սամուել 1։26

 Դավիթը երբեք չմոռացավ Հովնաթանին տված երդումը։ Տարիներ անց նա հարցուփորձ արեց, թե արդյոք Սավուղի տնից ինչ-որ մեկը ողջ մնացել է, և իմանալով Հովնաթանի հաշմանդամ որդու՝ Մեմփիբոսթեի մասին՝ հոգ տարավ նրան (2 Սամուել 9։1–13)։ Ինչ խոսք, Դավիթը շատ բան էր սովորել Հովնաթանից, որը հավատարիմ էր, ազնվաբարո և պատրաստ էր նվիրվածորեն մնալ իր ընկերոջ կողքին նույնիսկ այն ժամանակ, երբ պետք է թանկ վճարեր դրա դիմաց։ Իսկ մենք նույն բաները կսովորե՞նք։ Կարո՞ղ ենք այնպիսի ընկերներ ընտրել, ինչպիսին որ Հովնաթանն էր։ Ինքներս այդպիսի ընկեր կլինե՞նք։ Եթե մեր ընկերներին օգնենք հավատ կերտելու Եհովայի հանդեպ և ամրացնելու այն, եթե Աստծու հանդեպ մեր նվիրվածությունը առաջնային համարենք, ու եթե մեր շահը փնտրելու փոխարեն՝ նվիրվածություն դրսևորենք, մենք էլ ընդօրինակած կլինենք Հովնաթանի հավատը և նրա պես ընկեր կլինենք։

a Աստվածաշնչում Հովնաթանի մասին առաջին անգամ հիշատակվում է Սավուղի իշխանության վաղ շրջանի մասին արձանագրության մեջ։ Այդ ժամանակ նա զորավար էր, ուստի պետք է որ առնվազն 20 տարեկան լիներ (Թվեր 1։3; 1 Սամուել 13։2)։ Սավուղը թագավորեց 40 տարի։ Հետևաբար երբ նա մահացավ, Հովնաթանը մոտ 60 տարեկան էր, իսկ Դավիթը՝ 30 (1 Սամուել 31։2; 2 Սամուել 5։4)։ Ուստի Հովնաթանը ակներևաբար մոտ 30 տարով մեծ էր Դավթից։